Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:***Մեկ տարի առաջ դիզայներ Վարդան Պետրոսյանը հիմնել է Chronos ապրանքանիշը, որը զբաղվում է ժամացույցների արտադրությամբ: 36-ամյա գործարարի պատրաստած ժամացույցներն այսօր համարվում են լավագույն նվերներից մեկը:Ինչպես սկսվեցԲնակարանիս համար պատի ժամացույց էի փնտրում ու ի զարմանս ինձ՝ հասկացա, որ դրանք շատ քիչ են. մի երկու ստանդարտ գործ է ներկայացված խանութներում: Երկար փնտրելուց հետո արտասահմանյան խանութից գնեցի մեկը, բայց միեւնույնն է՝ սրտովս չէր, չնայած վճարել եմ իմ պատրաստած ժամացույցների կրկնակի գինը՝ 127 000 դրամ: Լուսանկարը՝ Մեդիամաքս Գլխումս սկսեց միտք պտտվել, որ ինքս կարող եմ ժամացույց պատրաստել: Մի օր էլ պարզապես մի ժամացույց սարքեցի ու բացարձակ չէի պլանավորում, որ այն կօգտագործեմ տանը կամ կվաճառեմ: Մեկ-երկու հատ էլ պատրաստեցի, ու ով տեսնում, շատ էր հավանում. հասկացա, որ «իմն է»: Չպահպանված մակետը Ժամացույցի թեման ինձ միշտ հոգեհարազատ է եղել: Ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժինը: Համալսարանում ժամացույցի թեմայով առաջադրանք էին հանձնարարել, լավ չէի սովորում, բայց թեման շատ դուրս եկավ: Ժամացույցի այնպիսի մակետ պատրաստեցի, որ դասախոսս մտավ լսարան ու ասաց. «Հիմա կտամ գլուխդ կջարդեմ, որ կարողանո՞ւմ ես այսպես աշխատել, այսպես մտածել, ինչո՞ւ չես սովորում»: Ցավոք, այդ մակետը չի պահպանվել: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Կողքից գործն» ավելի հաճելի էՄեծ սիրով եմ անում այս գործը: Աշխատում եմ որպես գրաֆիկ դիզայներ տեղական ընկերություններից մեկում, զբաղվում եմ արտաքին գովազդով, քանի որ հիմնականում աշխատում եմ համակարգչով, զգում եմ՝ բնականը պակասում է, իսկ ժամացույցներն ինձ օգնում են ավելի մոտ զգալ բնությանը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ժամացույցները կոնկրետ հայկական ուղղվածություն չունեն, սակայն մոդելների 90%-ը պատրաստում եմ ընկույզի փայտից, որն արտադրանքին հայկական շունչ է հաղորդում: Հայկական նախշեր հիմնականում չեմ օգտագործում, որպեսզի ժամերը մարդկանց տան ինտերիերի հետ համահունչ լինեն: Իսկապես զրոյից Մեծ մասշտաբի գումար չեմ ծախսել այս գործը սկսելիս. անգամ չեմ հիշում՝ ինչքան: Բնականաբար, գրպանումս գումար եղել է, բայց հատուկ գումար չեմ առանձնացրել, ստացվում է՝ իսկապես զրոյից եմ սկսել: Լուսանկարը՝ Chronos Օգտագործում եմ գերմանական որակով մեխանիզմներ, սկզբում տեղական շուկայից էի գնում, հետո հասկացա՝ պետք է դրսից պատվիրեմ: Փորձում եմ միշտ ամենալավ նյութերն օգտագործել. խոտերը, ծածկանյութը, փայտը՝ բոլորը բնական են: Վստահ եմ՝ գնորդն էլ է գնահատում այս ամենը: Քանի որ բիզնեսը զրոյից եմ սկսել, նկատում եմ, որ անընդհատ նոր բան եմ սովորում, բացահայտում գործի ընթացքում:Ե՛վ հեղինակային, ե՛ւ ստանդարտ Ժամացույցների ամբողջ դիզայնը ես եմ անում. բացի իմ հեղինակային մոդելներից՝ ունեմ որոշ ստանդարտ մոդելներ, որոնք ամբողջ աշխարհում տարածված եւ ընդունված են: Կարծում եմ՝ դա բիզնեսի զարգացման համար կարեւոր է, ճիշտ չէ միայն քո ստեղծածն առաջարկել, որովհետեւ մարդիկ պարզ բաներ են ուզում տեսնել իրենց տանը: Հաճախ Pinterest-ում են նայում՝ տան ինտերիերի համար ինչ է առաջարկվում, նկատում են պարզ, կլոր, ստանդարտ մոդելի ժամացույցներն ու արդեն հստակ որոշած դիմում են մեզ: Լուսանկարը՝ Chronos Մետաղական մասը, փայտի չափսերը նախագծում եմ ես, հետո որոշ մասնագետների մոտ պատվիրում եմ, պատրաստում են իմ ուզածը: Հաճախ ինքս եմ գնում փայտ ընտրելու, եւ հենց փայտն է հուշում՝ ինչ կարող եմ սարքել, որն ավելի բացառիկ գործ է ստացվում: Ժամացույց է եղել, ութ ամսում եմ պատրաստել, սակայն սովորաբար 3-5 օր է տեւում: Ապագայում պլանավորում եմ աշխատակիցներ ընդունել, թիմ ունենալ, հիմա միայն ես եմ: Վաճառքը, գովազդը, ճանաչումըՀենց սկզբից էլ արտադրանքը վաճառվել է: Ցանկացած գովազդ նպաստում է բիզնեսին, իմ դեպքում առաջինը ցուցահանդեսն էր: Առաջին անգամ անցած տարվա ամանորյա ցուցահանդեսին մասնակցեցի «Մարիոթ» հյուրանոցում, ընդամենը երեք հատ վաճառեցի, բայց շատերն ինձ այդ ցուցահանդեսից ճանաչեցին: Լուսանկարը՝ Chronos Facebook-ում եւ Instagram-ում է ներկայացված իմ ապրանքանիշը, շատերն էլ ծանոթներից են իմանում Chronos-ի մասին: Միշտ հարցնում եմ, թե հաճախորդը որտեղից է իմացել իմ մասին. նկատել եմ՝ երբ մարդ շատ լավ տեղ պետք է գնա, պարտադիր մեր ժամացույցներից է գնում՝ որպես նվեր: Գուցե շատերն ունեն 130 000 հետեւորդ, բայց իրենց հրապարակած նկարը հինգ հավանում (like) է ունենում, իսկ ես իմ գործերից նկար ունեմ, որ 400 հավանում է հավաքում, ընդ որում՝ առանց գովազդի: Հիմնականում արտասահման տանելու համար են գնում: Ամենաշատն ԱՄՆ են տանում եւ պարտադիր հենց ընկույզի փայտից ժամերը: Դեռեւս դրսի շուկայում Chronos-ը լավ ներկայացված չէ. շուտով կսկսեմ զբաղվել դրանով, որովհետեւ հասկանում եմ՝ պահանջարկը մեծ է: Պաշտոնյաների համար են շատ գնում. երբեմն ծանոթներս նկարներ են ուղարկում պաշտոնյաների տանից, հասկանում եմ, որ ինձնից գնելուց հետո նվիրել են նրանց: Լուսանկարը՝ Մեդիամաքս Գի՞նըԵրեւանում մի քանի խանութներում նույնպես ներկայացված է իմ արտադրանքը: Ամիսը 15-20 հատ ժամացույց վաճառվում է: Գինը տատանվում է 55 000-ից 170 000 դրամի միջակայքում. ամենաթանկն «Արարատն» է, դրա գինն ընթացքում եմ բարձրացրել, սկզբում 70 000 դրամ էի մտածում վաճառել, բայց հասկացա՝ այն շատ եզակի գործ է, բնական փայտից է «դուրս եկել» Արարատի տեսքը. դեռ թանկանալու տեղ ունի: Լուսանկարը՝ Chronos Հիմա ամենաշատ վաճառքը խանութներից է ստացվում: Ունեմ նաեւ նվեր քարտ, արժե 60 000-70 000 դրամ, եթե ավելի թանկ մոդել են ընտրում, ավելացնում են գինը: Նախկինում ժամացույցները մեկ օրինակից էի պատրաստում, վերջերս նույն մոդելից արդեն ութ հատ պատրաստում եմ, որովհետեւ վստահ եմ՝ վաճառվելու է: Չնայած դրանք միշտ տարբերվում են. փայտի տեսքը երբեւէ նույնը չի լինում:Երբ քոնն էԱրտասահմանյան նման ժամացույցների հետ եթե համեմատենք, իմ արտադրանքը մի քանի անգամ էժան է: Բայց երբեւէ չեմ մտածի այլ երկիր տեղափոխվելու մասին, պարզապես կփորձեմ իմ արտադրանքը վաճառել դրսում: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հիմա ես բարձր գներ չեմ սահմանել, որովհետեւ ինձ դուր է գալիս, երբ մարդն ունենում է Chronos ժամացույց: Երբ մատչելի գներ ես սահմանում, քո արտադրանքն ավելի հասանելի է դառնում: Երբ տեսնում ես մարդը շատ է հավանում աշխատանքդ ու գնում է, ինքդ էլ ես բավականություն ստանում, ասես, շան ձագեր ունենաս ու իմանաս մեկին ես տվել, որը շուն շատ է սիրում: Հաճելի զգացում է, երբ քոնն է, պատկերացրեք՝ պլաստիլինից մի բան պատրաստես, շատ սիրուն ստացվի, ու հասկանաս, որ մարդիկ ուզում են գնել այն: Ամենադժվարն անվանումն էրChronos-ը հունական դիցաբանության մեջ Ժամանակի աստվածն է: Ամենաբարդ հարցերից մեկն է անվանում որոշելը, ընկերներիս խնդրել էի տարբերակներ առաջարկել, մտածում էի նաեւ իմ ազգանունով կոչել՝ Պետրոսյան, բայց մեկը Chronos առաջարկեց ու մոտ 40 տարբերակից ընտրեցի դա: Ե՛վ Հայաստանի, եւ՛ միջազգային շուկայի համար ամենահամապատասխան անվանումն է, ամեն ինչ ասում է ապրանքանիշի մասին: Ամալի Խաչատրյանը զրուցում է Վարդան Պետրոսյանի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Կամաց-կամացԵկամուտն այնքան է, որ կարող է վերածվել հիմնական աշխատանքի: Հիմա պլանավորում եմ խանութ բացել, կարծում եմ՝ չեմ սահմանափակվի միայն ժամացույցներով, կպատրաստեմ նաեւ ջահեր, սեղաններ: Ժամանակի հարց է, ուզում եմ՝ գործը բնական հունով զարգանա, վերջնաժամկետներ չեմ սահմանում: Աճելու եւ սովորելու տեղ միշտ կա. երբ դանդաղ քայլերով ես առաջ գնում, հասցնում ես ուսումնասիրել, սովորել, գործում «եփվել»: Առաջին 10 ժամացույցը սարքելիս դեռ շատ նրբություններ չգիտեի՝ անգամ շատ հասարակ բաներ, օրինակ, որ ժամացույցի սլաքները չի կարելի հետ պտտել. մեխանիզմն այնպես է կառուցած, որ դրանից այն վնասվում է: Սիրելի գործից գումար «քամել»Ցանկացած բան եթե անում ես, ու քեզ դուր է գալիս, կարող է վերածվել բիզնեսի, պետք է միայն դրան այլ տեսանկյունից նայել ու հասկանալ, որ այն կարող է քեզ գումար բերել: Կոպիտ ասած, եթե աղբը կարողանում են վերամշակել, գումար աշխատել, ուրեմն ցանկացած գործ կարող է բիզնես դառնալ, միայն թե որոշակի ռիսկ է հարկավոր: Լուսանկարը՝ Մեդիամաքս Շատ կարեւոր է հաճելին օգտակարի հետ համատեղել. երբ անում ես մի գործ, որը քո սրտով է ու քեզ օգնում է գումար վաստակել, այդ ժամանակ էլ ավելի շատ ես սիրում քո արածը: Գուցե ֆիզիկապես հոգնես, բայց հիասթափություն երբեք չի լինի. քո գործը շատ անելուց ավելի շատ ես ոգեւորվում, հասկանում ես, որ արածդ պահանջարկ է ունեցել: Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Chronos-ի«Զրոյից» շարքի մյուս նյութերը Tweet Դիտում՝ 36823