Գրեֆ. Բլոկչեյնը ցնցող ֆենոմեն է, որը պետք է վերաիմաստավորել
19.10.2018 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ https://news.ru

Ֆորումին ավանդական ելույթով հանդես է եկել Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը: Հիմնվելով ռուսաստանյան առցանց մեդիայի մոնիտորինգի վրա՝ ներկայացնում ենք առավել հետաքրքիր հատվածներ Սբերբանկի ղեկավարի ելույթից:
Բլոկչեյնի մասին
Բլոկչեյն տեխնոլոգիան մեծ ապագա ունի, սակայն այսօրվա դրությամբ այն դեռեւս պատրաստ չէ: Կարծում եմ` դրա համար դեռ 3-5 տարի ժամանակ է հարկավոր:
Հասարակությունը քիչ է ծախսում այդ տեխնոլոգիայի զարգացման վրա, այն ինքն իրեն վերաֆինանսավորում է: Իմ կարծիքով՝ այս ցնցող ֆենոմենը պետք է վերաիմաստավորել: Աշխարհում այսպիսի օրինակներ շատ չեն եղել, երբ սկզբունքորեն նոր տեխնոլոգիան զարգանար ինքնաֆինանսավորման մեխանիզմով:
Իմ պատկերացմամբ՝ աղմուկն ավարտվել է, եկել է բլոկչեյնի հավասարակշռված ուսումնասիրության եւ գնահատման ժամանակը: Այն մեծ հեռանկարներ ունի ֆինանսական եւ պետական կառավարման ոլորտներում:
Կրիպտոարժույթների մասին
Տեսնո՞ւմ եմ արդյոք ես կրիպտոարժույթների ապագան. այն դեռեւս չի նշմարվում: Պետությունը չի զիջի իր կենտրոնացած դերը, չի թողնի կրիպտոարժույթը: Չնայած, միգուցե, դա ճիշտ մոդել լիներ: Հնարավոր է՝ 10 տարի հետո ինչ-որ բան տեսանելի լինի, սակայն դեռեւս իրատեսական չէ, որ որեւէ պետություն պատրաստ լինի հրաժեշտ տալ դրամական առաջարկի կենտրոնացված մոդելին:
Իրավասության մասին
Այսօր ավելի հաջողված են այն ընկերությունները, որոնք կարեւորում են ոչ թե ներդրումները, այլ բարձր որակավորում ունեցող մասնագետների իրավասությունը:
Ներդրումներն ամենակարեւոր պայմանը չեն, կարեւորագույնն իրավասության առկայությունն է, բարձր որակավորում եւ ճկուն կառավարման մոդել ունեցող մասնագետների համակենտրոնացումը: Դա շատ ավելի կարեւոր է, քան կապիտալի մեծ ծավալը:
Տեխնոլոգիական ընկերությունների կապիտալից շատ ավելի մեծ կապիտալ ունեցող ընկերությունները հաճախ տուժում եմ իրավասության բացակայության պատճառով:
Այսօր տեխնոլոգիական ընկերությունները հաղթում են ինտելեկտի համակենտրոնացման եւ ճկուն կառավարման մոդելի հաշվին: Նրանք կարող են արագ փոխել բիզնես մոդելը:
Կարգավորման մասին
Շուկաների կարգավորումը ԿԲ-ի եւ իշխանությունների կողմից պետք է հարմարվի առանձին խաղացողներին կամ խմբերին, այլ կերպ ասած՝ լինի հարմարեցված, խելացի:
Լինում են դեպքեր, երբ կարգավորումը բուժում է մեկ ոչ շատ մեծ հիվանդություն՝ լուրջ խնդիրներ ստեղծելով շուկայի խաղացողների համար: Ուստի կարգավորումը պետք է խելացի լինի եւ սա, իմ կարծիքով, շատ արդիական է այսօր:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: