Մանկապարտեզի «զույգը» տարիներ անց «զրոյից» բիզնես է հիմնել

18.09.2020 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ / Զրոյից /
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am«Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:

***
2019-ին ամուսիններ Գոռ Վահրամյանը եւ Գայանե Սիմոնյանը հիմնել են կաշվե ձեռագործ աքսեսուարների Horus բրենդը: 29-ամյա Գոռը եւ Գայանեն ամբողջ գործընթացը կազմակերպում են ինքնուրույն՝ արտադրությունից մինչեւ մարքեթինգ ու վաճառք։

Գոռը եւ Գայանեն


Նույն մանկապարտեզից

Գոռ. Ծնվել եմ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: Ընդունվել եմ Հայ-ռուսական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժինը, ուսման ընթացքում մեկնել ծառայության, որից հետո երեք տարի էլ Նոյեմբերյանում պայմանագրային զինծառայող եմ եղել: 2017-ին պայմանագիրս լրանալուն պես վերադարձել եմ Երեւան, սակայն ուսումս կիսատ եմ թողել, ընդունվել աշխատանքի որպես վաճառող-խորհրդատու: Դիվանագիտությունը զինվորական կյանքի նման է. ազատ մարդու բան չէ, այդ պատճառով երկուսն էլ չշարունակեցի:

Գայանե. Ես էլ եմ Նոյեմբերյանից: Սովորել եմ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Չորրորդ կուրսից սկսել եմ աշխատել հյուրանոցային ոլորտում, ներկայում Երեւանի հյուրանոցներից մեկում վաճառքի մենեջեր եմ:

Ես ու Գոռը նույն մանկապարտեզից ենք եղել, պարտեզում իրար «զույգ» էինք: Հետագայում տարբեր դպրոցներ ենք հաճախել, ու մեր կապը կտրվել է մինչեւ 2016-ը: 2018-ին ամուսնացել ենք, այժմ ամսվա մի մասը Նոյեմբերյանում, մյուս մասը Երեւանում ենք ապրում:

Մանկապարտեզում. առաջին շարքում աջից երրորդը Գայանեն է, չորրորդը՝ Գոռը


Պատին մեխ խփել ու կոճակ կարել չիմացողները

Գոռ. Դեռ ամուսնացած չէինք, մի օր Գայանեն կանացի դրամապանակի նկար ուղարկեց, ասաց՝ շատ է հավանում: Մտածեցի՝ ինչո՞ւ ես չսարքեմ:

Ամբողջ կյանքս ես ինձ ահավոր «անբաշար» մարդ եմ համարել, անգամ պատին մեխ խփել չեմ իմացել: Միայն հորական կողմից պապս է արհեստավոր եղել, մյուսներն ավելի շատ ակադեմիական ուղղությունն են ընտրել։

Գոռն աշխատելիս


Դրամապանակը սարքելու միտքն ինձ հանգիստ չէր տալիս: Նոյեմբերյանից եկա Երեւան, գնացի «Մալաթիա» տոնավաճառ ու սկսեցի խնդրել, որ ինձ մեկ կտոր կաշի վաճառեն, մինչդեռ կաշին կտորով չեն վաճառում: Ամեն դեպքում, ինձ հաջողվեց այն գնել, չնայած բավականին վատ որակի էր: Գործիքներ, բնականաբար, չունեի, իսկ Հայաստանում ձեռագործ կաշեգործության համար համապատասխան գործիքներ չկան: YouTube-ում որոշ տեսանյութեր նայեցի, թե ինչպես կարելի է կաշին կարել, գործիքը պատառաքաղից սարքեցի ու եզրերը դրանով ծակեցի:

Երբ նվիրեցի Գայանեին, ուրախացավ, ասաց՝ շատ սիրուն է, իսկ ես հասկանում էի, որ սիրուն չէ. անհամաչափ է: Կարելու ընթացքում զգացի, որ շատ հետաքրքիր գործ է ու կարելի է այս գործում «խորանալ»:

Առաջին դրամապանակը


Գայանե. Շատ տպավորված էի նվերով, բավականին երկար օգտագործել եմ: Միշտ պահելու եմ, երեւի մի օր շրջանակի մեջ դնենք՝ որպես առաջին նմուշ ու պատին փակցնենք:

Ոգեւորվել էի, որ Գոռը կարող է ձեռագործով հետաքրքրվել: Ես ինքս էլ կյանքում չեմ կարել, անգամ կոճակ կարել չեմ իմացել:

Կոպեկ-կոպեկ

Գոռ. Բավական ժամանակ մոռացել էի դրամապանակի մասին: Երբ ամուսնացանք, տեղափոխվեցինք Երեւան, կարելու միտքը նորից սկսեց ինձ «կրծել», անընդհատ Գայանեի ձեռքին տեսնում էի դրամապանակն ու հիշում, որ կարող եմ նորից փորձել:

Horus-ի արտադրանքը


Որոշեցինք հենց աշխատավարձ ստանանք, 20 000 դրամ առանձնացնենք ու Amazon-ից գործիքներ պատվիրենք, մյուս աշխատավարձից էլ՝ 40 000 դրամի կաշի գնենք: Սկզբում մեր աշխատավարձը բավական ցածր էր, ընդհանուր՝ մոտ 240 000 դրամ, որից տան վարձ էինք տալիս, կոմունալ վճարներ կատարում. գումար առանձնացնելը մեզ համար հեշտ չէր:

Մոտ ութ ամիս ինձ վրա եմ աշխատել, փորձում էի ձեռքս բացել: Կարում էի, չէի հավանում, նորից էի փորձում. պերֆեկցիոնիստ եմ: Ամեն անգամ նայում էի կարածս դրամապանակին ու հասկանում, որ դեռ արժանի չէ վաճառվելու:

Կողքից բոլորն ասում էին՝ «Լավն է, տար մի տեղ տուր՝ թող վաճառեն», «Տար Վերնիսաժում հանձնիր, որ գոնե դրա փողը դուրս գա»: Միեւնույնն է՝ չէի ուզում դառնալ արհեստավոր, որ ուրիշին է հանձնում իր գործերը վաճառելու. ուզում էի բրենդ ստեղծել:

Ամեն ինչ ինքնուրույն

Գայանե. 2018-ի վերջին Գոռին առաջարկեցի Ֆեյսբուքում էջ բացել ու մարդկանց տեղեկացնել բրենդի մասին: Մինչ այդ որոշեցինք նաեւ անվանումը:

Գայանեն աշխատելիս


Սկզբում հայկական անունների մասին էինք մտածում, «բիզ», «բեզուար», «ասպարեզ», բայց եգիպտական դիցաբանության Հորուս աստծո տարբերակը միշտ կար. Հորուսը նույն Գոռն է: Ամենատես աչքի գաղափարը հենց Հորուսից է եկել, մեր լոգոն էլ Հորուսի աչքն է՝ ձեւափոխած, մի մասնիկ վերցրել ենք ու հայելանման փոխել (որ դրամապանակը «չար աչքից» հեռու պահի):

Լոգոն ինքնուրույն ենք ստեղծել, եղբայրս է մեզ օգնել այդ հարցում, առհասարակ ամեն ինչ ինքնուրույն կամ մեր ընկերների օգնությամբ ենք անում, անգամ լուսանկարներն են մեր ձեռքի գործը:

Horus-ի լոգոն


Երբ ֆեյսբուքյան էջը բացեցինք, հետեւողները հիմնականում մեր ընկերներն էին: Առաջին անծանոթ հետաքրքրվողը մի կին էր, որ + նշանն էր դրել նկարներից մեկի մեկնաբանության մեջ: Այնքան էինք ուրախացել այդ մեկնաբանությունից, անհամբեր սպասում էինք՝ երբ է մեզ դիմելու, մինչդեռ նա միայն գին էր հարցնում:

Առաջին վաճառքն ունեցել ենք 2019-ի հուլիսի վերջին, նոթբուքի պատյան էր: Նույն հաճախորդը նաեւ մեկ շաբաթ հետո դրամապանակ պատվիրեց. շատ ուրախացել էինք, որ հավանել է մեր գործը, գոհ է ու վերադարձել է: Դա մեզ վստահություն ու մոտիվացիա տվեց՝ ավելի լուրջ շարունակելու այս գործը:

Կարեւորը ցանկությունն է

Գայանե. Ավելի ուշ Ինստագրամում էջ բացեցինք: Մինչ այդ երկուսս էլ այս հարթակում օգտահաշիվ չունեինք, ավելին՝ Գոռը հին հեռախոս էր օգտագործում ու դեմ էր տեխնոլոգիաների զարգացմանը:

Ամալին զրուցում է Գայանեի եւ Գոռի հետ


Օնլայն բիզնես վարել չենք իմացել, ընթացքում ենք պրպտել ու սովորել: Մեզ օգնում է նաեւ մեր աշխատանքային փորձը, որպես վաճառող-խորհրդատու եւ վաճառքի մենեջեր, փորձում ենք այնպես անել, որ հաճախորդը միշտ գոհ լինի սպասարկումից:

Պարզապես պետք է հետաքրքրասեր լինել, պարտադիր չէ միլիոններ ծախսել, արտերկրում սովորել, որ մասնագետ դառնաս: Ժամանակակից աշխարհում ամեն ինչ հասանելի է.

Horus-ի արտադրանքը


Խնդիրներն ու նպատակները

Գոռ. Այս պահին գրանցված ենք որպես անհատ ձեռներեց: Քանի որ մեր տարեկան շրջանառությունը մինչեւ 24 մլն դրամ է, հարկ չենք վճարում, բայց ձգտում ենք հասնել այդ թվին ու հարկային դաշտ մտնել:

Մեր դրամապանակները գինը սկսվում է 15 000 դրամից, քարտապանակներն արժեն 6000 -12 000 դրամ, իսկ նոթբուքի պատյանները՝ 45 000 - 50 000 դրամ:

Horus-ի արտադրանքը


Հայկական շուկան սահմանափակ է, ցանկանում ենք միջազգային շուկա դուրս գալ։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, սակայն Հայաստանը PayPal-ի հետ չի աշխատում, խնդիր կա նաեւ միջազգային առաքման ծառայությունների հետ կապված։

Ընտանեկան բիզնեսը՝ ավելի հոգեհարազատ

Գոռ. Մեր ընտանիքները Նոյեմբերյանում են բնակվում, մենք Երեւանում մեկսենյականոց բնակարան ենք վարձակալում, որի մի անկյունն արհեստանոցի ենք վերածել:

Գայանեն եւ Գոռը՝ Երեւանի բնակարանում


Նոյեմբերյանում երեքսենյականոց բնակարան է, պատշգամբում ենք աշխատանքները կազմակերպում, բայց ապագայում մտադիր ենք առանձին արվեստանոց ստեղծել ավտոտնակի հիմքի վրա:

Արտադրական գործընթացը հիմնականում Նոյեմբերյանում է արվում, իսկ կազմակերպչականը, մարքեթինգային մասը, գնումներն ու շուկան՝ Երեւանում։

Ապագայում միտք ունենք բիզնեսն ամբողջովին տեղափոխել Նոյեմբերյան:

Horus-ի արտադրանքը


Որոշ գործեր սովորեցրել եմ նաեւ Գայանեին: Հաճախ հարցնում են՝ հաստա՞տ ձեռագործ է: Մեզ շատ է ոգեւորում այդ հարցը, որ մարդիկ մտածում են՝ նման ուղիղ կարը չի կարող ձեռքով լինել:

Մինչեւ 2020-ի հունիս բիզնեսը համատեղել եմ հիմնական աշխատանքի հետ. վերջին տարիներին աշխատել եմ միջազգային բարեգործական կազմակերպությունում որպես երիտասարդների հետ ծրագրերի մասնագետ ու ադմինիստրատիվ օգնական: Ես ինձ ծույլ մարդ եմ համարում, բայց շատ ակտիվ էի, երբ երկու գործ էի համատեղում. երեկոյան սկսում էի կարել, նոր մոդելներ փորձել, սովորել: Հասկանում էի, որ ամբողջությամբ տրվում էի Horus-ի գործին, որից մյուս աշխատանքս տուժում էր: Քանի որ պատվերներն էլ շատացան (ամսական մոտ 50 պատվեր), որոշեցի դուրս գալ աշխատանքից, ամբողջովին բիզնեսին նվիրվել, որովհետեւ այստեղ եմ տեսնում մեր ապագան:

Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

«Զրոյից» շարքի մյուս նյութերը
Դիտում՝ 117002
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW