ԱՄՆ ֆինտեխ շուկայում $4 միլիարդի գործարք է կնքվել

02.08.2022 | 13:43 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Global Payments #EVO Payments
Վճարային տեխնոլոգիաների եւ ծրագրային լուծումների համաշխարհային մատակարարը՝ ամերիկյան Global Payments ֆինտեխ ընկերությունը հայտարարել է EVO Payments ընկերության ձեռքբերման մասին, որը մասնագիտացած է էքվայրինգի ոլորտում լուծումների մշակման ուղղությամբ։

Գործարքի գումարը կկազմի $4 միլիարդ, Global Payments-ը EVO-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար կվճարի $34։ Գործարքը միաձայն հավանության է արժանացել յուրաքանչյուր ընկերության տնօրենների խորհուրդների կողմից, այն նախատեսվում է փակել 2023 թվականի առաջին եռամսյակից ոչ ուշ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս ձեռքբերումը զգալիորեն կընդլայնի Global Payments-ի թիրախային շուկաները, էլ ավելի կամրապնդի իր առաջատար դիրքերն ինտեգրված վճարումների ոլորտում ամբողջ աշխարհում, կընդլայնի ներկայությունը նոր ու գոյություն ունեցող տարածաշրջաններում, ինչպես նաեւ կհամալրի ընկերության ծրագրային ապահովումը եւ B2B վճարային լուծումները:

Գործարքը կընդլայնի Global Payments-ի աշխարհագրական դիրքերն ի հաշիվ այնպիսի տարածաշրջանների, ինչպիսիք են Լեհաստանը, Գերմանիան, Չիլին, Հունաստանը, ինչպես նաեւ կընդլայնի մասշտաբները գոյություն ունեցող շուկաներում, ներառյալ՝ ԱՄՆ-ը, Կանադան, Մեքսիկան, Իսպանիան, Իռլանդիան եւ Միացյալ Թագավորությունը:

«EVO-ի ձեռքբերումը գերազանց կերպով լրացում է տեխնոլոգիաների վրա հիմնված մեր ռազմավարությունը եւ զգալի հնարավորություններ է տալիս մեր բիզնեսն ընդլայնելու համար: EVO-ի հետ միասին մենք կարող ենք տրամադրել եզակի ծրագրային ապահովման եւ վճարային լուծումների աննախադեպ ընտրանի 4,5 միլիոն առեւտրային կետերի եւ ավելի քան 1500 ֆինանսական հաստատությունների համար ամբողջ աշխարհում»,- ասել է Global Payments-ի նախագահ եւ գլխավոր գործառնական տնօրեն Քեմերոն Բրեդին (Cameron Bready):

Իր հերթին, EVO-ի գլխավոր տնօրեն Ջիմ Քելլին (Jim Kelly) ընդգծել է, որ գործարքը կմիավորի իրար փոխլրացնող տեխնոլոգիական պրոդուկտների եւ գործընկերային հարաբերությունների պորտֆելներ՝ ստեղծելու ավելի ուժեղ կազմակերպություն, որը կսպասարկի հաճախորդների ավելի լայն բազայի:

Global Payments-ում աշխատում է մոտ 25 000 մարդ ամբողջ աշխարհում, ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Ջորջիա նահանգում: EVO Payments ընկերությունը, որի կենտրոնակայանը Ատլանտայում է, ունի շուրջ 2 400 աշխատակից եւ սպասարկում է ավելի քան 550 000 վաճառողի ամբողջ աշխարհում:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 63088
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW