Մեկնարկում է ՀՀ-ում դոլարային պարտատոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը

01.10.2012 | 03:31 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /

Երեւան/Մեդիամաքս/. Արարատբանկը դարձավ Հայաստանի կապիտալի շուկայում արտարժույթով արտահայտված պարտատոմսերի առաջին թողարկողը:

Ներկայացնելով այսօր Երեւանում բանկի դոլարային պարտատոմսերի առաջին եւ կորպորատիվ պարտատոմսերի թվով 5-րդ թողարկումը, Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ թողարկման ընդհանուր ծավալը $1 մլն է (40 հազ. արժեկտրոնային պարտատոմս՝ $25 անվանական արժեքով), տարեկան տոկոսադրույքը՝ 9%, իսկ շրջանառության ժամկետը՝ 36 ամիս:

Տեղաբաշխումն իրականացվելու է սկսած ս.թ. հոկտեմբերի 5-ից՝ 10 աշխատանքային օրերի ընթացքում: Արժեկտրոնները վճարվելու են եռամսյակային պարբերականությամբ:

«Պարտատոմսերին կարելի է բաժանորդագրվել բանկի գլխամասային գրասենյակում, ինչպես նաեւ մասնաճյուղերում: Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը ցուցակվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում եւ մշտապես գնանշվելու են մարքետմեյքերների կողմից», - ասել է Դավիթ Հարությունյանը:

Ներկայացնելով բանկի ֆինանսական ցուցանիշները, նա տեղեկացրել է, որ 2012թ. I կիսամյակում բանկի ակտիվներն աճել են 25%-ով եւ կազմել 109,4 մլրդ դրամ; վարկային ներդրումներն աճել են 26,3%, իսկ ժամկետային ավանդները՝ 11,8%-ով: Կիսամյակի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է 1,86 մլրդ դրամ: Բանկի ակտիվների շահութաբերությունը (ROA) հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3%, իսկ կապիտալի շահութաբերությունը (ROE)` 28,3%, ինչն ըստ Դավիթ Հարությունյանի, ամենաբարձր ցուցանիշն է ՀՀ բանկային համակարգում:   

Ողջունելով բանկի քայլը, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը ասել է, որ դոլարային պարտատոմսերի թողարկումն «աննախադեպ եւ հեղափոխական» է Հայաստանի կապիտալի շուկայում:

Նա նշել է, որ նոր գործիքի կիրառումը թողարկողներին եւ շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղաբաշխել եւ առեւտուր կազմակերպել արտարժութային պարտատոմսերով, այլ նաեւ կնքել համապատասխան ռեպո գործարքներ:

Պատասխանելով դոլարային պարտատոմսերով դեպի ՀՀ կապիտալի շուկա արտասահմանյան ներդրողների ներգրավման մասին Մեդիամաքսի հարցին, Դավիթ Հարությունյանն ասել է, որ այս թողարկման թիրախը ներքին շուկան է, բայց  ապագայում բանկը հանդես է գալու նաեւ արտասահմանյան պորտֆելային ներդրումների ներգրավմանն ուղղված նախաձեռնություններով:

Դիտում՝ 4728
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW