Բանկեր vs ֆինտեխ. պայքարի 5 ուղի

14.11.2018 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Financial Times #ֆինտեխ
Ֆինանսական տեխնոլոգիաների առաջանցիկ զարգացումը մարտահրավեր է նետում ավանդական բանկային գործունեությանը՝ ստիպելով բանկերին վերանայել իրենց բիզնես ռազմավարությունը: Ընդ որում, բանկերի արձագանքն այս փոփոխություններին բավական տարբեր է:

Financial Times պարբերականը, զրուցելով տասնյակից ավելի բանկիրների, խորհրդատուների եւ ֆինտեխ ընկերությունների ղեկավարների հետ, ներկայացրել է ֆինտեխ կազմակերպությունների հետ պայքարում բանկերի ռազմավարությունները՝ առանձնացնելով 5 հիմնական մոտեցում:

Թվային հարձակվողներ

Այս խմբում ներառված բանկերը համոզված են, որ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է»: Ունենալով առաջադեմ թվային ռազմավարություն՝ այս բանկերը (օրինակ՝ սինգապուրյան DBS Bank-ը) հիմնել են իրենց սեփական թվային բանկը՝ որպեսզի գրավեն նոր շուկաներ, ինչպես նաեւ պաշտպանեն իրենց սեփական «տարածքը»:

Goldman Sachs-ը դեռեւս 2 տարի առաջ գործարկել է սպառողական վարկավորման եւ խնայողությունների Marcus թվային համակարգը, որի միջոցով բանկը ներգրավվել է ավելի քան $26 մլրդ-ի ավանդ եւ տրամադրել $3 մլրդ-ի սպառողական վարկ՝ ստանալով $1 մլրդ լրացուցիչ եկամուտ:

Հոլանդական ING բանկը եւս նմանատիպ մոտեցում է որդեգրել՝ անցած տարի գործարկելով Yolt համակարգը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս իրենց ամբողջ ֆինանսական տեղեկատվությունը հավաքել մեկ վայրում եւ հետեւել սեփական ծախսերին եւ խնայողություններին:

Գնորդներ

Խուսափելով սեփական թվային համակարգը հիմնելու ծախսերից եւ դժվարություններից՝ որոշ բանկեր գերադասում են ներդրում անել ստարտափում, որն արդեն ունի իր թվային հարթակը:

Նման ռազմավարություն որդեգրել է իսպանական BBVA-ն՝ գնելով մի շարք թվային ստարտափներ, այդ թվում՝ Simple-ը՝ ԱՄՆ-ից, Atom Bank-ը՝ Մեծ Բրիտանիայից եւ Holvi-ն՝ Ֆինլանդիայից: Այն նաեւ շուրջ $250 մլն է ներդրել Propel Venture Partners-ում՝ վենչուրային հիմնադրամում, որը նեդրումներ է կատարում աշխարհի տարբեր ֆինտեխ ընկերություններում:

Ֆրանսիական խոշոր BPCE բանկը եւս վերջերս համալրել է այս շարքը՝ գնելով Fidor Bank առցանց բանկը, որն ունի ավելի քան 120 հազ. հաճախորդ Գերմանիայում եւ Մեծ Բրիտանիայում:

Համագործակցություն

Բանկերի ղեկավարները դժգոհում են, որ անհավասար խաղի կանոնները ֆինտեխ ընկերություններին հնարավորություն են տալիս ֆինանսական ծառայություններ մատուցել՝ շրջանցելով այն խիստ կարգավորման դաշտը, որի ներքո իրենք են գործում: Այդուհանդերձ, այս «անարդարությունը» չի խանգարում որոշ բանկերի թիմ կազմել տեխնոլոգիական հսկաների հետ:

Նման օրինակ կարող է լինել JPMorgan Chase-ի եւ Amazon-ի սպասվող համագործակցությունը, որը կմիավորի ԱՄՆ խոշորագույն բանկին եւ էլեկտրոնային առեւտրի խոշորագույն ընկերությանը: Գործարքը բանկին կտա Amazon-ի Prime համակարգի 100-միլիոնանոց հաճախորդային բազայի նկատմամբ հասանելիություն:

Standard Chartered բանկն էլ Ասիայում միավորվել է չինական Alipay-ի հետ՝ գործարկելու բլոկչեյնի կիրառմամբ դրամական փոխանցումների թվային ծառայություն:

Դիվերսիֆիկացիա

Որոշ բանկեր նորագույն տեխնոլոգիաներն օգտագործում են այլ շուկաներ մուտք գործելու համար՝ դիվերսիֆիկացնելով իրենց գործունեությունը:

Royal Bank of Canada-ի ղեկավար Դեյվ ՄակՔեյը վերջերս հայտարարել է Կանադայի խոշորագույն բանկն ավելի լայն հարթակի վերածելու իրենց մտադրության մասին, որը կառաջարկի տարատեսակ ծառայություններ՝ ստարտափի գրանցումից մինչեւ աջակցություն Airbnb-ում բնակարանը վարձակալության տալու գործում:

Բնակարան վաճառող/գնող հաճախորդների համար բանկը պատրաստ է կազմակերպել «հարեւանության» ուսումնասիրություն, կահույքի տեղափոխում ու, անգամ, բնակարանի նորոգում:

Այլ բանկերը եւս հետ չեն մնում: Բրիտանական Barclays-ը հաճախորդներին առաջարկում է կարեւոր փաստաթղթերը, այդ թվում՝ անձնագիրն ու ծննդյան վկայականը, պահպանել հատուկ «ամպում»: Commonwealth Bank of Australia-ն էլ իր Daily IQ գործիքի միջոցով բիզնեսներին «հուշում է» հաճախորդների ծախսման սովորությունների մասին:

«Եթե չես կարող հաղթել, միացի´ր»    

Բանկերի մի մասն էլ հավատացած է, որ թվային դաշտում մրցակցությունն այնքան ուժեղ է, որ իրենք պարզապես պարտավոր են վերափոխել բիզնես մոդելը:

Իսպանական Banco Santander բանկի ղեկավար Անա Բոթինը նշում է, որ որդու կողմից մրցակիցների հավելվածներով դրամական փոխանցում կատարելն է իրեն ստիպել Santander-ը դարձնել առաջին միջազգային բանկը, որը գործարկել է բլոկչեյնի կիրառմամբ միջազգային դրամական փոխանցումների համակարգ:

Բացի այդ, Ֆրանսիայի BNP Paribas բանկը հինգ տարի առաջ գործարկել է Hello Bank-ը՝ որպես միակ համաեվրոպական թվային բանկ, որն արդեն ունի 3 մլն հաճախորդ:

Սակայն պետք է փաստել, որ նման տեխնոլոգիական ծառայությունների գործարկումն ամենեւին էժան «հաճույք» չէ:

Շվեյցարիայի UBS բանկը հայտարարել է, որ օգոստոսին պատրաստվում է փակել իր ավտոմատ առցանց ներդրումային ծառայությունը նոր հաճախորդների համար: Ընկերությունում պատճառաբանել են, որ երիտասարդների ներգրավման համար գործարկված SmartWealth ռոբո-խորհրդատվական ծառայության (robo advisory service) «կարճաժամկետ ներուժը սահմանափակ է»:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 26480
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW