Վոլոշինը եւ Սմբատյանը դարձել են ֆինտեխ ստարտափի համասեփականատերեր

05.08.2022 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ալեքսանդր Վոլոշին #Ալեքսանդր Սմբատյան #Bloomtech
ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար եւ «Յանդեքս»-ի տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր Վոլոշինը Genome Ventures-ի հիմնադիր Ալեքսանդր Սմբատյանի հետ միասին դարձել են Bloomtech ֆինտեխ ստարտափի համասեփականատերերը, հաղորդում է RB.ru պորտալը։

Պարբերականի կողմից հարցված փորձագետները միակարծիք են, որ այս գործարքը վենչուրային չէ: Երկու անձինք էլ ունեն բարձր քաղաքական կշիռ, ինչը հեշտացնում է մուտքը Ռուսաստանի բանկային հատված, իսկ շուկան այժմ հետաքրքրված է բանկերի համար հարթակային լուծումներով՝ ներմուծման փոխարինման միտումի շրջանակում։

United Investors-ի համահիմնադիր Ալեքսանդր Գորնիյը նշել է, որ սա ավելի շատ գործընկերություն է, քան ներդրումներ դասական իմաստով. «Ալեքսանդր Վոլոշինի նման ներդրողը ներդնում է ոչ այնքան գումար, որքան՝ անգնահատելի կապեր: Գործող տեխնոլոգիան եւ այն առաջ մղելու ռեսուրսը կատարյալ համադրություն են»:

Ռուսաստանի Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի տվյալներով՝ Վոլոշինը եւ Սմբատյանը 2022 թվականի հուլիսին «Բլումտեխ» ՍՊԸ-ում ստացել են 25-ական տոկոս՝ այս ընկերությունն աշխատում է բանկային հատվածի համար հարթակային լուծումների ուղղությամբ։

Նախագիծը զարգացնում է Վիտալի Սատարովը (այժմ նրան է պատկանում բաժնետոմսերի 50%-ը), ով նաեւ հայտնի է որպես Ubic-ի հիմնադիր (ընկերությունը մշակում է մեծ տվյալների վերլուծության լուծումներ պետական կառույցների եւ խոշոր կորպորացիաների համար):

Bloomtech-ն, ըստ իր կայքում ներկայացված տեղեկատվության, առաջարկում է պարտքային բեռի ցուցանիշի հաշվարկի, հաճախորդների տվյալների ավտոմատ վավերացման, խարդախության դեմ պայքարի (anti-fraud) եւ ցանցային վերլուծության համար ծառայություններ:

Ընկերությունն իրեն դիրքավորում է որպես «ֆիզիկական անձանց հաշիվների տվյալների մասին միջբանկային պաշտպանված վերլուծության համար ֆինտեխ հարթակ, որի նպատակն է նվազեցնել խարդախության եւ դեֆոլտի ռիսկը»:

News-24.ru պորտալի փոխանցմամբ՝ Ալեքսանդր Սմբատյանը Genome Ventures-ը հիմնադրել է 2015 թվականին։ Նշվում է, որ ընկերության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է տեխնոլոգիաների վրա, որոնք նպաստում են առողջապահության, կրթության եւ հաղորդակցության նկատմամբ անհատական մոտեցման զարգացմանը։

Ալեքսանդր Սմբատյանը նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել խոշոր կորպորացիաներում, եղել է էլեկտրոնային առեւտրի եւ մեդիա ոլորտներում գործող ստարտափների համահիմնադիր: Ներկայում նա նաեւ խորհրդատվություն է տրամադրում Ռուսաստանի առաջատար ձեռնարկություններին՝ նորարարական քաղաքականության եւ տեխնոլոգիական ձեռներեցության հարցերով: Նա նաեւ ծրագրեր է ավարտել Քեմբրիջի բիզնես դպրոցում եւ Սթենֆորդի բիզնեսի բարձրագույն դպրոցում:

Սմբատյանն ու Վոլոշինը Genome Ventures ընկերության համասեփականատերերն են։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 101169
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW