Swile ֆինտեխ ստարտափն օգնում է ֆրանսիացիներին վճարել լանչի համար

13.10.2021 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Swile #լանչ #վճարումներ
Ֆրանսիական Swile ֆինտեխ ստարտափը, որը վճարային լուծումներ է առաջարկում ընկերությունների աշխատակիցներին կեսօրվա ճաշի համար, ֆինանսավորման հերթական փուլի շրջանակում ներգրավել է $200 մլն։

Ինչպես հաղորդում է Techcrunch-ը, Ֆինանսավորման նոր փուլի շնորհիվ ստարտափը ստացել է «միաեղջյուրի» կարգավիճակ, ինչը նշանակում է, որ Swile-ը գնահատվել է $1 միլիարդ կամ ավելի: Փուլը գլխավորել է SoftBank International Group-ը, որի նախագահ Միշել Կոմբեսը միացել է Swile-ի տնօրենների խորհրդին:

Ներդրումային փուլին մասնակցել են նաեւ ստարտափի գործող ներդրողները՝ Eurazeo ներդրումային ընկերությունը, Index Ventures վենչուրային ընկերությունը եւ Bpifrance ներդրումային բանկը:

Տարեցտարի Swile-ն ավելացնում է ֆինանսավորման փուլերի ծավալները: 2018-ին ստարտափը ներգրավել էր $17,4 մլն, 2019-ին՝ $34,7 մլն, 2020-ին՝ $81 մլն:

Գործարկումից ի վեր Swile-ը սկսել է վճարային քարտ առաջարկել աշխատակիցների սննդամթերքի կտրոնները պահելու համար: Որպես կանոն, Ֆրանսիայում ընկերություններն իրենց ներդրումն են ունենում կեսօրվա ճաշի կազմակերպման մեջ: Որոշ ընկերություններ առաջարկում են մատչելի ճաշացանկով սրճարաններ, իսկ մյուսները հատկացնում են սննդի վաուչերներ՝ ռեստորաններում եւ սրճարաններում ծախսելու համար:

Բայց պատահում են դեպքեր, երբ աշխատակիցները ստիպված են լինում ծախսել օրական բյուջեից ավելի շատ, եւ անհրաժեշտություն է առաջանում օգտագործել կտրոնն ու անձնական բանկային քարտը: Ստարտափի օգնությամբ աշխատակիցները կարող են ցանկության դեպքում ավելացնել իրենց անձնական դեբետային քարտը Swile հավելվածում: Երբ նրանք ծախսում են օրական սահմանաչափից ավելի շատ, Swile-ն ավտոմատ կերպով գումար է գանձում հաճախորդի անձնական քարտից:

Գործարկումից ընդամենը չորս տարի անց Swile-ը գրավել է Ֆրանսիայում սննդամթերքի կտրոնների շուկայի 13%-ը: Swile-ը եկամուտ է ստանում միջնորդավճարներից: Բացի փոքր եւ միջին ընկերություններից, ստարտափին հաջողվել է համոզել ավելի խոշոր հաճախորդների, ինչպիսիք են Ֆրանսիայում Carrefour սուպերմարկետների ցանցը եւ դրա 65 000 աշխատակիցները: Swile-ի հաճախորդների թվում են նաեւ Doctolib-ը, Spotify-ն ու Airbnb-ն:

Բացի քարտից, Swile-ը ցանկանում է ստեղծել հավելված՝ աշխատակիցների ներքին հաղորդակցությունը բարելավելու, անանուն հարցումներ անցկացնելու եւ նրանցից հետադարձ կապ ստանալու համար: Այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել Briq մշակողին:

Swile-ն ունի նաեւ հավակնոտ միջազգային նպատակներ. Բրազիլիան եւ Մեքսիկան ընկերության համար խոստումնալից շուկաներ են:

Ստարտափը նախատեսում է մինչեւ 2022 թվականը վարձել 500 աշխատակից՝ կրկնապատկելով անձնակազմի թիվը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 15423
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW