ՎՏԲ-ն թվային բանկ կգործարկի Telegram-ում

20.06.2022 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#ՎՏԲ #Telegram #թվային բանկ
ԱՄՆ-ի արգելափակող պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանյան ՎՏԲ բանկը նախատեսում է մինչեւ 2022 թվականի ավարտը թվային բանկ գործարկել Telegram մեսենջերում։

Այս մասին RBC-ին պատմել է ՎՏԲ-ի Վարչության անդամ Սվյատոսլավ Օստրովսկին։ Telegram-ում իր թվային բանկը կկատարելագործի նաեւ նույն պատժամիջոցների տակ գտնվող «Ալֆա-բանկ»-ը, պարբերականին հայտնել է վերջինիս ներկայացուցիչը։ Նմանատիպ գործառույթ մասամբ ներդրված է նաեւ ՄՏՍ Բանկում։

2022 թվականի մարտին պատժամիջոցների սահմանումից հետո VTB Online բջջային հավելվածը հեռացվել է iPhone-ի App Store-ից՝ դադարելով աշխատել iPhone-ի վրա։ Android-ում հավելվածը շարունակում է աշխատել (հեռացված է Google Play հավելվածների խանութից, սակայն հասանելի է անմիջապես ՎՏԲ կայքից ներբեռնելու համար): Ավելի ուշ App Store-ում հայտնվել է Balance հավելվածը, որն ամբողջությամբ կրկնօրինակում է VTB Online-ի գործառույթները։ ՎՏԲ-ն նաեւ բարելավել է իր ինտերնետ բանկի հնարավորությունները բջջային սարքերի համար:

«Մենք տեսնում ենք, որ հաճախորդների սովորությունները փոխվում են. նրանք սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել Telegram-ում եւ սոցիալական ցանցերում, բրաուզերի փոխարեն օգտվում են նման ծառայություններից որպես մուտքի կետ դեպի թվային տարածք: Հետեւաբար, հաճախորդներին կառաջարկենք լիարժեք առցանց բանկ Telegram-ում ՝ հնարավորություն տալով նրանց հարմարավետ եւ անվտանգ կերպով կատարել վճարումներ, փոխանցումներ, ծանոթանալ հաշվեկշռին եւ ձեւակերպել պրոդուկտներ»,- մեկնաբանել է Օստրովսկին մեսենջերի ընտրությունը:

Ինչպես է բանկն աշխատելու Telegram-ում

Նոր թվային բանկը կգործարկվի Telegram-ում արդեն իսկ գործող ՎՏԲ-ի չատ-բոտի հիման վրա։ Դրա օգնությամբ հաճախորդները կկարողանան ծանոթանալ հաշվեկշռին, բանկային պրոդուկտների մասին տեղեկատվությանը, կատարել փոխանցումներ եւ վճարումներ։ Օստրովսկին նշել է, որ ապագայում ՎՏԲ-ն դրանում կավելացնի նոր գործառույթներ՝ կախված օգտատերերի ցանկություններից, այնուհետեւ Telegram-ում գործառույթները կհասցնի մինչեւ լիարժեք բջջային հավելվածի:

Գործարքն իրականացնելու համար հաճախորդը պետք է մեսենջերում անցնի հավաստագրում՝ նշելով մուտքանունը եւ գաղտնաբառը, ինչպես VTB Online հավելված մուտք գործելիս: Այնուհետեւ ՎՏԲ-ի թվային օգնականը հաճախորդին կառաջարկի ընտրել անհրաժեշտ ֆինանսական գործարքը եւ իրականացնել այն անմիջապես մեսենջերում։

Մեսենջերներում բանկերից օգտվելու ռիսկերը համեմատելի են կայքերում վճարումներ կատարելու հետ. օգտատերերը պետք է զգոն լինեն, որպեսզի խուսափեն ֆիշինգից կամ զեղծարարների այլ գործողություններից, նշել է «Կասպերսկի լաբորատորիայի» գլխավոր փորձագետ Սերգեյ Գոլովանովը:

Նա ընդգծել է, որ Telegram-ում բանկն օգտագործելու համար օգտատերը պետք է ապահով կերպով պաշտպանի իր հեռախոսը, օգտագործի մեսենջերում երկգործոն նույնականացումը եւ ապահովի բոլոր սարքերի պաշտպանությունը, որոնք միանում են մեսենջերին։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 59943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW