ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր ամփոփել է նախարարության նախորդ տարվա աշխատանքը` առաջնային տեղ տալով բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նոր գործիքի ներդրմանը` արտարժույթով պետական պարտատոմսերին:«Առաջին անգամ 2013-ին Հայաստանը թողարկեց $700 մլն ծավալով, 6,25 % եկամտաբերությամբ եւ 7 տարի ժամկետով եվրոպարտատոմսեր: Մեզ համար շատ կարեւոր էր, որ պահանջարկը մի քանի անգամ գերազանցեց ծավալը, ինչը ցույց տվեց, որ ներդրողների մոտ վստահություն կա ՀՀ նկատմամբ»,-ասել է նա:Անդրադառնալով պարտատոմսերի տոկոսադրույքներին` նախարարը նշել է, որ դրանք ցույց են տալիս ներդրողների վերաբերմունքը թողարկողի նկատմամբ. «Սեպտեմբերից մինչեւ այսօր պարտատոմսերի եկամտաբերությունը նվազում է, ինչը վկայում է, որ ներդրողների վստահությունը ոչ միայն չի պակասել, այլեւ ավելացել է: Այժմ նրանք ավելի դրական են գնահատում թողարկողին եւ, բնական է, դա ավելի ցածր տոկոսադրույք է առաջացնում, ինչը կարեւոր է նաեւ տնտեսության համար»:Դավիթ Սարգսյանը նշել է, որ 2013 թվականին նախարարությանը հաջողվել է էապես նվազեցնել դրամով արտահայտված պետական պարտատոմսերի տեղաբաշխման տոկոսադրույքները: «Միջազգային փորձը վկայում է, որ արտարժույթով եւ տեղական արժույթով պարտատոմսերի միջեւ եկամտաբերության տարբերությունը չպետք է էապես մեծ լինի: Եթե կարողանում ենք 6,25% դոլարով արտահայտված պարտատոմսերով գումարներ ներգրավել, անիմաստ է 14 կամ 16%-ով դրամով թողարկված պարտատոմսերով գումարներ ներգրավել: Այսօր ունենք շատ ավելի ցածր տոկոսադրույքներ պետական պարտատոմսների շուկայում»,-ասել է նա:Նախարարը հույս է հայտնել, որ վերոնշյալ քայլը դրական ազդեցություն կունենա ֆինանսական շուկայում, մասնավորապես` բանկերի կողմից ավանդների ներգրավման եւ տրամադրման տոկոսադրույքների վրա»: Tweet Դիտում՝ 2116