Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ եւ բալթյան երկրների 17-րդ համաժողովի Cbonds Awards CIS -2021 մրցանակաբաշխությանը «Յունիբանկ» ԲԲԸ-ի պարտատոմսերի փոխցուցակումը ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք: Յունիբանկի դոլարային պարտատոմսերը փոխցուցակվել են Մոսկվայի բորսայում 2020 թվականին։ Փոխցուցակման գործընթացը տեղի է ունեցել AMX - Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Մոսկվայի բորսայի (MOEX) համագործակցության եւ աջակցության շնորհիվ։ Այս տարի՝ հուլիսի 14-ին, Յունիբանկի դոլարային պարտատոմսերի եւս մեկ թողարկում փոխցուցակվեց Մոսկվայի բորսայում: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5․3 %: Փոխցուցակման շնորհիվ օտարերկրյա ներդրողները կարող են գնել Յունիբանկի պարտատոմսերն առանց Հայաստանում արժեթղթերի հաշիվ բացելու։ Պարտատոմսեր ձեռքբերելու համար բավական է ունենալ արժեթղթերի հաշիվ Ռուսաստանի Ազգային հաշվարկային դեպոզիտարիայում (ԱՀԴ) կամ ԱՀԴ-ի ենթապահառուի մոտ։ Նման արժեթղթերի ձեռքբերումը մասնավոր ներդրողներին հնարավորություն է տալիս նվազեցնել պորտֆելի ռիսկերը եւ բարձրացնել արտարժույթով կատարված ներդրումների շահութաբերությունը: Ֆիզիկական անձանց պարտատոմսերը ենթակա են ապահովագրման Հայաստանի ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից: Մոսկվայի բորսայում Յունիբանկի պարտատոմսերի շուկա ստեղծողն է GX2 Invest ընկերությունը։ «Փոխցուցակումը օտարերկրյա ներդրողներին հնարավորություն է տալիս գնել հայկական բանկի պարտատոմսեր առանց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում (ՀԿԴ) հաշիվ բացելու։ Cbonds-ը խթանում է պարտատոմսերի շուկայում նորարարական լուծումները՝ հույս ունենալով, որ ապագայում նույնպես կիրականացվեն նմանատիպ գործարքներ։ Սա կօգնի Հայաստանի եւ ԱՊՀ այլ երկրների ֆինանսական գործիքների մասին իրազեկվածության բարձրացմանը ռուսական շուկայում։ Շնորհավորում ենք գործարքի մասնակիցներին»,- ասել է Cbonds Խմբի Ռուսասատանի եւ ԱՊՀ երկրների պարտքային գործիքների շուկայի ղեկավար Ելենա Ավդոնիչեւան։ «Նմանատիպ հեղինակավոր մրցանակ ստանալը հաստատում է մեր պարտատոմսերի՝ ռուսական շուկա մուտք գործելու կարեւորությունը։ Հայաստանի բանկային համակարգում այս ուղղությամբ առաջինը դառնալով` մենք ռուս ներդրողներին ծանոթացրեցինք նոր շահավետ գործիքի հետ եւ, ինչպես ցույց են տալիս արդյունքները, նրանց հետաքրքրեցինք այս առաջարկով: Մեր թիմի անունից շնորհակալություն եմ հայտնում համաժողովի կազմակերպիչներին մեր ձեռքբերումները գնահատելու համար: Շնորհակալ ենք Հայաստանի եւ Մոսկվայի բորսաների մեր գործընկերներին եւս համակարգված աշխատանքի համար: Համատեղ ջանքերի շնորհիվ կարողացանք կարեւոր քայլ կատարել պարտատոմսերի շուկայում միջազգային համագործակցության զարգացման համար»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ «Սա հրաշալի հնարավորություն է արժեթղթերի շրջանառությունը մեծացնելու, ռուսական շուկայից փոխցուցակման միջոցով ներդրումներ ներգրավելու, ինչպես նաեւ թողարկող կազմակերպությունների ճանաչելիությունը միջազգայնորեն մեծացնելու համար։ Հայաստանի կապիտալի շուկան շարունակաբար զարգանում է, եւ դրա վառ վկայությունն են տեխնոլոգիական արդիականացումը, բորսայական առեւտրի դինամիկան եւ ցուցակման աճը։ Յունիբանկի թողարկած պարտատոմսերը գրավիչ են Մոսկվայի բորսայում, ինչը խոսում է բանկի հանդեպ վստահության մասին»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։ «Հայաստանն ունի զարգացման մեծ հեռանկար՝ շնորհիվ բարենպաստ օրենսդրական միջավայրի, դեպոզիտար համակարգում կանոնավոր նորարարությունների եւ կուտակային կենսաթոշակային ֆոնդերի առկայության։ ՀԿԴ-ն շարունակում է իրագործել ներդրողներին եւ շուկայի մասնակիցներին դեպոզիտար ծառայություններին հասանելիություն տալու իր ռազմավարությունը։ Մենք բաց ենք նոր համագործակցությունների համար եւ պատրաստ ենք ցուցադրել շահագրգիռ ընկերություններին եւ ներդրողներին մեր շուկայի գրավչությունն ու տեխնոլոգիական հնարավորությունները»,- նշել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը։ «Տեխնոլոգիաների զարգացմանը եւ կատարելագործմանն ուղղված՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի եւ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի համագործակցությունը հնարավորություն տվեց մեզ հայկական թողարկողների արժեթղթեր սպասարկել եւ կարճ ժամանակում իրականացնել դրանց փոխցուցակումը Մոսկվայի բորսայում: Ուրախ ենք, որ ներդրված ծրագիրը բարձր գնահատվեց ինչպես փորձագետների, այնպես էլ շուկայի մասնակիցների կողմից»,- ասել է ԱՀԴ-ի դեպոզիտար գործառնությունների ղեկավար Դենիս Բուրյակովը: Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: 2020 թվականին բորսայական առեւտրի ծավալն աճել է ավելի քան 6% -ով, իսկ գործարքների քանակը՝ 54% -ով: Պարտատոմսերի հիմնական ծավալը թողարկվում է բանկերի եւ այլ ֆինանսական ընկերությունների կողմից: Tweet Դիտում՝ 4543