Բանկերը հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսում իրենց վճարումների արդիականացման վրա, սակայն հաճախ իրենց ներդրումներն արդյունքի չեն հանգեցնում։Ինչպես հաղորդում է Frank Media-ն, Accenture ընկերությունը հարցում է անցկացրել բանկերի թոփ մենեջերների շրջանում ամբողջ աշխարհում եւ պարզել՝ որոնք են առանցքային խնդիրները եւ ինչպես բանկերը պետք է լուծեն դրանք։Վճարային համակարգի արդիականացման անհրաժեշտությունն ավանդական բանկերի համար առավել քան երբեւէ հրատապ է: Սպասվում է, որ հաջորդ տասնամյակում $48 տրլն-ի ընդհանուր ծավալով շուրջ 2.7 տրլն գործարքներ իրականացվելու են քարտերի եւ այլընտրանքային վճարային գործիքների միջոցով, այլ ոչ թե կանխիկ:Որոշ տարածաշրջաններում, օրինակ՝ Արեւմտյան Եվրոպայում, փոփոխությունները կլինեն աստիճանական, քանի որ էլեկտրոնային վճարումների շուկան հիմնականում արդեն ձեւավորվել է: Այլ տարածաշրջաններում, ինչպիսիք են Հարավարեւելյան Ասիան եւ Լատինական Ամերիկան, էլեկտրոնային վճարումներին անցումը կարող է ավելի կտրուկ լինել:Accenture-ը հարցում է անցկացրել Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի, Բրազիլիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների բանկերի վճարային դեպարտամենտների 120 ղեկավարների շրջանում՝ գնահատելու համար, թե որքանով են բանկերը պատրաստ գործառնական միջավայրի փոփոխությանը։ Ընկերությունը նաեւ պարզել է բանկերի թոփ մենեջերների կարծիքը լավագույն ռազմավարությունների եւ մոտեցումների մասին՝ վճարումների արդիականացումից շահույթ ստանալու առումով։Հետազոտությունը հաստատում է, որ շատ բանկեր ներդրումներ են կատարել վճարումների արդիականացման բազմամյա ծրագրերում։ Սակայն հարցումը նաեւ վկայում է, որ ներդրումները հաճախ պայմանավորված են ոչ թե հաճախորդի կարիքներով, այլ արտաքին պահանջներով, այսինքն՝ կարգավորման փոփոխություններով: Այս մոտեցումը հանգեցնում է ներդրումների ցածր եկամտաբերությանը: Առաջատար բանկերի թոփ մենեջերների հետ խորքային հարցազրույցները ցույց են տալիս, որ լավագույն արդյունքները ձեռք են բերվում այն ժամանակ, երբ բանկերը վճարումների արդիականացումը դիտարկում են որպես ռազմավարական բիզնես նախաձեռնություն:Հարցմանը մասնակցած բանկերի մեծամասնությունը գիտակցել է վճարումների արդիականացման մեջ ներդրումներ կատարելու կարեւորությունը, իսկ 10 հարցվածներից 7-ը համաձայնվել են, որ վճարային բիզնեսի վերափոխումը իրենց թվային փոխակերպման ավելի լայն ծրագրի առանցքային տարրն է: Հյուսիսային Ամերիկայի բանկերն ավելի մեծ ուշադրություն են դարձնում արդիականացմանը (հարցվածների 88%-ը), մինչդեռ եվրոպականներն ավելի քիչ են հետաքրքրված: Accenture-ի վերլուծաբանների կարծիքով՝ դա կախված է շուկայի զարգացվածության աստիճանից: Եվրոպայում ենթակառուցվածքներն ավելի լավ են զարգացած, ուստի այնտեղ վճարումներից ստացված եկամուտների աճի ավելի քիչ ներուժ կա:Այնուամենայնիվ, բանկերի միայն փոքր մասն է էական օգուտ ստացել վճարումների արդիականացման իրենց ծրագրերից: Հարցվածների միայն 13%-ն է հայտնել, որ իրենց բանկը վերջին 3 տարվա ընթացքում ավելացրել է եկամուտները վճարումներից ավել քան 6 անգամ՝ շուկայի միջին ցուցանիշի համեմատ։ Բանկիրների սպասելիքները եւս հոռետեսական էին. առաջիկա 3 տարվա ընթացքում հարցվածների միայն 16%-ն է ակնկալում, որ իրենց տարեկան եկամուտների աճի տեմպը կգերազանցի շուկայի աճը 5%-ով։Խնդիրը մասնատված մոտեցումն է եւ սխալ կառավարումը: Չնայած բանկերի 51%-ը արդիականացնում է վճարային տեխնոլոգիաները, բոլոր հարցվածների միայն 35%-ն է տեխնոլոգիական փոփոխություններին զուգահեռ փոփոխություններ կատարում իր գործառնական մոդելի մեջ: Միաժամանակ, ներդրումները, որոնք հաճախ կազմում են հարյուր միլիոնավոր կամ նույնիսկ միլիարդավոր դոլարներ, չեն տալիս իրենց արդյունքը, իսկ նպատակային տեխնոլոգիական փոփոխությունները միայն սրում են, այլ ոչ թե վերացնում բանկերի վճարային ճարտարապետության անարդյունավետությունն ու բարդությունը:Accenture-ն առաջարկում է վճարների արդիականացումը բաժանել 4 բլոկի.- Մշակել պլան։ Ամբողջ բանկի մասշտաբներում վճարումների արդիականացման արդյունավետ պլանը խթանելու է վճարումներից ստացվող եկամուտների աճը: Պլանը մշակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն ծախսերը եւ կարգավորիչների պահանջներին համապատասխանությունը, այլեւ մտածել նոր ծառայություններից եւ պրոդուկտներից եկամուտ ստանալու եղանակների մասին: Այստեղ կարեւոր է նաեւ մոտեցումը կառավարման նկատմամբ. թիմ, որը կկարողանա մշակել վճարումների արդիականացման ռազմավարություն՝ սա աշխատակիցների միջեւ հաղորդակցությունը հեշտացնելու եւ նպատակներին հասնելու միջոցներից մեկն է:- Բավարար ժամանակ տրամադրել։ Հաջողակ բանկերը ճկուն մոտեցում են ցուցաբերում բյուջեի կազմման նկատմամբ, ինչը ապահովում է ծրագրի համար համարժեք ֆինանսավորում, բայց թույլ չի տալիս ծախսերին դուրս մնալ վերահսկողությունից։ Բանկերը եւս դիտարկում են ներդրումների եկամտաբերությունը 10 տարվա կտրվածքով՝ համոզվելու համար, որ նրանք ճիշտ խաղադրույքներ են կատարում երկարաժամկետ հեռանկարում:- Համաձայնեցնել փոփոխությունները գործառնական մոդելում։ Հարցումը ցույց է տվել, որ բանկերը կորպորատիվ կառավարման հետ կապված խնդիրներ ունեն, իսկ փոխակերպման հետ կապված ծախսերը գերազանցում են դրա արդյունքներից ստացվող եկամուտները: Բանկի գործառնական մոդելի թերությունների վերացումը առանցքային դեր ունի ներդրումների շահութաբերության բարձրացման համար:- Արդիականացնել ճարտարապետությունը: Շատ բանկեր դեռեւս աշխատում են այնպիսի ճարտարապետությամբ, որը նախատեսված չէ անընդհատ փոփոխվելու եւ փոխգործակցելու համար: Խնդիրն ավելի է բարդանում միջազգային բանկերում, որտեղ յուրաքանչյուր երկիր կարող է մշակել սեփական վճարային ճարտարապետությունն ու մոտեցումը: Առաջնորդները ձգտում են վերանայել իրենց վճարային ճարտարապետությունը եւ փոխարինել հնացած համակարգերը ավելի ճկուն, ժամանակակից հարթակներով:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 18534