Հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա՝ Հայաստանի ֆոնդային բորսան մշակել եւ տարածաշրջանում առաջին անգամ ներդրել է կորպորատիվ պարտատոմսերի բորսայական ինդեքսներ, որոնց գներն ամենօրյա կտրվածքով հաշվարկվում եւ հրապարակվում են AMX-ի պաշտոնական կայքում։ Ինդեքսները կարող են կիրառվել ներդրողների կողմից պարտատոմսերի շուկայի ընդհանուր պատկերի մասին տեղեկություն ստանալու նպատակով, ռիսկերի եւ պորտֆելի վերլուծությունների ժամանակ, ֆոնդերի կատարողականները գնահատելիս, ինչպես նաեւ՝ այլ շուկաների համանման գործիքների հետ համեմատական վերլուծություններ իրականացնելիս։Բորսան նախատեսել է հաշվարկել եւ հրապարակել 4 ինդեքսների տվյալներ՝ AMX C3YBI_AMD ու AMX C3YBI_USD, որոնք արտահայտում են 1-ից մինչեւ 3 տարի մարման ժամկետայնություն ունեցող, ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով թողարկված արժեկտրոնային պարտատոմսերի ցուցանիշները, AMX CBMI_AMD ու AMX CBMI_USD, որոնք արտահայտում են 1 տարի եւ ավելի մարման ժամկետայնություն ունեցող, ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով թողարկված արժեկտրոնային պարտատոմսերի ցուցանիշները: Ներկայումս հաշվարկվում եւ հրապարակվում են 3 ինդեքսների տվյալներ, չորրորդ (AMX CBMI_AMD) ինդեքսի հաշվարկները կմեկնարկեն 3 տարուց ավելի մարման ժամկետ ունեցող դրամային պարտատոմսերի տեսակարար կշռի բավարար մեծացման դեպքում։ Այժմ ինդեքսների հաշվարկային բազաներում ներառված են «Abond» եւ «Bbond» ցուցակներում ընդգրկված ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով թողարկված արժեկտրոնային պարտատոմսերը, ինչպես նաեւ հաստատուն արժեկտրոնով, 500 000 000 ՀՀ դրամ եւ ավելի ցուցակման ծավալ ունեցող արժեկտրոնային պարտատոմսերը եւ 1 000 000 ԱՄՆ դոլար եւ ավելի ցուցակման ծավալ ունեցող արժեկտրոնային պարտատոմսերը։ Ինդեքսների տվյալները թարմացվում են առեւտրային նստաշրջանների ավարտից հետո 45 րոպեների ընթացքում։ «Հայաստանի ֆոնդային բորսայի կողմից ինդեքսների մշակումը առաջընթաց քայլ է հայաստանյան արժեթղթերի շուկայում, ինչին մեծապես նպաստեց վերջին 3 տարիներին Բորսայում ցուցակված կորպորատիվ պարտատոմսերի թե՛ թողարկումների, թե՛ դրանցով իրականացված բորսայական առեւտրի ծավալների տպավորիչ աճը։ Ինդեքսները հիմնականում հանդես են գալիս որպես երկրի ֆինանսական շուկայի եւ տնտեսական ակտիվության ցուցանիշ, որոնց օգնությամբ հնարավոր է ուսումնասիրել այնպիսի կարեւորագույն ցուցանիշներ, ինչպիսիք են շուկայի միջին կշռված տոկոսադրույքները, ինչն էլ իր հերթին հանդիսանում է ուղենիշ այլ տոկոսադրույքների ձեւավորման համար։ Արժեթղթերի կարգավորվող շուկայի հետագա զարգացմամբ պայմանավորված՝ նաեւ նախատեսվում է մշակել բաժնետոմսերի ինդեքսներ, պարտատոմսերի ու բաժնետոմսերի ճյուղային ինդեքսներ, նոր արժույթներով եւ ժամկետայնությամբ ինդեքսներ»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։ Կայքում հրապարակվում են ինդեքսների տվյալները՝ գրաֆիկական եւ թվային արտահայտությամբ, ինդեքսների հաշվարկային բազաներում ներառված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունները եւ դյուրացիաները, ինդեքսների հաշվարկման մեթոդաբանությունը եւ այլ վերլուծական նյութեր։ Tweet Դիտում՝ 6192