Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:***Իրավաբան Ասյա Եսայանը 2018-ին հիմնել է գրանոլայի արտադրություն (վարսակի փաթիլներով, ընդեղենով, չրերով եւ տարբեր քաղցրացուցիչներով պատրաստված առողջ նախաճաշ)։ 30-ամյա գործարար Ասյայի արտադրած Coco Granola Armenia-ն հայկական առաջին գրանոլան է, որը ներկայացված է Երեւանի խոշոր սուպերմարկետներում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Իրավաբանից՝ խոհարարԱվարտել եմ Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան։ Աշխատել եմ Ոստիկանության ակադեմիայում որպես քաղաքացիական իրավունքի դասախոս, այնուհետեւ եղել եմ Արդարադատության նախարարության առաջին կարգի մասնագետ։ Երկրորդ երեխայիս ծնվելուց հետո, երբ երեխայի խնամքի արձակուրդում էի, սկսեցի զբաղվել խոհարարությամբ։ Մեկ տարի հաճախեցի պրոֆեսիոնալ խոհարարական դպրոց, ընթացքում սկսեցի հետաքրքրվել համաշխարհային խոհանոցով։ Անընդհատ ստեղծագործում էի, համային նոր լուծումներ ու բաղադրատոմսեր փորձում։ Շրջագայությունների ընթացքում էլ մեծ ուշադրություն էի դարձնում տեղական խոհանոցներին։ Ձեռքի տակ եղածով2018-ին, երբ այցելեցի Նյու Յորք, բացահայտեցի, որ գրանոլան ամերիկացիների նախաճաշի գրեթե 90%-ն է կազմում։ Ես միշտ եմ գրանոլա սիրել եւ օգտագործել․ այն ուտում են ե՛ւ չոր վիճակում, ե՛ւ ավելացնում են կաթի, մածունի, պաղպաղակի, յոգուրտի, կեֆիրի մեջ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց հետո մի օր կրկին գրանոլա փորձեցի ու մի տեսակ տհաճ համ զգացի։ Հաջորդ օրն այդ գրանոլայի վրա մեր տան եղած չրերից ավելացրի ու զգացի՝ համը բարելավվում է։ Ավտրալական մի կայքից բաղադրատոմս գտա, տան պայմաններում պատրաստեցի իմ առաջին գրանոլան։ Տանը եղած ապակե մի քանի տարաների մեջ լցրեցի ու փաթեթավորեցի։ Հենց այս՝ կարմիր-սպիտակ նախշերով սփռոց ունեի, որը կտրատեցի ու ապակե տարաների վրա թելերով կապեցի։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Երբ բարեկամներս հյուր եկան, բոլորին նվիրեցի։ Շատ էին հավանել․ չգիտեին, որ նման նախաճաշ է լինում։ Հետո խնդրեցին՝ նորից պատրաստեմ։Coco-ն իր ոտքով եկավՔանի որ չէի աշխատում, մտածեցի իմ փոքրիկ բիզնեսը սկսել, տնային պայմաններում գրանոլա պատրաստել, պատվերների դեպքում առաքում կազմակերպել։ Սկսեցի շատ փոքր ներդրումից՝ 50 000 դրամի սահմաններում։ Տարաներ ու վարսակ գնեցի, Օհանավան գյուղի մեր ամառանոցի հարեւաններից էլ՝ չրեր ու ընդեղեն։ Ինստագրամյան բիզնես էջ բացեցի ու սկսեցի տեղեկատվական նյութեր տեղադրել, պատմել, թե ինչ է գրանոլան ու հասկանալ շուկայի պահանջարկը։ Ասյան աշխատելիս Լուսանկարը՝ Մեդիամաքս Սկզբում առանց լոգոյի էի վաճառում․ շատ երկար մտածում էի՝ ինչ անվանում ընտրել։ Օհանավանի մեր ամառանոցում մի օր փորձում էի գրանոլայի առաջին լուսանկարներն անել, երբ պատահաբար հարեւանի աքաղաղը՝ Կոկոն, եկավ ու կանգնեց հենց գրանոլայի կողքին։ Այդտեղից էլ որոշվեց բիզնեսի անվանումը՝ Coco։ Կոկո աքաղաղը եւ գրանոլան Լուսանկարը՝ Coco Granola-ի Քանի որ մենք առաջինն էինք շուկայում, մեծամտաբար էլ լոգոյի վրա գրեցինք՝ №1 Armenian Granola։ Սուպերմարկետ, հյուրանոց, սրճարանԻնստագրամյան էջից բացի, սկսեցի արտադրանքը ծանոթներիս միջոցով ներկայացնել երեւանյան սուպերմարկետներին։ Մեզ առաջին հավատացողը եղավ Smak խանութը, որի հիմնադրին անձամբ էի ճանաչում։ Երբ պատվերների ծավալն ավելացավ, ինձ սկսեցին օգնել մայրիկս, տատիկս ու նրա քույրը։ Օրեր կային՝ մինչեւ առավոտյան ժամը 4։00-ը մեր տանն աշխատում էինք։ Հենց այդ ընթացքում սկսեցինք նաեւ գրանոլա բատոնների պատրաստումը։ Հայկն աշխատելիս Լուսանկարը՝ Մեդիամաքս Բատոնները, ինչպես նաեւ գրանոլան, շաքարավազ ու արմավի յուղ չեն պարունակում։ Մեծ գործարաններում արտադրվող բատոնները շաքարավազի հալեցմամբ են կպչունությունն ապահովում, մինչդեռ մենք առանց շաքարի ենք դա ստանում՝ մեր հատուկ գաղտնի բաղադրատոմսով։ Ամուսինս բժիշկ է եւ առաջարկեց համագործակցել նաեւ սննդաբանների հետ։ Արտադրանքը ներկայացրի Թերապեւտների հայկական ասոցիացիային, ու ստացա արտադրանքի սննդարարությունը վկայող հավաստագիր։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Խոշոր սուպերմարկետներին զուգահեռ՝ արտադրանքը սկսեցի ներկայացնել որոշ հյուրանոցների, որոնք իրենց ճաշացանկում չունեին գրանոլա։ Նրանցից որոշները սիրով համաձայնեցին մեր արտադրանքն ընդգրկել նախաճաշի մենյուում։ Հաճախ գրանոլայի պատվերներ ստանում ենք այդ հյուրանոցների արտասահմանցի հյուրերից ու Հայփոստով ուղարկում։ Ներկայացված ենք նաեւ որոշ փոքր խանութներում ու սրճարաններում։ Բացի այդ, համագործակցում ենք ֆիտնես մարզիչների հետ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Գրանոլայի 50-գրամանոց տարայի գինը սկսվում է 350 դրամից, 1 կգ տարան՝ 4500 դրամից։ Բատոնները վաճառում ենք 350-500 դրամ։Երեխայի խնամքի նպաստովԳրանոլայի հումքի բաղադրիչները բավականին թանկ են, իսկ քիչ քանակությամբ գնելու դեպքում ձեռնտու չէ։ Իհարկե, օրինակ, ընկույզն ու չրերը մերն են, բայց անհրաժեշտ է նաեւ վարսակի փաթիլներ, քունջութ, նուշ գնել, ինչպես նաեւ տարաներ, կտոր։ Ինչ-որ պահի արդեն հասունացավ խոշոր ներդրում կատարելու ժամանակը։Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում պետությունից ստացած մեկ ու կես տարվա գումարը կուտակել էի՝ մոտ 350 000 դրամ։ Այդ գումարով գնեցի անհրաժեշտն ու հասկացա, որ այդքան մեծ քանակությամբ տարաներ եւ հումք այլեւս տանը պահելն անհնար է։ Իննան աշխատելիս Լուսանկարը՝ Մեդիամաքս Տատիկս Օհանավանի իր ամառանոցում ինձ մի փոքր նկուղային հատված տրամադրեց, վերանորոգեցինք ու սկսեցինք աշխատել։ Ընթացքում էլ օնլայն պատվերներից ու սուպերմակետների վաճառքից ստացված գումարով գնեցի լրացուցիչ սառնարան ու վառարան։ Քանի որ ամեն անգամ Օհանավան գնալ-գալը ծախսատար էր, ամուսնուս ծնողներն առաջարկեցին նաեւ Քանաքեռավանի իրենց տան առաջին հարկում աշխատել․ հիմա Քանաքեռավանում ենք աշխատում, ամռանը՝ Օհանավանում։ ԹիմըԱրտադրության ընդլայմանը զուգահեռ՝ սկսեցինք նոր աշխատողների կարիք զգալ։ Թիմում ներգրավեցինք Նարինեին, որին երկար ժամանակ ճանաչում էի ու գիտեի, որ շատ համեղ է պատրաստում։ Նարինեն աշխատելիս Լուսանկարը՝ Մեդիամաքս Նարինեն այդ ժամանակ աշխատում էր հրուշակեղենի արտադրամասում, առաջարկեցի նրան դուրս գալ այդ աշխատանքից ու միանալ ինձ։ Հետագայում մեր թիմին միացան նաեւ Իննան, Հայկն ու Կարենը։ Coco Granola Armenia-ի թիմը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մյուսլիի հետ չշփոթելՄինչ օրս մասնակցել ենք ինը էքսպոյի, որի արդյունքում հասկացել եմ, որ մեր արտադրանքը հետաքրքրում է տարբեր տարիքի ու սոցիալական խմբի մարդկանց․ չէ՞ որ հաճախորդը նոր արտադրանքի կարիք ունի։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Նկատել եմ նաեւ, որ գրանոլան մշտապես շփոթում են մյուսլիի հետ։ Շատերն էլ պարզապես մեր միջոցով են բացահայտել՝ ինչ է գրանոլան։ Ասյան եւ գործընկերուհին՝ էքսպոյի մասնակցելիս Լուսանկարը՝ Coco Granola-ի Մյուսլիի եւ գրանոլայի հիմքը վարսակի փաթիլներն են, սակայն մյուսլիի 80%-ը հում վարսակն է, 20%-ը՝ չրերն ու ընդեղենը, որոնք հիմնականում շաքարապատ են (բացի այդ, հում վարսակն իրենով օգտագործելն այդքան էլ օգտակար չէ)։ Գրանոլայում 50%-ը չրերն են, 50%-ը՝ չոր հումքը (վարսակի փաթիլներ, ընկույզ, նուշ, քունջութ, կտավատի, արեւածաղկի ու դդմի սերմեր)։ Չոր հատվածը թխվում է մեղրով ու կոկոսով, իսկ չրերը կտրատվում են ձեռքով։ Ապագայում՝ ռուսաստանյան շուկա ու սրճարանՄեր նպատակը ռուսաստանյան շուկան գրավելն է. Սոչիից ու Անապայից պատվիրատու ունենք, հայ գործարար է, որն իր հյուրանոցների ու սրճարանների ցանցում ներկայացնում է մեր արտադրանքը։ Բատոնչիկներ էինք ուղարկում նաեւ Մոսկվա, սակայն 2020-ի կարանտինի պատճառով դադարեցրել ենք արտահանումը, հաջորդ տարվանից փորձելու ենք ներկայանալ նաեւ Մոսկվայի սուպերմարկետներում։ Ասյան զրուցում է Ամալիի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Քանի որ ապակյա տարաները բավական ծանր են արտահանելու համար, շուտով կփոխենք փաթեթավորումը եւ հերմետիկ փակվող տոպրակներով կարտահանենք։ Նպատակների թվում է նաեւ Երեւանում ավելի մեծ արտադրություն հիմնելը, որպեսզի հաճախորդը տեղում կարողանա տեսնել՝ ինչ եւ ինչպես ենք պատրաստում։ Մտադիր ենք գրանոլայից բացի օգտակար այլ սննդատեսակներ արտադրել եւ առողջ սննունդ մատուցող փոքր սրճարան բացել։ Հեղինակ՝ Ամալի ԽաչատրյանՆախագծի ղեկավար՝ Տաթեւ ՀովհաննիսյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Coco Granola Armenia-ի«Զրոյից» շարքի մյուս նյութերը Tweet Դիտում՝ 110527