Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Չնայած տնտեսության համար COVID-19 համավարակի ստեղծած անբարենպաստ պայմաններին՝ Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո շարունակում է ներկայացնել հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:***Կոտայքի մարզի Ալափարս գյուղում բնակվող Գեւորգյանների ընտանիքը 90-ականներից սկսած՝ ազնվամորու վաճառքով էր զբաղվում․ ամեն ինչ սկսվել էր տան բակում տնկած մեկ թփից ու վերածվել հեկտարներով դաշտերի։ 2019-ին, սակայն, ամուսիններ Գեւորգ Գեւորգյանը եւ Ժաննա Ալավերդյանը գիտակցում են, որ գյուղմթերքը շուկայում այլեւս չի վաճառվում, իսկ ազնվամորին անհրաժեշտ է նույն օրը սպառել։ Մի քանի օրում ընտանիքին հաջողվում է բրենդավորել ազնվամորին եւ օնլայն վաճառք ու առաքում կազմակերպել։ Գեւորգը՝ ծնողների, եղբոր, կնոջ եւ երեխաների աջակցությամբ, գյուղատնտեսական բիզնեսը նոր մակարդակի է բարձրացնում․ «Բլբլուկ»-ն այժմ ազնվամորու վաճառքի յուրօրինակ մշակույթ է ձեւավորում։ Լուսանկարը՝ «Բլբլուկի» արխիվից Մի թուփ ազնվամորին՝ բակի միջին Գեւորգ, 38 տարեկան․ Ծնվել ու մեծացել եմ Ալափարս գյուղում։ Սովորել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, վերջին 12 տարին աշխատում եմ ՏՏ ոլորտում որպես որակի վերահսկման մասնագետ։ Ազնվամորու մշակումը 90-ականներից ենք սկսել։ Ընդարձակ դաշտեր ունենալու նպատակ չենք ունեցել, պարզապես մեր ուտելու համար էինք մշակում։ Տարիների ընթացքում տնկիների քանակը շատացավ, տարածվեց ամբողջ բակով մեկ․ երբ բերքդ շատ է, բնականաբար՝ սկսում ես վաճառել։ Երեխա էինք, ինքներս էինք հավաքում, հայրիկի հետ «Մալաթիա» շուկա տանում։ Գեւորգ Գեւորգյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Երեւանում սովորելու տարիներին դադարեցի ազնվամորու գործով զբաղվել, բայց երբ զինվորական ծառայությունից վերադարձա ու դեռ աշխատանք չունեի, հորս հետ շարունակեցի հատապտղի մշակումը։ Ալափարսից Սոլակ տանող ճանապարհին 1 հա տարածք ունեինք, ու քանի որ տան բակում ազնվամորու համար այլեւս տեղ չկար, որոշեցինք այդ տարածքն օգտագործել։ Ավտոմեքենա vs դաշտերԳեւորգ․ Ամբողջը մեր ուժերով էինք անում, բերքը հավաքում էինք, մեր մեքենայով տանում էինք շուկա եւ վաճառում։ Քանի որ նոր էինք սկսել գործը, եկամուտը շատ քիչ էր։ Չէի կարող դրանով ե՛ւ ապրել, ե՛ւ բիզնեսն ընդլայնել, այդ պատճառով մեկնեցի Երեւան ու սկսեցի զուգահեռ աշխատելը, իսկ ազնվամորու մշակումը մնաց հորս ուսերին։ Գեւորգի հայրը՝ Վաչիկ Գեւորգյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեզ որոշակի ներդրում էր պետք, որ բիզնեսն ինքնածախսածածկվեր։ Քիչ քանակի վրա նույն ռեսուրսն էինք ծախսում ու եկամուտն էլ քիչ էր ստացվում, ուստի որոշեցինք ընդլայնել դաշտերը։ Առաջին մեծ ներդրումս մեքենաս էր, որը վաճառեցի $6000-ով եւ 3 հա հավելյալ տարածք գնեցի։ Ինտերնետի դար էԺաննա, 37 տարեկան․ 2016-ից Facebook-ում բացել էի «Բլբլուկ» էջը, որտեղ վաճառում էի իմ եւ ընկերուհիներիս պատրաստած հուշանվերներն ու աքսեսուարները։ Օնլայն բիզնեսն աղջկաս պատվին էի անվանել․ երբ փոքր էր, սկեսրայրս նրան «բլբլուկ» էր ասում՝ «բլբլացող ծիտիկ»։ 2019-ին ազնվամորու մեր բերքը շատ էր՝ 15 տ։ Սկեսրայրս երկու անգամ տարավ շուկա վաճառելու, բայց ինչպես տարավ, այդպես էլ հետ բերեց։ Հասկացանք, որ մարդիկ պարզապես դադարել են շուկա գնալ, իսկ ազնվամորին, եթե նույն օրը չսպառես, մի քանի ժամ հետո արդեն պիտանի չէ վաճառքի։ Փորձեցի բերքը ֆեյսբուքյան իմ այդ էջով վաճառել, 2500 հետեւորդ ունեի։ Գեւորգի ծրագրավորող եղբորը՝ Վահանին, խնդրեցի լոգոն փոփոխել, իսկ էջում տեղեկացրի, որ վաճառում ենք ազնվամորի։ Ժաննա Ալավերդյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Պատվերները քիչ-քիչ շատացան․ հասկացանք, որ մարդիկ ուզում են ծանոթանալ ազնվամորու մշակմանը եւ վաճառքին, ոչ թե պարզապես շուկայից գնեն ու գնան տուն։ Մինչ բերքը կհասնի, ես մեկ ամիս առաջ սկսում եմ նկարներ հրապարակել դաշտերից ու տեղեկացնել, թե ինչպես է պտուղն աճում եւ հավաքվում։ Ինքս եմ ֆեյսբուքյան էջը վարում, լուսանկարներ անում, հաճախորդների հետ կապը պահպանում։Կրթությամբ բանասեր եմ, ավարտել եմ Երեւանի պետական համալսարանը, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում եմ աշխատել։ Յոթ տարի է՝ չէի աշխատում, ժամանակիս մեծ մասը նվիրում էի ընտանիքիս ու երեխաներիս։ Այժմ միայն «Բլբլուկ»-ով եմ զբաղված․ ընտանեկան գործի մոտիվացիան լրիվ այլ է, դու այստեղ քո ամբողջ հոգին ու եռանդն ես ներդնում։ Անին՝ Ժաննայի եւ Գեւորգի դուստրը Լուսանկարը՝ Մեդիամաքս Առանց թունաքիմիկատներիԳեւորգ եւ Ժաննա․ Մեր հետեւորդների քանակը շուտով կհասնի 10,000-ի։ Այս տարի ընդլայնել ենք վաճառքի ծավալները՝ անցել ենք օնլայն պատվիրման համակարգի: Կայքը պատրաստել է Գեւորգի եղբայրը։ Նախկինում գնորդների տվյալները ձեռքով էինք լրացնում Excel ֆայլի մեջ, հիմա այս գործընթացն անհամեմատ հեշտացել է։ Պատվերներն ընդունում ենք մեկ շաբաթ շուտ, վաճառում ենք հատուկ սննդային դույլերով (2,5 կգ)։ Լուսանկարը՝ «Բլբլուկի» արխիվից Բերք ստանում ենք տարին երկու անգամ՝ ամռանն ու աշնանը: Առավոտից հավաքում ենք ու նույն օրը երեկոյան առաքում։ Երեւանի բոլոր վարչական շրջաններն առանձնացնում ենք, ամեն օր մի շրջան ենք գնում, ունենք առաքման անվճար կետեր։ Բացառում ենք թունաքիմիկատների օգտագործումը, դաշտը պարարտացվում է օրգանական միջոցներով: Բազմաթիվ մրգատու ծառեր ունենք, նաեւ մոշի ու հաղարջի թփեր։ Ժաննայի եւ Գեւորգի որդին Լուսանկարը՝ «Մեդիամաքս» Նաեւ գինի ու թեյԺաննա. Անցած տարի բերքն այնքան շատ էր, որ ազնվամորուց նաեւ գինի, օղի եւ լիկյոր պատրաստեցինք ու ներկայացանք էքսպոյի։ Քանի որ շատերը հավանեցին, որոշեցինք նաեւ վաճառել․ 50 շիշ գինի վաճառեցինք, սկեսրայրս էր պատրաստել, պիտակներն էլ՝ աղջիկս։ Լուսանկարը՝ «Բլբլուկի» արխիվից Ազնվամորու գինին տարածված չէ․ պտուղը թանկ է, մարդիկ այդքան բերք չունեն, որ գինի պատրաստեն։ Քանի որ միայն հատընտիր ազնվամորին ենք վաճառում, վնասված բերքից կարողանում ենք խմիչք պատրաստել։ Աշնանը կսկսենք գինու վաճառքը։ Շուկայում ներկայացնելու ենք նաեւ ազնվամորու տերեւներից պատրաստված թեյ․ սկեսուրս է պատրաստում, կենսաբան է։ Տերեւները հատուկ ձեւով է մշակում, ֆերմենտացնում է, հետո չորացրած ազնվամորու հատիկներ ավելացնում։ Ժաննան մասնակցում է էքսպոյի Լուսանկարը՝ «Բլբլուկի» արխիվից Ռիսկայինի ու հողը սիրելու մասին Գեւորգ․ Գյուղատնտեսության ոլորտում չես կարող մեծ շահույթներ ապահովել, քանի որ ոլորտը շատ ռիսկային է։ Կարող ես մի տարի այնքան կորուստ ունենալ, որ 10 տարվա ստեղծածդ ջուրն ընկնի։ Անցած տարի 15 տ բերք ունեինք, այս տարի դեռ 4-5 տ է․ աշնանը ոռոգման խնդիր կար։ Պետք է սիրես հողը, բույսը, որ այս գործով զբաղվես։ Ես գյուղատնտեսությունն այդքան էլ բիզնես չեմ համարում, սա ինձ համար հոբբի է, արմատների հետ կապվածություն, ստեղծագործական աշխատանք, բնության հետ պայքար։ Ամալին զրուցում է Գեւորգի եւ Ժաննայի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Դեռ այնքան մեծ չէ եկամուտը, որ միայն այս գործով զբաղվենք, բայց ապագայում պլանավորում ենք մեր գյուղի տունը վերածել հյուրատան, դաշտերում զարգացնել ագրոտուրիզմը, տաղավարներ կառուցել համտեսի համար։ Այժմ ես եւ եղբայրս մեր հիմնական աշխատանքից ստացված գումարը ներդնում ենք այս գաղափարի մեջ, արդեն շինարարությունը սկսել ենք։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեր գործը միշտ ներդրման կարիք ունի․ խնդիր ունենք աշխատողներին ամբողջ տարին զբաղեցնելու, որպեսզի նրանց չկորցնենք։ Տարվա ընթացքում 5-6 ամիս փորձում ենք լրացուցիչ գործեր հնարել։ Սեզոնին շատ դժվար է աշխատող գտնելը, գործը նույնպես դժվար է, մեծ զգուշությամբ պետք է բերքը հավաքել։ 20-30 հոգի հավաքող ունենք, մշտական մշակումով զբաղվողները 2-3 հոգի են։ Որպեսզի հիմնական գործիս զուգահեռ հասցնեմ առաքումը, սեզոնին մեկ ամսով արձակուրդ եմ վերցնում։ Ժաննան, Գեւորգը եւ Վահանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մալինայի մշակույթ Գեւորգ․ Կարեւոր է նաեւ նոր մշակույթի ձեւավորումը, մեր գյուղացիները սովոր են բերքն անփույթ հավաքել, լցնել արկղերի մեջ ու տանել շուկա։ Մեր շրջանում շատ կան ազնվամորի մշակողներ, որոնք հիմա հետեւում են մեզ ու փոխում իրենց աշխատելաոճը․ շատերն են սկսել մեզ նման մշակել ու առցանց վաճառել։ Գյուղում ընկերների մի ընտանիք էլ կա, որի հետ ակտիվ համագործակցում ենք։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Արժեք ստեղծելուց բացի, փորձում ենք մշակույթ ձեւավորել։ Ցանկանում ենք նաեւ հաճախորդներին սովորեցնել, որ այս բերքն առանձնահատկություններ ունի, պլաստիկի արտադրություն չէ, որ հենց պատվիրես, մի ժամ հետո բերեն։ Հնարավոր է անձրեւային օր լինի, ու հավաքը հետաձգենք։ Հաճախորդներ ունենք, որ «պլաստիկե» մեծ ազնվամորիներ են ակնկալում, բայց էկոլոգիապես մաքուր մշակված բերքը նման տեսք ունենալ չի կարող։ Անին՝ Ժաննայի եւ Գեւորգի դուստրը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեր պտուղը «պոլկա» տեսակի է, հնարավոր է՝ չափերով փոքր է, բայց բույրը եւ համը միշտ տեղն են։ Մի անգամ մեկը գրել էր, թե պատկերացնում էր՝ բոլոր ազնվամորիները պետք է համաչափ ու խոշոր լինեն, մի հաճախորդ էլ պատվերի մեջ փոքր դեղին սարդ էր նկարել ու հրաժարվում էր ուտել։ Պետք է գիտակցել, որ սա դաշտից հավաքած ու անմիջապես առաքած ազնվամորի է, եւ նման միջատներ հնարավոր է՝ լինեն։ Մեր խստապահանջ հաճախորդներն իրականում մեզ ստիպում են ավելի լավ աշխատել ու որակյալ բերք առաքել։ Հեղինակ՝ Ամալի ԽաչատրյանՆախագծի ղեկավար՝ Տաթեւ ՀովհաննիսյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ «Բլբլուկի»-ի«Զրոյից» շարքի մյուս նյութերը Tweet Դիտում՝ 120107