Բ. Ասատրյան. «Իշխանությունը պետք է կանխարգելի այս իրավիճակը»

03.12.2014 | 18:07 Գլխավոր էջ / Նորություններ / Հարցազրույցներ /

Դրամի արժեզրկման եւ տնտեսական զարգացումների մասին ՄեդիամաքսBanks.am պորտալը զրուցել է Բագրատ Ասատրյանի հետ

- Պարոն Ասատրյան, ի՞նչ գնահատական կտաք վերջին օրերին դրամի արժեզրկմանը:

-Դրամի արժեզրկումը սպասվող զարգացում էր. մենք հիվանդ տնտեսություն ունենք, որի ախտորոշումն էլ հայտնի է`մենաշնորհներ, կոռուպցիա, օլիգարխիա եւ այլն: Մեր ներքին տնտեսական զարգացման տրամաբանությունը, ժամանակակից արտաքին տնտեսական գործոնները, ինչպես նաեւ վերջին իրադարձությունները տրամաբանորեն պայմանավորում էին այս օրերին տեղի ունեցողը:

-ՀՀ Կենտրոնական բանկը պնդում է, որ երեւույթը կարճաժամկետ բնույթ է կրում:

- Հուսով եմ, Կենտրոնական բանկն անում է իր գործը եւ բացի այդ գնահատականը տալուց, խելամիտ ու ծանրակշիռ քայլեր կձեռնարկի: Ինչ վերաբերվում է երեւույթի «կարճաժամկետ բնույթին»,  փոխարժեքն անկանխատեսելի վարքագիծ կարող է ունենալ: Մեր աչքի առջեւ Ռուսաստանի օրինակն է, երբ ռուսական ռուբլին շարունակաբար արժեզրկվում է:  

Ռուբլին արժեզրկվում է նախորդ տարվանից սկսած, երբ դեռեւս որեւէ միջազգային պատժամիջոցներ չկային, ՌԴ վճարային հաշվեկշիռը հավելուրդային էր, իսկ նավթի գները բարձր էին: Վիճակն ավելի սաստկացավ այս տարի, առավելապես վերջին շրջանում եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե ի՞նչ է սպասվում առաջիկայում: Հիշեցնեմ նաեւ, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի հայտարարությունները ռուբլու սպասվող կայունացման վերաբերյալ իրականություն չդարձան անգամ այն պայմաններում, երբ ԿԲ-ն շուկայում իրացրեց Ռուսաստանի միջազգային պահուստների շուրջ մեկ քառորդը` մոտ $100 մլրդ:

ՀՀ Կենտրոնական բանկը պետք է չգործի այնպես, ինչպես վարվեց ՌԴ Կենտրոնական բանկը: Այնպիսի տնավարություն էր, որ ՌԴ ԿԲ-ն ամեն ինչ արեց  ռուբլու բավականին բարձր տեմպերով արժեզրկման համար: Մեր կենտրոնական բանկն անհամեմատ ավելի մեծ փորձառություն ունի այս ոլորտում: Հուսով եմ, որ ՀՀ ԿԲ-ն կդիմի այդ փորձառությանը, եւ ոչ թե վատ օրինակին, ինչի վտանգն առկա է:

- Երեկ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բորսայում դալարի վաճառք չի իրականացվել, վաճառքից հրաժարվել են նաեւ որոշ բանկեր, ինչի արդյունքում տարադրամի փոխանակման կետերում նախորդ օրվա համեմատ 30-35 դրամով ավելի բարձ գնով դոլարը սկսվեց վաճառվել, իսկ ԿԲ-ն կոչ արեց զերծ մնալ «անհարկի փոխանակումներից»: Ստեղծված իրավիճակում տատանումները որքա՞ն կարող են շարունակվել:

-Լողացող փոխարժեքի քաղաքականությունը, որը մեր տիպի տնտեսությունների համար ուղղակի անհրաժեշտություն է, բացառում է ԿԲ-ի միջամտությունները: Տատանումներն ինքնաբերաբար կմարեն, եթե սպեկուլյատիվ են: ԿԲ զուսպ կեցվածքը սպեկուլյանտներին պատժելու միջոց պետք է լինի: Եթե Կենտրոնական բանկն այս իրավիճակում միջամտեց, ուրեմն խրախուսելու է սպեկուլյանտներին: Կրկին գանք ՌԴ ԿԲ-ին. այն դիրքորոշումը, որ որդեգրել էր Ռուսաստանի գլխավոր դրամատունը մինչեւ լողացող փոխարժեքի անցումը, ուղղակի նպաստում էր շուկայում սպեկուլյացիաների արդյունավետությանը:

ՀՀ ԿԲ-ն զսպվածությամբ պետք է հանդես գա` առաջնայնություն տալով օրենքով սահմանված իր առաքելությանը կամ գլխավոր խնդրին եւ ոչ թե մասնակից դառնա սպեկուլյատիվ խաղերին:

-Իսկ մեկ օրվա ընթացում 1 ԱՄՆ դոլարի ՀՀ դրամի նկատմամբ 30-35 դրամով աճի մասին ի՞նչ կասեք:

-Սա վկայում է, որ շուկայում առկա է անհանգստություն: Այդ փոխարժեքով գործարքները, կարծում եմ, չնչին են եղել, իսկ խուճապի մատնվածները հիմնականում տուժել են: Այսօր իրավիճակն ավելի կայուն է, սակայն դրամի արժեզրկման միտումը դեռ պահպանվում է:

Պետք է հիշենք, որ մենք ՀՀ քաղաքացիներ ենք եւ մեր հիմնական արժույթը դրամն է, հետեւաբար, մեր հիմնական անհանգստության առարկան պետք է լինի ապրանքների գները, սպառողական շուկայի վիճակը: Իշխանությունը պետք է ջանքեր չխնայի շուկայում զսպվածություն ապահովելու համար:

Դրամի արժեզրկումը թանկացումների հանգեցրեց, հատկապես ներկրվող ապրանքերի մասով: Պատկան մարմինները պետք է զբաղվեն այս խնդրով: Ի՞նչ է նշանակում այն երեւույթը, երբ փոխարժեքի բարձրացման հետ մեկտեղ բոլոր ներկրվող ապրանքների գները միանգամից բարձրացան: Չէ որ այդ ապրանքը ներկրվել էր ավելի ցածր փոխարժեքի ժամանակ: Իրականում սա սպեկուլյացիա է. նրանք գերշահույթ են ուզում ստանալ:

Իշխանությունը պետք է կանխարգելի այս իրավիճակը: ԿԲ-ն գների կայունության միակ պատասխանատուն չէ. ողջ իշխանությունը պետք է գործի անցնի: Պետք է նաեւ գիտակցել, որ իրավիճակը ճգնաժամային է: Տարիներ շարունակ մեր տնտեսությունը սովոր էր դրամի կայուն վարքագծին, հիմա արտառոց երեւույթ է եւ բացասական հետեւանքները կանխելու համար արտառոց քայլեր պետք է արվեն:

-Որքա՞ն ժամանակ կպահպանվի ճգնաժամային իրավիճակը:

-Ցավոք, ավարտը տեսանելի չէ եւ այս իրավիճակից դուրս գալը, բացի մեր ներքին խնդիրներից, պայմանավորված է նաեւ Ռուսաստանի գործոնով: Պատժամիջոցների դադարեցումը, նավթի գների կայունացումն ու ՌԴ տնտեսության զարգացումն ուղղակիորեն կպայմանավորեն ճգնաժամային իրավիճակից մեր երկրի դուրս գալը, հատկապես այն պարագայում, որ մենք գնում ենք ՌԴ հետ մերձեցման:

Սակայն պետք է նշեմ, որ մենք բախտի քմահաճույքին չենք մնա, եթե մեր իշխանությունները քայլեր ձեռնարկեն:

-Ի՞նչ քայլեր կարող ենք հուշել իշխանությանը նման իրավիճակը կանխելու համար:

-Իշխանությունը պետք է փոխի իր վերաբերմունքը, հրաժարվի կրավորական կեցվածքից: Առաջին հերթին պետք է վերանայվի բյուջեն` եկամուտներից սկսած մինչեւ ծախսերը: Ստեղծված իրավիճակում չի կարելի 2014-ի հուլիս-օգոստոսյան կանխատեսումների  բյուջեով մուտք գործել 2015 թվական:

Բյուջեի առջեւ պետք է եկամուտների հավաքագրման ու արդար հարկման խնդիր դրվի: Պետք է գույքահարկի մասին խոսվի եւ արգելքներ դրվի ձեւավորված հարստության վրա: Բյուջեի ճեղքվածքն ակնհայտորեն պետք է ավելի մեծ լինի, իշխանությունն էլ լրացուցիչ բեռ վերցնի իր վրա` փորձելով խնդիրներին լուծում տալ:

- Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումն ի՞նչ ազդեցություն կունենա արձանագրված բացասական զարգացումների վրա:

- Այն միտումները, որ առկա են այդ տնտեսական տարածքում, պետք է տարածվեն նաեւ Հայաստանի վրա, իսկ դրանք բացասական են: Մենք գնում ենք մի տնտեսական միջավայր, որը բնութագրվում է բացասական ցուցանիշներով. տնտեսական զրոյական աճ, եթե ոչ անկում, ազգային արժույթի արժեզրկում եւ այլն:

Բագրատ Ասատրյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը

Դիտում՝ 5061
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW