FEDA. հայազգի գործարարների եվրոպական հենակետը

22.04.2014 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Հայաստանի Տնտեսական Զարգացման Ֆորում» (FEDA) կազմակերպության տնօրեն Հայկ Հովհաննիսյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալության Banks.am պորտալին

2014 թվականից շվեյցարական Ժնեւ քաղաքին սահմանակից ֆրանսիական լ’Էն դեպարտամենտում գործում է «Հայաստանի Տնտեսական Զարգացման Ֆորում» (FEDA) ոչ պետական, ոչ առեւտրային կազմակերպությունը, որն իրականացնում է Եվրոպայի առաջին հայկական գործարարության եւ ցուցահանդեսների կենտրոնի ստեղծման գործընթացը: Կենտրոնն օգնելու է Հայաստանի եւ այլ երկրների հայազգի գործարարներին ներկայանալ եվրոպական շուկայում: Կազմակերպության նպատակների մեջ է մտնում նաեւ դեպի Հայաստան ու Արցախ ներդրումների ներգրավումը, գործընկեր բանկերի եւ այլ ֆինանսական կառույցների ﬕջոցով հեռանկարային բիզնես-ծրագրերին աջակցությունը:  

- Պ-ն Հովհաննիսյան, Ձեր կազմակերպության ծրագրային դրույթները բավականին հավակնոտ են եւ ենթադրում են շահառուների լայն շրջանակ՝ ներառյալ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցներին: Սփյուռքի գործարար ներուժն առավել արդյունավետ օգտագործելու համար ի՞նչ նոր գաղափարներ են առաջ քաշվում Ձեր կողմից:

- Կարծում եմ, Հայաստանի եւ հայ ազգի առջեւ այսօր կանգնած հասարակական եւ տնտեսական խնդիրների ծավալներն են թելադրում նման հավակնոտ թիրախներ, որոնք էլ, իրենց հերթին, պարտադրում են հետեւողական եւ համակարգային աշխատանք: Մեր կազմակերպությունն այս ուղղությամբ իր առաջին քայլերն է կատարում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ որպես հայկական աշխարհում տնտեսական համակարգման մեխանիզմ սա յուրահատուկ նախաձեռնություն է, իսկ հաջողության դեպքում, Ձեր ասածի պես, իր արդյունքները կբերի շահառուների իսկապես լայն շրջանակի:

FEDA-ի հիմքում ինքնին ընկած է Սփյուռքի գործարար ներուժն առավել արդյունավետ օգտագործելու նոր մոտեցում: Հենց սփյուռքահայ գործարար շրջանակների, մասնավորապես` մեր կազմակերպության նախագահ, Ֆրանսիայում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի հովանավորությամբ մենք Եվրոպայի աշխարհագրական սրտում` Ժնեւի նման կարեւորագույն միջազգային հանգույցին հարակից, ստեղծում ենք առաջին համահայկական բիզնեսի եւ ցուցահանդեսների ժամանակակից կենտրոնը:

Այստեղ տարբեր երկրների հայազգի գործարարներին երկարաժամկետ արտոնյալ պայմաններով կտրամադրվեն ցուցասրահներ` իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացնելու, գրասենյակներ եւ այլ ենթակառուցվածքներ`իրենց եվրոպական գործողություններն ու միջոցառումները կազմակերպելու համար: Պարբերաբար կիրականացվեն մասնագիտական ցուցահանդեսներ ու կոնֆերանսներ` մեր հայրենակից գործարարներին միմյանց, ինչպես նաեւ օտարերկրյա խոշոր տնտեսական սուբյեկտների հետ մերձեցնելու նպատակով:

Այս ամենը կնպաստի ոչ միայն ծրագրի ուղղակի մասնակիցներին, այլեւ նոր մակարդակի կբարձրացնի «Made in Armenia»-ի եւ հայազգի գործարարի միջազգային հեղինակությունը:

- Որպես Հայաստանին օգնելու գերակա նպատակ Դուք առաջարկում եք բարեգործությունը փոխարինել ներդրումներով եւ բիզնես նախաձեռնություններով: Գործողությունների ինչպիսի՞ հաջորդականությունը կարող է համատեղել Սփյուռքի գործարար եւ ազգային շահերն` ի բարօրություն Հայաստանի:

- Նախ հստակեցնեմ, որ Սփյուռքի կողմից իրականացվող բարեգործության կարեւորությունն ինչպես Հայաստանի զարգացման, այնպես էլ արտասահմանում հայապահպանության գործում` թե՛ նյութական, եւ թե՛ բարոյական առումով եղել է եւ կմնա անգնահատելի: Բարեգործությունը հնարավորություն է տալիս արագ արձագանքել բազմապիսի սոցիալական խնդիրների, որոնց լուծումը վեր է պետության հնարավորություններից եւ բիզնեսի գործառույթներից, ինչպես նաեւ վերահաստատում է աշխարհասփյուռ հայության համախմբվածությունն ազգային արժեքների շուրջ: Ուստի բարեգործության փոխարինման մասին խոսք գնալ չի կարող: Բայց նաեւ պարզ է, որ Սփյուռքի կողմից բիզնես նախաձեռնությունների իրականացումը պարունակում է շատ ավելի հեռանկարային օգուտներ Հայաստանի տնտեսական ինքնաբավության համար, մասնավորապես` հարուստ գիտելիքի, փորձի, գործարար մշակույթի, կառավարման համակարգերի, միջազգային կապերի եւ, իհարկե, կապիտալի ձեւով:

Կարծում եմ, նախորդ երկուսուկես տասնամյակի ընթացքում բոլորս էլ համոզվել ենք, որ ազգային պատկանելությունը կարեւոր, բայց ոչ բավարար պայման է դեպի Հայաստան ցանկալիի չափ ներդրումներ ներգրավելու համար: Սփյուռքի ազգային եւ տնտեսական շահերի համատեղման գործում պետք է սովորենք սփյուռքահայ ներդրողին նախ ընկալել որպես սովորական միջազգային գործարար սուբյեկտ` իր բոլոր ռացիոնալ շահերով եւ մտավախություններով հանդերձ, եւ հետո միայն որպես մեր հայրենակից: Ինչպես բոլոր ներդրողներին, սփյուռքահային Հայաստանը պետք է ներկայանա շահութաբեր հնարավորություններով, ապահով ու վստահելի միջավայրով: Այս նախապայմանները մեր երկրում օբյեկտիվորեն գոյություն ունեն, հատկապես արտահանման ուղղվածություն ունեցող արտադրական ճյուղերի համար:

- Մանրամասնեք, խնդրում եմ, որո՞նք են այդ նախապայմանները:

- Բավական է նշել ԱՊՀ երկրների հետ Ազատ առեւտրի համաձայնագիրը, Եվրամիության կողմից տրամադրված GSP+ առեւտրային նախապատվությունների համակարգը, էներգիայի եւ աշխատուժի մատչելիությունը, արտահանման մաքսատուրքերի բացակայությունը, կայացած բանկային համակարգը, ներդրողների պաշտպանվածության բարձր մակարդակը (փաստարկված հեղինակավոր միջազգային ուսումնասիրություններում), շահույթների էքսպատրիացիայի սահմանափակումների բացակայությունը: Արդյունքում, ստանում ենք լուրջ մրցակցային առավելություն հարյուրավոր ապրանքատեսակների արտադրության բնագավառում: Եվրասիական միասնական տնտեսական գոտուն անդամակցությունը մոտ ապագայում կստեղծի լրացուցիչ գրավչություն:

Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչո՞ւ չենք տեսնում մեծածավալ ներդրումների հոսք, ասենք, թեթեւ արդյունաբերության կամ նորարական տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ տրանսպորտային ծախսերն էլ, բաշխվելով բարձր ավելացված արժեք ունեցող միավոր արտադրանքի մեջ, կդառնային հաղթահարելի: Կարծում եմ, խնդիրը ներդրումային միջավայրի մասին սուբյեկտիվորեն հոռետեսական պատկերացումների, վերոհիշյալ առավելությունների մասին բավականաչափ տեղեկացված չլինելու եւ տեղում վստահելի կապերի բացակայության մեջ է:

Ուստի, որպես առաջնային խնդիր ունենք մեր երկրի առավելությունները պոտենցիալ ներդրողների հնարավորինս լայն շրջանակին համոզիչ եւ բարձրակարգ ձեւով ներկայացնելու, Հայաստանի նոր «իմիջ» ձեւավորելու: Այս գործում կարեւոր է որքան պետության, այնքան էլ մասնավոր հատվածի պրոակտիվ մոտեցումը: Մեր կազմակերպության գլխավոր նպատակներից մեկը հենց այդ նոր իմիջի ձեւավորման բաղկացուցիչ գործոն դառնալն է` ժամանակակից բիզնես-կենտրոնով, բարձրակարգ միջոցառումներով եւ հաջողված ծրագրերով հանդես գալու միջոցով:

Սփյուռքահայ ներդրողի, որպես ռացիոնալ գործարար սուբյեկտի, ուշադրությունը եւ վստահությունը գրավելուց հետո միայն նրանից կարող ենք ակնկալել այսպես կոչված «patriotic discount», որը ենթադրում է հայրենասիրական դրդումներից ելնելով նվազ շահութաբերություն ընդունելու պատրաստականություն` այլ երկրներում նմանատիպ ներդրումների համեմատ, կամ որոշակի ռիսկերի անտեսում (օրինակ` պատերազմական):

- Դեպի Հայաստան եւ Արցախ ներդրումային հոսքերի ապահովման հարցում ի՞նչ տեսանելի արդյունքներ եք արձանագրել: Այս առումով, որքանո՞վ է հավասարակշռված Ձեր աշխատանքը Սփյուռքի ներկայացուցիչների եւ օտարազգի ներդրողների միջեւ:  

- Ներկայումս խորհրդատվություն ենք իրականացնում մեր առաջին նմանատիպ ծրագրով:  Այն կապված է Ռուսաստանի եւ ԱՊՀ շուկաները սպասարկելու նպատակով կոշիկ արտադրող հայտնի իտալական ընկերության կողմից Հայաստանում արտադրական հզորություններ զարգացնելու հետ: Ծրագիրը հետաքրքրական է նաեւ նրանով, որ Ձեր մատնանշած տեսանկյունից բավական հավասարակշռված է, քանի որ հաջողության պարագայում կունենանք կոնսորցիում վերոհիշյալ իտալական ընկերության եւ Եվրոպայի ու ԱՊՀ Սփյուռքի գործարարների միջեւ:

- Կարո՞ղ եք առանձնացնել այն հայկական ապրանքները, որոնց կարիքն, ըստ Ձեզ, այսօր ունի եվրոպական շուկան: Միեւնույն ժամանակ, որքանո՞վ արդյունավետ է օգտագործվում  հայաստանյան գործարարների կողմից արտաքին շուկաներում եղած պահանջարկը:

- Այսօր Հայաստանի արտահանման 1/3-ից ավելին հասցեագրված է Եվրամիությանը: Այդ ծավալների 3/4-ից ավելին կազմում են հանքահումքային արտադրանքն ու ոչ թանկարժեք մետաղները, եւս 11%-ը` թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը: Ինչ խոսք, ցանկալի կլիներ ընդամենն երկուսից չորս ժամ թռիչքի հեռավորության վրա գտնվող, 17 տրիլիոն դոլարանոց տնտեսություն եւ 500 միլիոն մեծամասամբ վճարունակ սպառող ունեցող ԵՄ շուկայում ներկայացված լինել ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքատեսակներով:

Միեւնույն ժամանակ, ԵՄ-ն մեզ համար որքան գրավիչ, այնքան էլ դժվար ներթափանցելի շուկա է` թե՛ սուր մրցակցության, թե՛ բարձր որակական ստանդարտների, թե՛ հայկական արտադրանքի անհայտ լինելու պատճառով: Ուստի ակնկալել, որ Եվրոպայում կամ այլ շուկաներում պետք է ինքնըստինքյան առաջանա հայկական արտադրանքի կարիք, ճիշտ չէ. այդ պահանջարկը ստեղծելու համար պետք է ինքներս իրականացնենք լուրջ նախաձեռնողական աշխատանք, որի կարեւորագույն բաղկացուցիչ տարրը գործարարների միջեւ ակտիվ շփումների ստեղծումն է:

Սակայն բազմաթիվ հայ գործարարների հետ քննարկումների ընթացքում մեզ համար պարզ է դարձել, որ համապատասխան կապերի եւ պատշաճ մակարդակով պոտենցիալ օտարերկրյա գործընկերներին ներկայանալու փորձի բացակայությունն էլ հենց հանդիսանում է հիմնական դժվարություններից մեկը: FEDA բիզնեսի եւ ցուցահանդեսների կենտրոնում ներկայացված լինելը, ինչպես նաեւ մասնակցությունը մեզ մոտ պարբերաբար կազմակերպվելիք միջոցառումներին լուրջ հնարավորություններ կստեղծի այդ սահմանափակումները հաղթահարելու համար: Հայ գործարարը հետապնդում է շահույթ, հետեւաբար ենթադրվում է, որ իր հնարավորությունների սահմաններում անում է առավելագույնը: Մեր նպատակն այդ հնարավորությունների շրջանակը լայնացնելն է:

- Այնուամենայնիվ, չե՞ք կարծում, որ գոյություն ունի նաեւ որակի ապահովման խնդիր՝ միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան:

- Ինչ վերաբերում է բարձր որակական ստանդարտները բավարարելու հարցին, ապա նշեմ, որ վերջերս մեզ այցելած հրուշակեղենի հայաստանյան խոշոր արտադրողներից մեկը նկատեց. «Լավ գիտենք՝ ինչ բաղադրությամբ եւ ինչ տեխնոլոգիայով պետք է արտադրենք այս շուկայի համար: Բավականաչափ պահանջարկ գտնելու դեպքում արագ կվերածրագրավորենք հոսքագիծը: Մնում է մեզ այստեղ ճանաչեն...»:

Նշեմ նաեւ, որ եվրոպական շուկան մեզ համար ինքնանպատակ չէ. նպատակը հայազգի գործարարների առաջխաղացումն է: Ժնեւը մեր կենտրոնի ստեղծման համար պատահական չէ ընտրված: Այն համարվում է աշխարհի «ամենամիջազգային քաղաքը»: Այստեղ տեղակայված են 40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, 600 կորպորացիա, 120 բանկ, համաշխարհային կարեւորություն ունեցող բազմաթիվ ցուցահանդեսներ եւ այլն: Ուստի, առաջին համահայկական բիզնես-կենտրոնը տեղակայված է լինելու ոչ միայն Եվրոպայի, այլեւ ամբողջ աշխարհի կարեւորագույն տնտեսական սուբյեկտների անմիջական հարեւանությամբ՝ դրանից բխող կապերի եւ համագործակցության հնարավորությունների լայն աշխարհագրությամբ:  

- Ինչքանո՞վ է իրատեսական այն տեսակետը, որի համաձայն Հայաստանը կարող է դարպաս դառնալ եվրոպական շուկաներից դեպի Մաքսային միության երկրներ ապրանքներ ներկրելու հարցում:

- Աշխարհագրական սահմանափակումներից ելնելով, երբ խոսվում է Հայաստանը արեւմտյան ընկերությունների համար որպես Մաքսային միության դարպաս օգտագործելու մասին, ի նկատի չունենք ապրանքներ ներկրելը: Խոսքը տվյալ դեպքում ՄՄ շուկաները սպասարկելու համար Հայաստանում արտադրություն հաստատելու մասին է: Ի դեպ, Հայաստանի առավելություններն այս տեսանկյունից սահմանափակված չեն Մաքսային միությանը սպասվելիք անդամակցությամբ. ԱՊՀ Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը հայկական ծագում ունեցող հարյուրավոր ապրանքատեսակների համար արդեն այսօր առանց մաքսատուրքի մուտք է ապահովում ԱՊՀ անդամ 7 երկրներ` 250 միլիոն բնակչությամբ:

- Մայիսին Շվեյցարիայում նախատեսված է Հայաստան-Շվեյցարիա գործարար կլոր սեղան, որի ընթացքում ելույթ եք ունենալու նաեւ Դուք: Որո՞նք են լինելու Ձեր զեկույցի հիմնական շեշտադրումները:

- Նախ նշեմ, որ շատ կարեւորում եմ մեր գործընկեր ԱրմՍվիսԲանկի եւ Շվեյցարիա-ԱՊՀ Համատեղ առեւտրի պալատի կողմից նախաձեռնված այս միջոցառումը: Իր դարավոր գործարար ավանդույթներով, Շվեյցարիան օրինակելի տնտեսական ուժակալան է, որին անհրաժեշտ է հնարավորինս ակտիվ կերպով ներգրավել Հայաստանի տնտեսական կյանքին: Իմ ելույթը կրելու է ոչ թե զեկույցի բնույթ, այլ հավաքված գործարարներին ու տնտեսական ոլորտի պատասխանատուներին ներկայացվելու են FEDA բիզնես-կենտրոնն իր առավելություններով, ինչպես նաեւ մեր կազմակերպության գործունեության այլ ուղղությունները:

Հայկ Հովհաննիսյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Դիտում՝ 3686
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW