AMX-ն ամփոփել է առաջին կիսամյակի արդյունքները

14.07.2021 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#AMX #Հայաստանի ֆոնդային բորսա #պարտատոմսեր
Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 2021 թվականի առաջին կիսամյակի տվյալները ցույց են տալիս առեւտրի եւ շուկայի ծավալի համեմատական աճ։

Պետական պարտատոմսերի առեւտրի ընդհանուր ծավալն առաջին կիսամյակում կազմել է ավելի քան 30,7 մլրդ դրամ՝ 2019-ի համեմատ գրանցելով 27% աճ, իսկ 2020-ի համեմատ՝ 46% անկում։ Պետական պարտատոմսերով կնքվել է 407 գործարք։

Պետական պարտատոմսերի շուկայի ծավալը (market value) նույն ժամանակահատվածի համար հատել է 1 տրիլիոն դրամի շեմը՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 35%-ով։ Պետական պարտատոմսերով գործարքների քանակը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 95%-ով։

Բորսայից հայտնում են, որ նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայական եւ թե՛ առեւտրի ծավալը պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի առաջին կիսամյակի շուկայի ծավալը կազմել է ավելի քան 488 մլրդ դրամ, որը 31%-ով առավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Առեւտրի ծավալը 2020 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 11%-ով՝ անցնելով 16 մլրդ դրամի շեմը։ 2018 թ․-ի առաջին կիսամյակի համեմատ 2021թ․-ի ցուցանիշն աճել է ավելի քան 2 անգամ։ Գործարքների քանակը գրեթե հավասար է նախորդ տարվա ցուցանիշին, իսկ գործարքների միջին ծավալն աճել է 11%-ով։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 109-ի։

Ռեպո գործարքների՝ արդյունավետ ֆինանսական գործիք լինելու մասին վկայում է այն հանգամանքը, որ 2018 թվականի առաջին եռամսյակում գործարքների ընդհանուր ծավալը կազմում էր  մոտ 1,7 մլրդ դրամ, իսկ այսօր այն գրեթե 8 անգամ ավելին է եւ կազմում է 14 մլրդ դրամ։  Այս ցուցանիշը 16%-ով ավելի բարձր է նախորդ տարվա կիսամյակի ցուցանիշից, իսկ 2019թ-ի 1-ին կիսամյակի համեմատ աճել է 4 անգամ։

Ռեպո գործարքների քանակը նախորդ տարվա I կիսամյակի համեմատ աճել է 32%-ով, իսկ գործարքների միջին ծավալը՝ 12%-ով։

Բաժնետոմսերի առեւտրի ծավալն առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է՝ հասնելով 116 մլն դրամի։ Շուկայի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 7%-ով՝ հասնելով 159 մլրդ դրամի։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը աճել է 9 անգամ՝ հասնելով 146-ի։
Դիտում՝ 968
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW