Չինական WeBank-ի հաջողության գրավականը

18.01.2021 | 10:12 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#WeBank #Հենրի Մա
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ աշխարհի խոշորագույն թվային բանկերից մեկի` WeBank-ի գործադիր փոխնախագահ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Հենրի Մայի հարցազրույցից՝ հրապարակված Bloomchain.ru կայքում։

WeBank-ը առաջին մասնավոր եւ առաջին ամբողջովին թվային բանկն է Չինաստանում։ Այն գրանցվել է 2014թ․ վերջին. արդեն այն ժամանակ մենք հասկանում էինք, որ մեր առաքելությունը պետք է կայանա ֆինանսական ծառայությունների մատչելիության եւ որակի բարձրացման մեջ այն ֆիզիկական անձանց համար, ովքեր չունեն բանկային հաշիվներ, ինչպես նաեւ փոքր եւ միջին բիզնեսի համար:

Մենք աշխատում ենք օգտագործել ամենաառաջադեմ տեխնոլոգիաները` կապված արհեստական բանականության, բլոկչեյնի, ամպային հաշվարկների եւ big data-ի հետ։ Ներկայումս մենք սպասարկում են ավելի քան 200 մլն ֆիզիկական անձ եւ 1,3 մլն ընկերություն։

WeBank-ի ամենախոշոր բաժնետերը Tencent Holdings ներդրումային ընկերությունն է։

Մենք աշխատում ենք մեր մշակողների կողմից ստեղծած ենթակառուցվածքի հիման վրա: 2019թ․ բանկին հաջողվեց օրական 574 մլն գործարք մշակել. միգուցե, այս ցուցանիշը մեզ թույլ է տալիս խոսել մեր՝ որպես աշխարհի խոշորագույն բանկերից մեկի մասին: Մյուս կողմից, այդ գործարքների կառուցվածքը շատ է տարբերվում ավանդական բանկերի գործարքներից. մենք իրականացնում ենք զգալի քանակությամբ փոքր փոխանցումներ:

WeBank-ում աշխատում են ավելի քան երկու հազար աշխատակիցներ, եւ նրանց մոտ 56%-ը ներգրավված է ծրագրավորման, ենթակառուցվածքների նախագծման կամ տվյալների վերլուծության ոլորտում: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում բաց ելման կոդերի տեխնոլոգիաներին եւ սարքավորումների ստանդարտացմանը՝ մեր ծախսերի խնայողություններն առավելագույնի հասցնելու համար:

***

Մենք ցանկանում ենք սպասարկել շուկայի այն հատվածին, որին կամ թույլ հասանելի են, կամ ընդհանրապես հասանելի չեն բանկային ծառայությունները: Մեր հաճախորդներից շատերը փոքր ընտանեկան խանութների տերերն են: Ավանդական բանկերը մեծ ուշադրություն չեն դարձնում շուկայի այս հատվածին: Մեր նպատակն է ֆինանսական ծառայություններն ավելի մատչելի դարձնել փոքր տնային տնտեսությունների համար:

Մենք փորձում ենք այս խնդիրը լուծել տեխնոլոգիաների միջոցով: Գլխավոր խնդիրը` շուկա մուտք գործել ծախսերի բոլորովին այլ կառուցվածքով: Ավանդական բանկերի համար այս հատվածի հետ աշխատանքը շատ թանկ կլիներ: Օրինակ, մեր համակարգի շրջանակում մեկ գործարքի մշակումն արժե ընդամենը 3,6 յուան, կամ մոտավորապես $0,5: Չինաստանի ավանդական բանկերի համար մեկ գործարքն արժե մոտ տասն անգամ ավելի, իսկ եթե խոսենք միջազգային խոշոր բանկերի մասին, ապա դրանց ծախսերի չափը մեր համեմատ ավելանում է 20-30 անգամ:

Մեր կողմից սպասարկվող հաճախորդների զգալի մասը մեծ թվով գործարքներ չեն կատարում, իսկ նրանց բիզնեսը հսկայական շահույթ չի բերում: Օրինակ, 2019թ․ մեր հաճախորդներից յուրաքանչյուրը բանկին բերել է միջինում $10: Ինչպես եւ ծախսերի դեպքում էր, այս գումարը եւս մոտ տասն անգամ պակաս է, քան չինական խոշոր բանկերում, եւ 20-30 անգամ պակաս, քան արտասահմանյան խոշոր բանկերում: Այնուամենայնիվ, 2015 թվականից մենք շահութաբեր ընկերություն ենք:

***

Մեր բանկում վարկային հայտի մշակումը տեւում է հինգ վայրկյանից պակաս: Մի փոքր ավելի շատ ժամանակ է ծախսվում միջոցների փոխանցման վրա. դրա համար հարկավոր է մի քանի հպում կատարել եւ սպասել մի քանի րոպե: WeBank-ի հաշվից գումարի փաստացի դուրս գրման գործընթացը տեւում է մեկ վայրկյանից պակաս, սակայն ընդունող բանկին սովորաբար մի փոքր ավելի շատ ժամանակ է պահանջում գործարքը մշակելու համար:

Սա այն հաճախորդային փորձն է, որը մենք աշխատում ենք առաջարկել շուկային: Մեր նպատակային լսարանը մեզանից որակյալ ծառայություններ է ակնկալում, քանի որ նրանք սովոր են առցանց աշխատել: Ցանկացած գործողություն իրագործվում է իրական ժամանակում եւ իրականացվում է ընդամենը մի քանի հպումով:

Մենք աշխատում ենք բազմաթիվ ինտերնետ հարթակների հետ, եւ, փաստացի, դրանց մեջ ենք ներկառուցում մեր ֆինանսական պրոդուկտները: Մենք նաեւ օգտագործում ենք գործընկերների հաճախորդային բազաները՝ օգտատերերի վարկունակությունը նախնական գնահատելու համար։

Այն բանից հետո, երբ մեզ է դիմում հավանական հաճախորդը, մենք վերլուծում ենք նրա մասին տվյալները եւ ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում որոշում այն գումարի չափը, որը նա կարող է վերցնել մեզանից. այն անմիջապես ցուցադրվում է նրա բջջային հեռախոսում: Արդյունքում, վարկային հայտը ներկայացնելու համար հաճախորդները կարիք չունեն շփվել մարդկանց հետ:

***
Արհեստական բանականությունը, բլոկչեյնը, ամպային տեխնոլոգիաները եւ big data-ն հնարավորություն են տալիս մեզ ավելի ակտիվ համագործակցել օգտատերերի հետ։ Օրինակ, հաճախորդների աջակցման մեր ծառայությունն աշխատում է հիմնականում արհեստական բանականության հիման վրա։ Մենք օրական ավելի քան մեկ միլիոն հարցում ենք ստանում, եւ դրանցից 98%-ը մշակվում է չատ բոթերի միջոցով:

Բլոկչեյնի օգնությամբ մենք արձանագրում ենք գործարքների շատ մանրամասներ՝ որպես թվային ապացույցներ: Իսկ ամպային տեխնոլոգիաները թույլ են տալիս հասնել այն մասշտաբին, որն այսօր ունենք:

Վերջապես, մենք օգտագործում ենք big data-ն ինչպես հաճախորդի վարկունակությունը գնահատելու, այնպես էլ մարքեթինգային արշավները ճշգրտելու համար, ինչը մեզ թույլ է տալիս առաջ մղել մեր ծառայությունները տվյալ լսարանի համար:

Տեղեկանք․ 2019թ․ տվյալներով՝ WeBank-ի զուտ շահույթը կազմել է 3,95 մլրդ յուան (մոտ $600 մլն), տարեկան աճը՝ 59,7%։ Բանկի ընդհանուր ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են 32%-ով եւ հասել 300 մլրդ յուանի (մոտ 4,5 մլրդ-ի)։  

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 22389
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW