10 հարց փողի մասին Արսեն Ջուլֆալակյանին` «խուսափում եմ պարտք վերցնելուց»

21.02.2014 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:

Խորագրի այսօրվա հյուրը ըմբշամարտիկ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի առաջնության գավաթակիր Արսեն Ջուլֆալակյանն է:

- Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:

- Կդժվարանամ մեկ բան նշել, բայց ավելի շատ կցանկանայի խոսել ոչ թե գնի, այլ ձեռքբերված իրի ազդեցության եւ սպասվածության մասին: Մանուկ հասակում տեւական ժամանակ գումար էի հավաքում «կասսա» կոչվածի մեջ եւ անհամբեր սպասում էի, թե երբ պետք է այն բավականացնի հեծանիվ գնելուն...

Վերջապես եկավ այդ օրը, եւ հենց դրա պարունակությամբ կատարածս գնումն էլ մնացել է հիշողությանս մեջ որպես «ամենաթանկարժեքը»: Իսկ ընդհանրապես, կյանքում ամենաթանկարժեք բաներն անգին են, կամ էլ պարզապես չեն վաճառվում:

- Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե բանկային քարտերը:

- Գերադասում եմ կանխիկը, բայց այսօրվա աշխարհում բավականին բարդ եւ անհարմար է ապրել առանց բանկային քարտերի: Նախ, պրակտիկ չէ ամեն օր գրպանում մեծ գումար պահել, որը հնարավոր է օրերից մի օր անսպասելիորեն պետք գալ: Բացի դրանից, շատ երկրներում, մեղմ ասած, անհասկանալի կլինի, եթե գրպանիցդ կապոցով գումար հանես ինչ-որ վճարում կատարելու համար: Եվ ամենակարեւոր բաղադրիչներից մեկը՝ վիրտուալ աշխարհը: Այսօր անձը տանը նստած միայն բանկային քարտով կարող է հոգալ բազմաթիվ խնդիրներ: Եվ այս առավելությունների շարքը կարելի է դեռ շարունակել՝ չմոռանալով, բնականաբար, թերությունները... Այստեղ, երեւի տեղին է նշել հետեւյալ թեւավոր արտահայտությունը. «Ոչինչ այնքան չի մեծացնում դիմացինի հանդեպ վստահությունը, որքան կանխիկ գումարը»:

- Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:

- «Անհոգ» ասվածն շատ հարաբերական է: Ես չեմ կարող անհոգ ապրել, երբ իմ բարեկամների ու ընկերների մի մասը ֆինանսական խնդիրներ ունեն: Էլ չեմ ասում մեր ազգի մեծ մասի մասին... Ինչ վերաբերում է իմ ընտանիքին, ապա կոնկրետ որոշված թիվ չկա. կախված տվյալ ամսվա անհրաժեշտություններից: Բայց, բնականաբար, ծախսերը խելամիտ են կատարվում:

- Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:

- Իհարկե: Անչափ ծանր տարիներ են եղել, ինչպես եւ բազում իմ հայրենակիցների մոտ: Դրա պատճառը՝ Սովետական Միության փլուզումն էր, պատերազմը, շրջափակումը եւ այլն: Մարդիկ չէին կարողանում իրենց երկրում աշխատանք գտնել, եւ բացառություն չէր նաեւ հայրս, ով, Օլիմպիական չեմպիոն լինելով, ստիպված էր ժամանակավոր լքել երկիրը` ընտանիքը պահելու համար: Շատ լավ եմ հիշում այդ տարիները, դժվարությունները... Ինչեւէ, այդ ժամանակ եւս, երբ դեռ ընդամենը 8-9 տարեկան էի, տարբեր երեխայական ձեւերով կարողանում էի փոքրիկ գումար վաստակել եւ ինչ-որ տեղ իմ լուման ունենալ մեր ընտանիքի բյուջեում: Երեւի թե, հենց դա սովորեցրեց ինձ գումար վաստակելու բարդությունն ու հետագայում այն ճիշտ ծախսելու կարողությունը, փողի արժեքը: Հետագայում՝ ավելի հասուն տարիքում, եւս եղան ֆինանսական դժվարություններ՝ կապված սպորտում ունեցած ժամանակավոր ձախողումների հետ, բայց, փառք Աստծո, կարողացա պատվով հաղթահարել դրանք:

- Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:

- Այո: Բայց լիարժեք ապահովված կհամարեմ, երբ կարողանամ վերոնշյալ խավերին գոնե նվազագույն չափով ապահովել:

- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:

- Ոչ: Մեկ անգամ մի ստորագրություն էր մնացել, որ պետք է գործարքը կատարվեր՝ բնակարան գնելու նպատակով, այն էլ վերջին պահին վաճառողը հրաժարվեց գործարքից, ես ել հրաժարվեցի տրամադրվող վարկից: Բայց պարտքս եմ համարում նշել, որ մեր երկրում վարկերի տոկոսադրույքները շատ բարձր են համեմատած միջին աշխատավարձի հետ, եւ քաղաքացին, վարկ վերցնելով, անչափ բարդ վիճակի մեջ է հայտնվում: Ցանկալի կլիներ, որ այս բնագավառում կարողանայինք լուրջ առաջընթաց գրանցել:

- Դուք շռայ՞լ մարդ եք, թե տնտեսող:

- Չգիտեմ «շռայլ» համարվելու չափանիշը, սանդղակը, որով այն չափում են, որպեսզի կարողանամ հստակ պատասխանել ձեր հարցին: Կարող եմ ասել, որ ծախսում եմ այնքան, որ վաղը կրկին ծախսելու հնարավորություն ունենամ:

- Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպես կծախսեք այն:

- Կհիմնեի մի գործարան, ֆաբրիկա կամ ինչ-որ մի ծրագիր, որտեղ մարդիկ կկարողանային աշխատել, եւ որը հնարավորություն կտար ինչ-որ չափով կասեցնելու տեղի ունեցող ցավալի արտագաղթը:

- Պարտքով գումար տալիս կամ վերցնո՞ւմ եք:

- Հիմնականում խուսափում եմ պարտք վերցնելուց: Գրեթե չեմ հիշում նման դեպք: Առհասարակ այդ բառը չեմ սիրում... Իսկ տալ, այո, տալիս եմ, բայց միայն հարազատ մարդկանց: Եվ լինում են դեպքեր, երբ պարտքը վերադարձնելիս մի մասն ուղղակի հետ չեմ վերցնում: Բայց դա ասում եմ միայն վերջին պահին, որ տվյալ անձն իր մեջ դաստիարակի պարտքի զգացումը եւ ճշտապահությունը:

- Ձեր գումարը վստահո՞ւմ եք բանկերին:

- Այո: Բայց միայն վստահելիներին: Այն բանկերին, որոնք պատմություն եւ դրական հետք ունեն: Այսօր անիմաստ է մեծ գումար պահել տանը: Նախ` վտանգավոր է: Բացի դրանից, փողը պետք է «պառկած» չլինի:

Արսեն Ջուլֆալակյանի հետ զրուցել է Էլեոնորա Արարատյանը:  

Դիտում՝ 3273
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW