Աֆրիկյան ֆինտեխ ստարտափի հաստատուն քայլերը

13.06.2022 | 18:01 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Chipper Cash #Հեմ Սերունջոգի #Մայջիդ Մուջալեդ
Սա պատմություն է այն մասին, թե ինչպես երկու երիտասարդ Ուգանդայից եւ Գանայից մտածեցին, որ կարող են մի ամբողջ կարողություն վաստակել՝ միջազգային ֆինանսական ծառայություններ մատուցելով Աֆրիկայի մոտ 1,2 միլիարդ բնակչությանը: Chipper Cash ստարտափի օգտատերերի ընթացիկ բազան կազմում է 5 միլիոն մարդ, եւ այն դեռ նոր է կերտում իր ճանապարհը։

Ինչպես գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը, Աֆրիկայի բնակչության միայն մոտ 40%-ը հասանելիություն ունի բանկերին եւ օգտվում է դրանց ծառայություններից։ Սա մայրցամաքը հարուստ տարածք է դարձնում ֆինտեխ ստարտափների համար, որոնք ձգտում են հարյուր միլիոնավոր աֆրիկացիների համար հասանելիություն ապահովել ֆինանսական գործիքներին բջջային հեռախոսների միջոցով:

Chipper Cash-ի ստեղծման գաղափարը ծնվեց, երբ Ուգանդայից 24-ամյա Հեմ Սերունջոգին, լինելով դեռ դպրոցական, տեսավ, թե ինչ դժվարությունների էր բախվում իր հայրը, երբ փորձում էր գումար փոխանցել Աֆրիկայի թերզարգացած բանկային համակարգի միջոցով: 2010 թվականին 16-ամյա Սերունջոգին երիտասարդական Օլիմպիական խաղերում դարձավ Ուգանդայի լողի հավաքականի անդամ։ Մինչ ընթանում էին մարզումները, հայրը, բախվելով  բանկային փոխանցման հետ կապված խնդիրների, ստիպված եղավ կանխիկ գումարով թռչել Հարավային Աֆրիկա՝ վճարելու որդու լողի մարզիչին:

Դպրոցն ավարտելուց հետո Սերունջոգին ընդունվեց քոլեջ, որտեղ ծանոթացավ Մայջիդ Մուջալեդի հետ, ով համակարգչային տեխնոլոգիաներ էր սովորում։ Նրանք գրեթե անմիջապես սկսեցին քննարկել, թե ինչպես կարելի է ստեղծել աֆրիկյան հավելված գումար փոխանցելու համար։ Այնուամենայնիվ, երիտասարդները նախ ցանկանում էին իրական փորձ ձեռք բերել տեխնոլոգիաների ոլորտում։ Այդ իսկ պատճառով առաջին կուրսում Սերունջոգին համառորեն նամակներ էր գրում Մարկ Ցուկերբերգին եւ, ի վերջո, նրան հաջողվեց ստաժավորվել Facebook-ում: 2016 թվականին՝ քոլեջն ավարտելուց հետո, այս փորձը երիտասարդի համար վերաճեց լիարժեք աշխատանքի Դուբլինում:

2018 թվականի գարնանը Սերունջոգին հաղորդագրություն ուղարկեց Մուջալեդին, ով Սան Ֆրանցիսկոյում ծրագրային ապահովման մշակող էր, եւ ասաց, որ գործելու ժամանակն է: Սերունջոգին թողեց իր աշխատանքը եւ տեղափոխվեց Մուջալեդի մոտ, որտեղ ստիպված էր քնել խոհանոցում փչովի ներքնակի վրա: Որպես ընկերության համար սկզբնական կապիտալ ընկերներն օգտագործեցին մոտ $30 հազարի ընդհանուր խնայողությունները եւ Մուջալեդի աշխատավարձը: 2018 թվականի հուլիսին նրանք գործարկեցին հավելվածի փորձնական  տարբերակը՝ հնարավորություն տալով հաճախորդներին անվճար գումար ուղարկել Ուգանդայից Գանա:

Իրենց առաջարկով ստարտափի հիմնադիրները դիմեցին ավելի քան 50 վենչուրային հիմնադրամների, եւ 2018 թվականի նոյեմբերին ամերիկյան 500 Startups վենչուրային հիմնադրամը եւ ստարտափ աքսելերատորը համաձայնվեց $150 000 ներդնել բիզնեսում։ Դեռեւս մինչեւ փաստաթղթեր ստորագրելը 500 Startups-ի նախկին գործընկեր Շիլ Մոհնոտը ընկերությանը $40 հազար փոխանցեց այն բանից հետո, երբ Սերունջոգին պատմեց, որ դժվարություններ ունի վարձակալության դիմաց վճարելու հետ: «Ես հավերժ երախտապարտ կլինեմ նրան դրա համար»,- խոստովանել է Սերունջոգին:

