«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

27.01.2025 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ #Հայաստանի ֆոնդային բորսա
2024 թվականի դեկտեմբերի 30-ին «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ն մուտք է գործել Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի շուկա՝ դառնալով 12-րդ ցուցակված ընկերությունը։

Ընկերությունը ցուցակել է իր բաժնետոմսերը բորսայի երկրորդային (B) ցուցակում՝ ապահովելով նոր մակարդակի հասանելիություն ներդրողների լայն շրջանակի համար։

«Թել-Սել» ԲԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակել է շուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով եւ 35 ՀՀ դրամ անվանական արժեքով 34,650,000 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսեր։ Վերոնշյալ բաժնետոմսերով թույլատրվել է հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը։ Ցուցակված բաժնետոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

Ցուցակման առաջին ամսվա ընթացքում Ընկերության կապիտալիզացիան աճել է 4.75%` 13,860,000,000 ՀՀ դրամից դառնալով 14,518,350,000 ՀՀ դրամ։ Ավելին, ընկերությունը նախատեսում է ցուցակումից հետո երեք ամսվա ընթացքում լրացուցիչ որոշմամբ հաստատել համապատասխան կարգը՝ մինչեւ 350,000 հատ բաժնետոմսեր աշխատակիցներին առաջարկելու եւ/կամ բաժնետիրացման ծրագրի շրջանակում վերջիններիս տրամադրելու վերաբերյալ։

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերի հրապարակային առաջարկի (IPO) գործընթացը մեկնարկել էր 2024 թվականի սեպտեմբերի 18-ին եւ ավարտվել նոյեմբերի 30-ին։  Ընդհանուր առմամբ, թողարկվել են 1,540 միլիոն դրամ արժողությամբ 3,850,000 հատ բաժնետոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Բաժնետերերի եւ անվանատերերի թիվը կազմել է 3,631։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Արմբրոկ» ԲԲԸ-ն։

«Թել-Սել» ԲԲԸ բաժնետոմսերը կարող եք ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների միջնորդությամբ՝ բացելով բրոքերային հաշիվ եւ ներկայացնելով բաժնետոմսերի ձեռքբերման հայտ։ Բորսայի անդամների ցուցակը այստեղ։

««Թել-Սել» ԲԲԸ-ի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում կարեւոր քայլ է ոչ միայն ընկերության զարգացման, այլեւ՝ կապիտալի շուկայի ընդլայնման տեսանկյունից։ Մեր նպատակն է շարունակաբար աջակցել հայկական ընկերություններին՝ նոր ֆինանսավորման աղբյուրներ ապահովելու եւ ներդրողների համար նոր հնարավորություններ ստեղծելու միջոցով»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

«Ուրախ եմ եւ հպարտ, որ մեր ընկերության բաժնետեր դառնալու առաջարկն այդչափ հետաքրքրություն առաջացրեց շուկայում եւ նախանշած ժամկետից շուտ սպառվեցին բաժնետոմսերը։ Սա փաստում է՝ Telcell ընկերության գրանցած տարիների կայուն աճը վստահություն ու հավատ է ներշնչել մեր ապագա բաժնետերերի մոտ, ինչը ոչ միայն ոգեւորիչ է, այլեւ պարտավորեցնող։ Telcell ընկերությունը միշտ կարողացել է պահպանել առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում եւ դիվերսիֆիկացրել պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։ Ի դեպ, վճարահաշվարկային ոլորտում Telcell-ն առաջինն է Հայաստանում, որ իրականացրել է IPO (Initial Public Offering- նախնական հրապարակային առաջարկ) եւ թողարկել բաժնետոմսեր։ Սա եւս խոսում է՝ Telcell-ը ձգտում է դառնալ առավել բաց ու թափանցիկ»,- ասել է «Թել-Սել» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը:

«Թել-Սել» ԲԲԸ-ն հանդիսանում է Հայաստանում վճարահաշվարկային եւ հարակից ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը, որը գործում է շուկայում արդեն 17 տարի։ Ընկերությունը Հայաստանում առաջինն է տեղադրել վճարային տերմինալներ, որոնց թիվը ներկայումս գերազանցում է 4,500-ը։ Մինչ այսօր ընկերությունը շարունակում է իր շարունակական զարգացման ծրագիրը եւ իր հաճախորդներին տրամադրում նոր վճարահաշվարկային լուծումներ։  
Դիտում՝ 1808
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW