«Զրոյից» բիզնես, երեք ընկեր, տասը խաղ

03.05.2019 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ / Զրոյից /
#Այլ կերպ #խաղերի բիզնես
Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am«Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:

***

Սոֆյա Խաչատրյանը, Անահիտ Հակոբյանն ու Էլինա Մելիքյանը 2014-ին հիմնել են «Այլ կերպ» ընկերությունը, որը զբաղվում է հայկական խաղերի արտադրությամբ: Թողարկվել են 10 ինտելեկտուալ խաղեր եւ մանկական զարգացնող այլ պարագաներ: 34-35 տարեկան երիտասարդ գործարար ընկերներն առաջինն են, որ ստեղծել են սեղանի խաղերի հայկական տարբերակները:
 
Դժվարը սկսելն է

Անահիտ. Սկզբում աշխատանքային, իսկ «Այլ կերպ»-ի շնորհիվ՝ դարձել ենք մտերիմ ընկերներ: 2012-2013 թվականներին երեքս նույն ընկերությունում էինք աշխատում. տարբեր ժամանակներում ընդունվել եւ դուրս ենք եկել այդ ընկերությունից: Ես վեբ ծրագրավորող էի, Սոֆյան աշխատում էր որպես դիզայներ, Էլինան՝ խմբագիր:
Մտածում էինք՝ ինչ հավես կլինի, որ առանց ղեկավարների եւ կողմնակի մարդկանց, երեքով միասին աշխատենք, քանի որ յուրաքանչյուրս էլ ունենք գիտելիքներ ու տարբեր ոլորտներից ենք:

Անահիտը, Էլինան, Սոֆյան

Էլինա. Անահիտի ընտանիքը սեղանի խաղերի մեծ երկրպագու է, մեր հավաքույթների ժամանակ էլ դրանք բերում էր, զբաղվում էինք (ցավոք, միայն ռուսերեն եւ անգլերեն տարբերակներն էին): Երբ մի անգամ մեր երիտասարդ գործընկերներից մեկին ներգրավեցինք, հասկացանք՝ լավ չի տիրապետում այդ լեզուներին, որ հանգիստ խաղա: Մտածեցինք՝ ինչո՞ւ չկա այդ խաղերի հայերեն տարբերակը, որ բոլորս խաղանք, ու որոշեցինք ինքներս ստեղծել:

Երբ այս ամենը նախաձեռնում էինք, չէինք մտածում, որ բիզնեսի մեջ ենք մտնելու: Ուզում էինք մեր քմահաճույքն իրականացնել՝ անել այն, ինչ մենք ենք ուզում, ինչ չկա, եւ անել ինքնուրույն՝ ստանալով մեր ուզած որակը:

Սկզբում ցանկությունն էր, հետո գաղափարն առաջացավ, այնուհետեւ պետք էր տրամադրվել՝ գաղափարից գործի անցնել, ամենաերկարն այդ փուլն էր՝ ամիսներ տեւեց, մտածում էինք՝ մենք անենք, թե ուրիշին դիմենք:

Սոֆյան, Էլինան, Անահիտը

Հուսահատվելուց մազ էր պակաս

Սոֆյա. Մենք ներդրում ենք արել միայն տպագրության մեջ: Յուրաքանչյուրս 500 հազար. դրամ գումար ենք ներդրել, որը մինչ այդ խնայել էինք կամ ընտանիքն է աջակցել: Դիզայնը, կազմումը, տուփերի մեջ քարտերի հավաքումը, լոգիստիկան, հաշվապահությունը, խանութների առաքումը, գովազդը՝ ամբողջն ինքներս ենք արել:


Էլինա. 1000 հատ տպեցինք, 8-9 ամիս տեւեց վաճառքը: Երբ վերջին 100 հատն էր մնացել, որ սպառեինք, մտածում էինք՝ այլեւս չշարունակել. շատ դանդաղ էր վաճառվում: Հետո, անկախ մեր կամքից, շուկայից արձագանք ստացանք, նկատում էինք, թե տարբեր սրճարաններում ինչպես են երիտասարդներն «Այլ կերպ» խաղում:
 
Սոֆյա. Խանութներից սկսեցին քանակ պահանջել, որն արդեն չունեինք, մինչդեռ սկզբում մենք էինք համոզում նույն խանութներին, որ վերցնեն մեր արտադրանքը: Որովհետեւ մյուս խաղերից «Այլ կերպ»-ի գինն ավելի բարձր էր. 2000-3000-դրամանոց խաղերի կողքին 6000-ի տարբերությունն ակնհայտ էր:

Անահիտ. Բոլոր տպարաններում մեզ ասում էին՝ այս որակի խաղ մի՛ տպեք. երբեք չեք կարողանա վաճառել, ասում էին՝ քարտերն ու տուփն ավելի բարակ արեք, լամինացիա մի արեք, որ շուտ մաշվի, նորից առնեն: Բայց մենք պատասխանում էինք՝ ինչո՞ւ միջազգային սպառողն ունի որակյալ խաղեր օգտագործելու իրավունք, իսկ հայաստանցիները՝ ոչ:


Փորձում ենք նվազագույնին մոտ պահել արժեքը: Մեր գրպանից ծախսածը չենք հաշվում, նկատի ունենք՝ միջոցառումների հյուրասիրության կամ առաքման վրա ծախսած գումարները:

«Նախադեպը չունեցող»

Էլինա. Այժմ խանութների պահարանում 30-50 հայկական խաղեր կան, բայց երբ մենք էինք սկսում, տպարանում մարդիկ անգամ չգիտեին՝ ինչպես դրանք ճիշտ հավաքել տուփերի մեջ: Մի քանի գիշեր ծախսել ենք ու ինքներս ենք տուփերում հատ առ հատ ճիշտ դասավորել, յուրաքանչյուր տուփն առնվազն երկու անգամ ստուգել ենք ու տարել փաթեթավորման:

Անահիտն ու Էլինան

Սրճարաններում քննարկումներն էինք անցկացնում, Սոֆյայենց տանը քարտերն էինք հաշվում: Այդ ժամանակ պահեստի, բեռնակրի գումար չենք ծախսել, 100-100 հատ մեր ավտոմեքենայով բերել ենք Սոֆյայենց խորդանոց, բեռնախցիկը բացում էինք, ամբողջն «Այլ կերպ» էր: Տուփերն ու քարտերը տարբեր տպարաններում էինք տպում, փաթեթավորումն էլ՝ այլ վայրում էինք անում:

Սոֆյան

Համատեղում էինք մեր հիմնական աշխատանքի հետ, մեր հարազատները հանդուրժում էին մեր՝ մինչեւ կեսգիշեր տպարաններում մնալը: Շաբաթ-կիրակիներ չունեինք, բայց հաճելի աշխատանք էր:

Այժմ երեքս էլ մեր հիմնական աշխատանքից դուրս ենք եկել. երեքս էլ երեխա ենք ունեցել ու նրանց խնամքով ենք զբաղվում: Մեր ներկա աշխատանքը միայն «Այլ կերպն» է:

Բիզնեսը միանգամից բիզնես չի դառնում

Սոֆյա. Առաջին երեք տարին ինչ գումար աշխատել ենք, ներդրել ենք այս գործում, վերջերս ենք միայն որոշակի գումար վերցնում բիզնեսից: Վաստակած գումարը փակել է ծախսերն ու նոր արտադրանքի վրա ծախսվել: Գիտակցում էինք, որ եթե «Այլ կերպ»-ից վաստակած գումարը չներդնենք գործում, չենք զարգանա. միայն մեկ արտադրանքով լճացման կգնայինք:

Այժմ աշխատող ունենք, որը վաճառքի մենեջերն է եւ առաքիչը, երկու օրինական պահեստ ունենք: Քանի որ այդքան որակով էինք պատրաստել մեր խաղերը, նորերը խանութներին հանձնելն այլեւս դժվար չէր. անմիջապես վերցնում էին վաճառքի:


Նվիրում էինք հակասրճարաններին, որտեղ երիտասարդներն ակտիվ խաղում են նման խաղեր: Նվիրում էինք նաեւ մեր հայտնի ընկերներին, խաղալիս նկարվում ու հրապարակում էին սոցիալական ցանցերում: Այս ամբողջն ինտուիտիվ ենք արել, հետո հասկացել ենք, որ հենց այդպես է արվում գովազդը: Սոցիալական ցանցերին մոտենում ենք շատ արհեստավարժ, մշտապես պրոֆեսիոնալ լուսանկարներ ու տեսանյութեր ենք նկարել: Մեր ընկերներն են մեզ շատ աջակցել այդ հարցում. մեր շրջապատի օգնությունը մեր գործի ամենագլխավոր «ֆիշկան» է:

Հավատո՞ւմ եք ընկերական բիզնեսին

Էլինա. Մենք բոլորս շատ տարբեր ենք, բայց փազլի նման իրար լրացնում ենք: Մեր երեքի համար մեկ կարեւոր սկզբունք կա՝ բոլորս էլ ուզում ենք մեր գործը լավ անել: Ամեն ինչ քննարկումների արդյունքում ենք որոշում, քանի որ երեք հոգով ենք, շատ որոշումներ դնում ենք քվեարկության:

Անահիտ. Պետք է լինել կայացած ու ինքնահաստատվելու կարիք չունենալ, այսինքն՝ եթե մեկի ասածը չի արվում, չի նշանակում, որ մյուսներն առավելություն ունեն: Գործը չի տուժի, եթե բիզնեսում յուրաքանչյուրը կարեւորի գործը, հետո նոր՝ իր անձը:

Անահիտն ու Սոֆյան

Սոֆյա. Եթե աշխատանքդ անում ես լիովին ու իդեալականին հասնող, կողքինդ չի կարող անտարբեր մնալ: Ստացվում է՝ բոլորն էլ ամբողջովին նվիրվում են աշխատանքին: Պետք է նույն ուղղությամբ նայել: Եթե մեկը սկսեց մտածել՝ մեկն ավելի շատ է աշխատել, քան՝ մյուսը, այդ պահից սկսած՝ բիզնեսը չի զարգանա: Նաեւ աշխատանքներն են շատ տարբեր. «Թիվ Թվոց» խաղի դեպքում հիմնական գործը դիզայներինն է՝ իմը, իսկ, օրինակ, «Զիլ Զառին»-ը կոնտենտն է, որի վրա ավելի շատ աշխատել են Էլինան եւ Անահիտը:

Անահիտ. Եղել են պահեր՝ ես չեմ կարողացել աշխատել, որովհետեւ երեխաս էր ծնվել ու երկու ամիս իմ գործն արել են Էլինան եւ Սոֆյան: Երբ Էլինան ԱՄՆ-ում էր մեկ ու կես տարի, ֆիզիկական աշխատանքն արել ենք երկուսով, մնացած քննարկումները՝ տեսակապով:

Ցանկանո՞ւմ եք ընկերներով բիզնես հիմնել

Անահիտ. Առաջինը պետք չէ վախենալ ընկերություն բացելուց, որովհետեւ ոչ մի բարդ բան չկա: Ընթացակարգը շատ հեշտ է, առցանց 30 րոպե կամ 1 ժամ է տեւում:
Բոլորը կողքից վախեցնում էին մեզ, որ կազմակերպություն բացենք, «կրակը կընկնենք»: Ուզում էինք, անգամ, մեկ այլ ընկերության դիմել, որ մեր գաղափարն իրականացնի: Հետո հասկացանք՝ ինքնուրույն կարող ենք անել, որովհետեւ բոլորս էլ ուզում էինք ստեղծել մի բան, որ ասենք՝ «Սա ես եմ արել»:

Սոֆյան, Էլինան, Անահիտը

Չինաստանում տպելը շատ ավելի մատչելի կլիներ, բայց մեզ համար հպարտություն է, որ խաղի վրա գրված է՝ «Արտադրված է Հայաստանում»: Գուցե շատ չնչին, բայց մեր կողմից ներդրում ենք կատարում մեր շուկայում: Հայաստանում այլ երկրներից բերել-վաճառելու մշակույթն է շատ զարգացած, բայց պետք է նաեւ արտադրենք:

Հենց սկզբից պետք է մտածել նաեւ հեղինակային իրավունքները պաշտպանելու մասին. մենք առաջին տպաքանակից հետո էինք ամրագրել «Այլ կերպ» անվանումը եւ արդեն որոշակի խնդիրներ ունեցանք:
 
Սկզբում վստահ չէինք նաեւ, որ ինքներս կարող ենք գովազդն անել եւ աշխատողներ էինք փնտրում, բայց հասկացանք, որ դա էլ մենք կարող ենք անել, որովհետեւ մեր ոգեւորությունը միայն մենք ունենք:

Ամալի Խաչատրյանը զրուցում է «Այլ կերպ»-ի հիմնադիրների հետ

Լավ մտածված բիզնեսն առավելությունների է արժանանում

Սոֆյա. 2017-ին մեր խաղերը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից ճանաչվել են որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ եւ ազատվել ԱԱՀ-ից, այդ պատճառով խաղերի գինն իջել է: Խաղերի բովանդակությունը երաշխավորված է ԿԳՆ Լեզվի պետական տեսչության կողմից:

Անահիտ. Մենք սեղանի խաղերի նոր մշակույթ ենք բերել, ուրախ ենք, որ մեզնից հետո նոր արտադրողներ են հայտնվել: Եթե բոլորն էլ ստեղծարար լինեն, ավելի մեծ հաջողությունների կհասնեն: Պետք չէ կրկնօրինակել. եթե մեկի մոտ մի բան լավ է ստացվել, կարելի է նորը կամ դրանից տարբերվողը ստեղծել:

Էլինան, Սոֆյան, Անահիտը

Էլինա. Մենք մեր գործին խանդով ենք մոտենում, մտածում ենք՝ թեկուզ քիչ, բայց մեր միջոցներով իրականացնենք: Երբեւէ չենք ցանկացել աջակիցներ ունենալ, սակայն հիմա գիտակցում ենք՝ միջազգային շուկա դուրս գալու համար գուցե սկսենք այդ ուղղությամբ մտածել. լոգիստիկան շատ բարդ կլինի մեզ համար: Քանի որ «Զիլ Զառի» նախատիպը չկա, ուզում ենք անգլերեն տարբերակը ստեղծել, նաեւ մեր բոլոր խաղերն արեւմտահայերեն թարգմանել. պահանջարկը մեծ է:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ «Այլ կերպ»-ի

«Զրոյից» շարքի մյուս նյութերը
Դիտում՝ 31372
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW