Մանկության ընկերները «զրոյից» հիմնել են Coffee House-ը
08.11.2019 | 17:21
Գլխավոր էջ /
Նորություններ /
Զրոյից /

Լուսանկարը՝ Մեդիամաքս


























***
Մանկության ընկերներ Հարություն Մկրտչյանը եւ Նարեկ Քեյանը 2015-ին հիմնել են Coffee House ընկերությունը, որը Հայաստանում առաջին սուրճի վաճառքի ցանցն է: Նրանք բակալավրիատի ուսանող էին, երբ Սլավոնական համալսարանի հարեւանությամբ գտնվող կրպակում սկսեցին սուրճ վաճառել: 24 եւ 25-ամյա գործարար ընկերների հիմնած ցանցն այժմ ունի 10 մասնաճյուղ:
Ոգեշնչվելով Starbucks-ից
Հարություն. 15 տարեկանում կարճաժամկետ կրթական ծրագրով Չինաստան էի մեկնել, առաջին անգամ Starbucks-ի սրճարաններից մեկում եղա ու զգացի, թե մարդիկ ինչ սիրահարված հայացքով են սուրճ գնում եւ ինչքան սիրտ ու հոգի է դրված այդ գործի մեջ: Երբ վերադարձա, նկատեցի, որ Հայաստանում դրա պակասը կա: Այդ ժամանակ դեռ նման բիզնես հիմնելու մասին չէի մտածում, համալսարան ընդունվելու տարիներն էին, զբաղված էի պարապմունքներով:
Երբ արդեն Սլավոնական համալսարանում էի սովորում, հարեւանությամբ մի լքված կրպակ էի նկատել, որն օգտագործվում էր որպես երթուղային տաքսիների դիսպետչերանոց: Ընկերոջս հետ որոշեցինք վարձակալել տարածքն ու սուրճ վաճառել: Այդ ընկերը Նարեկը չէր, նա այդ ժամանակ դեռ բանակում էր ծառայում: Ընդհանուր 100 000 դրամ ծախսեցինք ամբողջ գործի վրա: Երկու-երեք ամիս աշխատեցինք ու փակեցինք կրպակը. 17-18 տարեկան էինք, փորձ չունեինք:
Նարեկ. Երբ ծառայությունից վերադարձա, սկսեցի եղբորս հետ համակարգչային խաղերի կենտրոնում աշխատել: Օրական 16 ժամ աշխատում էի ու հասկանում, որ նման տեղում աշխատելու համար չեմ ծնվել: Բայց գործս նվիրված էի անում, ու Հարութը հենց դա նկատեց: Նա տեսավ հաճախորդների նկատմամբ իմ վերաբերմունքն ու առաջարկեց վերաբացել նույն կրպակն ու միասին աշխատեցնել:
Ծնողներից պարտքով գումար
Նարեկ. Յուրաքանչյուրս մեր ծնողներից 100 000 դրամ խնդրեց՝ պարտքով: Հաշվարկել էինք՝ ընդամենը 200 000 դրամ էր պետք՝ վարձակալելու, վերանորոգելու, տեխնիկա, սուրճ ու բաժակներ գնելու համար: Համեմատության համար ասենք, որ հիմա նոր մասնաճյուղ բացելիս մոտ 30 անգամ ավելի գումար ենք ծախսում:
Մեկ ամսում մեր ներդրած գումարը վաստակեցինք ու վերադարձրինք ծնողներին, հետագա աշխատածը ներդնում էինք գործում: Շատ երկար ժամանակ գումար չենք վերցրել բիզնեսից, որ կարողանանք ամենալավ սարքավորումներն ու սուրճը գնել:
Կրպակը բացել ենք 2015-ի հոկտեմբերի 5-ին, առաջին վաճառքը երկու սեւ սուրճն էր, ես եմ պատրաստել: Սուրճ պատրաստել չգիտեի, առաջին օրերին վատ սուրճ եմ վաճառել, հուսամ՝ այդ հաճախորդները ներել են ինձ (ծիծաղում է - հեղ.):
Ի՞նչ պետք է, կանենք
Հարություն. Մեր առաջին 6 կրպակների ամբողջ աշխատանքներն ինքնուրույն ենք արել. ե՛ւ մեխ խփել ենք սովորել, ե՛ւ կահույք պատրաստել:
Նարեկը հեռակա ուսուցում էր ստանում Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, ժամանակ ուներ վաճառելու. առաջին երեք ամիսներին նա է սուրճ պատրաստել ու վաճառել: Ես Սլավոնականի տնտեսագիտության ֆակուլտետում էի, դասերի պետք է հաճախեի, դասերից հետո կամ դասամիջոցներին էի գնում նոր ապրանք բերելու իմ մեքենայով:
Հպարտ էի, որ ուսանող տարիքում իմ գումարը կարողանում եմ աշխատել, ընդհանրապես վատ չեմ զգացել, որ համալսարանի տարածքում ենք այս գործը սկսել. կուրսեցիներս էլ աջակցում էին, դասամիջոցներին գալիս էին սուրճ գնելու:
Երբ դեռ փորձ չունես
Նարեկ. Մեր ընկերներից երկուսը առաջարկեցին, որ իրենք էլ նման կրպակ աշխատեցնեն Տնտեսագիտական համալսարանի հարեւանությամբ. այդ ժամանակ մենք դեռ չէինք հասկանում, որ դա ֆրանչայզինգ է: Ստացվում է՝ բացվեց մեր երկրորդ մասնաճյուղը: Չնայած դրանից շատ քիչ գումար էինք ստանում, այն մեզ օգնեց հասկանալ, որ մեր բիզնեսը կարող է աճել եւ ցանց դառնալ: Ամիսներ անց նոր մասնաճյուղ բացեցինք:
2016-ին միաժամանակ չորս մասնաճյուղ բացեցինք տարբեր վայրերում, բայց վարձակալում էինք միեւնույն մարդուց. արդեն 7 մասնաճյուղ ունեինք:
Պատկերացրեք՝ մշտապես վերելք էր, ու որոշ ժամանակ անց ստիպված եղանք այդ չորսը փակել վարձակալության հետ կապված խնդիրների պատճառով: Թվում էր՝ ամբողջը կորցրինք, ընդ որում, այդ կրպակները շատ լավ աշխատող վայրերում էին: Մեկ տարվա ընթացքում մի մասը հարակից տարածքներում վերաբացեցինք:
Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ
Նարեկ եւ Հարություն. 2017-ի ամանորյա տոնավաճառի ժամանակ Հյուսիսային պողոտայի կրպակներից մեկը վարձակալեցինք, բավականին շատ գումար ծախսեցինք ու պատահաբար տեղեկացանք, որ լուրջ մրցակից ունենք. տեղական խոշոր ընկերություններից մեկն անվճար սուրճ ու թեյ էր բաժանում: Հուսահատվել էինք, բայց հետո իմացանք, որ ավելի շատ սուրճ ենք վաճառել, քան նրանք՝ անվճար բաժանել (բաժակների մատակարարից էինք սպառված բաժակների քանակը ճշտել):
Այս տոնավաճառից հետո հասկացանք, որ մեր բիզնեսը կարող է աշխատել ոչ միայն համալսարանների տարածքում, այլեւ ցանկացած ակտիվ հատվածում, ու բացեցինք Աբովյան փողոցում գտնվող մասնաճյուղը:
Մինչ Աբովյանի կրպակը մեր բրենդի ճանաչելիությունը դեռ մեծ չէր. այժմ հասել ենք այն փուլին, որ շատերը ցանկացած սուրճի կրպակ ասոցացնում են Coffee House-ի հետ:
Մեր բոլոր կրպակներում մշտապես հերթեր են գոյանում. պահանջարկը մեծ է:
Coffee House կա նաեւ Ծաղկաձորում. ֆրանչայզինգի տարբերակով է գործում: Մտածում ենք՝ ապագայում նաեւ երկրից դուրս մեր մասնաճյուղերն ունենանք, Թբիլիսին ենք դիտարկում:
Եվս տասը նոր մասնաճյուղ հնարավոր է՝ ավելացնենք, հիմա քննարկումների փուլում ենք, գուցե նաեւ սրճարան հիմնենք:
Հաջողության գաղտնիքը
Հարություն. Սկզբում մեր միակ նպատակը մեր գրպանի համար մինիմալ գումար ապահովելն էր, բայց հենց ամենասկզբից մեր բոլոր ակնկալիքները գերազանցվեցին:
Մեզ համար մշտապես կարեւոր է եղել հաճախորդի ժպիտը: Հենց սկզբից շատ մատչելի գներ ենք սահմանել: Միայն գումար աշխատելու, բիզնես տեսանկյունից չէինք մտածում, պարզապես ուզում էինք՝ սուրճը հասանելի լինի բոլորին ու հատկապես ուսանողներին:
Մենք բարիստա չենք, բայց եթե այդ համեմատականը տանենք, մենք նաեւ շինարար ու կահույքագործ չենք, բայց երբ մեզ անհրաժեշտ է, դառնում ենք այդ մասնագետն ու անում այդ գործը: Անպայման չէ՝ դու մասնագետ լինես, շատ բարիստաներ կարող են նման բիզնես հիմնել ու ձախողել: Ստացվում է՝ գաղտնիքը պատրաստելու մեջ չէ, այլ՝ նպատակների, մոտեցումների ու բիզնես գաղափարի:
Կարո՞ղ է գիտեք՝ հեշտ է
Նարեկ. Շատ հաճախ ենք խնդիրների հանդիպել, սկզբում բաժակները «Փեթակ» առեւտրի կենտրոնից էինք գնում, մի օր պարզվեց՝ Չինաստանից բաժակ չեն ներկրել. խնդիրն այնքան լուրջ էր, որ մտածում էինք անգամ փակել բիզնեսը:
Ընկերների միջոցով լուծում գտանք, այդ պահին ինչ կար շուկայում, սպառել էինք, մինչեւ գումար հավաքեցինք ու մեր լոգոյով բաժակներ պատվիրեցինք:
Հարություն. Սկսել ենք սուրճի 5-6 տեսակով: Ներկայում 70 տեսակի ըմպելիք ունենք՝ Mac-ից մինչեւ Lavazza:
Հիշում եմ, երբ զանգահարեցի Հայաստանում Lavazza սուրճի ներկայացուցչին եւ առաջարկեցի համագործակցել, ասաց՝ ուզում է մեր կրպակի նկարը տեսնել, ուղարկեցի, ու հետադարձ զանգ չստացա: Ինքս զանգահարեցի, ասաց՝ համաձայն չէ, որովհետեւ փոքր բիզնես է, բայց, ի վերջո, մեզ հաջողվեց նրանց համոզել: Այսօր դարձել ենք նրանց ամենամեծ սպառողներից մեկը Հայաստանում:
Ստացվում է՝ կապ չունի մեծ է, թե փոքր է բիզնեսը, պետք է աջակցել, որովհետեւ ժամանակը ցույց է տալիս, որ հիմնականում փոքր բիզնեսներն են մեծանում, մեծերը՝ փակվում:
Բիզնեսը տարիք չի հարցնում
Նարեկ. Քանի որ մեր գործը եւ հաճախորդին շատ ենք սիրել, հաղթահարել ենք բոլոր խնդիրները. սա այն եզակի գործերից է, որ հնարավորություն է տալիս օրվա ընթացքում հազարավոր մարդկանց երջանկացնել:
Հաճախորդներին սիրելը կարողացել ենք փոխանցել նաեւ մեր աշխատողներին՝ երկար զրույցների ու ժողովների արդյունքում:
Հարություն. Շատերը մտածում են՝ երկուսս ինչ-որ մեկի աշխատողն ենք, երբ տեսնում են՝ այսքան երիտասարդ ենք: Մեր ամբողջ թիմն է երիտասարդ, 17-26 տարեկան ենք: Մթնոլորտն ընկերական է, ղեկավար-աշխատակից հարաբերություններ չունենք. բոլորս ընկերներ ենք, ուղղակի մի ընկերն ավելի շատ լիազորություններ ունի, քան մյուսը:
Սուրճ՝ անգամ գումար չունեցողների համար
Նարեկ. Առաջին օրվանից սկսել ենք հաճախորդների անունները գրել բաժակների վրա: Մենք Հայաստանում առաջինն էինք նաեւ, որ սկսեցինք քարտեր բաժանել. վեց անգամ գնելուց հետո յոթերորդ սուրճը՝ անվճար:
Հարություն. Հայաստան ենք բերում եւս մեկ մշակույթ՝ «կախված սուրճի» գաղափարը: Ցանկացած մարդ կարող է գնել սուրճ՝ քարտի տեսքով, ու թողնել մեր կախիչի վրա այն մարդու համար, որը հնարավորություն չունի գնելու այն: Մենք միշտ էլ փորձել ենք հյուրասիրել կարիքավորներին, սակայն այս կերպ հաճախորդներն են հնարավորություն ունենում բարի քայլ անելու:
Մի բան չանես
Նարեկ. Մի պահ այնքան շատ էին սուրճի կրպակները, որ մեր ամեն մի մասնաճյուղի մոտ 6 մրցակից ունեինք: Բայց նրանք մեզ չէին խանգարում, ընդհակառակը՝ օգնում էին շուկան զարգացնել: Հետագայում շատ կրպակներ փակվում էին, ու նրանց հաճախորդները մեզնից էին սկսում օգտվել:
Կարիերայից բիզնես դժվար է
Հարություն. Ես ինձ երբեք չեմ պատկերացրել առավոտյան աշխատանքի գնալիս եւ գրասենյակային հստակ ժամերով աշխատելիս: Գուցե ինչ-որ տեղ ափսոսում եմ, որ կարիերա չեմ սկսել, եթե այս գործը 25 տարեկանում անեի ու մինչ այդ կարիերաս սկսած լինեի այլ ընկերություններում, շատ ավելի լավ կլիներ: Մյուս կողմից, շատ հնարավոր է՝ կարիերան թույլ չտար բիզնես սկսել, այդ դեպքում չես ուզում աշխատավարձից կտրվել, շատ պահող բաներ են լինում:
Նարեկ. Հաճախ նախանձում ենք գրասենյակային աշխատողներին, որ ժամը 18:00-ին վերջացնում են գործն ու իրենց համար ապրում. մենք 24 ժամ աշխատում ենք ու մեր միտքը մշտապես զբաղված է:
Մյուս կողմից էլ՝ չնայած մարդիկ հիմնականում ուրբաթ երեկոն գնահատում են, իսկ մենք երբ ուզենք, կարող ենք «ուրբաթ երեկո» անել: Մեր ձեռքում է գործը. ե՛ւ ազատ ենք, ե՛ւ կապված:
Հարություն եւ Նարեկ. Եթե այս ամենը կորցնենք, մենք պատրաստ ենք ամբողջը զրոյից սկսել ու ընդհանրապես չընկճվել, մինչդեռ գրասենյակային աշխատողների համար այդ գործընթացը, չեմ կարծում, նույնքան հեշտ լինի:
Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան
Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Coffee House Company-ի
«Զրոյից» շարքի մյուս նյութերը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: