«DZZZ-ող» լույսերի բիզնես, որ ընկերները «զրոյից» են հիմնել
05.04.2019 | 10:00
Գլխավոր էջ /
Նորություններ /
Զրոյից /

Լուսանկարը՝ Մեդիամաքս
































Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները:
***
Նիկոլայ Ավակովը, ընկերների՝ Լաուրա Պողոսյանի եւ Դավիթ Մկրտչյանի հետ 2016-ին հիմնել է DZZZ դիզայն ստուդիան, որը զբաղվում է լուսավորման սարքերի դիզայնով ու պատրաստմամբ, առաջարկում է նաեւ ինտերիերի դիզայնի ծառայություններ: 29-ամյա ճարտարապետ-դիզայները սեփական բիզնեսը սկսելուց մեկ տարի անց դուրս է եկել հիմնական աշխատանքից եւ փոքր քայլերով զարգացնում է իր ստուդիան՝ հրաժարվելով կողմնակի ներդրումներից:
Մի կտոր տախտակից
Ամեն ինչ սկսվել է այս չափի տախտակից.
2016-ին Նիկոլայը դեռ այլ ընկերությունում էր աշխատում, երբ հասկացավ՝ ինտերիերի դիզայնի ոլորտում լուսավորության հետ կապված խնդիր կա Հայաստանում: Դիզայների նախագծածը նույնությամբ հնարավոր չէր ստանալ, քանի որ լուսատու սարքեր գտնելը բարդ էր:
«Որոշեցի սկսել սեղանի լամպից, որն այդպես էլ չպատրաստեցի: Շինարարության վայրից մի կտոր տախտակ վերցրի ու գնացի ընկերոջս նկուղ, որ փորձեմ երկու նմանատիպ դետալ սղոցով կտրել ու միացնել իրար: Չկարողացա, բարդ էր ձեռքով կտրելը, CNC ֆրեզերային հաստոցների ծառայություն մատուցող վայր գտա աշխատատեղիս շատ մոտ: Մեր գրասենյակի սանհանգույցում տախտակներ էի պահում, ընդմիջմանը դրանք տանում էի, կտրել էի տալիս: Առավոտյան 40 րոպե շուտ արթնանում էի, պատշգամբում շուշաթղթում, գնում էի աշխատանքի, երեկոյան վերադառնում ու շարունակում էի գործս»,- պատմում է Նիկոլայը:
Առաջին քայլերը
Առաջին լուսատու սարքը երկու շաբաթում է սարքել. ամեն մի մասնիկ մյուսի հետ համադրելիս ոգեւորվում էր, ուրախանում, որ տեխնիկական գիտելիքները պրակտիկայում ինքնուրույն կարողանում է օգտագործել: Առաջին նմուշը չեն վաճառել, մշտապես պահում են գրասենյակում՝ որպես օրինակ ու խորհրդանիշ:
«Տանեցիներն օգնեցին, ֆոտո արեցինք սարքն ու տեղադրեցինք համացանցում: Միանգամից «բում» եղավ. շատ պատվերներ ստացանք: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համար գործընկերներս դիզայն էին նախագծում, մեր լույսերից պատվիրեցին: Նման լուրջ պատվեր ստանալը շատ ոգեւորիչ էր»,- հիշում է Նիկոլայը:
Գարաժից մինչեւ գրասենյակ
Նիկոլայը եւ Լաուրան գործը միասին են սկսել, հետագայում նրանց է միացել Դավիթը: Սկսել են աշխատել ավտոտնակում, վերջին տարիներին տեղափոխվել են արտադրական շենք. առաջին հարկում մեծ սարքավորումներն են, որտեղ հիմնական աշխատանքն են անում, երկրորդում պլանավորում են գործնական հանդիպումների սենյակ ձեւավորել:
«Միշտ գիշերն ենք աշխատել՝ ժամը 20:00-ից մինչեւ 3:00-4:00-ը: Այդ վատ ավանդույթը մինչեւ հիմա էլ մնացել է: Բոլորս մեր հիմնական աշխատանքը վերջացնում էինք, գալիս էինք տուն, հանգստանում ու գնում ավտոտնակ՝ գործ անելու, իսկ առավոտյան՝ կրկին աշխատանքի: Այդ ռիթմով գրեթե մեկ տարի աշխատել ենք»,- պատմում է Լաուրան:
Պարզ «լյուստրան»
Փայտը դժվար է մշակել, իսկ նրբատախտակը (ֆաներա) տարբեր հաստություններ ունի, ավելի ճկուն է, Նիկոլայը բացատրում է, որ դրանով կարելի է ցանկացած հանգույց սարքել, լեգոյի նման է:
«Դիզայնն ինքնըստինքյան ձեւավորվեց, մեզ մոտ ամեն ինչ մինիմալիստական, գծային է: Սկզբում ոչ բոլորն էին մեզ հասկանում, մարդկանց համար նրբատախտակն անընդունելի, երկրորդական նյութ է համարվում: Անգամ գնի վրա էին զարմանում, ասում էին՝ սովորական «դիֆտ» չէ՞»,- պատմում է Նիկոլայը:
«Մենք փորձեցինք մշակույթ փոխել, բացատրեցինք, որ «լյուստրան» ճոխ ռոկոկոն չէ, այն կարող է լինել նման պարզ մի բան: Մարդկանց առաջարկեցինք այլընտրանքային տարբերակ»,- հավելում է Լաուրան:
Քանի որ տախտակները կտրելու համար թիմը նախկինում վճարում էր, լուսատու սարքն ավելի թանկ էին վաճառում: Առաջին ու հիմնական մոդելն արժեր 80 000 դրամ, հիմա այն արժե 50-60 000 դրամ, որովհետեւ վերջերս են ձեռք բերել ֆրեզերային հաստոցն ու այժմ ոչ միայն սեփական արտադրանք են կարողանում կտրել, այլեւ իրենք են ուրիշներին նույն ծառայությունը մատուցում եւ գումար աշխատում:
«DZZZ-ումա»
Նիկոլայն ու Լաուրան նույն միտքը միասին են կրկնում՝ գործում այնքան սիրտ ու հոգի էին դնում, որ ամեն ինչ բնական էր ստացվում՝ ինչպես անվան ընտրությունն է:
«Մտածում էինք, որ մեր անվանումը պետք է հայերեն արմատ ունենա, բայց լատինատառ գրվի: Ուզում էինք անվանել D-zooma, հետո մտածեցինք՝ նմանվում է Zooma խաղին: Կարճ անվանեցինք DZZZ, շատերը նաեւ այն ասոցացնում են հոսանքի ձայնի հետ, մեկնաբանություններում էլ գրում են, թե ինչքան «դզող» լույսեր են, «դզում ա»»,- պատմում է Նիկոլայը:
Ֆեյսբուքով են ապահովում տարածումը: Երբ դեռ հաստոցներ չունեին, որոշել էին այն գնելու համար դրամահավաք անել, մարդկանց ներկայացնում էին գաղափարը եւ առաջարկում 1 դոլարի չափով աջակցել:
«Շատ հետաքրքիր փորձ էր, չնայած շատ քիչ գումար հավաքեցինք, իսկ մեզ մոտ $4000 էր պետք, սակայն crowdfunding-ի միջոցով մեր մասին ավելի շատ մարդ իմացավ»,- ասում է Լաուրան:
Ճգնաժամային պահեր
«Բարդ էր ֆինանսական տեսանկյունից հասկանալ ու հաշվարկել, թե ինչպես կարող ենք զարգացնել մեր բիզնեսը, որովհետեւ յուրաքանչյուր բիզնես էլ ներդրումներ է պահանջում, իսկ մենք չէինք ցանկանում ներդրողներ գտնել, չէինք ցանկանում, որ մեկ այլ անձ որոշումներ կայացնի, բիզնեսին մեր երեխայի նման էինք վերաբերվում»,- պատմում են Լաուրան եւ Նիկոլայը:
Ճգնաժամային պահեր շատ են եղել, հաճախ են ուզել ամեն ինչին վերջ դնել, բայց հասկացել են, որ շատ ավելի դժվար է հենց սեփական ստեղծածը դադարեցնելը:
«Յուրաքանչյուր հաստոցը գնելուց հետո մեզ մոտ զրո վիճակ էր: Թվում էր՝ մեր ամբողջ գումարը միայն սրա վրա ենք ծախսում: Հիմա նոր է եկել կայունության ու կրկին ստեղծագործելու ժամանակը»,- ասում է Լաուրան:
Երբ նոր էին սկսում, շատ գաղափարներ ունեին, բայց քանի որ պատվերներ սկսեցին պատրաստել, նոր մոդելների համար էներգիա եւ ուժ չէր մնում. նրանց ստեղծած մոդելները չորսն են:
Ի դեպ, սկզբում նաեւ ճոճաթոռ են պատրաստել, որը բավականին լայն տարածվել ու վաճառվել էր:
Խնդիր է նաեւ արտահանելը, արտասահմանից պատվերները շատ են, առաքումն է թանկ, հաճախ սարքի գնից ավելին է կազմում, ու մարդիկ հրաժարվում են:
Թիմը
Վերջին շրջանում Նիկոլայն է ստուդիայի պատասխանատուն. գործի մեծ մասը նա է անում: Դավիթն այժմ զբաղված է իր հիմնական աշխատանքով. DZZZ-ի գծագրական գործերն է անում՝ հեռակա կարգով: Լաուրան նույնպես զբաղված է իր գործով, հասարակական ոլորտում է աշխատում, ոչ ֆորմալ կրթության դասընթացավար է:
Երբ նոր էին սկսել, բոլորն ամեն գործ անում էին, հետո պարտականությունների բաժանում արեցին: Լաուրան կազմակերպչական գործերով էր զբաղվում, պատվիրատուների հետ կապն էր պահպանում: Նիկոլայը դիզայնի նախագծումն էր անում, Դավիթը՝ տեխնիկական մասը:
Լույսերը տեղադրում է թիմը: Ամբողջ աշխատանքին Նիկոլայը մինչեւ վերջ մասնակցում է: Ստուդիան նաեւ դիզայնի նախագծեր է անում, կոնկրետ տարածքների համար լուսատու սարքերի դիզայն է առաջարկում:
DZZZ-ի թիմն արդեն մեծացել է. երեք նոր աշխատող են ավելացել, որոնք օգնում են տեխնիկական աշխատանքում: Նպատակ ունեն դիզայներների հրավիրել, նոր մոդելներ ստեղծել: Ապագայում ցանկանում են նաեւ կահույքի պարագաներ պատրաստել, ապրանքային դիզայնով զբաղվել:
Շուկայում առանձնանալու մասին
DZZZ-ի հաճախորդների մեծ մասը ճարտարապետներ, դիզայներներ են: Պատվերները հիմնականում գրասենյակային տարածքների համար են, սակայն անհատական՝ բնակարանների համար պատվերներ նույնպես ունենում են:
«Ինչո՞ւ DZZZ-ը, ի սկզբանե, լավ աշխատեց, քանի որ Հայաստանում մենք առաջինն էինք, որ նման ծառայություն էինք մատուցում: Ոչ մի ուրիշ ընկերություն չկար, որը կպատրաստեր այլ դիզայներների, ճարտարապետների նախագծած լուսատու սարքերը. «ամենափախած» միտքը կարող ենք իրագործել»,- հպարտությամբ նշում են Լաուրան ու Նիկոլայը:
Ասա՝ ով է կողքինդ, ասեմ՝ ինչ է բիզնեսդ
Քչերն էին հավատում, որ DZZZ դիզայն ստուդիան կհասնի հաջողության: Լաուրան ասում է՝ Հայաստանում ընդունված է կայուն աշխատանք ունենալը, դրա համար էլ մարդկանց խորթ է հիմնական աշխատանքը թողնելն ու սեփական գործը սկսելը:
«Ինչքան էլ հավատաս քո ուժերին, կարեւոր է նաեւ ռեալ գնահատել շուկայի կարիքները, հասկանալ՝ որքանով է քո ապրանքը տարբերվում շուկայում ու արդյոք այն որեւէ ոլորտում խնդիր է լուծում: Մեր դեպքում աշխատեց փոքր քայլերով առաջ գնալը,- ասում է Լաուրան, Նիկոլայը շարունակում է. -Մեզ համար շատ հաճելի է, որ կարողացել ենք առանց կողմնակի ներդրումների առաջ գնալ: Հովանավորելու առաջարկներ եղել են, այնքան մեծ գումարներ էին պատրաստվում ներդնել, որ կարող էինք միանգամից երեք հաստոց գնել, բայց մենք հրաժարվում էինք»:
Նիկոլայը հաջողության պատճառներից ամենակարեւորը Լաուրայի աջակցությունն է համարում: Ըստ նրա՝ նոր բիզնես սկսելիս ցանկացածն աջակցության կարիք ունի:
«Կարեւորը գտնես հոգեհարազատ մարդու, որը քո ուժերին հավատում է, ու ամեն ինչ կհաղթահարես: Ինձ շատ օգնել եւ ոգեշնչել է Լաուրան, ամեն հարցում ասում էր, որ ես կարող եմ հաղթահարել»,- ամփոփում է Նիկոլայը:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ DZZZ-ի
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: