Ինչպես է կառուցված ֆինտեխ շուկան ԵՄ-ում եւ Հայաստանում

10.07.2020 | 09:32 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Դմիտրի Կուվշինով #Bilderlings
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բրիտանական Bilderlings ֆինտեխ հարթակի գործադիր տնօրեն Դմիտրի Կուվշինովի սյունակը՝ գրված հատուկ Banks.am կայքի «Ֆինտեխ» բաժնի համար:

Ինչպես են կարգավորվում Եվրոպայի ֆինանսական տեխնոլոգիական ընկերությունները, որ երկրներում է ամենահարուստ ենթակառուցվածքը ֆինտեխ ստարտափների համար եւ, եթե համեմատելու լինենք ԵՄ փորձի հետ, որ հատվածներն են դեռեւս ազատ Հայաստանում:

Երբ խոսքը գնում է «եվրոպական ֆինտեխի» մասին, որպես կանոն, ենթադրվում է, ընկերությունների երկու տեսակ՝ միտված տեխնոլոգիաներին կամ` ֆինանսական բաղադրիչին: Եթե «տեխնոլոգիական ֆինտեխի» (ծրագրային ապահովում, հավելվածներ եւ այլն) աշխարհը շատ բազմազան է, ապա «ֆինանսական ֆինտեխը» (ընկերություններ, որոնք հենց ֆինանսական ծառայություններ են մատուցում) շատ ավելի բարդ է, խիստ ու պահպանողական: Առաջին հերթին այն պատճառով, որ վերջիններիս գործունեությունը լիցենզավորվում եւ վերահսկվում է ֆինանսական կարգավորիչի կողմից:  

Եվ, չնայած այն հանգամանքին, որ ԵՄ յուրաքանչյուր երկրի լիցենզիան տարածվում է Եվրոպական տնտեսական գոտու (ԵՄ բոլոր երկրները՝ գումարած Իսլանդիա, Նորվեգիա եւ Լիխտենշտեյն) վրա, այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկիր տարբերակված է հասկանում ֆինտեխի արժեքն ու տարբեր կերպով է այն զարգացնում:

ԵՄ երկրներում ֆինտեխ գործունեության համար տրամադրվող լիցենզիաներին վերաբերող  Bilderlings-ի հետազոտությունը բացահայտում է շուկայի առանձնահատկությունները ԵՄ առանձին երկրում վերցված:

Ֆինանսների, հաճախորդների գումարի հետ աշխատող եվրոպական ֆինտեխ ընկերությունների մեծամասնությունը իր գործունեությունն իրականացնում է լիցենզիաների երկու տեսակով՝  EMI (Electronic Money Institution, էլեկտրոնային փող թողարկող) եւ PI (Payment Institution, վճարային ինստիտուցիաներ):

Էլեկտրոնային փող թողարկողները սովորաբար աշխատում են որպես վճարային ծառայություն, օնլայն բանկինգ կամ էլեկտրոնային դրամապանակ (տեխնոլոգիան գրեթե նույնն է, հարցը «փաթեթավորման» մեջ է)՝ առաջարկելով հաշվարկային հաշիվներ, դրամական փոխանցումներ, արժույթի փոխանակում եւ այլն: Գնալով շատանում են դեպքերը, երբ էլեկտրոնային փող թողարկողները դառնում են լիարժեք բանկ. ոմանք բանկային լիցենզիա են ստանում, ոմանք էլ՝ ոչ, սակայն ծառայությունների տրամադրման մակարդակով ոչնչով չեն տարբերվում դասական բանկերից: Վճարային ինստիտուցիաները, որպես կանոն, տրամադրում են օնլայն վճարումների պրոցեսինգի ծառայություններ (ինտերնետ էքվայրինգ):

«Այսօր ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտը բավականին լայն է եւ բազմատեսակ, սակայն ֆինտեխի «միջուկը» վճարային եւ ինտերնետ էքվայրինգի ծառայություններն են»,- նշում են հետազոտության հեղինակները:  

Համաձայն տվյալների՝ EMI/PI առաջին լիցենզիաները տրվել են 2008-2010թթ., սակայն դրանք չեն ունեցել զգալի պահանջարկ մինչեւ 2018 թվականը, որը «պայթեցրեց» շուկան՝ միայն 2018թ. էլեկտրոնային փողի թողարկման եւ ինտերնետ էքվայրինգի մասով 10 անգամ ավելի շատ լիցենզիա է տրվել, քան նախորդող 10 տարիների ընթացքում:

«Էլեկտրոնային փողի եւ վճարային ծառայությունների շուկան ամենադինամիկ զարգացողներից է: Վերելք ապրելով 2018թ., ինչը «փուչիկի» մասին խոսելու առիթ տվեց, այն անկում ապրեց, նեղանալով մինչեւ իր իրական չափերը»,- եզրակացնում են Bilderlings-ում:

Հետազոտության համաձայն՝ PI շուկան ավելի հարուստ է եւ բազմազան, այդ լիցենզիան ձեւակերպելն ավելի արագ է եւ հեշտ՝ հաշվի առնելով տարվա կտրվածքով ձեւակերպվող լիցենզիաների թիվը: «EMI լիցենզիան, իր հերթին, ավելի հեռանկարային է՝ այս հատվածում, եթե համեմատելու լինենք PI հետ, մրցակցությունը շատ ավելի քիչ է»,- ընդգծում են հետազոտության հեղինակները:

«Եվրոպայի ֆինտեխ մայրաքաղաքի» կարգավիճակը հիմնովին ամրագրված է Լոնդոնին, ինչն ապացուցում է վիճակագրությունը. եվրոպական բոլոր EMI լիցենզիաների 47,5%-ը եւ PI լիցենզիաների 37,9% գտնվում են բրիտանական կարգավորիչի վերահսկողության ներքո:

Սակայն վերջին տարիներին՝ Բրեքսիթով պայմանավորված, ակտիվացել են նաեւ ԵՄ այլ երկրները՝ նկատելի հետաքրքրություն դրսեւորելով ֆինտեխ ոլորտի նկատմամբ: Դրանց թվում են՝ Լիտվան, Իռլանդիան, Կիպրոսը, Գերմանիան, Բելգիան, Իտալիան, Նիդերլանդները, Իսպանիան, Շվեդիան: Հնարավոր է, դրանցից ոմանց կհաջողվի կառուցել իրենց երկրի ներսում նույնքան հարմարավետ ենթակառուցվածք ֆինտեխի համար, որով կարող է հպարտանալ Անգլիան: Չնայած, ինչպես նշվում է հետազոտությունում, «ոչ մի Բրեքսիթ չի կարողանա չեղարկել Մեծ Բրիտանիայի գրավչությունը որպես իրավասություն ֆինտեխ ընկերությունների համար»:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վճարային ծառայությունների, էլեկտրոնային փող թողարկողների, պրոցեսինգային ընկերությունների գործունեությունը կարգավորվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Վճարահաշվարկային կազմակերպությունների համար օրենքը նախատեսում է երկու տիպի լիցենզիա. դրամական փոխանցումների կատարման լիցենզիա (EMI անալոգը) եւ վճարային գործիքների ու վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի եւ քլիրինգի իրականացման համար (PI անալոգը):

Համաձայն ՀՀ ԿԲ ռեեստրի՝ դրամական փոխանցումներ կատարող կազմակերպություններն երկու անգամ ավելի շատ են, քան քլիրինգային եւ պրոցեսինգային ընկերությունները՝ համապատասխանաբար 10 եւ 5: Եթե համեմատենք ԵՄ երկրների հետ, ապա նման վիճակը բնորոշ չէ Եվրոպային՝ եվրոպական իրավասություններից մեծամասնությունում ինտերնետ էքվայրինգի լիցենզիա ստացած ընկերությունների թիվը զգալիորեն գերազանցում է վճարային ծառայություններ տրամադրողների քանակը:

Հայաստանյան ֆինտեխ ծառայությունների շուկայի մեկ այլ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող տեղական բոլոր վճարահաշվարկային կազմակերպություններն ունեն նաեւ դրամական փոխանցումներ իրականացնելու լիցենզիա, այսինքն՝ իրենցից ներկայացնում են ավելի խոշոր սերվիսներ, ավելի լայն ծառայությունների ընտրությամբ:
Ինչ վերաբերում է բիզնես մոդելին, ապա հայաստանյան վճարային ծառայությունները շեշտը դնում են կամ դրամական փոխանցումների վրա, կամ աշխատում են որպես էլեկտրոնային դրամապանակ (վճարումներ ապրանքների եւ ծառայությունների դիմաց, տերմինալների միջոցով լիցքավորում եւ այլն): Թվային բանկինգով զբաղվող վճարային ծառայությունների ոլորտը (այսինքն՝ բիզնեսի եւ մասնավոր անձանց համար լիարժեք հաշվարկային հաշվի ծառայությունների մատուցում) դեռեւս մնում է ազատ:

Սյունակում արտահայտած մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել  Banks.am խմբագրության տեսակետի հետ:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16056
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW