ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ Հայաստանը վերջնականորեն դեռ չի որոշել՝ ինչպես վերաբերվել կրիպտոարժույթներին: «Այս ոլորտն ավելի շատ Կենտրոնական բանկի իրավասության ներքո է, ֆինանսների նախարարությունն այստեղ երկրորդական դեր է խաղում: Մենք հարցը դիտարկում ենք միայն հարկերի հավաքագրման տեսանկյունից: Եթե ապագայում կրիպտոարժույթների հետ գործարքներից հնարավոր չլինի խուսափել, ապա անհրաժեշտ կլինի որեւէ կերպ կարգավորել ոլորտը: Սակայն կարծում եմ, որ մեզ մոտ այդ պահը դեռ չի հասունացել»,- ասել է Վարդան Արամյանը Eurasia Daily-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ ֆինանսների նախարարությունը ընդդիմության վերջին առաջարկին՝ օրինականացնելու կրիպտոարժույթների մայնինգի շուկան:Վարդան Արամյանն ընդգծել է, որ որոշ երկրներ փորձում են կարգավորել ոլորտը եւ վերահսկել այդ գործընթացները: «Ընդ որում, նրանք առաջին հերթին պետք է որոշեն՝ ինչպես վերաբերվել կրիպտոարժույթին: Այն արժեթո՞ւղթ է, ակտի՞վ, թե՞ վճարման միջոց: Այն դեպքում, եթե կրիպտոարժույթն օգտագործվում է որպես վճարման միջոց, ապա ավելի է բարդանում այն վերահսկելը»,- ասել է նախարարը:Անդրադառնալով այն երկրների փորձին, որոնք արդեն օրինականացրել են ոլորտը, ՀՀ ֆինանսների նախարարն ասել է.«Աշխարհում չկա որեւէ պետություն, որն ուրախությամբ կընդունի կրիպտոարժույթները: Կապ չունի՝ այս կամ այն պետությունը օրինականացրել է ոլորտը, թե ոչ: Կրիպտոարժույթներով գործարքներ թույլ տվող երկրները, ընդհանուր առմամբ, հարկադրված են գնացել այդ քայլին, քանի որ թվային արժույթը սկսել է մեծ դեր խաղալ նրանց տնտեսությունում: Նրանք միայն փորձում են կարգավորել այդ գործընթացները, լինի դա Շվեյցարիան, Հարավային Կորեան, թե Բելառուսը: Սրա հետ կապված՝ կցանկանայի ընդգծել, որ դուք չեք գտնի աշխարհում որեւէ ԿԲ նախագահ կամ ֆինանսների նախարար, որը հիացմունքով կխոսի կրիպտոարժույթների մասին: Խնդիրն այն է, որ կրիպտոարժույթներով գործարքները շատ բարդ է նույնականացնել: Մի կողմից՝ դա լավ հիմք է ստեղծում հարկերից խուսափելու համար, իսկ ԿԲ տեսանկյունից՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման սպառնալիք է առաջանում: Դա ԿԲ վերահսկողությունից դուրս է, գործնականում մասնավոր անձիք կարող եք զբաղվել կրիպտոարժույթների մայնինգով: Սովորական արժույթի դեպքում այդպես չէ. դրա տնօրինողը Կենտրոնական բանկն է: Օրինակ, դրամի «սեփականատերը» ՀՀ Կենտրոնական բանկն է, իսկ դրամն ապահովագրված է կամ պաշտպանված Հայաստանի գույքով ու ակտիվներով: Այս տեսանկյունից առնվազն տարօրինակ կլինի, որ որեւէ երկրի ԿԲ նախագահ ողջունի կրիպտոարժույթներով գործարքները: Դա մեծ գլխացավանք կդառնա»: Tweet Դիտում՝ 10504