Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:***Տնտեսագետ Ռոզա Միրաքյանը 2016 թվականին հիմնել է ChocoLab ժամանցի եւ զարգացման կենտրոնը, որտեղ այցելուները կարող են լիցքաթափվել՝ աշխատելով շոկոլադի եւ տարբեր քաղցրավենիքների հետ։ 36-ամյա գործարարը երկար տարիներ աշխատել է տարբեր ավիաընկերություններում, դրանց փակվելուց հետո որոշել է նվիրվել արվեստին՝ ստեղծելով սեփական բիզնեսը։ Ոչ իր կամքովՏարիներ շարունակ Armavia ավիաընկերությունում աշխատել եմ որպես թռիչքների վերահսկման համակարգի մենեջեր։ Ավարտել եմ Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիան, նաեւ վերապատրաստում եմ անցել Մոսկվայի քաղաքացիական ավիացիայի պետական տեխնիկական համալսարանում։ Armavia-ի փակվելուց հետո ընդունվեցի Air Armenia ավիաընկերություն, սակայն սա նույնպես դադարեց գործել. այս ընկերությունն անգամ մինչ օրս ինձ գումար է պարտք։ Ռոզա Միրաքյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հաճույքով էի անում գործս. տարբեր մարդկանց հետ շփումը եւ հաճախակի ճամփորդություններն ինձ շատ էին դուր գալիս։ Բայց քանի որ գիտակցում էի՝ ավիացիոն ոլորտը Հայաստանում ոչ հեռանկարային է, որոշեցի այլեւս մեծ հույսեր չկապել ու ոլորտից դուրս գալ, որովհետեւ ամեն ինչ վատ էր վերջանում։ Արվեստի ոլորտում հիմնեցի իմ սեփական գործը։ Արվեստն ինձ միշտ հոգեհարազատ է եղել, ուզում էի դիզայներ դառնալ, բայց չգիտես ինչու՝ընտրեցի տնտեսագիտությունը, չնայած հիմա այս մասնագիտությունն ինձ շատ է օգնում գործարար լինելու հարցում։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Մի բան, որ չկաՄտածում էի, որ չկա երեխաների համար այնպիսի մի վայր, որ առաջինը լինի ու չկրկնվող։ Շատ կան կենտրոններ, որտեղ երեխաներին առաջարկում են պլաստիլինով կամ ավազով զբաղվել, բայց խոհարարական զբաղմունքներ չկան, արտասահմանում են դրանք շատ։ Ուզում էի, որ երեխաները «լղոզվեն» շոկոլադով, հաճույք ստանան ու զարգացնեն իրենց երեւակայությունը պատրաստելու միջոցով։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Այսպիսով, ես եւ նախկին գործընկերներիցս մեկը հիմնեցինք ChocoLab-ը, որը առաջին «շոկոլադե լաբորատորիան» է Հայաստանում։ Մեր ծրագրի կարեւոր մաս են կազմում համեղ խաղերն ու շոկո-թերապիան: Երեխաները, շոկոլադի հետ «փորձարկումներ» անելով, դրանց հաղորդում են իրենց նախընտրած ձեւն ու համը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Միայն տարածքն են վերանորոգելԻ սկզբանե, ամեն մեկս 1000 դոլարին համարժեք գումար ներդրեցինք։ Սակայն մի քանի ամիս անց ես գնեցի գործընկերոջս բաժնեմասը եւ սկսեցի միայնակ ղեկավարել բիզնեսը։Փորձեցի զարգացնել մեր գաղափարը. եթե սկզբում աշխատում էինք միայն շոկոլադով, ապա հիմա մի շարք այլ քաղցրավենիքներ ենք ավելացրել ծրագրում, օրինակ, մաշմելոյից ծաղիկի պատրաստում, վաֆլիներից զգեստների ձեւավորում։ Լուսանկարը՝ Անձնական արխիվ Տարածք չենք վարձել, կենտրոնը հիմնել ենք մեր տան բակային հատվածում․ առանձնացրել ենք մեկ ստուդիա, խոհանոց, հանդերձարան, հանգստի վայր ու մի փոքրիկ սենյակ՝ մթերքները պահելու համար։ Մեր նախնական ներդրած գումարը ծախսել ենք տարածքը վերանորոգելու վրա։ Փոքրիկներ եւ մեծիկներԱյն, ինչը ծնողները երեխաներին տանը թույլ չեն տալիս, օրինակ, «լղոզվել» շոկոլադով ու կեղտոտել տարածքը, մեզ մոտ հանգիստ անում են։ Սա զարգացնում է երեխաների ստեղծարար միտքը, իսկ շոկո-թերապիան հանգստացնում է։ Կարեւորել ենք նաեւ այն, որ երեխան իր պատրաստածը տուն է տանում ու հյուրասիրում։ Թիրախավորել էինք երեխաներին, հետո նկատեցինք, որ ակտիվ այցելում են նաեւ մեծերը։ Գալիս են, կտրվում են ամեն ինչից. մեզ մոտ ոչ սրճարան է, ոչ ռեստորան, զբաղմունքի հաճելի տարբերակ է։ Լուսանկարը՝ Անձնական արխիվ Հետաքրքիր է, որ փոքրերը լրջացած ու կենտրոնացած են աշխատում, իսկ մեծերը մի քանի հոգով գալիս են ու զվարճանում։Մենք մթերքների հետ ենք աշխատում, այլ ոչ թե խաղալիքների. խոհարարությունը բոլորին է հետաքրքրում՝ անկախ տարիքից։Ոչ միշտ է «քաղցր»Սկզբում դժվարությունները շատ էին, որովհետեւ չես սահմանափակվում միայն նախնական ներդրումով. ամեն փոքր բանի համար ընթացիկ ծախսեր են առաջանում։ Առաջին մեկ տարին անընդհատ գումար եմ ներդրել, բայց հաջորդ տարվա ընթացքում ես այդ ամբողջ գումարը հետ եմ բերել։ Ինչպես ասում են՝ բիզնեսի առաջին տարին շատ դժվար է լինում, մինչեւ ճանաչում ձեռք բերես։ Մեր գործի դժվարություններից մեկն այն է, որ ցուրտ եղանակներին ծնողները երեխաներին չեն ուզում տանից դուրս հանել. այդ շրջանում այցելությունները քչանում են։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեր հաճախորդների հոսքն աստիճանաբար է շատացել։ «Վորլդ Վիժն Հայաստանի» հետ համագործակցությունը նույնպես նպաստել է մեր ճանաչմանը։Ճամփորդություններ Հայաստանով մեկ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունից մի օր նամակ ստացա, որտեղ առաջարկում էին մասնակցել դրամաշնորհային ծրագրի։ Դիմեցինք ու հաղթեցինք, ինչի արդյունքում Հայաստանի մարզերի, սահմանամերձ գյուղերի մի շարք մանկապարտեզների համար կազմակերպեցինք շոկոլադի պատրաստման միջոցառումների շարք։ Դրանք 1-1,5 ժամ տեւողությամբ շոկո-սեսիաներ էին «Վորլդ Վիժնի» ծրագրերում ընդգրկված երեխաների համար։ Լուսանկարը՝ Անձնական արխիվ Շատ ոգեւորիչ փորձառություն էր, ես շատ էի հուզվում, երբ մարզերի երեխաները մեր գունավոր եւ ուրախ միջոցառումներին էին մասնակցում։ Պայմանագիրը կնքել ենք 2018-ին, այս տարի այն կավարտվի։ Փաթեթներն ու ժամերըՀետագայում սկսեցինք առաջարկել ChocoLab-ում ծնունդներ նշելու տարբերակը, որի դեպքում պատրաստի տարբեր հումքեր ենք տրամադրում՝ տորթ պատրաստելու համար։ Մեկից մինչեւ չորս ժամ տեւողությամբ փաթեթ ենք առաջարկում, կարող են սկսել շոկոլադից, անցնել խաղերին, հետո տորթի ձեւավորմանը։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Հնարավոր է՝ շաբաթը 20-25 այցելու ունենանք, հաճախ դասարաններով ու տարբեր խմբերով են գալիս։ Ամենօրյա ծրագրերի արժեքը սկսվում է անձը 3000 դրամից՝ հասնելով մինչեւ 25 000 դրամի։ 10 հոգու համար նախատեսված ծննդյան փաթեթների գինը տատանվում է 25 000 - 80 000 դրամի միջակայքում: ԹիմըԳործընթացը ես չեմ վարում, ուսուցանող մարզիչ ունենք, որը մանկական հոգեբան է։ Աշխատող ընդունել ենք հենց սկզբից։ Թիմում ես եմ ու իմ աշխատակիցը։ Բիզնեսում ինձ շատ աջակցում է նաեւ ամուսինս։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «Երբեք մի՛ ասա երբեք»Երեխաներ շատ եմ սիրել, բայց երբեւէ չեմ պատկերացրել, որ կաշխատեմ նրանց հետ։ Այս գործը շատ հետաքրքիր է ու նաեւ դժվար, քանի որ երեխաները երբեմն չարաճճի են լինում։ Ավիացիոն ոլորտում շատ տարբեր մարդկանց հետ եմ աշխատել ու միշտ փորձել եմ խուսափել շատ մարկանցից։ Հիմա փաստորեն իմ գործը կրկին մարդկանց հետ շփումների վրա է հիմնված։ Ռոզա Միրաքյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Կինը պետք է իր հաճույքի համար աշխատիՇատ եմ գնահատում այս գործի ազատությունը. 9։00-18։00-ն աշխատանքն ինձ համար ձանձրալի է։ Անկախությունն ինձ թույլ է տալիս ավելի շատ ստեղծարար լինել. արվեստի գործը հստակ ժամեր չունի։ Անկախություն է նաեւ այն, որ կենտրոնը իմ տան տարածքում է։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Չեմ կարող ասել, որ այս գործի եկամուտով մեր ամբողջ ընտանիքն եմ պահում, բայց այն բավարարում է ինձ։ Ինչպես ասում են՝ կինը պետք է աշխատի իր հաճույքի համար։ Զբաղմունքը եւ աշխատանքը կնոջը միշտ են պետք։ Համավարակի պատճառով ChocoLab կենտրոնն այժմ փակ է, սակայն կվերաբացի իր դռները հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը:Հեղինակ՝ Ամալի ԽաչատրյանՆախագծի ղեկավար՝ Տաթեւ ՀովհաննիսյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ ChocoLab-ի«Զրոյից» շարքի մյուս նյութերը Tweet Դիտում՝ 119710