Ռուսաստանում կհայտնվի Apple Pay-ի եւ Google Pay-ի նմանօրինակը «Միր» քարտերի համար

19.10.2022 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#«Միր» #սմարթֆոն #վճարումներ
Ռուսաստանում սկսում են ներդնել Apple Pay-ի եւ Google Pay-ի նմանօրինակը «Միր» քարտերի համար. հոկտեմբերի 25-ին վճարման նոր եղանակը հասանելի կդառնա բանկերին ինտեգրվելու համար, հաղորդում է «Իզվեստիա»-ն։

Մասնավորապես, հաճախորդի սմարթֆոնի վրա կգեներացվի QR կոդ, որը խանութի գանձապահը կսկանավորի եւ դուրս կգրի ապրանքի գումարը։ Apple սմարթֆոնների սեփականատերերը նույնպես կկարողանան օգտվել «Միր» քարտի նոր ծառայությունից, ինչը թույլ կտա նրանց կրկին վճարել գնումների դիմաց առանց «պլաստիկի» օգնության:

«QR կոդն այս դեպքում հանդես կգա որպես քարտի մեկ այլ ձեւ եւ թույլ կտա ապրանքների եւ ծառայությունների համար վճարել առանց բանկային քարտ ներկայացնելու՝ միայն սմարթֆոնի միջոցով։ «Միր»-ի քարտապանը կկարողանա իր բջջային սարքի վրա ձեւավորել QR կոդ եւ այն ներկայացնել առեւտրի եւ սպասարկման ընկերությունում սկաների միջոցով «կարդալու» համար»,- պարզաբանել են «Միր» վճարային համակարգում։

Ռուսաստանյան «Почта Банк»-ում, որը նախատեսում է առաջիններից մեկը միանալ վճարման այս եղանակին, նշել են, որ, ի տարբերություն Արագ վճարումների համակարգի, որտեղ հաճախորդն է հեռախոսի օգնությամբ սկանավորում QR կոդը խանութի դրամարկղում, այստեղ՝ ընդհակառակը, խանութի աշխատակիցն է սկանավորում է QR կոդը, որը գեներացվում է հաճախորդի բանկային բջջային հավելվածում: Այս եղանակով վճարումն ավելի արագ է կատարվում, քան այն դեպքում, երբ հաճախորդը պետք է ինքը սկանավորի QR կոդը եւ հաստատի գործարքը բանկի բջջային հավելվածում։ Իսկ սա կարեւոր գործոն է մանրածախ ցանցերի համար, որտեղ անհրաժեշտ է արագ սպասարկել գնորդներին։

Այնուամենայնիվ, նշվում է, որ տեխնոլոգիայի համատարած ներդրման համար ինչպես  բանկերին, այնպես էլ խանութներին անհրաժեշտ կլինի կատարելագործել իրենց տեղեկատվական համակարգերը, ինչը կպահանջի ժամանակ եւ ֆինանսական միջոցներ։

Vepay վճարային ծառայության գլխավոր տնօրեն Գեորգի Նիկոնովը կարծում է, որ ծառայության պահանջարկը կախված կլինի բանկի հաճախորդի մոտիվացիայից։ Մասնավորապես, հաճախորդների մեծամասնությունը սովորական անհպում վճարման եղանակն օգտագործելիս քեշբեք է ստանում: «Ինչ վերաբերում է բուն մեթոդի հարմարությանը եւ ապրանքների ու ծառայությունների դիմաց կրկին առանց քարտի օգնության վճարելու հնարավորությանը, ապա սա միանշանակ կընդունվի եւ դուր կգա բոլոր մասնակիցներին, քանի որ դրան այլընտրանք գործնականում չկա»,- նշել է փորձագետը։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 57653
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW