Հովհաննեսի «զրոյից» հիմնած Aqlor.am-ն ու անարատ գյուղմթերքը

06.12.2019 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Զրոյից /
#Հովհաննես Եղյան #Aqlor.am
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:

***

33-ամյա գործարար Հովհաննես Եղյանը 2019-ին հիմնել է Aqlor.am առցանց շուկան, որը Հայաստանի եւ Արցախի գյուղացիներին հնարավորություն է տալիս Երեւանում սպառել իրենց արտադրանքը՝ առաքումով եւ էկոլոգիապես մաքուր փաթեթավորմամբ: Հովհաննեսը գյուղացու ապրանքը ներկայացնում է իր կայքում, պատվերներն ու մթերքը ստանալուց հետո էլ՝ ինքնուրույն իրականացնում առաքումը:

Որ գյուղը մոտ լինի երեւանցուն

Երեք տարի առաջ ընկերոջս հետ տնական կաթնամթերքի առցանց խանութ հիմնեցինք. ֆերմայից տուն առաքման հարթակի միջոցով մի շարք ընտանիքների ապահովում էինք թարմ ու բնական կաթնամթերքով: Այդ շրջանում նաեւ շատ առաջարկներ էինք ստանում տարբեր տնտեսվարողներից, որոնք հետաքրքիր ապրանքներ էին ներկայացնում եւ ցանկանում էին, որ վաճառենք, սակայն մենք սահմանափակում ունեինք՝ միայն կաթնամթերք:


Այդ կայքի միջոցով փորձ ձեռք բերելուց հետո որոշեցի առանձնանալ: Իմ մասնաբաժինը վաճառեցի ընկերոջս ու հիմնեցի իմ բիզնեսը՝ Aqlor.am-ը: Հաշվի առա պահանջարկը եւ ստեղծեցի այնպիսի հարթակ, որը գյուղացուն հնարավորություն կտար առաջարկել իր արտադրանքը, իսկ ես կիրականացնեի առաքումը՝ միջնորդավճարով:

Aqlor.am-ում այժմ ներկայացված են անհատ տնտեսվարողներ եւ արտադրողներ Հայաստանի մարզերից եւ Արցախի տարբեր շրջաններից:

Գիշերային գործ

Այս գործն անում եմ իմ հիմնական աշխատանքն ավարտելուց հետո. տեղական տպարաններից մեկում աշխատում եմ որպես մենեջեր. մարքեթինգի մասնագետ եմ: Առաքումը սկսում եմ 19:00-ից հետո, նաեւ այն պատճառով, որ իմ հաճախորդների մեծ մասն աշխատող է եւ երեկոյան է տանը լինում:

Հովհաննես Եղյանը


Ընդամենը $100-ով


Սկզբնական ներդրումն օնլայն հարթակը ստեղծելու համար էր, որն ինքնուրույն եմ արել, ընդհանուր գումարը չի գերազանցել $100-ը: Այժմ ընթացիկ ծախսեր են, որ բիզնեսն ինքն իրենով ապահովում է:

Այս պահին բացառապես օնլայն վճարումով ենք աշխատում. մեր նպատակն էր հաճախորդին միայն առցանց վճարման տարբերակ առաջարկել, որպեսզի ստվերում չաշխատենք:


Նպատակը՝ պահեստ

Պահեստային տարածք եմ պլանավորում ստեղծել՝ սառնարանային պայմաններով, 2020-ի թիվ մեկ նպատակս է:

Դրա համար որոշակի գումար է պահանջվում, որը կրկին բիզնեսի եկամուտից կներդնեմ:

Ներկայում որոշ չփչացող ապրանքներ պահում եմ իմ տան բակի առանձնացված մի հատվածում (ձեթ կամ նպարեղեն):


Ուտել բոլորն են սիրում

Համագործակցության պայմանները երկուսն են՝ միայն տեղական եւ բնական արտադրանք. եթե արհեստական հավելումներ են լինում, անմիջապես հրաժարվում եմ: Ընտրում եմ այն սնունդը, որը ես իմ երեխային կտամ: Մեր հաճախորդներն էլ հիմնականում փոքր երեխաների ծնողներ են:

