Երբ ամուսինը կնոջ համար «զրոյից» ընտանեկան բիզնես է հիմնում

13.09.2019 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ / Զրոյից /
#Flags.am #դրոշ #բիզնես

Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:

***

Ամուսիններ Էդգար Աբրահամյանը եւ Թամարա Պողոսյանը 2014-ին հիմնել են Flags.am ընկերությունը, որը զբաղվում է դրոշների արտադրությամբ եւ վաճառքով: Սա Թամարայի միակ աշխատանքն է. 32-ամյա գործարար կնոջը միացել են նաեւ քույրը, հայրը, շուտով նաեւ՝ մայրը: 38-ամյա ամուսինն ընտանեկան բիզնեսը հիմնել է կնոջ զբաղվածության հարցը լուծելու համար: Էդգարը հպարտանում է, որ իր կինը ղեկավար պաշտոն ունի եւ սեփական գումարն է վաստակում:

Կարելու շնորհքը՝ տատիկից

Թամարա. Ամուսինս հայրենասեր է, դրոշներ շատ է սիրում: Մինչեւ Flags.am-ը հիմնելը, նա արդեն որոշ չափով զբաղվում էր այս բիզնեսով. մեկ այլ տեղում դրոշները պատվիրում էր, կարում էին, իսկ նա վաճառում էր:

Էդգարն ու Թամարան

Տատիկս պրոֆեսիոնալ դերձակ է եղել, կարելու շնորհքն ընտանիքում բոլորիս փոխանցվել է: Ամուսնուս հորդորով քրոջս՝ Մերիի հետ երեք ամիս հաճախեցինք կարի դասերի: Դեռեւս սովորում էինք, երբ առաջին պատվերը ստացանք՝ մաֆիա խաղի դիմակներ, մեկ շաբաթ անց էլ դրոշի պատվեր եղավ:

Էդգար. Առաջին քայլը կարի մեքենա, մկրատներ գնելն էր: Նախնական ներդրումը 150 000 դրամ էր: Հետագայում երկրորդ կարի մեքենան գնեցինք, որ երկու քույր առանձին ու ավելի արագ աշխատեն: Այս գործը մեզնից մեծ ներդրումներ չի պահանջում, պատվերը ստանում ենք, կտորը գնում ենք, կարում, վաճառում:

Թամարան ու Մերին

Աներն այլեւս «խոպան» չի գնում

Էդգար. Flags.am-ն ընտանեկան ձեռնարկություն է, հարկերից ազատված ենք: Մեր դրոշները պատվիրում են հյուրանոցները, դեսպանատները, պետական կառույցները, խոշոր ընկերությունները: Անհատական պատվերները 5% են կազմում:

Սկզբում տանն էինք կարում, հետո մեր տան կողքի արհեստանոց տեղափոխվեցինք: Կինս եւ նրա քույրը կարում են, ես զբաղվում եմ հաշվապահությունով, վաճառքով, սոցիալական էջերի կառավարումով եւ այլն:  

Կնոջս հայրը մեր վարպետն է, դրոշի ձողերն է պատրաստում, նաեւ առաքում է մեր արտադրանքը: Նա սովորաբար արտագնա աշխատանքի էր մեկնում Ռուսաստան, սակայն այս տարվանից այլեւս չի գնում՝ միայն մեր գործերով է զբաղված: Այստեղ բավական գումար է աշխատում, որը փոխարինում է «խոպանին»:

Հրաչ Պողոսյանը

Ես միշտ աներոջս դիմել եմ Հրաչ ձյաձյա, հիմա պարզապես Հրաչ եմ ասում. իմ ամենալավ գործընկերն է՝ ամենահեշտը նրա հետ եմ աշխատում (ծիծաղում է - հեղ.):

Թամարա. Շուտով, գուցե, մայրս էլ միանա մեր թիմին: Առաջ նա խոհարարությամբ էր զբաղվում, հրուշակեղեն վաճառում, հիմա հոգնել է այդ գործից: Վերջերս ֆուտբոլային թիմի համար շարֆերի մեծ քանակի պատվեր էինք ստացել, չէինք հասցնում, մայրս օգնեց մեզ, բոլորս հավանեցինք նրա աշխատանքը:

