«Զբոսաշրջային հարկ». շքեղությո՞ւն, թե՞ անհրաժեշտություն

27.05.2014 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Եվրոպայի եւ Ասիայի մի շարք քաղաքներում արդեն մի քանի տարի գործում է «զբոսաշրջային հարկ» հասկացությունը: Մասնավորապես, տվյալ բնակավայրի հյուրանոցներում/հյուրատներում հանգրվանած զբոսաշրջիկներից գիշերակացի վճարի հետ մեկտեղ գանձվում է որոշակի հավելյալ տոկոս: Այս գումարները հարկի տեսքով գնում են քաղաքային բյուջե:

 «Զբոսաշրջային հարկը» թույլ է տալիս ամեն տարի բավական խոշոր գումար մուտքագրել քաղաքային բյուջե եւ այն օգտագործել քաղաքի ենթակառուցվածքները բարելավելու եւ հետագայում ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու ուղղությամբ:

«Զբոսաշրջային հարկ»` զբոսաշրջիկներին ամենաշատ գրավող քաղաքներում

Հռում, Միլան, Ֆլորենցիա, Վենետիկ, Նեապոլ եւ իտալական այլ քաղաքներ այցելելիս պատրաստ եղեք մեկ անձի համար յուրաքանչյուր գիշերվա համար վճարել €0.35-ից մինչեւ €5 լրացուցիչ գումար: Մինչեւ 16 տարեկան անձանցից այս հարկը սովորաբար չի գանձվում:    

Դուբայում գիշերակացի համար 2014թ. մարտի 31-ից զբոսաշրջիկները մեկ սենյակի համար յուրաքանչյուր օր վճարում են $1.9-ից մինչեւ $5.5: Ստույգ գինը կախված է նրանից, թե ինչ վարկանիշ ունի ձեր ընտրած հյուրանոցը: 

Իսպանիայի Կատալոնիա նահանգում եւ բուն Բարսելոնա քաղաքում հյուրանոցում գիշերելու համար պետք է նախատեսել օրական հավելյալ €0.5-€2.5:  

Իսկ Խորվաթիայում «զբոսաշրջային հարկը» հիմնականում տատանվում է €0.3-ից մինչեւ €1-ի սահմաններում` կախված կոնկրետ քաղաքից եւ տարվա ժամանակահատվածից: Մինչեւ 12 տարեկան երեխաներն ազատված են այս հարկից, իսկ 12-18 տարեկանների համար գործում է 50% զեղչ: «Զբոսաշրջային հարկերի» «շքեղության» ռեկորդն այս երկրում պատկանում է Դուբրովնիկ քաղաքին, որտեղ մեկ գիշերվա համար ստիպված կլինեք վճարել €7 «զբոսաշրջային հարկ»:  

Համայնքային բյուջեի ավելացու՞մ, թե՞ զբոսաշրջիկների թվի անկում. կանխատեսում Հայաստանի համար

Banks.am-ը փորձել է պարզել, թե որքանով է «զբոսաշրջային հարկի» մոդելը կիրառելի Հայաստանի պարագայում եւ ի՞նչ նախապայմաններ են անհրաժեշտ այն մեր երկրում գործարկելու համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ոչ վաղ անցյալում զբոսաշրջային հարկ ներմուծելու նպատակահարմարության հարցը Հայաստանում քննարկվել է:

«Քննարկումներին մասնակցել են թե պետական, եւ թե մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Խնդիրն այն է, որ այդպիսի հարկատեսակի կիրառման պարագայում հյուրանոցների համար հարկային բեռը չպետք է ավելանա: Հայաստանի զբոսաշրջության արդյունավետության եւ մրցունակության բարձրացումը մեր հիմնական խնդիրն է: Դրա միջոցով կկարողանանք ավելացնել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը` նպաստելով երկրի տնտեսական զարգացմանը, ազգային եկամտի ավելացմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը: Այս տեսանկյունից ցանկալի չէ ներմուծել լրացուցիչ հարկատեսակ, որը կազդի մեր զբոսաշրջային արդյունքի գնի վրա»,- նշում է Մեխակ Ապրեսյանը:
 
Նրա խոսքով, զբոսաշրջության զարգացման միջոցով փորձ է արվում նպաստել համայնքների համաչափ զարգացմանը, բայց դա պետք է անել, հաշվի առնելով մրցունակ լինելու հանգամանքը, ինչը հնարավոր է միայն որակյալ ծառայություններ եւ մրցունակ գներ առաջարկելու դեպքում:

«Այո, լավ կլինի որքան հնարավոր է շատ եկամուտ մուտքագրել համայնքային բյուջե: Կարող է թվալ, որ եթե այդպիսի հարկ սահմանենք, համայնքները կզարգանան, բայց դրանից կարող է նվազել նաեւ զբոսաշրջիկների թիվը, հետեւաբար, կպակասի նաեւ եկամուտը»,- պարզաբանում է Ապրեսյանը:  

Այնուամենայնիվ, նա նշում է, որ եթե հյուրանոցների համար ԱԱՀ ավելի ցածր դրույքաչափ սահմանվի, կամ էլ մյուս հարկատեսակները ավելի ցածր չափով կիրառվեն, զբոսաշրջային հարկ սահմանելու հարցը կարելի է նորից դնել քննարկման:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը եւս Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ ՀՀ կառավարությունը տարիներ առաջ փորձ է կատարել հյուրանոցային հարկ ասվածը շրջանառության մեջ դնել, սակայն մասնավոր ոլորտը բոյկոտել է այդ քայլը։

«Երեւանն այսօր պատրաստ չէ այդ քայլին: Որպես զբոսաշրջային քաղաք, մայրաքաղաքն այսօր դեռեւս խնդիր ունի բացահայտելու իր զբոսաշրջային ներուժը, գրավելու մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ, ինչպես նաեւ բարձրացնելու սպասարկման ոլորտի ծառայությունների որակը։ Այնպես որ, Երեւան քաղաքում զբոսաշրջային հարկի ներդրման մասին դեռ վաղ է խոսել: Նման հարկատեսակը կարող է վանել առանց այդ էլ սակավաթիվ զբոսաշրջիկների»,- պարզաբանում է Մարիա Բարաղամյանը:

Իր հերթին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի վաճառքների եւ մարքեթինգի գծով համակարգող Մարիամ Օհանյանը Banks.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ պետք չէ եվրոպական երկրները համեմատել Հայաստանի հետ` այնտեղ թե հետաքրքրությունների շրջանակն է ավելի մեծ, թե այցելուների թիվը, ինչը փակում է հյուրանոցների հարկային եւ մնացած ծախսերը:

«Պետք չէ մոռանալ, որ առանց այդ էլ դեպի Հայաստան ինքնաթիռի տոմսերը բավական թանկ են, եւ ցանկացած նորարարություն, որ կատարվում է այս ոլորտում, անընդհատ ինչ-որ բան է պահանջում իր փոխարեն: Չեմ կարծում, որ զբոսաշրջային հարկի ներմուծումը լավ կազդի Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա: Գուցե հետընթաց տեղի չունենա, բայց առաջընթաց եւս հաստատ չենք գրանցի»,- պարզաբանել է Մարիամ Օհանյանը` հավելելով, որ եթե հարկատեսակն ամեն դեպքում Հայաստանում կիրառություն գտնի, հարկավոր կլինի արտոնություններ սահմանել հյուրանոցների համար:  

Նարինե Դանեղյան

Դիտում՝ 4637
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW