Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է առաջին կիսամյակի արդյունքները

14.08.2019 | 14:29 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Հայաստանի ֆոնդային բորսա #պարտատոմսեր
Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանի արժեթղթերի շուկայի միակ օպերատոր AMX Հայաստանի ֆոնդային բորսան արձանագրել է աճ գրեթե բոլոր ցուցանիշներով։

2018թ. առաջին կիսամյակի համեմատ՝ կորպորատիվ պարտատոմսերի հանդեպ հետաքրքրությունն աճել է։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում առեւտրին թույլատրված կորպորատիվ պարտատոմսերի ծավալը կազմել է 126 մլրդ դրամ, ապա այս տարի այն աճել է շուրջ 27%-ով՝ հասնելով 160 մլրդ դրամի։

Միաժամանակ առեւտրի ծավալն անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է մոտ 41%-ով՝ հասնելով 12.5 միլիարդի։ Գործարքների քանակն ավելացել է 10.7%-ով, իսկ ցուցակված պարտատոմսերի քանակը 60-ից հասել է 72-ի՝ աճելով 20%-ով։

Կորպորատիվ պարտատոմսերի եւ պարտավորությունների հարաբերակցության արդյունքում գրանցվել է 0.28% աճ՝ 2018թ. առաջին կիսամյակի համեմատությամբ։

Պետական պարտատոմսերն, ի տարբերություն կորպորատիվ պարտատոմսերի, ավելի քիչ ակտիվություն են ցուցաբերել։ Թողարկումների ծավալը նվազել է 5.57%-ով, սակայն փոխարենը գործարքների քանակն ավելի քան երկու անգամ մեծացել է։

Աճել է նաեւ պետական գանձապետական պահառուի համակարգով գործարքների քանակը, այդ թվում՝ gp.minfin.am հարթակի միջոցով։

«Կարելի է փաստել, որ այժմ անհատները հակված են կատարելու առցանց առքուվաճառք՝ այսինքն անմիջականորեն, առանց միջնորդի ցանկացած պահի գնել եւ վաճառել պարտատոմսեր։ 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում նաեւ տեղի է ունեցել 2017թ.-ից ի վեր Հայաստանում պետական պարտատոմսերի ամենախոշոր՝ 40 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տեղաբաշխման աճուրդը»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանյան արժեթղթերի շուկայում պարտատոմսերի առավել մեծ թողարկումների ծավալով առանձնանում են AMX-ի անդամ Ամերիաբանկը՝ 38.3 մլրդ դրամ, Արմսվիսբանկը՝ 22.3 մլրդ դրամ, եւ Կոնվերս Բանկը՝ 13.48 մլրդ դրամ։

Ռեպո գործարքների քանակն անցած տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է գրեթե 4 անգամ` 85 գործարքից հասնելով 217-ի։ Ռեպո գործարքներ կնքում են ֆինանսական կազմակերպությունները, որի ժամանակ մի կողմը պարտավորվում է վերավաճառել արժեթղթերը մյուս կողմին նախապես համաձայնեցված արժեքով եւ ժամանակահատվածում։

Վերջին երկու տարիների առաջին կիսամյակի համեմատության արդյունքում բաժնետոմսերի վաճառքի ծավալների էական աճ չի դիտարկվել (ընդամենը 11.61%):
Դիտում՝ 6963
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW