ՀՊՏՀ հետազոտական կենտրոն. կապելով գիտությունը եւ կրթությունը
16.12.2013 | 09:29
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /


Այսօր քաղաքականություն մշակողները զարգացած եւ զարգացող աշխարհում հանդիպում են միեւնույն խնդրին. փորձագիտական գիտելիքները բերել գործնական ոլորտ եւ կիրառել կառավարության որոշումների կայացման գործընթացում: Այս խնդրի լուծմանն են կոչված ուղեղային ու հետազոտական կենտրոնները:
Մեր հանրապետությունում գործում են 15 նմանատիպ կենտրոններ, որոնցից վերջինը հիմնվել է մեկ տարի առաջ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին (ՀՊՏՀ) կից եւ ստացել «Ամբերդ» անվանումը:
«Ամբերդ»-ի գործունեության եւ հավակնությունների մասին Banks.am-ը զրուցել է հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հետ:
-Պ-ն Ավետիսյան, մեկ տարի է, ինչ գործում է ՀՊՏՀ-ին կից «Ամբերդ» կենտրոնը. պատմեք, խնդրեմ, կենտրոնի ստեղծման նպատակների եւ դրա առաքելության մասին:
- Մասնագիտական կրթության ոլորտում տարեց-տարի սրվող մրցակցության եւ միջազգայնացման արդի պայմաններում բուհական համակարգի արդյունավետության եւ մրցունակության կարեւորագույն նախապայմաններից մեկը հետազոտական բաղադրիչի զարգացումն է: Այլապես ԲՈՒՀ-ը չի կարող լիարժեք իրականացնել իր փոխկապակցված գիտական եւ կրթական առաքելությունը, իսկ հետազոտությամբ չզբաղվող դասախոսը կնմանվի սովորական դասատուի:
«Ամբերդ» կենտրոնը կոչված է նպաստելու համալսարանում գիտահետազոտական գործունեության զարգացմանը: Իրականացվող հետազոտություններում ներգրավելով դասախոսներին, ասպիրանտներին եւ ուսանողներին` մեր նպատակն է նախ ապահովել կրթական-ուսումնական գործընթացի եւ գիտական հետազոտությունների կապը եւ, երկրորդ, առավել արդյունավետ օգտագործել մեր պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի գիտական ներուժը:
«Ամբերդ»-ի հիմնումը ՀՊՏՀ-ի առաջին քայլն է հետազոտական համալսարան դառնալու ճանապարհին: Հետագա ծրագրերում նախատեսում ենք հետազոտական գործունեության միջազգայնացում: Այս առումով մենք արդեն իսկ համագործակցում ենք Լոնդոնի բիզնես դպրոցի հետ եւ փորձում ենք գործնական կապեր հաստատել առաջատար համալսարանների ուղեղային կենտրոնների հետ, այդ թվում Հարվարդի, Օքսֆորդի եւ Կոլումբիայի:
-Իսկ ի՞նչ ծրագրեր են իրականացվել «Ամբերդ»-ում այս մեկ տարվա ընթացքում:
- Նշված ժամանակահատվածում կենտրոնում նախաձեռնվել են 3 ծրագրեր, որոնց շրջանակներում շուրջ 100 հետազոտողներ ուսումնասիրություններ են իրականացնում 15 ուղղություններով: Ընդ որում ծրագրերի մի մասի գծով արդեն իսկ ունենք հետաքրքիր արդյուքններ:
Ծրագրերից առաջինը «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագիրն է, որի շրջանակներում հետազոտական խմբերը ուսումնասիրություններ են իրականացնում ՀՀ ազգային անվտանգության, այդ թվում՝ տնտեսական, բնապահպանական, հոգեւոր-բարոյական, տեղեկատվական անվտանգության, գլոբալացման եւ տնտեսական ինտեգրացման հիմնահարցերի վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվում է նաեւ աշխարհի առաջավոր «ուղեղային կենտրոնների» փորձը եւ դրա տեղայնացման հնարավորությունները:
Երկրորդ ծրագիրը նվիրված է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնահարցերի ուսումնասիրությանը, իսկ երրորդը՝ ՀՀ մրցունակության, արտաքին առեւտրաշրջանառության, աշխատուժի միգրացիայի, տնտեսության միջազգայնացման եւ այլ հիմնահարցերի:
- Ըստ Փենսիլվանիայի համալսարանի Global Go to Think Tank ամենամյա զեկույցի, Հայաստանում կան 14 ուղեղային կենտրոններ, սակայն դրանց գործունեությունը մեծ մասամբ աննկատ է: Ինչպե՞ս է «Ամբերդ»-ը առանձնանալու դրանց ֆոնի վրա:
- Մշակելով կենտրոնի զարգացման տեսլականը`մենք նպատակադրել ենք ձեւավորել բուհական գիտության զարգացման արդիական համակարգ: Սա ենթադրում է կիրառական եւ պահանջարկված գիտական արդյունքների ստացում, եւ ոչ թե ժամանակավրեպ մտքերի եւ եզրակացությունների աննպատակ բարձրաձայնում:
«Ամբերդ»-ի հայեցակարգում շեշտադրված է հետազոտությունների առեւտրայնացման գործուն մեխանիզմների կիրառումը: Մենք նպատակ ենք հետապնդում կապեր ստեղծել շահառուների հետ, ստանալ պատվերներ պետական եւ մասնավոր հատվածից եւ վերջիվերջո մեր ուսումնասիրությունների արդյունքները ներդնել գործնական ոլորտում:
Ապագայի մեր տեսլականում «Ամբերդ»-ը ինքնուրույն դիմագիծ եւ բարձր վարկանիշ ունեցող ուղեղային կենտրոն է:
-Ինչպե՞ս է լուծվում հետազոտական ծրագրերի ֆինանսավորման հարցը:
- Այսօր դեռեւս հետազոտությունները ֆինանսավորվում են համալսարանի սեփական միջոցներով, սակայն աստիճանաբար գիտական արդյունքների առեւտրայնացումը պետք է նաեւ ֆինանսական լրացուցիչ մուտքեր ապահովի:
Կցանկանայի ընդգծել, որ հետազոտական կենտրոնում աշխատող ուսանողները`մագիստրանտները եւ ասպիրանտները եւս վարձատրվում են: Հայաստանում գիտության ոլորտի շատ համեստ ֆինանսավորման պայմաններում մեր գիտնականները վարձատրվում են ըստ արժանվույն:
-Ինչպե՞ս կգնահատեք տարածաշրջանում ՀՀ դիրքը գիտական-հետազոտական տեսանկյունից:
- Տուրք չտալով ազգային սնապարծությանը` պետք է խոստովանեմ, որ թեեւ ավանդաբար մենք ունեցել ենք նկատելի գիտական ներուժ, այսօր տարածաշրջանում մեր հանրապետությունը ցանկալի մակարդակի առաջատար դիրք չի գրավում: Մենք մարդկային կապիտալի լուրջ կորուստներ ենք կրել, որն ավելի է սրանում ներկայիս արտագաղթի եւ «ուղեղների արտահոսքի» պայմաններում:
Խնդիրները շատ են. փոքրաթիվ են գիտելիքահենք ոլորտների առաջատար մասնագետները եւ շատ ցածր է նրանց մոտիվացիան: Գիտական դպրոցներ չեն ձեւավորվում, իսկ «լավագույն տղաները», ինչպես հայտնի երգի հեղինակն է ասում, հեռանում են: Տնտեսության այն ոլորտներում, որոնց բաժին է ընկնում ՀՆԱ-ի գերակշիռ մասը, չեն կիրառվում իննովացիոն համակարգեր, բարձր տեխնոլոգիաների մասին ավելի շատ հնչեղ հայտարարություններ ենք լսում, դեռեւս շոշափելի արդյունքներ չունենք: Որոշ ոլորտներում ոչ միայն առաջընթաց չունենք, այլ ձեռքբերվածն ենք կորցնում: Իհարկե, թերություններ նշելն ավելի հեշտ է, քան դրանք վերացնելը: Յուրաքանչյուրս մեզանից պետք է պահանջենք:
«Ամբերդ» հետազոտական կենտրոնը աշխատելու է նպաստել թե ՀՀ-ի, թե ՀՊՏՀ-ի գիտական վարկանիշի բարձրացմանը: Պատահական չէ, որ մենք բարձր ենք վարձատրում հետազոտողներին`փորձելով կանխել գիտական ներուժ ունեցողների արտագաղթը: Պատահական չէ նաեւ, որ մեզ մոտ աշխատում են մեր ուսանողները. այս տեսանկյունից «Ամբերդ»-ը հավակնում է ստանձել հետազոտող-տնտեսագետների պատրաստման ինկուբատորի դեր:
Սամվել Ավետիսյանի հետ զրուցել է Շուշան Մարգարյանը:
Վերջին լուրեր
20.04.2025 | 09:43 Նորություններ
Ակբա Լիզինգը բացառիկ առաջարկներ է ներկայացնում Leasing Expo 2025-ին
18.04.2025 | 17:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: