Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները: *** 2021թ. մարտին չորս երիտասարդ կին հիմնել են Pangolin բրենդը, որը ներկայացնում է հայկական արտադրության մանկական հագուստ: Բիզնես հիմնելու գաղափարը ծնվել է Արցախյան պատերազմի թեժ օրերին, երբ ակտիվ քննարկվում էր թուրքական ապրանքներից հրաժարվելու պահանջը: Շատ կարճ ժամանակում բիզնեսը զգալի հաջողություններ է գրանցել, եւ թիմին միացել է եւս մեկ դերձակ՝ Արցախի Հադրութ շրջանից: Սկիզբը տրվեց սրճարանում Գայանե Մալիշենկո, 32 տարեկան. 2020 թվականի հոկտեմբերին պատահական նույն սրճարանում էինք հավաքվել ես, ընկերուհիս՝ Անին, ու երկու քույրերս: Զրուցում էինք թուրքական ապրանքների մասին, ակտիվ քննարկում, թե ինչու ենք Թուրքիայից այդքան շատ ապրանք ներմուծում, եթե գոնե հագուստը կարող ենք Հայաստանում արտադրել: Լուսանկարը՝ Pangolin-ի արխիվից Երբ թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան արգելվեց, արդեն մտածեցինք, որ ինքներս մի բան պետք է անենք իրականությունը փոխելու համար: Ֆինանս չունեինք, թիմում գրեթե բոլորս անգործ էինք, մտածում էինք՝ ինչ անենք, որ քիչ գումարով սկսենք: Մի քանիսս տուրիզմի ոլորտում էինք աշխատում, ու COVID-19 համավարակի պատճառով կորցրել էինք մեր գործը: Եվ քանի որ չորսիցս երկուսը երեխա ունեն ու լավ գիտեն Հայաստանում երեխայի համար հագուստ ձեռք բերելու խնդիրները, կենտրոնացանք մանկական հագուստի վրա:Դերերի բաշխումՄարիաննա Մալինշենկո, 38 տարեկան. Տարիներ առաջ քրոջս՝ Գայանեի հետ հիմնել ենք տուրիստական ընկերություն, որը համավարակի պատճառով մեծ վնասներ է կրել ու այս պահին չի գործում: Ուստի մեկ տարի ես աշխատանք չունեի: Փնտրում էի քիչ ներդրումով, ռեալ գործ, որ այս պահին սկսեմ ու գումար վաստակեմ: Հենց դա էլ պատճառ դարձավ, որ մանկական հագուստ արտադրելու գաղափարի շուրջ շատ արագ կողմնորոշվենք ու սկսենք: Մարիաննա Մալինշենկոն Լուսանկարը՝ Մեդիամաքս Շուկային ծանոթանալու համար հանդիպեցինք մասնագետների հետ ու հասկացանք, որ եթե մեզնից գոնե մեկն այս գործից գիտելիք չունենա, առաջ չենք գնա: Սկսեցինք գործում կիսել պատասխանատվություններն ու բաշխել դերերը. ինձ բաժին ընկավ կար սովորելը, որովհետեւ այդ պահին ֆիզիկապես ամենաազատը ես էի: Մինչ այս գործը խաղալիքներ եմ ձեռքով կարել, քրոջս՝ Ալբինայի ու մայրիկիս հետ ձեռագործ փափուկ խաղալիքների բիզնես ունենք: Բայց կարի մեքենայով կարել չգիտեի, ու պարզվեց՝ ձեռքով ու մեքենայով կարելը շատ տարբեր բաներ են: 2021-ի սկզբից սկսեցի դասընթացների հաճախել։ Ոճայինը դարձնել հասանելի Ալբինա Մալիշենկո, 36 տարեկան. Որոշեցինք մանկական հագուստ արտադրել, որը մատչելի ու ոճային կլինի: Ես էլ, Մարիաննան էլ երկու երեխա ունենք, ու չափազանց դժվար ենք նրանց համար հագուստ ընտրում: Մենք ցանկանում ենք մանկական ոճային հագուստ ստեղծել՝ պաստելային գույներ, կոտրած երանգներ, եթե գունավոր հագուստ, ապա ծաղկային տարրեր։ Նման հագուստ Երեւանի խոշոր առեւտրի կենտրոններում կա, բայց արժեքը բավական բարձր է: Ալբինա Մալիշենկոն Լուսանկարը՝ Մեդիամաքս Սկզբնական փուլի համար գործընթացը որոշեցինք կազմակերպել մեր տանը: Մարիաննան կարում է տանը կամ դասընթացի տեղում, ես էլ լուսանկարներն եմ անում: Մասնագիտությամբ երաժիշտ եմ, նաեւ 10 տարի է՝ լուսանկարչությամբ եմ զբաղվում: Նկարահանումներն անում եմ մեր տան սիրելի պատի մոտ, իսկ մոդելները հենց մեր ու ծանոթների երեխաներն են, որոնց հետ աշխատելը շատ հեշտ է: Լուսանկարը՝ Pangolin-ի արխիվից Բիզնեսի անվանումը նույնպես շատ արագ ենք որոշել. ուզում էինք երեխաների հետաքրքրությանը մոտ մի բան լինի: Մի շարք տարբերակներից ընտրեցինք Pangolin-ը (պանգոլին/թեփամորթ)՝ հազվագյուտ, յուրահատուկ կենդանի, որը քիչ հայտնի է ու ոչնչացման եզրին: Լոգոն ես եմ ստեղծել. ճանաչում էինք պրոֆեսիոնալ դիզայներների, սակայն նրանց դիմելու համար բավական գումար էր անհրաժեշտ, որը չունեինք: Քանի որ արդեն ամեն ինչ կազմակերպել էինք ու ներկայանալու համար մնում էր միայն լոգոն, որոշեցինք դա էլ ինքներս անել, հետո վերաբրենդավորել: Հագուստի մոդելավորումը որոշում ենք ես ու Մարիաննան: Միանգամից՝ «բում» Անի Հովհաննիսյան, 30 տարեկան. Մի ամիս առաջ ենք Facebook-ում հիմնել բիզնես էջը: Հենց Pangolin-ի մասին հայտարարեցինք մեր անձնական էջերով, էջի հավանումներն ու պատվերներն անսպասելիորեն գերազանցեցին մեր ակնկալիքները: Անի Հովհաննիսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Սկզբից էլ պատկերացնում էինք, որ ամեն ինչ լավ է ընթանալու, բայց այդ ամենը մեր պատկերացրածից շատ ավելի արագ տեղի ունեցավ: Pangolin-ը ներկայացնելուց ընդամենը մեկ ժամ հետո ստացել ենք առաջին պատվերը, ու մինչեւ հիմա օր չկա, որ պատվեր չունենանք: Ներկայացված ենք Facebook-ում եւ Instagram-ում, շուտով կունենանք նաեւ մեր կայքը, որը նվեր ենք ստանալու ընկերների կողմից: Դեռ նաեւ շատ քիչ գումար ենք ծախսում գովազդի վրա: Մարքեթինգով զբաղվում ենք ես ու Գայանեն. ստացվում է՝ Մարիաննան ու Ալբինան ստեղծագործում են, մենք՝ վաճառում: Գայանեն եւ Անին Լուսանկարը՝ Մեդիամաքս Շատերը նաեւ մեզ համագործակցության առաջարկ են արել, մարզերի խանութներում հնարավոր է շուտով ներկայացնենք Pangolin-ը: Ամենախոշոր առաջարկը ստացել ենք ռուսաստանյան Wildberries առցանց խանութից։ Պայմանավորվել ենք առաջիկայում մեծ քանակությամբ զգեստներ ուղարկել Ռուսաստան՝ Wildberries-ով վաճառելու համար: 10.07.2020 | 17:18 Անին ու Գայանեն գյուղի տունը «զրոյից» հյուրատան են վերածել Առաջարկում ենք մինչեւ 14 տարեկան մանկական հագուստ։ Առայժմ միայն աղջիկների համար ենք կարում, տղաների հագուստի մոդելավորումը դեռ չենք հասցնում անել, բայց առաջիկա ծրագրերի թվում է։ Ունենք մեր մոդելները, ճշտում ենք չափսերն ու պատվերն ընդունում։ Պատրաստում ենք մեկ շաբաթում: Լրացնելով միմյանց Մարիաննա. Ռուսաստանի մեծ պատվերը ստանալուց հետո «խառնվեցինք իրար» ու սկսեցինք նոր դերձակ փնտրել: Թիմին առաջարկեցի նույն մոդելային գործակալությունում սովորող աղջկան ընդգրկել: Ծովինար Գյոզալյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Ծովինար Գյոզալյանը 19 տարեկան է՝ Արցախի Հադրութի շրջանից։ Նա Արցախի պետական համալսարանում թարգմանչական գործ էր սովորում, պատերազմի պատճառով սակայն տեղափոխվել է Երեւան ու դադարեցրել ուսումը: Որոշել է կար սովորել, աշխատել: Ծովինարն ամեն ինչ գրում է ու կարն ըստ դրա անում, իսկ ես կարում եմ աչքաչափով ու հիշողությամբ, ուստի մենք իրար շատ լավ լրացնում ենք: Ես ու Ծովինարը դեռեւս դասընթացը չենք ավարտել. միասին աշխատում, միասին սովորում ենք: Մարիաննան եւ Ծովինարը Լուսանկարը՝ Մեդիամաքս Երբ բիզնես ես սկսում, պետք է պատրաստ լինես, որ ամեն ինչ քայլ առ քայլ է առաջ գնալու, սակայն այս բիզնեսում մենք անմիջապես այնքան լավ ենք իրար ձուլվել, որ ոչ մեկիս գործն առանց մյուսի առաջ չի գնում: Ներդրումներն ու քրաուդֆանդինգը Անի, Գայանե. Ցանկացած ծախս բաժանում ենք չորսիս միջեւ, նույնիսկ կարի դասընթացների գումարն ենք կիսում: Լուսանկարը՝ Pangolin-ի արխիվից Փորձել ենք դիմել դրամաշնորհային ծրագրերի, բայց հասկացել ենք, որ որեւէ մեկը մեզ չի աջակցելու, ու ամեն ինչ ինքնուրույն պետք է կազմակերպենք: Ամբողջը մեր ուժերով ենք անում, «ծերը ծերին հասցնելով», նույնիսկ եղել է՝ մի ամիս Մարիաննան դադարացրել է դասընթացը, որովհետեւ գումար այդ պահին չենք ունեցել: Դասընթացի համար երեք անգամ 50 000 դրամ ենք ներդրել (12 պարապմունքը` 50 000 դրամ), 100 000 դրամ էլ նախնական հումքի վրա ենք ծախսել։ Այս պահի դրությամբ գումարի կեսը, կարծես, հանել ենք: Հիմա ստացած եկամուտը ներդնում ենք գործի մեջ, հումք ենք գնում: Մալիշենկո քույրերը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս պահին մեզ անհրաժեշտ է մաքրակարի մեքենա, տանը ունենք կարի մեքենա, բայց այն մաքրակար չի անում։ Մարիաննան մինչեւ հիմա ստիպված է դասընթացի տեղում մաքրակար անել: Այդ մեքենան գնելու համար քրաուդֆանդինգ արշավ ենք սկսել ու մեր ծանոթներից աջակցություն խնդրել, նաեւ առաջարկել՝ օգնելու դեպքում ստանալ 10% զեղչ հետագա գնումների ժամանակ: Այդ մեքենայի համար մեզ անհրաժեշտ է 260 000 դրամ, դեռեւս ամբողջ գումարը չենք հավաքել: Առաքում՝ ամենուր Գայանե. Մեր արտադրանքի գինը տատանվում է 7000-ից 15 000 դրամի սահմաններում։ Ամալին զրուցում է Pangolin-ի թիմի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայաստանում առաքում ենք ամենուր եւ անվճար. մեզ համար կարեւոր է կենտրոնանալ ոչ միայն Երեւանի, այլեւ մարզերի վրա: Ուզում ենք մեր հագուստը մարզերում եւս գույներ ավելացնի: Երեւան քաղաքը շատ լավ գիտեմ. ինքս եմ առաքում, իսկ մարզեր փոստով ենք ուղարկում: Գայանե Մալիշենկոն Լուսանկարը՝ Մեդիամաքս Գաղափար, մոտեցում, ցանկություն Ալբինա. Մեզ համար շատ կարեւոր է՝ ամեն ինչ ինքնուրույն անել ու ոչ մի տեղից գաղափար չվերցնել: Կարծում ենք՝ մեր բիզնեսի հաջողության պատճառներից են մեր տարբերվող մոդելներն ու գեղեցիկ նկարները, որովհետեւ այժմ հայկական հագուստ շատ են արտադրում, բայց քչերն են ճիշտ ներկայացնում իրենց արտադրանքը: Մեր հաջողության գրավականը նաեւ հենց մենք ենք. բոլորս շատ տարբեր ենք՝ տարբեր կրթություններով ու բազմազան հմտություններով, որոնք էլ փորձում ենք համատեղել մեկ բիզնեսի շրջանակում: Լուսանկարը՝ Pangolin-ի արխիվից Անի. Եթե ունես գաղափար, որը բոլորի շահերից է բխում, անհնար է այդ բիզնեսը չհաջողվի: Վստահ եմ՝ եթե մենք «ավել ու սավոկ» արտադրեինք ու դրա մեջ գաղափար դնեինք, հաստատ կվաճառեինք: Ինչո՞ւ հագուստի նման հասարակ բանը չենք արտադրում ու ներկրում ենք Հայաստան, ինչո՞ւ բոլորին հասանելի չէ գեղեցիկ ու նորաոճ մանկական հագուստը, ինչո՞ւ պետք է այլ երկրից պատվիրել ու երկար ժամանակ սպասել այն ստանալու համար: Գայանե. Բոլորս չէ, որ ուզում ենք հեռանալ Հայաստանից, եթե մենք ուզում ենք մնալ այս երկրում, ուրեմն մեր միջավայրը պետք է հարմարեցնենք մեզ ու ստեղծենք այն, ինչ ուզում ենք ունենալ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեր ապագա ծրագրերի թվում է խանութ եւ գործարան հիմնելը: Եթե ֆինանս ունենանք, շատ պատվերներ ու մեծ թվով դերձակների պահանջ, ապա Արագածոտնի մարզի համայնքներից մեկում հնարավոր է՝ գործարան ունենանք եւ բնակիչներին զբաղվածություն ապահովենք: Արագածոտնի մարզպետարանի հետ քննարկել ենք, պատրաստ են աջակցել մեր գաղափարին ու համայնքային տարածք տրամադրել արտադրությունը կազմակերպելու համար։ Հեղինակ՝ Ամալի ԽաչատրյանՆախագծի ղեկավար՝ Տաթեւ ՀովհաննիսյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի «Զրոյից» շարքի մյուս նյութերը Tweet Դիտում՝ 83954