Կրթության մասին

Թամարա. Երբեւէ չեմ մտածել, որ կարող եմ բիզնես ունենալ ու ընտանիքիս հետ աշխատել. ամուսինս է ինձ ոգեշնչել: Ավարտել եմ Հայաստանի տնտեսագիտական համալսարանը, մինչ այդ աշխատել եմ վաճառողուհի:


Էդգար. Տնտեսագիտություն եւ մաթեմատիկա եմ սովորել Հայաստանի Մանկավարժական համալսարանում, տարբեր գործեր եմ արել՝ դռնապահից մինչեւ բանկի Կոմունիկացիոն կենտրոնի ղեկավար: Փորձում եմ իմ բոլոր գործերն ավտոմատացնել, միայն ազատ ժամանակ եմ դրոշների բիզնեսով զբաղվում. հիմնականում Թամարան է ղեկավարում:

Բիզնեսը՝ կայունացման ճանապարհին

Թամարա. Երբ նոր էինք սկսում, ամիսը 1-2 պատվեր էր, բայց անցած տարվանից միջինում օրը մեկ պատվեր, անպայման, լինում է: Կտրել, կարել, արդուկել՝ 2-մետրանոց եռագույնը 50 րոպեում ենք պատրաստում, լոգոյով դրոշները՝ 30 րոպեում: Եթե մեր հաճախորդը վերջին րոպեին է դիմում մեզ, անգամ գիշերն ենք աշխատում:

Թամարա Պողոսյանը

Կարել ենք Հայաստանի ամենամեծ դրոշը՝ 8 մ/4 մ, որը տեղադրված է Եղեգնաձորում: Դրոշները տոպրակով չենք վաճառում, մենք մեր տուփերն ենք պատրաստում, ցանկանում ենք դրանք եռագույնի դիզայնով անել, որ մարդիկ գնեն ու որպես նվեր օգտագործեն:

Վաճառքի գաղտնիքները

Էդգար. Ունենք Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) համակարգ, որով պատվերները գրանցում եւ հետեւում ենք, իսկ տարածումն ապահովում ենք սոցիալական ցանցերով: Երբ նոր էինք սկսել, List.am-ով էինք աշխատում:

Էդգար Աբրահամյանը

Տարբեր թրեյնինգների եմ մասնակցում ու գրքեր կարդում սեփական բիզնեսը ղեկավարելու մասին:

Անձամբ բաժանում եմ մեր այցեքարտերը բոլոր այն խոշոր կազմակերպություններին, որոնք կարող են դրոշ ունենալ: Մեկ անգամ հանդիպելը բավական չէ, եթե քո պոտենցիալ հաճախորդն անձամբ չի զանգել քեզ, այլ դու ես գնացել ու ներկայացրել քո բրենդը, պետք է կրկին այցելես, զանգես, մեկ ամսվա ընթացքում են մարդիկ որոշում կայացնում՝ պատվիրել, թե ոչ:

Մի քիչ «զոռբայություն» է պետք

Էդգար. Վաճառելուց հետո մշտապես հետեւում ենք մեր դրոշներին, երբ նկատում ենք՝ մաշվել են, ճղճղված են, հիշեցնում ենք ընկերություններին, որ փոխելու ժամանակն է, խորհուրդ ենք տալիս, որ ավելի լավ է՝ դատարկ թողնեն տարածքը, քան դրոշները մաշված մնան. չէ՞ որ դա վնասում է նրանց բրենդին:

Համաձայն եմ՝ գուցե մեկ-մեկ զոռբայություն ենք անում (ծիծաղում է – հեղ.), բայց ավելի ուշ շատերը մեզ շնորհակալություն են հայտնում հիշեցնելու համար:

Ամալի Խաչատրյանը զրուցում է Էդգար Արբահամյանի հետ

Մենք հաճախ նաեւ նվիրում ենք դրոշները: Աշխատում ենք, որ մեր հաճախորդները դառնան մեր «երկրպագուները», որակյալ արտադրանք ենք տալիս, որ նրանք էլ մյուսներին պատմեն մեր մասին, ու մեր վաճառքը շատանա:

Զարգացնելով դրոշ կիրառելու մշակույթը

Թամարա. Մենք ձգտում ենք հասնել նրան, որ երբ մարդը ցանկանա դրոշ պատվիրել, միանգամից Flags.am-ը հիշի ու մեզ դիմի: Սա բիզնեսի փոքր մոդել է, որ պատրաստվում ենք զարգացնել, հետագայում խանութ բացել:

Խոշոր կառույցները դրոշները պարտադիր տարին մեկ կամ երկու անգամ փոխում են: Երբ մեկ անգամ մեզ մոտ են պատվիրում, դառնում են մեր մշտական հաճախորդը:


Էդգար. Ես նաեւ շատ եմ ցանկանում, որ մարդիկ սկսեն դրոշ կիրառել. կարելի է դրոշներ նվիրել առիթներին, շատ ընկերություններ կարող են իրենց դրոշներն ունենալ ու փակցնել աշխատավայրի դիմաց. չէ՞ որ դրոշն օգնում է նաեւ տարածքի կողմնորոշման հարցում, այն հուշում է մարդկանց, թե որտեղ է տվյալ կազմակերպությունը:

ARLOOPA ընկերության հետ մոդելավորել ենք նաեւ մեր դրոշները. հավելվածն ունենալու դեպքում հնարավոր է ցանկացած տարածության մեջ, լրացված իրականության շնորհիվ, տեղադրել դրոշները եւ հասկանալ՝ արդյոք այդ տարածքին անհրաժեշտ են դրանք, թե ոչ: 

Սկզբունքներ, որակ, գին

Թամարա. Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշ չենք կարում՝ հատկապես, երբ իմանում ենք, որ վառելու են:

Թամարան, Հրաչը, Մերին

Երկու տեսակի դրոշ ունենք՝ դրսի եւ ներսի: Դրսի դրոշներն ավելի ամրակար են: Շուկայում նման բան չկա, սա մեր յուրահատկությունն է:

Մեր դրոշները հնարավորինս ամուր են, երեք կար ենք տալիս ծալքերին, ժապավենաթելի միջոցով փորձում օրիգինալություն հաղորդել:

Դրսի համար կարված 2 մ եռագույնն արժե 8000 դրամ, ներսինը՝ 7000 դրամ, տպագրությամբ դրոշների 2 մ-ն արժե 19 000, երկկողմանին՝ 38 000 դրամ:

Բիզնես՝ հանուն ընտանիքի

Էդգար. Բիզնեսը շատ հաճախ ընտանեկան վեճերի թեմա է դառնում, բայց մենք փորձում ենք մեր հարաբերություններն ամուր պահել:

Թամարան ու Էդգարը

Այս բիզնեսով չես կարող հարստանալ, բայց սա նպաստում է, որ կինս իր անձնական գումարը վաստակի:

Թամարան է անհատ ձեռներեցը, աշխատավարձի քարտը գրանցել ենք նրա անունով, ու ես ստիպված նրանից եմ հաճախ գումար խնդրում (ժպտում է - հեղ.):

***
Էդգարը «Զրոյից» խորագրի հերոսը դառնալու համար մեզ դիմել էր 2019-ի փետրվարին: Այս ամիսների ընթացքում ընտանիքը մեծ ոգեւորությամբ փորձել է զարգացնել բիզնեսը եւ վերանորոգել արհեստանոցը՝ հատուկ մեր ռեպորտաժի համար:

Հեղինակ՝ Ամալի Խաչատրյան

Նախագծի ղեկավար՝ Տաթեւ Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

«Զրոյից» շարքի մյուս նյութերը

Դիտում՝ 42393
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW