Զարգացող երկրների տնտեսության համար startup-ները ժամանակակից դեղատոմս են: Մի կողմից դրանք խթանում են նորարությունը, ոչ ավանդական ձեռնարկատիրությունը եւ մրցակցությունը, մյուս կողմից՝ ստեղծում աշխատատեղեր երիտասարդ մասնագետների համար: Վերջին տարիներին startup-ները տարածում են գտնում նաեւ Հայաստանում: Դրա մասին են վկայում startup ձեռնարկողներին աջակցելու նպատակով կազմակերպվող միջոցառումները (Startup Cup, Startup Weekend, Hackathon, ArmNet) եւ գործող startup բիզնեսները: Banks.am-ը զրուցել է այս տարվա StartUp Cup-ի երրորդ մրցանակակիր, Green Bike Delivery ստարտափի հիմնադիր Հայկ Համբարձումյանի հետ, որը պատմել է իր նախագծի եւ ստարտափների խնդիրների մասին:Բիզնես երկու անիվների վրաGreen Bike Delivery-ն (GBD) 4-ամսյա պատմություն ունեցող startup է, որն իրականացնում է առաքման ծառայություններ բացառապես հեծանիվով: GBD-ի հիմնադիր, տնտեսագետ Հայկ Համբարձումյանի խոսքերով, հեծանվային առաքման ծառայություն ստեղծելու միտքը պայմանավորված է օբյեկտիվ իրականությամբ եւ սեփական փորձով. մարդաշատ քաղաքներում հեծանիվն ավելի արագ ու էժան փոխադրամիջոց է:Green Bike Delivery-ն առաջարկում է փաստաթղթային սուրհանդակության եւ արագ սննդի առաքման ծառայություններ: Հայկ Համբարձումյանն դրանցից առաջինը դիտարկում է որպես հետագա զարգացման ռազմավարական ուղղություն, իսկ երկրորդը` ընթացիկ ծախսածածկման միջոց:Նրա փոխանցմամբ, 4 ամիսների ընթացքում համագործակցել են զգալի թվով կազմակերպությունների հետ, որոնցից 15-ը դարձել են հիմնական գործընկեր. «Մեր առաջին գործընկերը The Green Bean սրճարանն էր, որոնց ներդրումը շատ եմ կարեւորում նաեւ հոգեբանական տեսանկյունից: Ակտիվ գործընկերների թվում են HDIF հիմնադրամը (Homeland Development Initiative Foundation), Amcham ճամբարը (American Chamber of Commerce), «TMS Burger», «Սասնա Տուն», «Զաթար», «Շաուրմա Քլաբ» արագ սննդի կետերը»: «Այժմ հնարավոր համագործակցության բանակցություններ ենք վարում VivaCell MTS ընկերության հետ, եւ, կարծում եմ, շանսեր ունենք հաջողության հասնելու, քանի որ VicaCell-ը մեծապես կարեւորում է շրջակա միջավայրի նկատմամբ կորպորատիվ պատասխանատվությունը»,- նշել է GBD-ի հիմնադիրը:Ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով առաքումն դեռեւս իրականացվում է միայն սովորական հեծանիվներով, սակայն, Հայկի խոսքերով, GBD-ի զարգացման համար էլեկտրոհեծանիվների ներգրավումը անհրաժեշտություն է, եւ սա այն հիմնական ուղղությունն է, որի վրա կենտրոնանալու են գալիք տարվա ընթացքում:Հայկ Համբարձումյանը գտնում է, որ կազմակերպությունների համար առաքումը outsourcing-ի միջոցով իրականացնելը ֆինանսական տեսանկյունից միշտ է շահավետ: «Եթե կազմակերպությունը ունի սեփական առաքման ծառայություն, ապա անխուսափելիորեն կատարում է առաքող անձնակազմի եւ առաքման միջոցների պահպանման զգալի ծախսեր: Սրանց զգալի տոկոսը հաստատուն ծախսեր են. այսինքն կատարվում են անկախ այն հանգամանքից՝ առաքման պատվեր կա, թե ոչ»: «Ինչ վերաբերում է հեծանվային առաքմանը, ապա այս դեպքում հիմնական մրցակցային առավելություններն այլ առաքման ծառայությունների համեմատ արագությունն ու գինն են: GBD-ում առաքման արժեքը 500 դրամ է: Իմ հաշվարկներով, սա 50%-ով էժան է սեփական առաքման ծառայությունից եւ 20%-ով՝ էժան առաքման այլ տարբերակներից: Կարեւորելով շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ բոլորիս պատասխանատվությունը` ուրախ եմ, որ իմ բիզնեսը համապատասխանում է «Կանաչ տնտեսության» գաղափարախոսությանը»,- նշել է Հայկը:Green Bike Delivery-ն նրա առաջին ձեռնարկը չէ. «Startup նախագծերի հետ առաջին աշխատանքս եղել է դեռեւս անցյալ տարվա սկզբին, երբ Nokia-ն եւ mLab-ը (mobile solutions laboratory) կազմակերպել էին Mobile Microwork մրցույթը: Մրցույթին մասնակցել եմ ընկերոջս`Ալեքսանդր Շաքարյանի հետ միասին: Արդյունքում մեր ներկայացրած Microforester նախագիծը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը աշխարհում”: Microforester-ը բջջային հավելված է, որ հնարավորություն է տալիս գումար վաստակել՝ ծառ տնկելով: Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ կարող են ծառ տնկել, ծառի լուսանկարը համակարգողների հետ միասին GPS համակարգի միջոցով ուղարկել սերվերին եւ վարձատրվել: Բացի այդ, հետագայում սերվերը պարբերաբար ծառը տնկողին հաղորդագրություն է ուղարկում` տեղեկացնելով, թե ինչ հաճախականությամբ է պետք ծառը ջրել: Ջրելիս ծառը կրկին կարելի է նկարել եւ դրա դիմաց եւս գումար վաստակել»,- Banks.am-ին պատմել է Հայկը: Միկրո բիզնես, մակրո խնդիրներԶրույցի ընթացքում Հայկը խոսեց նաեւ այն խնդիրների մասին, որոնց բախվում են startup բիզնես հիմնող հայ երիտասարդները:«Ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում startup բիզնեսների ամենամեծ խնդիրը ֆինանսական միջոցների ներգրավումն է: Որպես կանոն, նորարական բնույթ ունեցող բիզնեսի նախաձեռնողներն երիտասարդներ են, ովքեր ունեն գաղափարներ, սակայն չունեն դրանք իրագործելու գումար: Իսկ ֆինանսական կառույցները, մասնավորապես բանկերը պատրաստ չեն վարկավորել նորաստեղծ եւ ռիսկային բիզնեսները: Այս դեպքում բիզնես վարկ ստանալու ճանապարհին բիզնես պլանը ընդամենը ձեւականություն է: Մյուս խնդիրը, որին բախվում ենք, մարդկային ռեսուրսի խնդիրն է: Անգամ նման բարձր գործազրկության մակարդակի պայմաններում բարդ է գտնել անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների: GBD-ի պարագայում ինձնից բավական ժամանակ եւ ջանքեր են պահանջվել օֆիս մենեջեր ու հեծանվորդներ գտնելու համար: Մեկ այլ խնդիր է հարկային վարչարարությունը, որը, չնայած կատարված բարեփոխումներին, դեռեւս ծախսատար եւ ժամանակատար գործընթաց է: Այնուամենայնիվ, ինձ համար ամենացավալի խնդիրը պետական աջակցության բացակայությունն է: Բազմաթիվ երկրներում կան ստարտափների համար նախատեսված պետական ծրագրեր: Օրինակ, Մեծ Բրիտանիան startup բիզնեսներին տրամադրում է ցածր տոկոսով բիզնես վարկեր, իսկ Սինգապուրը` 3 տարվա կտրվածքով հարկային արտոնություններ: Մեր երկրում պետական մարմինները յուրաքանչյուր նախաձեռնության հատույցը դիտարկում են խիստ կարճաժամկետ հատվածում, ինչը չի նպաստում այնպիսի ծրագրերի զարգացմանը, որոնք երկարաժամկետում կունենան տնտեսական, ենթակառուցվածքային կամ բնապահպանական նշանակություն»:Շուշան Մարգարյան Tweet Դիտում՝ 4640