Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան բնակելի շենքի շուրջ ստեղծված խնդրի լուծումն ու ուղղությունները դեռեւս շարունակում են անհայտ մնալ:Մեդիամաքս-ի Banks.am պորտալը փորձել է պարզել գործի ընթացքը` լսելով դրանում ներքաշված կողմերին:«Տոնուս» շինարարական ընկերության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ դատարանն արդեն ավարտել է պահանջների քննության գործընթացը, մոտ օրերս կհրապարակի պարտատերերի վերջնական ցուցակը, որտեղ կնշվի, թե որ պահանջներն են ճանաչվել օրինական եւ ինչ չափով:«Երկար ժամանակ մենք սպասում էինք այս գործընթացին: Քանի դեռ չկա պարտատերերի ցուցակը, սնանկության վարույթը չի կարող առաջ շարժվել: Դատարանի հրապարակումից հետո կլինի պարտատերերի ժողովը, որին կհաջորդի առողջացման կամ լուծարման գործընթացը»,- ասել է Հրանտ Ղամբարյանը: Հարցին, թե ո՞րն էր պահանջների հաստատման գործընթացի ձգձգման պատճառը, Հրանտ Ղամբարյանը պատասխանել է, որ հիմնականում այն կապված է եղել բանկի պահանջի ոչ հստակ լինելու հետ. «Բանկի պահանջն առարկվում էր իր չափով եւ գրավով արտահայտվածությամբ: Դատարանը չէր կարողանում հստակ կողմնորոշվել, թե պահանջի չափն որքան է»:Խոսելով բնակիչների կողմից հավելավճար մուծելու մասին` մեր զրուցակիցը նշել է, որ դա եւս կախված է բանկի պահանջի չափից. «Մինչեւ չիմանանք, թե բանկի պահանջի չափն ինչքան է, չենք կարող հաշվարկել, թե հավելավճարը որքան պետք է լինի: Հավելավճարը եւ բնակիչների կողմից չվճարված գումարը պետք է այնքան լինեն, որ կարողանանք մարել բանկի պարտքն ու շենքն ավարտին հասցնել»:Արցախբանկի ներկայացրած պահանջի համաձայն, բանկի եւ «Տոնուս» շինարարական ընկերության միջեւ կնքվել են դրամով եւ դոլարով արտահայտված վարկային պայմանագրեր: Դրամի դեպքում բանկի պահանջը կազմում է 10 մլն 568 հազար 213 դրամ, որից 10 մլն-ը մայր գումարն է, մնացածը` տոկոսները, իսկ դոլարի դեպքում` $6 մլն 980 հազար 118, որից $6 մլն 358 հազար 939 դոլարը մայր գումարն է, մնացածը` տոկոսները:Արցախբանկի փաստաբան Գեւորգ Չաքմիշյանը մեզ հետ զրույցում նշել է, որ գործն ընթացքի մեջ է, եւ այս պահին որեւէ հստակ բան չի կարող ասել: «Տոնուս»-ի գործով տուժած քաղաքացիներն երեկ դիմել են ՀՀ նախագահի աշխատակազմ: Դավիթաշենի եւ Փափազյան փողոցում գտնվող շենքերի բնակարանատերեր Զոյա Պողոսյանի, Գագիկ Գրիգորյանի ու Արթուր Իսպիրյանի փոխանցմամբ, գործի շրջանակներում մինչ օրս բանկից որեւէ հստակ առաջարկ չեն ստացել: Բնակիչները խնդրի վերաբերյալ պետական մարմինների դիրքորոշումը զարմանալի են համարում եւ նշում, որ վերջին հույսը ՀՀ նախագահի արձագանքն է, որին պատրաստ են համբերատար սպասել մեկ ամիս: Նրանք անընդունելի են համարում բանկի պահանջի չափը` կասկած հայտնելով, թե բանկի ու «Տոնուս»-ի միջեւ եղել է փոխադարձ համաձայնություն խարդախության վերաբերյալ:Թեմային առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր նախորդ հրապարակումներում` Բնակիչներ vs «Տոնուս». ո՞րն է լուծումը, Բնակիչներ vs «Տոնուս». ո՞րն է լուծումը: Մաս 2, Բնակիչներ vs «Տոնուս». ո՞րն է լուծումը: Մաս 3: Սիրանուշ Եղիազարյան Tweet Դիտում՝ 3102