Համեմատած հասանելի այլընտրանքների հետ՝ Chipper Cash-ի պարզ հավելվածը մեծ առաջընթաց էր: Օրինակ, 2007 թվականին գործարկված քենիական M-Pesa ծառայությունը շատ ներքին փոխանցումների համար գանձում է 1-2% միջնորդավճար։

2019 թվականի կեսերին Chipper Cash-ը հասանելի էր Ուգանդայում, Գանայում, Քենիայում եւ Ռուանդայում: Քիչ անց ծառայությունը հայտնվեց Նիգերիայում՝ Աֆրիկայի խոշորագույն շուկայում՝ ավելի քան 200 միլիոն բնակչությամբ, եւ մինչեւ տարեվերջ լսարանը հասավ 600 000 օգտատերի։ Բացի այդ, շահույթ ստանալու նպատակով արժույթների փոխանակման համար ներդրվեց միջնորդավճար՝ 2-5% միջակայքում։ Բիթքոինի փոխարժեքը $14 000-ից մինչեւ $20 000 բարձրանալու հետ մեկտեղ, 2020 թվականի աշնանը հարթակը թույլ տվեց հաճախորդներին գնել եւ վաճառել բիթքոին ու էթերիում՝ այդպիսով ապահովելով իրենց համար բիզնեսի եւս մեկ եկամտաբեր ուղղություն՝ ակտիվների գնման համար միջնորդավճարներ:

2021 թվականի վերջին ընկերության կապիտալիզացիան հասավ $2,2 միլիարդի, իսկ ներդրողների թվում սկսեցին հայտնվել այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Սեմ Բենքման-Ֆրիդի FTX կրիպտոբորսան, Ribbit Capital-ը եւ Bezos Expeditions-ը: Գործարքների ծավալը 2021 թվականի առաջին եռամսյակի $200 միլիոնից մեկ տարի անց աճեց մինչեւ $1,6 միլիարդ:

Հիմնադրումից չորս տարի անց Chipper Cash-ն ունի 5 միլիոն գրանցված օգտատեր յոթ երկրներում, այդ թվում՝ Ուգանդայում, Գանայում եւ Նիգերիայում: Ծառայության օգնությամբ առաջարկվում է իրականացնել ոչ միայն էժան դրամական փոխանցումներ, այլեւ վճարել հաշիվները, առեւտուր անել կրիպտոարժույթներով եւ գնել ամերիկյան արժեթղթեր։ Կրիպտոարժույթներով գործարքները չհաշված` 2021 թվականին ստարտափը վաստակել էր ավելի քան $75 միլիոն, թեեւ դեռեւս 2020 թվականին եկամուտը կազմել էր $18 միլիոն։

Առայժմ Սերունջոգին կենտրոնացած է Chipper Cash-ի սրընթաց աճի տեմպերը պահպանելու եւ շահույթ ապահովելու վրա, միաժամանակ, գործարարն օգնում է աֆրիկյան համայնքին: Նրա խոսքով՝ հաճախորդները շահում են, երբ կարող են հեշտությամբ գումար փոխանցել, ստեղծել ներդրումների նոր եղանակներ եւ ավելացնել բարեկեցությունը։ «Ես խորապես համոզված եմ նրանում, թե որքան կարեւոր են  ձեռներեցությունը եւ կապիտալը զարգացող երկրների բնակչության պայմանները բարելավելու գործում»:

CB Insights վերլուծական գործակալության տվյալներով՝ ներդրումային հիմնադրամներն անցած տարի ֆինանսավորել են աֆրիկյան ֆինտեխ ընկերություններին $1,5 միլիարդի չափով․ 2020 թվականի համեմատ այս ցուցանիշն աճել է յոթ անգամ։ Ներկայումս Սահարայից հարավ ընկած տարածքում բնակիչները գրանցել են մոտ 605 միլիոն բջջային դրամապանակ, որոնցից հնարավոր է միջոցներ ուղարկել SMS-ի միջոցով․ 2018 թվականին նման հաշիվների թիվը 469 միլիոն էր: Այս հանգամանքը տարածաշրջանը պարարտ հող է դարձնում ֆինանսները կառավարելու համար ավելի առաջադեմ սպառողական հավելվածների զարգացման համար։

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 48206
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW