Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:***38-ամյա Ազատ Թովմասյանը 2017-ին հիմնել է Volterman ստարտափը, որը մշակել է հայտնի սմարթ դրամապանակը: Այն հնարավոր չէ կորցնել կամ մոռանալ, ավելին՝ Volterman-ը կարող է լիցքավորել ձեր հեռախոսը: Crowdfunding-ի օգնությամբ ստարտափին հաջողվել է մինչ օրս հավաքել մոտ $3 մլն:Ժողովրդական վարպետից մինչեւ ՏՏ Կրթությամբ արվեստաբան եմ, ժողովրդական վարպետ եմ. ընտանիքում սա պապենական է: Աշխատել եմ մասնագիտությամբ, տարբեր դպրոցներում եմ դասավանդել: Կուզենայի մասնագիտությամբ ինժեներ լինել, հոբբիով՝ արվեստաբան: Սովորաբար արվեստն է հոբբի լինում, իմ դեպքում հակառակն է: ՏՏ ոլորտում եմ 2003-ից: Մանկության ընկերներով հեռահաղորդակցության ծառայություն էինք մատուցում (Հայաստանից աշխարհով մեկ կարելի էր զանգել), մենք առաջիններից էինք, որ նման բիզնես հիմնեցինք: Երբ սկսեց դրա ժամանակն անցնել, գիտակցեցինք, որ համացանցն ավելի ու ավելի է զարգանալու, ու այդ ամենը սկսեց ինձ գերել: Ազատ Թովմասյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հեռուստացույցի կառավարման վահանակը բոլորս ենք կորցնում ու հաճախ: Զարմանում եմ՝ ոնց կարող է մինչեւ այժմ հեռուստացույցի վրա կոճակ չլինել, որը կսեղմես եւ կորած հեռակառավարման վահանակից ձայն կգա: Առաջինը «պուլտի» վրա նման բան սարքեցի, սկսեց ձայն հանել: Դրանից էլ ծնվեց դրամապանակի գաղափարը: Քայլ 1. Քանդել հեռախոսըՎերցրի բջջային հեռախոսը, քանդեցի մեջի եղածը, պատրաստեցի որոշակի սարք, տվեցի կաշվի մեջ դնեն ու կարեն: Հասկացա, որ աշխատող գաղափար է, ֆիզիկայի կանոններից դուրս չէ: Պատրաստածս դրամապանակը սկսեցի փորձարկել, ընկերներից կարծիքներ հարցնել: Պարզվեց՝ մարդիկ իսկապես ունեն դրամապանակ կորցնելու խնդիր: Գիտակցում էի, որ դրա նախագծումն ու ստեղծումը բավական թանկ է ու բարդ, ուստի ընկերներս առաջարկեցին գումարը հավաքել crowdfunding-ի միջոցով: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ինձ ծանոթացրին Նարեկ Վարդանյանի հետ, որը crowdfunding-ի՝ աշխարհի թոփ 10-15 փորձագետներից մեկն է: Նրան էլ շատ դուր եկավ գաղափարը, ու սկսեցինք աշխատել դրա վրա: 31.05.2017 | 11:09 Volterman-ի սմարթ դրամապանակը՝ միշտ տիրոջ հետ Քայլ 2. Դիմել Crowdfunding-ի օգնությանըCrowdfunding-ը երկու շատ կարեւոր հարց է լուծում՝ մեծ PR եւ գումար: Ներկայացնում ես գաղափարդ եւ խնդրում մարդկանց աջակցել:Ներկայում Indiegogo հարթակում երեք տեսակի դրամապանակ ունենք, փոքրը՝ $89, միջինը՝ $119, ճամփորդականը՝ $157: Երբ սկսենք փաստացի վաճառել դրանք, ապա գները կկրկնապատկվեն: Իսկ այս փուլում, եթե մարդը մեզ աջակցել է, օրինակ, $89-ով, ապա պատրաստ լինելու դեպքում նրան ուղարկում ենք համապատասխան գնի դրամապանակը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հասկանում էինք, որ պետք է պատրաստենք աշխարհի թիվ մեկ դրամապանակը. հետեւաբար՝ անհրաժեշտ էին թիվ մեկ տեխնոլոգիան, դիզայնը եւ առաջատար մասնագետները:Սկսեցինք համագործակցել տեղական հեղինակավոր ընկերությունների հետ: Քանի որ ներդրում չունեինք, պայմանավորվեցինք՝ crowdfunding-ի արշավի ավարտից հետո հավաքված գումարի որոշակի տոկոս տրամադրել նրանց: Ի սկզբանե որոշեցինք $1 մլն հավաքել: Սակայն, միեւնույնն է, որոշակի գումար անհրաժեշտ էր՝ մարքեթինգի, գովազդային տեսանյութերի նկարահանման համար: Այդ գումարը ես եւ ընկերներս տարբեր տեղերից հայթայթեցինք՝ պարտքեր, վարկեր վերցրինք: Ամալի Խաչատրյանը զրուցում է Ազատ Թովմասյանի հետ Լուսանկարը՝ Մեդիամաքս Քայլ 3. Ծանր օրերը հաղթահարել2017-ի ամռանն աշխարհով մեկ մարքեթինգային արշավ սկսեցինք: Երբ մարքեթինգն իր առյուծի բաժին գործն արեց, գումարը հավաքվեց, սկսվեցին տեխնոլոգիական աշխատանքները՝ նախագծումը, արտադրությունը: Առաջին 50 դրամապանակներն արտադրվեցին Չինաստանում եւ ուղարկվեցին մեզ՝ թեստավորման համար: Ստիպված եղանք երեք անգամ փոփոխությունների ենթարկել ու թեստավորել ապրանքը: Քանի որ խոստացել էինք 2017-ի դեկտեմբերին առաքել դրամապանակները, որոշեցինք սկսել արտադրությունը: Բայց նման գործում շտապելն անթույլատրելի է: Պարզվեց՝ մեր նախատեսած պրոցեսորն արտադրությունից դուրս է գալիս, հետեւաբար՝ պարտավոր էինք այն փոխել, ինչը նշանակում էր ամբողջ նախագիծը զրոյից սկսել: Volterman-ը՝ ստեղծման երեք փուլերում Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայտարարեցինք խնդիրների մասին ու զգուշացրինք, որ կուշանանք: Յուրաքանչյուր ուրբաթ տեղեկացնում ենք մեր վերջին նորությունները բոլոր նրանց, որոնք անգամ 1 դոլարով աջակցել են մեզ: 2018-ի ամռանը դրամապանակ առաքեցինք մոտ 2500 հոգու: Որակը չբավարարեց. մեկ օր էր պահում լիցքավորումը, որոշ մասեր փոփոխության կարիք ունեին: Չեմ ասում՝ վատն էին, այլ մեր ուզածը չէին, իսկ մենք ցանկանում էինք ավելի ու ավելի զարգացնել. մեր ուշացնելու հետ նաեւ տեխնոլոգիաներն էին փոխվում:Հեղափոխական որոշում կայացրինք. նորից նախագծեցինք, արդյունքում՝ ստացանք մեզ համար ընդունելի տարբերակը: 2018-ի նոյեմբերին արտադրությունը սկսվեց: 2019-ի մարտ-ապրիլ ամիսներին ավելի քան 6000 մարդ ստացավ մեր դրամապանակները, պլանավորում ենք մինչեւ ամռան վերջ բոլորին առաքել ու սկսել վաճառքը: Մտադիր ենք արտադրել նաեւ կանացի դրամապանակներ, ուսապարկեր: Լուսանկարը՝ Մեդիամաքս Գիշեր-ցերեկ աշխատանք, այլ ոչ թե «խաբել-թռնել»Այն մարդիկ, որոնք նախկինում crowdfunding-ից օգտվել էին, կարող էին ուշացումը հասկանալ. 90% դեպքերում ժամկետները խախտվում են, քանի որ բոլորը ստարտափներ են ու չգիտեն՝ ինչի հետ գործ ունեն: Այն մարդիկ, որոնք ծանոթ չէին crowdfunding-ին, մտածում էին՝ օնլայն խանութ է, վճարում են ու որոշ ժամանակ հետո ստանում ապրանքը: Այդ պատճառով շատերը սկսեցին վարկաբեկել մեզ, սոցցանցերում գրել, որ խաբում ենք, կորել ենք, չկանք, իսկ մենք դա շատ ծանր էինք տանում: Գիշեր-ցերեկ թիմով աշխատում էինք ու տեսնում այդ արձագանքը:Իհարկե, մենք նաեւ մեր սխալն ունենք: Հետո հասկացանք, որ crowdfunding-ից օգտվելիս պետք է ճիշտ բացատրել ուշացման պատճառը եւ մաքսիմալ թափանցիկ լինել. շատերը տարիներով են ուշացրել արտադրանքը: Մինչդեռ մենք անհարմար էինք զգում բոլորին ասել, որ մեզ մոտ ինչ-որ բան լավ չի ստացվում. աջակիցներին զգուշացնում էինք ուշացման մասին, բայց մանրամասն չէինք նշում պատճառները: Լուսանկարը՝ Մեդիամաքս Թիմը Volterman դրամապանակները Հայաստանում արտադրում է մեր հիմնած՝ «Էռա Թեքնոլոջիս» ընկերությունը, որը «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործելու իրավունք է ստացել: Բացի այդ, գրանցած ընկերություն ունենք ԱՄՆ-ում՝ crowdfunding-ի պահանջներին համապատասխան: Ի սկզբանե ցանկանում էինք դրամապանակներն ամբողջությամբ այստեղ արտադրել, սակայն բոլոր հոսքագծերը Հայաստանում ունենալու համար լուրջ ներդրումներ էին անհրաժեշտ: Երբ դրամապանակների առաքումն ավարտենք, կսկսենք փաստացի վաճառել ապրանքը, ինչն էլ մեծ գումարներ կբերի եւ կկարողանանք հոսքագծեր ունենալ: Մտադիր ենք մեր եկամուտը ներդնել Հայաստանում սարքավորումներ արտադրելու մեջ: Քանի որ մասնագետները քիչ են այստեղ, մենք փորձաշրջաններ ենք կազմակերպում, որից հետո լավագույնները միանում են մեր թիմին: Երիտասարդները փորձաշրջան են անցնում Volterman-ում Լուսանկարը՝ Մեդիամաքս Ի սկզբանե, թիմում եղել ենք 4 հիմնադիր, մի քանի աշխատող եւ 70 կամավոր, որոնց մեծ մասը մեզ մոտ աշխատանքի է ընդունվել: Այժմ թիմում 40 հոգի ենք:Volterman անունը որոշել ենք թիմով. volt-ը հոսանքն է, իսկ man-ը վերցրել ենք Superman բառից: Ալեքսիս Օհանյանն էլ ունի այս դրամապանակից Crowdfunding-ից հետո մենք դարձանք InDemand, այսինքն՝ ամբողջ գործընթացը շարունակվում է, բայց չկա սահմանված ժամկետ եւ գումար: 45 օրում հավաքեցինք $1 մլն գումարը, դրանից հետո InDemand վիճակում մինչեւ այսօր էլ գումար է հավաքվում, այսինքն՝ մարդիկ դեռ կարող են մեզ աջակցել ու հետագայում ունենալ դրամապանակները: Ազատ Թովմասյանը՝ Ալեքսիս Օհանյանին դրամապանակը հանձնելիս Լուսանկարը՝ Volterman Ի դեպ, մեր 18 000 աջակիցները 135 երկրից են: Թիրախավորել էինք նաեւ որոշ հայտնի մարդկանց: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին որոշել էինք նվիրել դրամապանակը, բայց նվիրելու իրավունք չունեինք: Արդյունքում՝ մարքեթինգով այնպես աշխատեցինք, որ Կարեն Կարապետյանն ինքը տեղեկացավ մեր մասին ու աջակցեց մեզ: Մեզ հաջողվեց անգամ թիրախավորել Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին: Նա նույնպես աջակցեց մեր ստարտափին, իսկ դրամապանակն անձամբ նրան հանձնեցի ԱՄՆ-ում միջոցառման ժամանակ: Լինել միշտ առաջինըԳաղափար ունենալը շատ լավ է, բայց պետք է նաեւ հավատալ քո արտադրանքին, չընկճվել ու մշտապես մտածել, որ գաղափարն իրականանալու է: Որեւէ մեկս չգիտենք մեր հնարավորությունների չափը, հետեւաբար՝ մեր երազանքը, ուզածը կամ պահանջը պետք է շատ բարձր նշաձողի վրա դնենք: Պետք է միշտ մտածել, որ առաջինն ես լինելու. եթե մեկ վայրկյան անգամ հակառակը մտածես, ապա բացառված է, որ երբեւէ հաջողության կհասնես: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ներկայում մտադիր ենք տարեկան մինչեւ 200 000 դրամապանակ վաճառել, աննորմալ մեծ նպատակ ենք դրել մեր առջեւ, բայց վստահ ենք, որ կհասնենք դրան ու մի բան էլ ավելին կանենք, հետեւաբար՝ դրան համապատասխան էլ կաշխատենք: Ոչ թե ուզում ենք միայն վաճառքի թվերը շատացնել, այլ ընկերության որակը բարձրացնել, որ 5 տարի անց լինենք միլիարդանոց ընկերություն, որ Volterman-ը սփռված լինի ամբողջ աշխարհով եւ որ բոլորը Volterman-ի մի մասնիկ ունենան իրենց գրպանում:Ամալի Խաչատրյան Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Volterman-ի«Զրոյից» շարքի մյուս նյութերը Tweet Դիտում՝ 35577