Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի

16.08.2017 | 16:12 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #պարտատոմս
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը օգոստոսի 18-ին հրապարակային առաջարկի միջոցով կսկսի տեղաբաշխել $5 մլն ընդհանուր ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր:

Բանկում նշել են, որ պարտատոմսերը կունենան տարեկան 5,5% եկամտաբերություն, 30 ամիս շրջանառության ժամկետ:

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կկազմի $100։

«Սա Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից պարտատոմսերի առաջին թողարկումն է, սակայն այսուհետ գործընթացը կկրի շարունակական բնույթ: Սրանով մենք նպատակ ունենք մեր լուման եւս ներդնել մեր երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում՝ մշտապես ունենալով ազատ շրջանառվող պարտատոմսեր: Մեր հաճախորդների համար բանկի պարտատոմսերը կլինեն խնայողությունների եւ ներդրումների այլընտրանք, իսկ տեղաբաշխման արդյունքում բանկի կողմից ներգրավվող ֆինանսական միջոցները կուղղվեն տնտեսության իրական հատվածի վարկավորմանը»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի ֆինանսական գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը։  


Մեկ ներդրողը կարող է ձեռք բերել նվազագույնը 5, իսկ առավելագույնը՝ 10 000 հատ պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է ոչ ուշ, քան 2017թ. նոյեմբերի 18-ը։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար
Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար
Պարտատոմսերի ազդագիր

Դիտում՝ 12114

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW