ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանի հարցազրույցը Banks.am պորտալին:2014թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործի պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը, որը մաս է կազմում նոր` բազմաստիճան կենսաթոշակային համակարգին:Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող` 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված 16-40 տարեկան բոլոր աշխատող քաղաքացիները յուրաքանչյուր ամիս իրենց կենսաթոշակային հաշվի վրա կատարելով 5% պարտադիր կուտակում` կենսաթոշակային տարիքում կստանան պարտադիր կուտակային կենսաթոշակ: Մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների կուտակումներին եւս 5% կավելացվի պետության կողմից: Ըստ օրենքի, պարտադիր կուտակման չափը պետք է կազմի 10%: Banks.am-ը նոր կենսաթոշակային համակարգի եւ պարտադիր կուտակային բաղադրիչի մանրամասների մասին զրուցել է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանի հետ: - Պարոն Ղազարյան, ո՞րն է Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի առաքելությունը: - Մեր հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում կենսաթոշակային նոր համակարգի ներդրմանը: Ծրագիրն ունի նաեւ կառավարությանն աջակցելու խնդիր, մասնավորապես` Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության պետական ծառայության եւ կենսաթոշակային բարեփոխումներում ներգրավված որոշ կազմակերպությունների մարդկային եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման եւ կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերում: Մեր նպատակների թվում է նաեւ ինտեգրացված սոցիալական ծառայությունների համակարգին աջակցելը: - Ի՞նչ է արվել ծրագրի մեկնարկից մինչ օրս եւ ի՞նչ փուլում է գտնվում այն այսօր:- Ծրագիրը փաստացի աշխատում է այս տարվա հունիսից: Այս կարճ ժամանակահատվածում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել: «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգը բոլոր ինտեգրացված սոցիալական ծառայությունների կենտրոններում հասանելի դարձնելու նպատակով աջակցել ենք Սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացան ռազմավարությունը ձեւակերպելու նպատակով ներկայումս աշխատում ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ: Աշխատանքներ են տարվում Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ` սոցիալական ապահովության տվյալների բազաները մեկ ծրագրային ապահովման մեջ ներգրավվելու ուղղությամբ, որպեսզի համապարփակ սոցիալական ծառայությունների կենտրոնները կարողանան մեկ պատուհանի սկզբունքով ծառայություններ մատուցել:Համագործակցում ենք մասնավոր հատվածի հետ` ուղղված պարտադիր կուտակային համակարգի ներդրմանը: Աջակցում ենք «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամին, Կենտրոնական բանկին, որպեսզի հնարավորինս սպառիչ տեղեկատվություն տրամադրվի աշխատող քաղաքացիներին եւ գործատու կազմակերպություններին: Ինչպես գիտեք, հունվարի 1-ից պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները, այսինքն` մինչեւ 40 տարեկան աշխատողները, պետք է ընտրեն կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներ, որոնք պետք է կառավարեն քաղաքացիների կենսաթոշակային խնայողությունները: Մեր նպատակն է, որ քաղաքացիները կայացնեն իրազեկ որոշում ակտիվների կառավարիչների ընտրության հարցում: - Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում Հայաստանում գործելու է բազմաստիճան կենսաթոշակային համակարգը: Ինչպիսի՞ն է նոր համակարգի հայկական մոդելը եւ ի՞նչ բաղադրիչներ են դրանում առկա:- Այս համակարգի դիզայնը ձեւավորվել է անցած 10 տարիների ընթացքում` միջազգային փորձի եւ բավական լուրջ փորձագիտական ուսումնասիրությունների հիման վրա: Հաշվի է առնվել հատկապես Չիլիի, Շվեդիայի, Էստոնիայի, Մակեդոնիայի եւ պարտադիր կուտակային բաղադրիչ ներդրած այլ երկրների փորձը: Համակարգում ներդրվել են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, ինչը հույս է ներշնչում, որ այն կաշխատի արդյունավետ: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգի առանձնահատոկություններից մեկն այն է, որ պետական կենսաթոշակային ապահովությանը զուգահեռ մենք ունենում ենք նաեւ պարտադիր եւ կամավոր կուտակային բաղադրիչներ: Ընդհանուր առմամբ, բաղադրիչները չորսն են` սոցիալական, աշխատանքային, պարտադիր եւ կամավոր կուտակային, որոնցից սոցիալական եւ աշխատանքային բաղադրիչները վերաբերում են պետական կենսաթոշակային ապահովությանը:- Ինչո՞վ է կարեւորվում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի, մասնավորապես` պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման անհրաժեշտությունը:- Կարծում եմ, նոր համակարգն անհրաժեշտ է մեր երկրին, եւ այն պարզապես այլընտրանք չունի: Շուտով կենսաթոշակային տարիքին են մոտենում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «բեյբի-բումի» արդյունքում ծնված քաղաքացիները, սակայն մեր երկրի տնտեսության զարգացվածության մակարդակն այնպիսին չէ, որ կարողանանք պահել այդ թվով կենսաթոշակառուների` նրանց տրամադրելով արժանավայել կենսաթոշակ: Իսկ մեկ կենսաթոշակառուին արժանավայել կենսաթոշակ տալու համար անհրաժեշտ կլիներ, որպեսզի երեք բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիներ վճարումներ կատարեին պետական բյուջե: Պատկերացրեք, թե ինչ կպահանջվեր 500 հազար թոշակառուի բարձր թոշակ վճարելու համար: Բացի այդ, նույնիսկ զարգացած տնտեսության պայմաններում բաշխողական համակարգը ֆինանսապես կայուն չի կարող լինել: Բարեփոխման հիմնական նպատակն է քաղաքացիներին ապահովել արժանավայել կենսաթոշակով եւ ապահովել կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությունը: Կարծում եմ, պարտադիր կուտակային համակարգի ներդրումը արդարացված է. քաղաքացին, թեկուզ պարտադիր, բայց խնայողություն կկատարի, որը կկուտակվի նրա անձնական կենսաթոշակային հաշվի վրա: Իսկ մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների խնայողությունը կրկնապատկվելու է պետության կողմից, այսինքն, պետությունը կիսելու է պատասխանատվությունը քաղաքացու հետ: Եվրոպական զարգացող շատ երկրներ այսօր անցում են կատարում դեպի պարտադիր կամ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգեր: - Ինչպիսի՞ ազդեցություն կունենա կենսաթոշակային նոր համակարգը ՀՀ տնտեսության վրա:- Նոր համակարգը էականորեն կազդի երկրի տնտեսական աճի վրա: Հիմք ընդունելով որոշակի կանխատեսումներ` կարող եմ ասել, որ կենսաթոշակային նոր համակարգի ներդրման արդյունքում երկրի տնտեսության մեջ կմեծանա ներդրումների ծավալը: Այն կնպաստի աշխատատեղերի քանակի աճին, վարկային տոկոսադրույքների նվազմանը, ֆինանսական կայունությանը եւ կապիտալի շուկաների զարգացմանը:Մենք խնդիր ունենք աշխատել մասնավոր հատվածի հետ` մասնավոր ընկերությունների բիզնես հասունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան մշակել ծավալուն ներդրումային ծրագրեր եւ աշխատել ակտիվների կառավարիչների հետ` փորձելով այդ գումարները ներդնել երկրի ներսում: - Ի՞նչ հաջորդականությամբ պետք է իրականացվի ակտիվների կառավարիչների ընտրության եւ հաշիվների բացման գործընթացը:- Մոտ օրերս ՀՀ Կենտրոնական բանկը կհրապարակի ակտիվների կառավարիչների ցանկը: Լիցենզավորումից հետո ակտիվների կառավարիչներն առաջարկելու են կենսաթոշակային ֆոնդեր կամ պորտֆելներ: Ֆոնդը քաղաքացիների կուտակումների արդյունքն է, որին կգումարվի կառավարության համաֆինանսավորումը, տարվա կտրվածքով գնաճի չափով ավելացումները, ինչպես նաեւ ստացված եկամուտները, քանի որ ակտիվների կառավարիչների միջոցով քաղաքացիների խնայողությունները ներդրվելու են տարբեր գործիքների մեջ, որոնցից ստացած եկամուտները մուտքագրվելու են քաղաքացիների անհատական հաշիվներին: Ակտիվների կառավարիչները կառաջարկեն ցածր տոկոսաբերությամբ եւ նվազ ռիսկայնությամբ, ինչպես նաեւ միջին տոկոսաբերությամբ եւ ավելի բարձր ռիսկայնությամբ սխեմաներ: Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից, այսինքն`1974 թ-ից հետո ծնված եւ 16 տարին լրացած բոլոր աշխատող քաղաքացիները նախքան 2014թ. հունվարի 1-ը կամ դրանից հետո` մինչեւ 2014թ. փետրվարի 20-ը, հաշիվների օպերատորների մոտ պետք է բացեն կենսաթոշակային հաշիվներ, ընտրեն ակտիվների կառավարիչներին: Քաղաքացին կարող է վերահսկել իր կենսաթոշակային հաշիվը նաեւ առցանց: Հարկ է նշել, որ ՀՀ կենտրոնական բանկն այս առումով հանդիսանում է մեգակարգավորիչ, որի հսկողությամբ մշակվել եւ ներդրվել է Հայաստանի կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS): Այս համակարգի միջոցով քաղաքացիներն առցանց կարող են ընտրել իրենց կենսաթոշակային ֆոնդերն ու ակտիվների կառավարիչներին, ստուգել իրենց հաշիվը, ցանկության դեպքում՝ փոխել ակտիվների կառավարչին:Համակարգի արդյունավետությունը գնահատելիս շատ կարեւոր է քաղաքացիների իրազեկության եւ ֆինանսական գրագիտության աստիճանը: Նոր համակարգի առավելություններից մեկն այն է, որ այն բերում է կառավարման եւ խնայողությունների նոր մշակույթ: - Կարծում եմ, տեղյակ եք, որ վերջին շրջանում շատացել են պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների դժգոհությունը համակարգի նկատմամբ: Ի՞նչ կարող եք ասել այս մասին: Քաղաքացիները որքանո՞վ կարող են վստահ լինել, որ իրենց կուտակած գումարը տարիներ անց հետ է վերադարձվելու:- Շատ դեպքերում մտահոգությունների առիթը լավ իրազեկված չլինելն է: Գիտեմ, որ մտահոգություն կա բարձր աշխատավարձ ստացողների, հատկապես` ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մոտ, սակայն, կարծում եմ, այն այնքան էլ լուրջ հիմքեր չունի: ՏՏ համայնքը, կարծում եմ, կարող է էապես շահել նոր կենսաթոշակային համակարգի ներդրումից: Պետք է ոչ թե դեմ լինել, այլ միավորվել ու համատեղ ներդրումային ծրագրեր առաջարկել: Այդ դեպքում հնարավոր կլինի հսկայական ներդրումներ ուղղել դեպի ՏՏ ոլորտ, ինչն այնտեղ կբերի ֆինանսական լրացուցիչ հոսքեր, հետեւապես՝ նոր աշխատատեղեր եւ աշխատավարձերի բարձրացումներ: Իսկ ովքեր բողոքում են այսօր, վաղը կողջունեն, համոզված եմ: Վստահ եմ, կենսաթոշակային հաշիվներին վճարված գումարները հետ են վերադարձվելու քաղաքացիներին, ինչը 100%-ով կերաշխավորվի այդ նպատակով ստեղծվելիք հիմնադրամի կողմից:- 2011-ից ՀՀ-ում գործում է նաեւ կամավոր կուտակային բաղադրիչը. ունե՞ք տվյալներ, թե ինչպիսի՞ հետաքրքրություն կա դրա նկատմամբ:- Հետաքրքրությունը մեծ չէ: Շատերը սպասում են, թե ինչպես կաշխատի պարտադիր կուտակային բաղադրիչը, որից հետո նոր ծրագրում են միանալ կամավոր բաղադրիչին: Կարծում եմ, հիմնական պատճառներից մեկը նվազ իրազեկման մակարդակն է: Երբ մենք սկսենք լայնածավալ քննարկումներ կամավոր բաղադրիչի մասին, վստահ եմ, ինչ-որ չափով հաջողության կհասնենք: Ի դեպ, մասնակցելով կամավոր կուտակային բաղադրիչին` մասնավոր ընկերությունները ստանալու են հարկային արտոնություններ, իսկ այդ մասին շատ քչերն են տեղյակ՝ ներառյալ ՏՏ ընկերությունները: - Կցանկանայի մի փոքր խոսեիք նաեւ գործող պետական կենսաթոշակային համակարգում կոռուպցիոն ռիսկերի դեմ տարվող աշխատանքների մասին:- Պետական համակարգում վերջերս ներդրվեց «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգը, ինչը լուրջ հարված է հասցրել կոռուպցիային, սակայն կոռուպցիոն երեւույթներ դեռեւս առկա են: Կարծում եմ, «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգի ամբողջական ներդրումից եւ ծառայության վերլուծական կարողությունների ձեւավորումից հետո հնարավոր կլինի հաղթահարել նաեւ այդ խնդիրը: Շատ կարեւոր է աշխատակիցների խրախուսման համակարգի ներդրումը. դժվար է պայքարել կոռուպցիայի դեմ, երբ աշխատակիցը ստանում է ծիծաղելի աշխատավարձ, սակայն ունի միլիոնավոր դրամների բաշխման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություններ: Այս առումով ես, որպես փորձագետ, միանշանակ ողջունում եմ պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման քայլը կառավարության կողմից: - Ո՞րն է Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ավարտին ակնկալվող հիմնական արդյունքը:- Ծրագրի ավարտին ակնկալում ենք, որ մեր գործընկեր կազմակերպություններն ունենան ժամանակակից կառավարման համակարգեր, կառավարման մեթոդաբանություն եւ լուրջ գիտակցություն ունեցող, երկրի եւ քաղաքացիների նկատմամբ մտահոգ անձնակազմ:Արտակ Ղազարյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը: Tweet Դիտում՝ 9694