Գենդերային հավասարության հիմնախնդիրը առկա է ողջ աշխարհում, սակայն հատկապես զարգացող երկրներում հավասարության հորդորներն ընդունվում են դիմադրությամբ եւ ստանում են կամային մեկնաբանություններ: Հայաստանում գենդերային հավասարության խնդիրների շուրջ Banks.am -ը զրուցել է ԵՊՀ Գենդերային հետազոտությունների եւ առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանի հետ, ով զրույցի ընթացքում ներկայացրել է կենտրոնի կողմից ուսանողների շրջանում վերջերս իրականացված հետազոտության արդյունքները: Առավել ուշագրավ արդյունքներից է այն, որ հարցված արական սեռի ուսանողների 50%-ը կիսում է «բիո-դետերմինիստիկ» մոտեցումը, ըստ որի տղամարդիկ պետք է ունենան ավելի շատ իրավունքներ, քանի որ կենսաբանորեն ավելի ուժեղ են եւ խելացի: Ավելին`արական սեռի ուսանողների 75%-ը կարծում է, որ հենց տղամարդիկ պետք է ստանձնեն պատասխանատու պաշտոններ: Գոհար Շահնազարյանի խոսքերով, հարցումը եւս մեկ անգամ ապացուցում է այն տարածված հասարակական կարծիքը, որ կրթությունը կնոջ համար շատ հաճախ ընկալվում է որպես «օժիտ»: Ուսանողների ճնշող մեծամասնությունը (արական սեռի ուսանողների 93%-ը եւ իգական սեռի ուսանողների 96%-ը ) կարծում է, որ կինը պետք է ունենա լավ կրթություն, բայց, միեւնույն ժամանակ, դա չի կապվում մասնագիտական հաջողությունների հետ: Ուշագրավ է, որ կանանց 95%-ը չեն տեսնում իրենց որպես հաջող մասնագիտական կարիերայի կրող, բայց գնահատում են իրենց որպես լավ մասնագետներ: Ըստ մեր զրուցակցի, սա կարող է մեկնաբանվել երկու տեսակետներից` - կանանց շրջանում ցածր է ինքնավստահությունը եւ թույլ է արտահայտված բարձր պաշտոնների ձգտումը;- կանայք կարծում են, որ հաջողակ կարիերան կարող է խոչընդոտ լինել ընտանեկան կյանքի եւ իրենց ավանդական դերի տեսանկյունից: Գոհար Շահնազարյանի փոխանցմամբ, հետազոտությունը փաստում է, որ հասարակական գիտություններ ուսումնասիրող ուսանողները գենդերային խնդիրների առումով ունեն ավելի ազատական տեսակետներ: Կենտրոնի տնօրենը զրույցի ընթացքում կարեւորեց «գենդեր» եզրույթի հստակ սահմանումը. «Գենդերը միջազգային գիտական տերմին է, թեեւ մեզ համար բառը ինքնին նոր է: Շատերը կարծում են, որ այն հայերեն «սեռ» բառի համարժեքն է: Սակայն սեռը բնածին կենսաբանական հատկանիշ է, իսկ գենդերը սեռի դերն է հասարակության մեջ, որը ձեւավորվում է տվյալ մշակույթի եւ սոցիումի ազդեցությամբ: Դրա պարզ օրինակներից մեկն այն տարբերությունն է, որ առկա է հայ եւ ֆրանսիացի կնոջ կամ հայ եւ ֆրանսիացի տղամարդու միջեւ»:Նշենք, որ գենդերային հավասարության տեսանկյունից ՀՀ-ն տարեցտարի զիջում է իր դիրքերը: Դա է փաստում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հրապարակվող Գենդերային հավասարության համաշխարհային ինդեքսը (Global Gender Gap), ըստ որի 136 երկրների շարքում 2013 թ.-ին Հայաստանը զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը, 2012-ին`92-րդը, իսկ 2011-ին` 84-րդը: Ավելացնենք նաեւ, որ Հայաստանը ցածր հորիզոնականներում է նաեւ գենդերային առողջապահության վարկանիշով: Սա պայմանավորված է ՀՀ-ում նորածինների սեռերի անբնական հարաբերակցությամբ, ինչն էլ իր հերթին հետեւանք է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների: «Ինչպես աշխարհի երկրների գերակշռող մասում, այնպես էլ ՀՀ-ում, կանանց թիվը հատկապես փոքր է քաղաքական ոլորտում: Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի` 2013թ.-ին ՀՀ-ն 114-րդ էր կանանց քաղաքական մասնակցության առումով` 2011թ.-ի 108-րդ հորիզոնականի փոխարեն: Ներկայումս ՀՀ-ում կանայք կազմում են բոլոր նախարարների եւ փոխնախարարների ընդամենը 11%-ը, բարձրապաշտոն հանրային ծառայողների 14%-ը, Ազգային ժողովի 10.7%-ը եւ դեսպանների միայն 5 %-ը: Անգամ կրթական հաստատություններում, որտեղ կանանց թիվը բավական մեծ է, դեկանի, ռեկտորի կամ պրոռեկտորի մակարդակով կանայք գրեթե չկան », - նշում է Գոհար Շահնազարյանը: Վերջին երկու տասնամյակների ընթացքում գենդերային հավասարության խնդրին առավել հաճախ են անդրադառնում տնտեսագետները`ընդգծելով անհավասարության բացասական ազդեցությունը տնտեսական զարգացման վրա: Այս տեսանկյունից հատկապես կարեւոր է կանանց մասնակցության կշիռը տնտեսապես ակտիվ բնակչության մեջ: Երբ կանայք չեն ներգրավվում ակտիվ աշխատուժի մեջ, երկիրը չի կարող գործել իր ներուժի առավելագույն չափով: Ըստ ԱՎԾ-ի` ՀՀ-ում տնտեսապես ակտիվ է տղամարդկանց 72%-ը եւ կանանց միայն 55%-ը: «Ելնելով Համաշխարհային բանկի եւ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան»-ի վերջին հետազոտության արդյունքներից` կանանց տնտեսական ակտիվությունը սահմանափակող գործոնները կարելի է բաժանել երկու խմբի. ընտանեկան-մշակութային գործոններ եւ երեխայի խնամքի հետ կապված ընդմիջումներ ու խոչընդոտներ: Մասնավորապես, մեծ խնդիր է այն հանգամանքը, որ գործատուն չի ապահովում համապատասխան պայմաններ երեխաներ ունեցող կանանց համար (կրճատ աշխատանքային օր, աշխատանքի մի մասի կատարում տանից): Այս խնդիրը առավել արտահայտված է մասնավոր կառույցներում»,- Banks.am-ին ասել է Գոհար Շահնազարյանը: «Տնտեսական զարգացման եւ գենդերային հավասարության կապը կարող ենք դիտարկել նաեւ կորուստների տեսանկյունից: Մեր ուսումնական հաստատություններում բակալավրի եւ մագիստրատուրայի մակարդակով ավելի շատ են ուսանողուհիները, որոնք նաեւ ավելի լավ առաջադիմություն են ցուցաբերում: Սակայն որոշակի տարիքից հետո այդ ակտիվ աղջիկները լճանում են կամ «անհետանում»: Սա նշանակում է, որ համալսարանի, պետության, ընտանիքների կողմից նրանց մարդկային կապիտալում կատարված ներդրումները հետ չեն գնվում, ինչը կորուստ է, չիրացված հնարավորություն տնտեսության համար»,-եզրափակել է մեր զրուցակիցը:Շուշան Մարգարյան` հատուկ Banks.am-ի համար Tweet Դիտում՝ 3838