Ռուզաննայի «զրոյից» բիզնեսը սփռոցները վերածել է թրենդային նվերի

02.04.2021 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ / Զրոյից /
#Զրոյից #Avenue Decor #Ռուզաննա Մինասյան

Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am«Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:


***

Ռուզաննա Մինասյանը 2019 թվականին հիմնել է Avenue Decor բրենդը, որը ներկայացնում է հայկական արտադրության սփռոցներ, բարձեր, անկողնային պարագաներ ու փափուկ կահույքի ծածկոցներ: Երկար տարիներ վաճառքի մասնագետ աշխատելուց հետո 30-ամյա Ռուզաննան որոշել է հիմնել սեփական բիզնեսը: Կարուձեւի հետ կապ չունեցող գործարար կինը կազմակերպում է արտադրության ամբողջ գործընթացն ու համագործակցում Կապանում աշխատող դերձակների հետ:

Երազելով սեփականի մասին

Սովորել եմ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, առաջին մասնագիտությամբ լեզվաբան-թարգմանիչ եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ հանրային կապերի եւ հաղորդակցման մասնագետ:



2012-ից տեղական խոշոր ընկերություններից մեկում աշխատել եմ որպես վաճառքի մասնագետ. սկսել եմ սպասարկման կենտրոնից, հետագայում տեղափոխվել կորպորատիվ վաճառքների բաժին: Աշխատանքի վայրում շատ հաճախ բիզնես թրեյնինգներ եմ անցել, ինքս էլ երբեմն դասընթացներ վարել։

Աշխատանքի այս ակտիվ տարիներին էլ հենց ծագել է սեփական բիզնես հիմնելու եւ իմ ստեղծած արտադրանքի վաճառքով զբաղվելու ցանկությունը։

Բիզնես գաղափարը պատահական է ծնվում

Ի սկզբանե վաճառք չեմ սիրել, թեեւ մեր ընտանիքում բիզնեսը միշտ եղել է: Հորս մահից հետո մայրս ինժեներական աշխատանքից դուրս է եկել ու 90-ականներից սկսել տեքստիլի (հիմնականում վարագույրների) վաճառքով զբաղվել Կապանում:

Մի օր գործընկերուհուս նոր տան համար նվեր էի ուզում պատրաստել, մորս հետ համագործակցող դերձակներին խնդրեցի մի սփռոց կարեն իմ ընտրած կտորով ու ձեւով:



Արդյունքում, գործընկերուհիս նվերն այնքան հավանեց, որ հաջորդ օրն աշխատավայրում բոլորին պատմեց սփռոցի մասին, մյուսներն էլ սկսեցին հետաքրքրվել ու ցանկություն հայտնեցին պատվիրելու:
 
Մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, հենց սփռոցից էլ կսկսեմ. թեեւ կարել չգիտեմ, բայց գործի կազմակերպման ամբողջ մասը կարող եմ ինքս անել:

Լրացնելով միջին սեգմենտի բացը

Սփռոցները կամ անկողնային պարագաները սովորաբար տոնավաճառ են հիշեցնում, իսկ դրանց հիմնական գնորդը մայրիկներն են. դժվար է պատկերացնել, որ երիտասարդ աղջիկն ընկերուհու ծննդյան տոնին կարող է նման նվեր անել:

Այս ապրանքատեսակից օգտվող մարդիկ բաժանվում են երկու սեգմենտի՝ տոնավաճառից օգտվողներ եւ Երեւանի կենտրոնի թանկ խանութներից գնում կատարողներ, որոնք պատրաստ են 80 000-դրամանոց սփռոց գնել: Ու քանի որ միջին սեգմենտը բաց էր, որոշեցի նոր մշակույթ բերել շուկա՝ սփռոցներից այնպիսի թրենդային նվեր ստանալ, որը երիտասարդները եւս կցանկանան գնել:



Կապան-Երեւան

Համագործակցում եմ Կապանից երկու դերձակի հետ: Քանի որ մայրս Կապանում դերձակների հետ տարիներ շարունակ աշխատել էր, նրան խնդրեցի ինձ պրոֆեսիոնալ մասնագետներ առաջարկի:

Ունենք վարորդ, որ գրեթե ամեն օր Կապան-Երեւան ճանապարհը կտրում է մեզ համար: Լոգիստիկայի վրա շատ գումար եմ ծախսում. իհարկե, կարող եմ Երեւանում բնակվող մասնագետների հետ աշխատել, ժամանակ ու գումար խնայել, բայց շատ եմ հավանում այս դերձակների աշխատանքը: Բացի այդ, չեմ համարձակվում նրանց զրկել աշխատանքից՝ հատկապես հետպատերազմական շրջանում։



Կտորները ես եմ ընտրում, մոդելավորումն ու դիզայնը նույնպես ինքս եմ անում: Պարբերաբար այցելում եմ նաեւ Կապան ու տեղում աշխատում դերձակների հետ:

Կարելի է ասել՝ բացի կարից, ամեն ինչ ինքս եմ անում՝ հաշվապահություն, բիզնես էջերի առաջխաղացում, հաճախորդների հետ շփում, լուսանկարներ, փաթեթավորում, առաքում: Ինձ շատ օգնում է նաեւ ամուսինս, որը հենց առաջին օրվանից ոգեշնչել ու հավատացել է իմ գաղափարին:

Փաթեթավորումը՝ այցեքարտ

Որոշեցի, որ արտադրանքը պարտադիր պետք է գեղեցիկ փաթեթավորում ունենա, ոճային լինի ու նաեւ հարմար՝ նվիրելու համար: Փաթեթավորումն էլ դարձավ մեր ապրանքատեսակի այցեքարտերից մեկը:



Avenue Decor անվանումը որոշելուց հետո սփռոցների մի քանի տարբերակով մեր տանը լուսանկարներ արեցի ու Ֆեյսբուքում էջ բացեցի:

Հենց բիզնեսը ներկայացրի ու տարածեցի նաեւ իմ սոցիալական էջով, շատ-շատերը սկսեցին հարցնել, պատվիրել. հասկացա՝ բացը շուկայում իսկապես կար:

Սկզբնական շրջանում իմ ու ամուսնուս գործընկերներն էին պատվիրում, հետո անծանոթները շատացան, իսկ կարճ ժամանակ անց հասա այն փուլին, որ ամեն օր պատվեր ունեի:



Հաջողությունը շատ արագ ժպտաց

Գործից աշխատած առաջին 1 մլն դրամն ընդամենը 3-4 ամիս հետո եղավ, որը համընկավ նաեւ Մարտի 8-ի հետ:

Սկսել եմ մինչեւ 200 000 դրամ ներդրումից: Կտորը սկզբում մետրով էի գնում, իսկ հիմնական գումարը ծախսում էի դերձակների, լոգիստիկայի եւ գովազդի վրա: Նախնական ներդրածս գումարն աշխատել եմ ընդամենը մի քանի օրում:



Ստացած եկամուտը հիմնականում ներդրել եմ գործի մեջ, անգամ մեր տան կահույքն ենք փոխել, որ ավելի նորաձեւ կահույքով լուսանկարներ ստանանք:

Գովազդի վրա զգալի գումար եմ ծախսում. եթե գովազդ չլինի, վաճառք չի լինի։

Ով աշխատի, նա կուտի

Սկզբում շատերն էին ասում՝ «Դու ո՞ւր, սփռոցներն ո՞ւր»: Հենց սկսեցի լուսանկարներ անել, ոճային պարկերով ներկայանալ, մարդիկ փոխեցին հայացքները: Հիմա արդեն ծանոթ չունեմ, որ գոնե մեկ անգամ սփռոց պատվիրած չլինի:



Բիզնեսի արդյունավետությունն ուղիղ կապված է իմ ակտիվության հետ. որքան ժամանակ եմ տրամադրում, այդքան շատ պատվեր եմ ունենում: Հենց սա է աշխատանքի ու սեփական բիզնեսի տարբերությունը. աշխատավայրում ես որքան էլ լավ աշխատեի, նույն ձեւ էր գնահատվում՝ X գումարով եւ տարեկան պարգեւավճարով:

«Չկեղտոտվող» սփռոցներ

Avenue Decor սփռոցների առանձնահատկությունն այն է, որ կարիք չկա մեկ անգամ օգտագործելուց հետո լվանալ, քանի որ դրանք կեղտաբծեր չեն կլանում: Ես միշտ գովազդներում նշում եմ. «Մենք թեթեւացնում ենք կանանց հոգսը»:

Տեֆլոնային մշակում անցած կտորներ են, եթե անգամ գինի թափեք վրան, պարզապես անձեռոցիկով սրբում եք, ու հետքերն անհետանում են:



Սփռոց կարելի է նաեւ սեղանի գորգերի ու անձեռոցիկների տեսքով ստանալ:

Այլ պրոդուկտներ  

Սփռոցներից բացի, առաջարկում ենք անկողնային պարագաներ, բարձեր ու փափուկ կահույքի ծածկոցներ:

Ես հասկացա, որ միայն սփռոցներ ունենալու դեպքում դրանք կվաճառվեն հիմնականում տոնական օրերին, իսկ քանի որ բիզնեսը կայունություն է պահանջում, այլ ապրանքատեսակներ առաջարկելը պարզապես անհրաժեշտություն էր:



Գին, որակ

Սկզբում առաքումն անձամբ էինք կատարում՝ ես կամ ամուսինս։ Հիմա սկսել ենք առաքման ծառայություններից օգտվել:

Առաքումը Երեւանում 500 դրամ է, մարզերում՝ անվճար: Առաջիկայում պատրաստվում ենք մեր արտադրանքը նաեւ Amazon-ում ներկայացնել:



Սփռոցների գինը տատանվում է 5 500-ից 35 000 դրամի սահմաններում, իսկ անկողնային պարագաներինը՝ 17 000-ից մինչեւ 35 000 դրամ: Կախված արտադրանքի չափերից՝ գինը կարող է փոխվել։

Եկամուտն ավելի շատ է

Այս գործը սկսել եմ իմ հիմնական գործին զուգահեռ, սակայն արդեն մեկ տարուց ավելի է՝ մայրության խնամքի արձակուրդում եմ, ու սա իմ միակ աշխատանքն է։



Ներկայում բիզնեսից ավելի շատ եկամուտ ունեմ, քան իմ հիմնական աշխատանքից էի ունենում։

Այս պահին հնարավորություն եւ գումար ունեմ լուսանկարչի կամ այլ մասնագետների հետ համագործակցելու համար, սակայն ցանկանում եմ ինքս ամեն ինչ կազմակերպել, քանի դեռ տանն եմ: Փոխարենը՝ նախընտրում եմ իմ աշխատած գումարից վճարել դայակին՝ երեխայի խնամքի հարցում ինձ օգնելու համար:

Կարիերայի ընթացքում ձեռք բերած բոլոր հմտություններս բիզնեսում օգտագործում եմ՝ վաճառք, սպասարկում, հաճախորդների հետ շփում, PR, լեզվաբանություն։

Մայրանալը գործին չի խանգարում

Շատ կանանց է թվում՝ եթե երեխա ունենան, ոչինչ չեն հասցնի ու պետք է այլեւս չաշխատեն: Ես իմ օրինակով հակառակն եմ ապացուցում:

Ամալին զրուցում է Ռուզաննայի հետ


Տանն աշխատելով՝ ես ավելի շատ ժամանակ եմ գտնում նաեւ օնլայն դասընթացների համար, եւ արդյունքում զարգացնում եմ բոլոր այն հմտությունները, որոնք օգտագործում եմ այս գործում: Ամեն ամիս մեծ տարբերություն եմ զգում՝ ավելի գեղեցիկ լուսանկարներ եմ անում, ավելի ճիշտ կառավարում գովազդները։

Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

«Զրոյից» շարքի մյուս նյութերը

Դիտում՝ 87220
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW