Նկարչուհի Յանան «զրոյից» Pes-Pes բիզնես է սկսել

31.01.2020 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ / Զրոյից /
#Pes-Pes #Յանա Բաբաջանյան #զրոյից
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:

***
Յանա Բաբաջանյանը 2019-ին հիմնել է Pes-Pes ընկերությունը, որը երեխաների համար ուսուցողական նյութեր է արտադրում՝ Երեւանը գունավորելու քարտեզ ու գրքեր: 38-ամյա գործարարը բիզնեսի հիմքում դրել է իր մանկության երազանքը՝ ստեղծել այնպիսի նյութեր, որ երեխան առանց ձանձրանալու սովորի իր երկրի պատմությունը:


Սեւ ու սպիտակ գրքերի պատճառով

Ծնվել եւ մեծացել եմ Թբիլիսիում: 17 տարեկան էի, երբ ընտանիքով Երեւան տեղափոխվեցինք: Մայրս դերասանուհի է, Գ. Սունդուկյանի անվան թատրոնից էին հրավիրել այստեղ աշխատելու: Թվում էր՝ տեղափոխությունը ժամանակավոր է, բայց այնքան սիրեցինք Երեւանը, որ ընդմիշտ մնացինք:

Ավարտել եմ Հայաստանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, նկարիչ եմ:

Pes-Pes-ի միտքը շատ վաղուց է ծնվել: Երբ փոքր էինք, տատիկս ինձ ու քույրիկիս միշտ ասում էր՝ անկախ նրանից, որ ապրում եք այլ երկրում, պարտավոր եք ճանաչել ձեր պատմությունը, հայ մեծերին: Նա մեզ համար փորձում էր հայերենից ռուսերեն թարգմանված գրքեր գտնել, ու քանի որ շատ ծանր գրականություն էր, խուսափում էինք դրանք կարդալուց: Տարիներ անց հասկացա պատճառը՝ մենք չունենք այնպիսի ուրախ նյութեր, որ երեխան սիրով, այլ ոչ թե ստիպված կուսումնասիրի:

Յանա Բաբաջանյանը

Մի բիզնեսը փակվում է, մյուսը՝ բացվում

Երկար ժամանակ ես ինձ այդ հարցն էի տալիս՝ ինչու մեր երեխաները չունեն հետաքրքիր նյութեր: Երկար բողոքելուց հետո մի օր ինքս ինձ ասացի. «Ումի՞ց ես պահանջում, ախր դու ինքդ կարող ես այն ստեղծել»: Մի գիշերվա ընթացքում ծագեց Երեւանի քարտեզը ստեղծելու միտքը, հաջորդ օրվանից սկսեցի նախագծի վրա աշխատել. 2017-ի մարտ ամիսն էր:

Pes-Pes-ից առաջ մեյք-ափ ստուդիա եմ ունեցել, նաեւ աշխատել եմ որպես ոճաբան, թրեյնինգներ եմ անցկացրել տարբեր կազմակերպությունների հետ: Հենց որոշեցի, որ Pes-Pes-ի գործով պետք է զբաղվեմ, փակեցի ստուդիան. պատրաստ էի փոփոխությունների: Բացի այդ, սիրում եմ նվիրվել միայն մեկ գործի:


Google Maps-ից վերցրած քարտեզ չէ

Առաջին քայլը՝ սկսեցի կապ հաստատել տպարանների, նկարազարդողների հետ: Հասկացա, որ պետք է փնտրեմ մարդկանց, որոնք սիրում են Երեւանը: Սկսեցի ճարտարապետներից, ինչն ինձ օգնեց հնարավորինս ճիշտ կառուցել քաղաքի պատկերը: Նկարել Երեւանը մեկ բան է, նկարել Երեւանն այնպես, որ երեխաններն ընկալեն, լրիվ այլ բան է: Կարող էինք Google Maps-ից մի քարտեզ վերցնել, բայց մենք այնպես ենք արել, որ երեխան նկարելիս իրեն այդ փողոցում պատկերացնի:


Քարտեզում պատկերված է մեծ կենտրոնը, եւ այն, ինչ հնարավոր էր տեղավորել: Բոլոր արձաններն ու պատմական շենքերը շրջել ենք դեպի մեզ: Մեր նպատակն է՝ հեշտ եւ ուրախ նյութերի միջոցով կրթել երեխաներին ու հասնել նրան, որ փոքրիկները սիրեն իրենց քաղաքն ու գունավորեն այն իրենց ձեւով:

Երեխաների կարծիքը կարեւոր է

Հաջորդ փուլը նկարազարդողների հետ հանդիպումներն էին: Երկար ժամանակ տարբեր մասնագետների հետ շփվելուց հետո գտա նկարազարդող Արմինե Շահբազյանին, որը լիովին հասկացավ իմ միտքը:

Իրականում նախագծի գաղափարը երեք տարի իմ մտքում էր հասունանում, սակայն տեխնիկապես այն ստեղծելը տեւել է մոտ վեց ամիս: Երբ քարտեզը գրեթե պատրաստ էր, քարտեզը տպում, բաժանում էի երեխաներին ու հետեւում, թե ինչպես են գունավորում եւ ինչ են խոսում:


Երեխաների քննադատությունն ամենալավն է. երբ մոտեցնում էին մատիտը մի հատվածի ու չէին ցանկանում այն գունավորել, հասկանում էինք, որ այն գրավիչ չէ եւ փոխում էինք այդ մասը:

Ով ասես չի աջակցել

Բոլոր հարցերում՝ հատկապես ֆինանսական գործում, ինձ շատ օգնում է իմ ամուսինը, նա մասնագիտությամբ տնտեսագետ է: Նախագիծն իրականացնելու համար ծախսել ենք մեր խնայած գումարները:

Վճարել եմ ճարտարապետների եւ նկարազարդողների աշխատանքի համար: Ամենաշատ գումարը (60%) ծախսվել է տպագրության վրա: Տուփը պատրաստվում է մեկ այլ տպարանում, քարտեզը՝ մեկ այլ տեղում:


Մի շարք խնդիրներ եմ ունեցել տպարաններում, քանի որ մեր ընտրած թուղթը ստանալ բարդ էր: Տպարանի աշխատակիցներն ասում էին՝ «պետք չէ այդքան խորանալ», իսկ ես պատասխանում էի՝ «սա իմ երազանքն է ու ես պետք է այն որակով անեմ»:

Երբ հասկացա, որ իմ ուզած թուղթը չկա, մի կազմակերպության խնդրեցի ստեղծել այն ինձ համար, որովհետեւ չէի ցանկանում այլ երկրից թուղթ պատվիրել ու տուփի վրա այդ երկրի անունը գրել: Իմ նախագիծը Հայաստանի մասին է, տուփերի վրա պետք է գրված լինի Made in Armenia: Արդյունքում, Երեւանը սիրող մարդիկ արեցին դա ինձ համար:


Ի դեպ, շատ-շատերը մեծ զեղչեր են արել, միայն այն պատճառով, որ Երեւանի համար նման նախագիծ է ստեղծվում: Օրինակ, քարտեզի առաջին 1000 տպաքանակն անվճար իրականացվել է մի կազմակերպության կողմից, որը պարզապես մեր մայրաքաղաքը սիրող անձնակազմ ունի:

Որպեսզի աշխարհին հասանելի լինի

Քարտեզը տպագրելուց անմիջապես հետո ինձ մոտ մեկ այլ միտք ծագեց՝ ունենալ նաեւ առանձին գրքեր, որտեղ կլինեն արձանները, շենքերը եւ դրանք կուղեկցվեն փաստերով: Այժմ վաճառքում ունենք երկու գիրք՝ «Գունավորիր Երեւանի արձանները» եւ «Գունավորիր Երեւանի պատմական շենքերը»:


Գրքերի նկարազարդումն արել է Արփենիկ Մուրադյանը:

Գրքում տեղեկությունը երեք լեզվով է: Հայաստանի շատ դպրոցներում անցկացվում են Pes-Pes դասեր: Համագործակցում ենք նաեւ Սփյուռքի տարբեր դպրոցների հետ:

Վերջերս մի կարեւոր խնդիր էլ ենք լուծել. քանի որ քարտեզի տուփը մեծ է եւ տարբեր երկրներ ուղարկելիս ապրանքն ավելի թանկ էր ստացվում, ստեղծել ենք այլ փաթեթավորում, որը, կարծես, ծրար լինի ու հեշտ է ուղարկել:


Բիզնես անելը հեշտ բան չէ

Երբ դու արվեստի մարդ ես, չես հասկանում՝ ինչ է կատարվում բիզնեսում: Սկզբում պատկերացնում էի նախագծի միայն գեղեցիկ մասը, բայց ուզեի թե չուզեի, այն մի օր դառնալու էր բիզնես: Հիասթափություններ էլ են եղել, բայց իմ երազանքը շատ ուժեղ էր. եթե այս պատմությունն իմ մանկությունից չգար, գուցե չշարունակեի:

Յանա Բաբաջանյանն ու լրագրող Ամալի Խաչատրյանը

Մեր արտադրանքը սպասվածից լավ է վաճառվում, մարդիկ հասկանում են, որ որակյալ գործ է արված: Սա ապացուցում է, որ եթե լավ ես աշխատում, մարդկանց չես խաբում ու անում ես 100%-ով այնպես, որ քո երեխայի համար կանեիր, քո բիզնեսը լավ է աշխատում:

Կանգառների քարտեզները չե՞ք տեսել

Երեխաների տոնին՝ 2019-ի հունիսի 1-ին, ներկայացրինք մեր արտադրանքը:


Օպերայի բակում քարտեզը տեղադրել էինք մեծ ստենդի վրա, երեխաները հերթով մոտենում, նկարում էին. այդ օրը մոտ 800 երեխա մասնակցեց գունավորմանը:

Երեւանի կենտրոնում կա նաեւ երկու կանգառ, որտեղ փակցված են մեր քարտեզները, դրանք «Էրեբունի-Երեւան»-ի տոնակատարությունների ժամանակ են տեղադրվել ու գունավորվել քաղաքացիների կողմից:


Պե՜ս-պե՜ս գույներ

Անվանումը հուշել են իմ երեխաները: Ուզում էինք անպայման գույների հետ կապված բառ լիներ, երկար քննարկումներից հետո մի օր երեխաներիս հետ պարզապես բացեցի բառարանն ու նկատեցի պես-պես բառը, որը հայկական է, սիրուն, բայց քիչ տարածված:

Լոգոն լամա է, այն հեղինակել է նկարազարդող Լիլիթ Ալթունյանը:


Բիզնեսը բիզնես է ստեղծում

Դեռ անհատ ձեռնարկատեր եմ, բայց ապագայում պատրաստվում եմ ընդլայնել կազմակերպությունը, խանութ բացել ու այլ նախագծեր սկսել: Ի դեպ, սկսել ենք նկարել նաեւ Գյումրիի քարտեզը:

Մեր հաջորդ նախագծերն իրականացնում ենք Pes-Pes-ից ստացված գումարով: Դա է լավ բիզնեսի սկիզբը:

Գիտակցում եմ, որ ստեղծել եմ թանկ ապրանք, իսկ երբ հանձնում եմ խանութներին, ավելի է թանկանում, մինչդեռ շատերը բիզնեսի տեսանկյունից ասում են՝ շատ ցածր գին եմ սահմանել եւ տուժում եմ: Քարտեզն արժե մոտ 10 000 դրամ, գրքերը՝ 5500:

Պատրաստվում եմ դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, որ Pes-Pes-ը ճանաչվի որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ եւ ազատվի ԱԱՀ-ից, ինչի շնորհիվ կկարողանանք նոր նախագծեր իրականացնել:

Յանա Բաբաջանյանը

Ամեն ինչով ի՛նքդ զբաղվիր

Հաջողակ բիզնես ունենալու համար իմ ամենամեծ խորհուրդն է՝ ինքնուրույն զբաղվեք բոլոր գործերով. սկսած առաքումից՝ ամեն ինչ ես ու ամուսինս ենք արել: Եթե ես մեկ րոպեով ձեռքերս իջեցնեմ, բոլորը ձեռքերը կիջեցնեն, որովհետեւ դա իմ գաղափարն է ու իմ երազանքն է:

Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Pes-Pes-ի

«Զրոյից» շարքի մյուս նյութերը
Դիտում՝ 60563
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW