Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ճանաչվել է «Լավագույն ֆոնդային բորսա Հարավային Կովկասում 2025» եւ «Ամենաարագ աճող ֆոնդային բորսա Հարավային Կովկասում 2025»՝ ըստ Global Banking & Finance Awards հեղինակավոր ամսագրի։Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնում են, որ այս մրցանակները կարեւորում են AMX-ի առաջատար դերը տարածաշրջանի ֆինանսական շուկայում, ինչպես նաեւ բորսայի շարունակական զարգացմանն ու նորարարություններին միտված ջանքերը: ««Լավագույն ֆոնդային բորսա Հարավային Կովկասում» մրցանակը հաստատում է AMX-ի կայուն գործունեությունը, ներդրողների վստահությունը եւ կապիտալի շուկայի հասանելիության բարելավմանն ուղղված քայլերը, մինչդեռ «Ամենաարագ աճող ֆոնդային բորսա» կոչումը շեշտադրում է AMX-ի զարգացման դինամիկան, նոր ֆինանսական գործիքների ներդրումը բորսայում եւ այդպիսով լայն հնարավորությունների ընձեռումը ներդրողներին եւ թողարկողներին։2024 թվականին AMX-ն արձանագրել է շուկայի զգալի աճ։ Նախորդ տարում ընդհանուր շուկայական արժեքը հասել է 4.1 տրիլիոն ՀՀ դրամի, իսկ բոլոր շուկաներում արձանագրվել է առեւտրի ծավալների եւ կնքված գործարքների թվի աճ։ Այս հաջողություններին նպաստել են արտարժույթի առեւտրային հարթակի վերագործարկումը եւ նոր թվային ներդրումային լուծումների ներդրումը։AMX-ը շարունակելու է կապիտալի շուկայի հասանելիության ընդլայնումը, տարածաշրջանային ֆինանսական համագործակցության ամրապնդումը եւ նորարարական առեւտրային լուծումների ներդրումը՝ նպաստելով Հայաստանի կապիտալի շուկայի հետագա զարգացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։Global Banking & Finance Review-ը Մեծ Բրիտանիայում հիմնադրված հեղինակավոր օնլայն եւ տպագիր ամսագիր է, որը տրամադրում է անկախ վերլուծություններ ֆինանսական ոլորտի արդի թեմաների վերաբերյալ։ Հաղթողների ընտրությունն իրականացվում է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաեւ Global Banking & Finance Review-ի խմբագրական խորհրդի եւ ղեկավարների կողմից կատարված ուսումնասիրությունների հիման վրա։Ծանոթանալ մրցանակակիրների ամբողջական ցանկին կարող եք հետեւյալ հղումով։ Tweet Դիտում՝ 4905