Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:***34-ամյա Տաթեւ Հարությունյանը եւ 37-ամյա Միխայիլ Նահապետյանը 2017-ին հիմնել են «Նահապետ բրենդի քոմփընին», որն արտադրում է Kensatu ապրանքանիշի մրգօղիներ: Տնտեսագետ ամուսինները բիզնեսը զարգացնելու եւ մեծ արտադրություն սկսելու համար վաճառել են բնակարանը եւ ամբողջ գումարը ներդրել գործում:Պապերն են «օղի քաշել» Միխայիլ. Պապիկիս հայրը տակառագործ է եղել: Հետագայում պապս է սկսել հորից ժառանգած տակառներում գինիներ պատրաստել եւ հնեցնել: Արմատներով Ջավախքից ենք: Երբ արձակուրդներին այցելում էինք պապիկիս, հետեւում էի, թե նա ինչպես է վրացական հայտնի «ճաճան» պատրաստում: Այդ փորձը նաեւ ինձ է փոխանցվել: Միխայիլ Նահապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Սիրում եմ խոհանոցը, համեղ պատրաստելը, հատկապես ընկերական խնջույքների ժամանակ սիրում եմ նաեւ լավ գինի կամ օղի խմել: Ինչ-որ պահի ընկերներով որոշեցինք օղին ինքներս պատրաստել. քեռիս Եղվարդում այգիներ ունի, ծիրան, դեղձ, սալոր է վաճառում եւ արտահանում։ Ընկերներով գնացինք, քիչ քանակի բերք հավաքեցինք ու փորձեցինք ինքներս թորել։ Հոբբի էր դարձել. հաճույք էինք ստանում օղի թորելուց, մտադրություն չունեինք վաճառելու: Երբ մեզնից մեկը տեղ էր գնում, հետը վերցնում էր, խմում էին, հավանում, հարցնում՝ ով է թորել, երբեմն էլ՝ ցանկանում էին 1-2 լիտր գնել: Լուսանկարը՝ Մեդիամաքս Նախնական՝ 250 000 դրամՄիխայիլ. Առաջին թորման սարքավորումը գնել ենք 250 000 դրամով: Միրգն անվճար էր՝ քեռուս այգիներից: Բերքահավաքին ու թորման գործընթացին աջակցում էին նաեւ մեր ընկերները: Երեւանում հինգհարկանի շենքի վերջին հարկում էինք բնակվում, տանիքում բաց տարածք կար, որտեղ էլ օղին թորում էինք: Ու կինն է չէ՞ միշտ ամուսնուն դրդում առաջ գնալ, այդպես էլ, մի օր Տաթեւն ասաց. «Քեզ մոտ կարծես ստացվում է լավ օղի պատրաստելը, գուցե արժե մասնագիտանա՞լ դրանում»: Ավանդականի ու միջազգայինի միքսըՏաթեւ. Միխայիլը միշտ «ձեռքի շնորհքով է եղել». մեր տանը երբեւէ կենցաղային հարցերով մասնագետ չենք կանչել: Գործարարի հմտություններ նույնպես ունի. արտադրության մարդ է, մշտապես ուզել է իր սեփական գործն անել ու որեւէ բան ստեղծել: Տաթեւ Հարությունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Միխայիլը բանկային համակարգում է աշխատում, ես նույնպես ֆինանսական ոլորտից եմ եղել. այժմ ծրագրավորման ոլորտում տվյալագետ եմ աշխատում: Թեպետ երկուսս էլ միջինից բարձր վարձատրվող մասնագետներ էինք շուկայում, բայց միեւնույնն է՝ որոշեցինք մեր բիզնեսը հիմնել: Մեծ համարձակություն էր պետք զրոյից դեպի կայացած ոլորտ քայլ անելու համար։ Սկսեցինք ուսումնասիրել միջազգային փորձը, գինեգործության վերաբերյալ գրականություն կարդալ։ Անգամ ԱՄՆ այցի ընթացքում եղանք խմիչք արտադրող հայտնի ընկերություններում, հետեւեցինք գործընթացին: Տաթեւն ու Միխայիլը Լուսանկարը՝ Անձնական արխիվ Արդյունքում՝ 2017-ին բիզնեսը գրանցեցինք որպես կազմակերպություն ու սկսեցինք արտադրել։ Փոքր-փոքր քայլերով Միխայիլ. Kensatu-ն ստեղծվեց երեք հոգու աշխատանքի շնորհիվ, մեզ միացավ նաեւ հայրս։ Արտադրությունը կազմակերպեցինք Պտղնի գյուղում, մեծ տուն վարձակալեցինք՝ 30 000 դրամ ամսական վճարով: Արտադրեցինք հինգ տեսակի մրգօղի՝ ծիրան, սալոր, դեղձ, հոն ու վայրի տանձ, նախնական՝ յուրաքանչյուրից 300 շիշ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս 2018-ի հունիսից մեր մրգօղիները ներկայացվեցին լավագույն խանութներում։ Արտադրանքի առաջին խմբաքանակը վաճառվեց դեռ գրեթե վաճառակետեր չհասած: Հասկացանք, որ կա որակյալ մրգօղիների պահանջարկ ու պետք է շարունակել գործը նույն ոգեւորությամբ։ Այնուհետ արտադրամասը տեղափոխեցինք Արցախի փողոց եւ համալրեցինք գերմանական սարքավորումներով: Լուսանկարը՝ Անձնական արխիվ Տունը վաճառեցինՏաթեւ. Բնակարանը վաճառեցինք ու ամբողջ գումարը ներդրեցինք բիզնեսի մեջ: Մեր նախկին տունն այժմ «վերածվել» է սարքավորումների (ծիծաղում է - հեղ.): Այնքան շատ էինք հավատում բիզնեսի հաջողությանը, որ գնացինք այդ ռիսկին, մինչդեռ երեք երեխա ունենք եւ դա մեր միակ տունն էր. հիմա վարձով ենք բնակվում: Երբ նման լուրջ որոշում ես կայացնում, ավելի պարտավորված ես լինում բիզնեսում, երբեւէ չենք զղջացել այդ որոշման համար: Ամալին զրուցում է Տաթեւի եւ Միխայիլի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Տան գումարով ավելացրել ենք արտադրության ծավալները՝ տարեկան 5000 շիշ։ Համարակալում ենք մեր արտադրած յուրաքանչյուր շիշը, ամուսինս դրանք հատ-հատ ճանաչում է, խանութների դարակներում տեսնելիս հիշում է՝ ինչպես ենք ամեն մեկի վրա աշխատել:Այս գործը հիմնականում կատարվում էր մեր առողջության ու քնի հաշվին: Ամուսինս 20 կգ-ով նիհարել էր այդ տարիներին. աշխատանքը վերջացնում էր, գնում արտադրամաս ու մնում մինչեւ գիշեր, առավոտյան այդտեղից գնում աշխատանքի: Ես երեխաներիս քնեցնում էի եւ սկսում աշխատել փաթեթավորման ու վաճառքի վրա: Տաթեւ Հարությունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Արդեն 50 տոննաՄիխայիլ. Արտադրության համար անհրաժեշտ հումքը մթերվում է Արարատյան դաշտից, ինչպես նաեւ Լոռվա եւ Տավուշի անտառներից: Յուրաքանչյուր տարի մոտ 50 տոննա բերք է մթերվում, յուրաքանչյուր գյուղացուց՝ 2000 կգ։ Օգտագործվում են միայն թարմ, հասուն եւ չվնասված պտուղները՝ շաքարի բավարար պարունակությամբ: Հաճախ գյուղացիները գետնից հավաքած մրգերով են օղի պատրաստում, իսկ մենք օգտագործում ենք այն միրգը, որը մարդ պատրաստ է ուտել, ինչի հաշվին ապրանքի գինն ավելի բարձր է: Մրգերը մաքրում, կորիզահանում, կեղեւազրկում ենք, քամված հյութը խմորում եւ գինենյութ ստանում։ Լուսանկարը՝ Անձնական արխիվ Խմորման գործընթացն իրականացվում է բացառապես առանց շաքարավազի հավելման։ Հաջորդում է թորման եւ ֆիլտրացման պրոցեսը:Աստվածներով դիզայն Տաթեւ. Մենք ներկայացված ենք այնպիսի խանութներում, որտեղ մուտքն այլ արտադրողների համար շատ բարդ է եղել:Հաշվի առնելով մեր դիզայնը եւ որակը՝ բոլորը ցանկանում են անմիջապես համագործակցել մեզ հետ: Kensatu խմիչքների տեսականին լայնորեն օգտագործվում է քաղաքի հայտնի բարերում ու ռեստորաններում։ Միակ խնդիրն այն է, որ ապրանքը մեծ ճանաչում չունի. ով փորձում է, նա է հավանում, բյուջե չունենք, որ լավ գովազդենք: Մարդիկ ձեռքն են վերցնում մեր օղիներն ու զարմանում, որ հայկական է: Լուսանկարը՝ Անձնական արխիվ Փաթեթավորման համար դիմել ենք Formascope design ընկերությանը, որը մեզ՝ որպես առաջին հաճախորդի, զեղչ արեց: Kensatu-ի կոնցեպտն անմիջապես չի ստեղծվել. յուրաքանչյուր մրգի դիզայնն ունի իր առասպելական ոգեշնչումը՝ մրգի հասունացումը հովանավորող Արեւի աստծո կերպարով։ Բրենդի «Կենսատու» (Kensatu) անվանումը ես եմ առաջարկել. փնտրում էի արեւի ու կյանքի հետ կապվող բառ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հետքայլ չի կարող լինելՄիխայիլ. Ստացված շահույթները մշտապես ներդրվել են բիզնեսի զարգացման մեջ, նաեւ մեր աշխատավարձերը: Կարծում ենք՝ ներդրած գումարը կսկսենք հետ բերել մոտ 3-4 տարուց: Սկսել ենք մեր օղիները հնեցնել, արդեն նոր տակառներ են հարկավոր: Այնքան լուրջ է ամեն ինչ, որ հետքայլ չի կարող լինել: Երբեմն Տաթեւին ասում եմ՝ Kensatu-ն մեր չորրորդ բալիկն է, պետք է նրան լավ պահենք: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ով ինչ հասցնի Միխայիլ. Արտադրական գործերն անում ենք հիմնականում ես ու հայրս, մթերումների ժամանակ ներգրավում ենք որոշ աշխատողների: Տարածումն ու բաշխումը եւս մենք ենք իրականացնում, իսկ կինս զբաղվում է վաճառքով եւ առաջխաղացումով: Ստեղծել ենք Kensatu-ի կայքը եւ ֆեյսբուքյան էջը, որը մենք ենք վարում: Շուտով կարտահանվի Տաթեւ. Այս տարվա նպատակներից է արտահանումը եւ տեսականու համալրումը։ Այժմ շեշտը դնելու ենք արտահանման վրա, քանի որ մեր ապրանքի գինը միջինից բարձր է: Երեւանի շուկայում Kensatu-ի մեկ շիշը ներկայացված է 11 000 - 15 000 դրամով:Ամուսին-ընկեր-գործընկերՏաթեւ. Միասին աշխատելը հետաքրքիր փորձառություն է: Իհարկե, վեճեր լինում են, բայց մեկս մյուսից սովորում է: Այս ամենը շատ ամրացնում է նաեւ ընտանիքը. հիմնականում մեր նպատակն ու խոսակցության թեման մեկն է՝ Kensatu-ն: Անգամ մեր երեխաներն են ընդգրկած մեր բիզնեսում, նրանք նույնչափ ոգեւորվում են մեր հաջողություններով ու փորձում օգնել մեզ: Տաթեւն ու Միխայիլը Լուսանկարը՝ Մեդիամաքս Միխայիլ. Երբ շատ ես հավատում մի բանի, ստացվում է: Պետք է նաեւ աշխատել. ծուլություն արեցիր, չի ստացվի, որքան էլ հավատաս: Ալկոհոլի բիզնեսում մեծ խաղացողներ կան, գիտակցում էինք՝ շատ բարդ է լինելու, բայց մեր հիմնական նպատակը դրսի շուկայում հայկական արտադրանքը ներկայացնելն է: Հեղինակ՝ Ամալի ԽաչատրյանՆախագծի ղեկավար՝ Տաթեւ ՀովհաննիսյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Kensatu-ի«Զրոյից» շարքի մյուս նյութերը Tweet Դիտում՝ 138797