Վերջին տարիներին ամեն ինչ ավտոմատացվում ու թվայնացվում է, բայց որքան էլ ամեն ինչ տեխնոլոգիապես զարգանա, մարդը պետք է հաց ուտի ու դա միակ բանն է, որը չի ավտոմատացվել: Ես այնպիսի ոլորտ եմ ընտրել, որում մշտապես անելիք կա:

Քիչ-քիչ բոլորին էլ ճանաչում ես

Գյուղացիների հետ նախնական կապերը ստեղծել եմ «Բերքառատ շուկա» ֆեյսբուքյան խմբի միջոցով. այստեղ ստեղծարար մարդիկ իրենց ապրանքներն են վաճառում ու դրական էներգիա փոխանցում միմյանց:


Այս պահին Aqlor.am-ում ներկայացված է մոտ 20 բրենդ եւ 50 անհատ արտադրող:

Առաքում եմ իմ մեքենայով, երբեմն ընկերներս են օգնում, ապագայում պլանավորում եմ նաեւ աշխատողներ ունենալ:

Հաճախ ինքս եմ գնում մարզեր՝ մթերք բերելու, երբեմն էլ արտադրողներն են Երեւան գալիս ու ինձ փոխանցում ապրանքը: Արցախից, օրինակ, մթերքը տաքսիով ուղարկում են կիրակի օրերին, անմիջապես վերցնում եմ ու սկսում քաղաքով մեկ առաքել:

Ես Վանաձորից եմ, երբ ընտանիքիս եմ այցելում, այնտեղից էլ եմ ապրանքներ բերում:

Գրաֆիկներն ու գները

Aqlor.am կայքում կա ամսվա առաքման գրաֆիկ, որտեղ ներառված են շուտ փչացող ապրանքների օրերը. նախօրոք հայտարարվում է օրը, պատվերները հավաքվում են, տնտեսվարողից ստանում եմ ապրանքն ու նույն օրը՝ առաքում: Ոչ փչացող ապրանքները կարողանում եմ պահեստավորել:


Գյուղացին է սահմանում գինը, հաճախ էջում մեկնաբանություններ են գրում՝ ինչու են որոշ ապրանքներ թանկ, ես էլ պատասխանում եմ՝ գյուղացին է գնահատում իր դժվարին աշխատանքը:

Ծուղրուղո՜ւ

Չէի ուզում «շուկա» կամ «ագրո» ծեծված բառերից ապրանքանիշ ստեղծել, գյուղի խորհրդանիշ էի փնտրում: Հասկացա, որ աքլորի ձայնն է ամենալավը խորհրդանշում գյուղը, երբ ասում ես՝ աքլոր, ասես, աքլորականչ լսվի, որն էլ ես Երեւան եմ բերում:


Մեր լոգոյում պատկերված է արեւ եւ աքլոր, ընդհանուր պատկերը 12 գծից է կազմված, դրանք բոլոր մարզերն են, Երեւանն ու Արցախը, իսկ իմ ծննդավայր Լոռին կատարն է. այն կարմիրով է:

Մեր լոգոյով նաեւ սառնարանի մագնիսներ եմ պատրաստել, որոնք հաճախ նվիրում եմ հաճախորդներին:


Դասերը քաղվել են

Նախորդ` կաթնամթերքի կայքում, երբ հաճախորդը դժգոհ էր լինում որակից, պատասխանատվությունն ընկնում էր մեզ վրա, իսկ Aqlor.am-ում յուրաքանչյուր ապրանքից մի քանի արտադրող է ներկայացված, եւ հաճախորդը հնարավորություն ունի գյուղացուն ճանաչելու:


Եթե մթերքը թարմ չէ, հաճախորդը հստակ գիտի՝ ումից է գնել այն ու հնարավորություն ունի գնահատելու նրան. ե՛ւ աստղերի, ե՛ւ մեկնաբանություն թողնելու միջոցով: Այս ձեւով կարողանում ենք նաեւ խթանել արտադրողներին, որ բարելավեն ապրանքի որակը:

Մարդու մտքին տեղ լինի

Բավականին ստեղծարար արտադրողների հետ եմ ծանոթացել, օրինակ, Գորիսի հեռու գյուղերից մեկում բազուկի տերեւներից թթու արտադրող գյուղացի գիտեմ:

Հովհաննեսն Ամալիին ցույց է տալիս բազուկի թթուն

Շատերը գրանցել են ապրանքը, հարկային դաշտում են աշխատում, բայց վաճառքի խնդիր ունեն, այդ դեպքում ես որոշ ակցիաներ եմ սահմանում, փաթեթներ եմ պատրաստում ու վաճառում:

Շատ ապրանքներ Հայաստանում մեծ պահանջարկ ունեն, բայց դրանց արտադրողները քիչ են կամ չկան: Հաճախ ինքս եմ երիտասարդներին խորհուրդ տալիս՝ ինչ արտադրեն, որ համագործակցենք: Օրինակ, Վանաձորում կարելի է ազնվամորու տնկիներ աճեցնել. Երեւանում այն «ոսկու գին» ունի, մինչդեռ կարելի է ավելի մատչելի արտադրել ու սպառել անգամ չրի տեսքով:

Տնական հավի պահանջարկն է նաեւ մեծ, մարդիկ իսկապես պատրաստ են իրենց գումարը չխնայել, որպեսզի տնական ու բնական մթերք ունենան, մեկ ձվի համար անգամ 100 դրամ կվճարեն, միայն թե իրենց ուզած դեղնուցը տեսնեն:

Ամեն մարզ ունի նաեւ իրեն բնորոշ կանաչեղենը, որոնց թթուները նույնպես կարելի է սպառել:


Գիտեք՝ հե՞շտ է

Առավոտից երեկո դժվարություններ են լինում (ժպտում է-հեղ.): Միայնակ այսքան գործ անելը հեշտ չէ, լինում է՝ պատվերներն ուշանում են, անդադար զանգեր եմ ստանում… Բայց հաղթահարելի բարդություններ են: Կարեւորը նպատակ ունենալն է, եթե էնտուզիազմ կա, դժվարությունները հաղթահարելի են:

Բոլոր հաճախորդներին ճանաչում եմ, անգամ մտերիմ հարաբերությունների մեջ եմ մի մասի հետ. ինֆորմացիայի աղբյուր է մարդկանց հետ շփվելը, հազար գիրք կարդալուց ավելի օգտակար է անմիջական զրույցը:


Փող չկա՞, ուրեմն ժամանա՛կդ տրամադրիր

Հիմնական աշխատանքս շատ եմ սիրում, բայց ապագայում կարծում եմ՝ ավելի շատ կաշխատեմ միայն իմ բիզնեսի ուղղությամբ:

Երբ նոր միտք ես ուզում կյանքի կոչել, աշխատավայրում միշտ վախ կա, քանի որ պատասխանատու ես ուրիշի առջեւ: Իսկ երբ քո բիզնեսն է, ավելի ռիսկով ես գործում, պատասխանատվություն չկա: Չստացվի, կրկին կփորձես, ոչ ոք քեզ չի ասի՝ ինչ վատ մասնագետ ես:

Հովհաննես Եղյանը

Սեփական գործում կարող ես երկու բան ներդնել՝ կա՛մ գումար, կա՛մ ժամանակ: Եթե գումար չունես, ներդրած էներգիան ու ժամանակը մշտապես արդյունք է տալիս: Օրինակ, կարող եմ 100 000 դրամ առանձնացնել ու տալ մասնագետի, որ կայք պատրաստի, կարող եմ նաեւ մեկ ամիս ինքնուրույն սովորել, համացանցով ուսումնասիրել եւ ինքս պատրաստել: Ճիշտ է՝ ուշ ես արդյունքի հասնում, բայց մյուս կողմից կապիտալ ես ստեղծում քո համար, խնդիր առաջանալու դեպքում գիտես՝ ինչպես այն լուծել՝ հավելյալ գումար չվճարելով:

Ցանկացած գործ կարելի է առանց գումարի՝ զրոյից սկսել, անհրաժեշտ է միայն ժամանակ եւ աշխատասիրություն:

Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Aqlor.am-ի

«Զրոյից» շարքի մյուս նյութերը
Դիտում՝ 53966
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW