Ռոբոտները բանկերում՝ մարդկանց հետ միասին կամ նրանց փոխարեն

16.05.2018 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
#Ռոբոտներ #Կիվի Բանկ #Սբերբանկ,
Ռոբոտներն ակտիվ կերպով ներխուժում են բիզնեսի ամենատարբեր ոլորտներ եւ այս առումով բանկային հատվածը բացառություն չէ: ՏԱՍՍ-ի զրուցակիցները պատմել են, թե ինչպես են իրենց բիզնեսում մեքենաներն աշխատում մարդկանց հետ միասին կամ նրանց փոխարեն: Հրապարակման առավել հետաքրքիր դրույթները ներկայացնում ենք ստորեւ:

Կիվի Բանկի «Խիղճ» նախագիծ

Ռոբոտ Վերան «մարդկային երեսով» չատ-բոտ է, որը հատուկ ստեղծվել է HR-մենեջերներին օգնելու համար:

«Ռոբոտ Վերային գործարկել ենք անցած տարվա հուլիսին: Այն ժամանակ մենք ընդլայնվում էինք դեպի մարզեր, եւ 2 ամսվա ընթացքում մեզ անհրաժեշտ էր հավաքագրել վաճառքներով զբաղվող մի քանի հարյուր գործակալների: Այսօր մենք 600 խորհրդատու ունենք, սակայն աշխատակազմն անհրաժեշտ է ավելացնել եւս 3 անգամ: Իսկ 600 մարդ հավաքագրելու համար պետք է հազարավոր մարդկանց զանգահարել: Հավաքագրող անձնակազմն այս գործընթացը կիրականացներ շաբաթներով: Վերան ստանձնում է թեկնածուներին զանգահարելու եւ խմբակային հարցազրույցների հրավիրելու աշխատանքը: Նա կարող է հեռախոսով զրուցել միաժամանակ 500 թեկնածուի հետ»,- պատմում է «Խիղճ» նախագծի անձնակազմի հավաքագրման տնօրեն Յուլիա Սորոկինան:   

Վերան (ներառյալ վերջինիս գործարկման եւ սպասարկման արժեքը) հնարավորություն է տալիս մոտ 5-6 անգամ կրճատել աշխատակիցների հավաքագրման համար նախատեսված ծախսերը:


«Տեխնիկապես դա արվում է հետեւյալ կերպ. մենք ռոբոտ Վերայի մեջ ներբեռնում ենք մեզ հարմար թեկնածուների ռեզյումեները, նա մշակում է բազան, խմբավորում, ստուգում եւ սկսում զանգահարել: Թեկնածուների մեծ մասն այդ զանգերը լուրջ է ընդունում, հազվադեպ են դեպքերը, երբ Վերայի հետ կատակելու ցանկություն է առաջանում: Վերջերս մենք Վերայի առջեւ նոր խնդիրներ ենք սկսել դնել: Մասնավորապես, եթե թեկնածուն չի ներկայացել հարցազրույցի, Վերան զանգահարում եւ հարցնում է՝ «Ինչո՞ւ չեք եկել»: Եթե նա ցանկանում է փոխել հարցազրույցի օրն ու ժամը, ռոբոտը միացնում է հեռախոսազանգը համապատասխան աշխատակցին: Շուտով Վերան նաեւ կզանգահարի թեկնածուներին հետաքրքրվելու համար՝ որքանո՞վ է նրանց դուր եկել հարցազրույցը»,- պատմել է Յուլիա Սորոկինան:    

Սբերբանկ

Սբերբանկի ռոբոտատեխնիկական լաբորատորիայում զարգանում է հինգ ուղղություն՝ արժեքավոր բեռների երաշխավորված առաքման համար նախատեսված անօդաչու տրանսպորտային միջոցներ (օդային եւ ցամաքային), լոգիստիկ ռոբոտներ՝ տարածքների ներսում աշխատանքի համար, անհատական ռոբոտ-օգնականներ, արդյունաբերական էկզոկմախքներ եւ կոլաբորատիվ ռոբոտներ (նրանց նաեւ անվանում են կոբոտներ):

Լաբորատորիայի ղեկավար Ալբերտ Եֆիմովը նշում է, որ կիրառվում է երկու մոտեցում. որոշ լուծումներ ինժեներները մշակում են ինքնուրույն, սակայն լինում են դեպքեր, երբ գործընթացում ներգրավվում են գործընկերներ, այդ թվում՝ ստարտափներ:

«Օրինակ, «Սկոլկովո»-ի ստարտափներից մեկը մշակել է «խելացի աթոռ» արդյունաբերական էկզոկմախք: Վերջինը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք աշխատում են ստատիկ դիրքում եւ սահմանափակ տարածքում, որտեղ աթոռի համար տեղ չկա: Իսկ մարդուն անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ նստել եւ հանգստանալ: Ստարտափը ստեղծել է մեխատրոնիկ էկզոկմախք ExoChair. սա հատուկ կոստյում է, որը գործում է հետեւյալ կերպ. երբ մարդը ծալում է ոտքերը, ռոբոտը հասկանում է դա եւ վերածվում է աթոռի: Այսպիսի «խելացի աթոռը» բարձրացնում է աշխատանքի արտադրողականության մակարդակը. ռոբոտները դուրս չեն մղում մարդուն արտադրությունից, սակայն ընդլայնում են նրա հնարավորությունները»,- պատմում է լաբորատորիայի ղեկավարը:


Ինչ վերաբերում է լաբորատորիայի սեփական լուծումներին, ապա դրանց թվում են ռոբոտ-մանիպուլյատորները, որոնք ներդրված են դրամարկղային ինկասացիոն կենտրոններում:

«Դրանք արտադրողական պահատուփեր են՝ հիմնված ռոբոտ-մանիպուլյատորների վրա: Դրանք ներդրված են մեր դրամարկղային ինկասացիոն կենտրոններում՝ հաշվիչ-տեսակավորող մեքենաների վրա: Այս գործընթացում միշտ ներգրավված են եղել օպերատորներ: Գործընթացը կազմակերպված է այնպես, որ ժամանակի մի մասն օպերատորը սպասում է մեքենայի աշխատանքի ավարտին: Մեկ տարի առաջ մենք ներդրեցինք տասը մանիպուլյատոր. դրանք աշխատում են տեսակավորող մեքենաների հետ միաժամանակ եւ ավելացնում են աշխատանքի արտադրողականությունը: Նույնատիպ խնդիրները կատարվում են երեք անգամ ավելի արագ»,- նշում է Ալբերտ Եֆիմովը:


Այդ մեքենաների վրա ռոբոտներն աշխատում են շուրջօրյա: Սակայն  մանիպուլյատորները ռոբոտների էվոլյուցիոն զարգացման գագաթնակետը չեն: Այդ նույն խնդիրների լուծման նպատակով բանկի դրամարկղային ինկասացիոն կենտրոններում պատրաստվում են ներդնել ավելի կատարելագործված տեխնոլոգիաներ՝ կոբոտներ:

«Արտաքնապես կոբոտը նույն մանիպուլյատորն է, սակայն ներքին կառուցվածքը տարբերվում է: Կոբոտին դիպչելու դեպքում, այն անմիջապես կանգ կառնի, ինչը կբարձրացնի աշխատանքի անվտանգության մակարդակը եւ բուն գործընթացը կդարձնի ավելի արդյունավետ: Օպերատորը կարող է սովորեցնել կոբոտին՝ պարզապես ցույց տալով նրան անհրաժեշտ գործողությունները, ինչը տեղի է ունենում առանց ծրագրավորողի մասնակցության: Բիզնեսի տեսանկյունից կոբոտները սպասարկման մեջ ավելի էժան են, քան մանիպուլյատորները: Մինչեւ տարվա վերջ մենք նախատեսում ենք տեղադրել կոբոտների վրա հիմնված մի քանի պահատուփ»,- ամփոփել է լաբորատորիայի ղեկավարը:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 16330
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW