Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:Խորագրի այսօրվա հյուրը Management Mix խորհրդատվական եւ ուսումնական ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանն է: - Ո՞րն է եղել Ձեր ամենաթանկարժեք գնումը:- Դա այն ժամանակ էր, երբ Հայաստանում տուն եւ գրասենյակներ գնեցինք «Պիացցա Գրանդե» բազմաֆունկցիոնալ համալիրում:- Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե՞ բանկային քարտերը:- Ես ատում եմ կանխիկը: Իմ ֆինանսական շարժի 95%-ը բանկերի եւ բանկային քարտերի միջոցով են: Բայց եւ այնպես, ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում քարտերն այդքան էլ լայն տարածում չունեն, ստիպված ես լինում կանխիկ գումար պահել:- Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր Ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:- Իմ կենսակերպն այնպիսին է, որ ես շատ եմ ճամփորդում եւ շատ ծախսեր եմ կատարում, ինչպես նաեւ ընտանիքս բազմանդամ է, ուստի ծախսերը բավականին շատ են: Դրանք ներառում են ուսման, ապահովագրական, առողջապահական, ճանապարհային եւ ժամանցի ծախսերը, սպառումը եւ այլն: Եվ երբ գումարվում են այս բոլոր ծախսերը, արդյունքում ստացվում է մեծ գումար, ինչը պահանջում է շարունակական գործունեություն ծավալել տարբեր երկրներում:- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ: - Անշուշտ, ֆինանսական դժվարություններ եղել են, բայց ես դրանք արագ կառավարել եմ: Հիշում եմ՝ ժամանակին Կանադայում մի ընկերությունում էի աշխատում, եւ երբ տեղական արժույթն արժեզրկվեց, իմ աշխատավարձը հասավ ամսական 8 դոլարի: Ուրախ եմ, որ դա շատ վաղուց էր:Դժվարություններ ունեցա, երբ տարբեր տարիներին փոխում էի բնակությանս երկրները՝ Կանադա, Ֆրանսիա, Լիբանան: Ամեն անգամ նոր երկրում տուն ձեռք բերելու մեծ խնդիր կար: Սակայն սրանք խնդիրներ են, որոնք արագ լուծելի են եղել: Որպես աշխատասեր մարդ, ես երբեք դադար չեմ առնում՝ այդպիսով խուսափելով ֆինանսական դժվարություններից: - Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:- Այսօր ես ինձ կայուն եմ համարում, չնայած որ պետք է անդադար աշխատել՝ այս սպառող հասարակության մեջ կայուն լինելու համար: Իմ այս մոտեցումը տարածվում է նաեւ մեր ընկերության վրա՝ նույն կայունությունն ապահովելու աշխատակիցներին եւ գործընկերներին:- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:- Այո, տուն եւ գրասենյակներ գնելու համար: - Դուք շռա՞յլ մարդ եք, թե՞ տնտեսող:- Առհասարակ, ձգտում եմ կառավարել մուտքերն ու ելքերը: Չեմ սիրում, երբ մարդիկ զուր վատնում են ժամանակը, դրամը եւ այլ միջոցներ: Սիրում եմ, երբ մարդիկ գոհ են ապրում եւ ամեն ինչ լավ են կառավարում: - Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք գումարը:- Մոտ 50%-ը կներդնեի գործի մեջ՝ մեր ընկերությունն ավելի կայուն դարձնելու եւ, ավելացնելով աշխատակազմը, ավելի մեծ արդյունքներ ապահովելու համար: Դա կնպաստեր Հայաստանի քաղաքացիների համար աշխատատեղերի ստեղծմանը եւ, որպես արդյունք, արտագաղթի կրճատմանը: Քանի որ դա հավելյալ միլիոն է, գումարի 25%-ով կհիմնեի կայունության մի hիմնադրամ՝ աշխատատեղերի ստեղծմանն ու համալրմանն աջակցելու համար, նպաստելով մարդկանց մասնագիտական հմտությունների եւ կենսամակարդակի բարձրացմանը:Մնացած 25%-ը կուղղվեր երիտասարդական գաղափարների իրագործման աջակցմանը (venture capital):- Պարտքով գումար տալիս կամ վերցնո՞ւմ եք:- Ես պարտք չեմ տալիս, դա իմ առաքելությունը չէ: Իսկ աշխատանքի համար, անշուշտ, երբեմն պետք են գալիս վարկեր: - Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին:- Այո, իհարկե: Միաժամանակ, շատ զգուշորեն եմ ընտրում բանկերը: Րաֆֆի Սեմերջյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը: Tweet Դիտում՝ 3799