Վ. Զոնաբենդ. «Դիլիջանի դպրոցը լուրջ ներդրում է Հայաստանի ապագայի համար»

24.10.2013 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 23-ի նիստում հաստատեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը եւ այն իրականացնող կազմակերպությունների ցանկը: Հոկտեմբերի 22-ին դպրոցի շինհրապարակ էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Banks.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Դիլիջանի միջազգային դպրոցի գործընկեր-հիմնադիր եւ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդի հարցազրույցը, որը հրապարակվել է «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթի վերջին համարում:

Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը Վերոնիկա Զոնաբենդը իրականացնում է ամուսնու՝ հայտնի գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի, ընկերների ու համախոհների հետ միասին:

- Ռուբեն Վարդանյանն իր հարցազրույցներում հաճախ ասում է, որ առողջությունն ու կրթությունը մարդու մրցունակության հիմքն են հանդիսանում: Դիլիջանի դպրոցը կարելի՞ է անվանել միջազգային որակյալ կրթության երաշխավորը Հայաստանում, եւ ո՞րն է նրա եզակիությունը:

– Իսկապես, այսօր որակյալ կրթությունը մարդու հաջողակ եւ մրցունակ լինելու առանցքային բաղադրիչներից մեկն է: Այդ պատճառով որոշ խոշոր միջազգային նախագծեր, որոնք մենք գործընկերների հետ զարգացնում ենք Հայաստանում եւ Ռուսաստանում՝ այնպիսիք, օրինակ, ինչպիսին են Մոսկովյան կառավարման ՍԿՈԼԿՈՎՈ դպրոցը, Դիլիջանի միջազգային դպրոցը, կապված են կրթության հետ: Դիլիջանում միջազգային դպրոց հիմնելու գաղափարն իմ ու Ռուբենի մոտ առաջացավ մի քանի տարի առաջ, երբ մենք սկսեցինք մտածել, թե ինչպիսի կրթություն ենք ցանկանում տալ մեր երեխաներին: Զարգացնելով այդ գաղափարը՝ մենք այն «չափագրում» էինք մեր վրա եւ խիստ պահանջկոտ գտնվեցինք ծրագրի բոլոր տարրերի նկատմամբ:

Ծրագրի եզակիությունն, ըստ իս, կայանում է նրանում, որ առաջին անգամ ոչ միայն Հայաստանի ու տարածաշրջանի, այլեւ ամբողջ հետխորհրդային տարածքում ստեղծվում է դպրոց, որը մրցունակ կլինի աշխարհի լավագույն դպրոցների մակարդակով, եւ տարբեր երկրներում ապրող ծնողները, ի թիվս այլ միջազգային դպրոցների, Դիլիջանի դպրոցը կդիտարկեն որպես հավանական տարբերակ իրենց երեխաների որակյալ կրթության համար: Մեր դպրոցում կսովորեն տաղանդավոր եւ սոցիալապես ակտիվ դեռահասներ ամբողջ աշխարհից, իսկ նրանց կդասավանդեն լավագույն ուսուցիչները տարբեր երկրներից: Սա իսկապես միջազգային ծրագիր է:

- 2014թ. սեպտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը կհյուրընկալի առաջին աշակերտներին: Ինչպե՞ս եք գնահատում շինարարական աշխատանքների ընթացքը:

- Դպրոցի շինարարությունն ընթանում է ժամանակացույցին համապատասխան, եւ ոչ մի կասկած չկա, որ հաջորդ ուսումնական տարվա սկզբին մենք մեր դռները կբացենք առաջին աշակերտների առջեւ:

Շինարարական աշխատանքները կատարում է RD Group-ը, որը ղեկավարում է Գագիկ Ադիբեկյանը՝ Դիլիջանի միջազգային դպրոցի գործընկեր-հիմնադիրներից մեկը, եւ դա երաշխիք է հանդիսանում, որ շինարարությունը կլինի որակյալ եւ ժամանակին: RD Group-ն արժանապատվորեն է իրականացնում այդ լայնածավալ ծրագիրը՝ կիրառելով շինարարական տեխնոլոգիաներ ու նյութեր, որոնք նախկինում երբեւէ չեն կիրառվել Հայաստանում:  

Բացի ուսումնական եւ բնակելի մասնաշենքերից, դպրոցի կամպուսի տարածքում կլինեն նաեւ փակ լողավազան, մարզահրապարակներ (ներառյալ ֆուտբոլի դաշտը), թատրոն եւ բեմական արվեստների կենտրոն, գիտահետազոտական համալիր եւ բժշկական կենտրոն:

Դիլիջանի դպրոցի կամպուսի նախագիծը հեղինակել է բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինը: Նախագծումից առաջ նա ուսումնասիրել է տարբեր երկրներում ավելի քան 40 դպրոցների կառուցման փորձը՝ կուտակված վերջին 20 տարիների ընթացքում, եւ վստահորեն կարելի է ասել, որ Դիլիջանում ընդհանրացված կլինի լավագույն միջազգային փորձը:  

Մենք կառուցում ենք ոչ միայն գերժամանակակից, այլեւ էկոլոգիապես «ամենաբարյացկամ» հասարակական շինությունը Հայաստանում: Դպրոցը մասամբ սահմանակից է Դիլիջանի Ազգային պարկին, այդ պատճառով ճարտարապետի խնդիրն է եղել դպրոցի մասնաշենքերը ներդաշնակորեն համապատասխանեցնել ընդհանուր լանդշաֆտին: Կիրառվել է կանաչ տանիքի տեխնոլոգիան, որը ենթադրում է տանիքների վրա նույն բնական բուսածածկույթի կիրառումը, որով պատված է ամբողջ շրջակա տարածքը: Շինությունները լինելու են էկոլոգիապես անվտանգ ու էներգաարդյունավետ, սպասարկման տեսանկյունից պարզ եւ էներգիան զգալիորեն օգտագործելու են վերականգնվող աղբյուրներից:    

- Նման ծավալի դպրոցի շինարարությունը լուրջ ներդրումներ է պահանջում: Որքա՞ն է DIS-ի շինարարության համար կատարված ներդրումների ծավալը:  

– Նախ, կարեւոր է նշել, որ Դիլիջանի միջազգային դպրոցը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է: Ծրագիրն ունի մասնակիցների միջազգային կազմ: Բացի մեր ընտանիքից, դպրոցի գործընկեր-հիմնադիրներն են նաեւ հայտնի գործարարներ Գագիկ Ադիբեկյանը, ում արդեն հիշատակեցի, Վլադիմիր Ավետիսյանը, Դանիլ Խաչատուրովը, Օլեգ Մկրտչյանը, Նուբար եւ Աննա Աֆեյանները եւ այլոք: Նախագծի նվիրատուների թվում են Մարկ Կուրցերը, Անատոլի Չուբայսը եւ Ավդոտյա Սմիրնովան, Սերգեյ եւ Ռուսուդան Սարկիսովները, Սուլեյման Քերիմովը, Զիյավուդին Մագոմեդովը, Մայքլ Օբերմայերը, Ալիշեր Ուսմանովը, Սամվել Կարապետյանը, Անդրեյ Վդովինը, Վիկտոր Վեկսելբերգը, Անդրեյ Շառոնովը եւ շատ այլ անձինք:

Բնականաբար, դպրոցի գործընկեր-հիմնադիրներն ու դոնորները չեն ակնկալում իրենց ներդրումների վերադարձումը, որոնք հանդիսանում են բարեգործական նվիրատվություններ: Միայն կապիտալ ներդրումների ծավալը կազմում է ավելի քան $100 մլն: Բացի այդ, դպրոցի գործառնական ծախսերը հետագա 5 տարիների ընթացքում կկազմեն ավելի քան $18 մլն: Դրանց մեծ մասը կտրամադրվի ուսուցիչների աշխատավարձերի վճարմանը, քաղաքի ու կամպուսի ենթակառուցվածքի զարգացմանն ու սպասարկմանը:    

Սկզբունքներից մեկը, որոնցով մենք առաջնորդվում ենք մեր բարեգործական ծրագրերի իրականացման ընթացքում, հանդիսանում է այդ ծրագրերի աստիճանական անցումը ինքնաֆինանսավորման: Դիլիջանի միջազգային դպրոցը բացառություն չէ: Որպեսզի հետագայում այն նվազագույնս կախված լինի նվիրատվություններից, ստեղծվում է նպատակային կապիտալի հիմնադրամ (endowment fund), որի կառավարումից ստացված եկամուտն ուղղվելու է կրթաթոշակներ ու դրամաշնորհներ տրամադրելուն, ինչպես նաեւ դպրոցի զարգացմանն ու գործառնական ծախսերը հոգալուն: Նպատակային կապիտալի հիմնադրամի նախատեսված ծավալը $200 մլն է: Մենք հաշվարկել ենք, որ այդ հիմնադրամի կառավարումից ստացված ամենամյա եկամուտը բավարար կլինի աշակերտների մեծ մասի ուսուցումն ապահովելու համար:

Մեզ հաճախ հարցնում են՝ որքա՞ն արժե ուսումնառությունը դպրոցում: Հարկավոր է հիշել, որ եթե նույնիսկ երեխաները սովորում են դրամաշնորհով, դա չի նշանակում, որ նրանց ուսուցումն անվճար է, պարզապես նրանց փոխարեն վճարում են ոչ թե ծնողները, այլ նվիրատուները: Այս պահի դրությամբ մեկ աշակերտի ուսման ինքնարժեքը կազմում է $35 000, ներառյալ բնակությունը կացարանում, սնունդը, ուսումնական նյութերն ու բժշկական ապահովագրությունը: Դա համեմատելի է, օրինակ, Մոսկվայի բազմաթիվ մասնավոր դպրոցների ցերեկային կրթության հետ, իսկ մեզ մոտ լինելու է գիշերօթիկ դպրոց: Բացի դրանից, մենք նախատեսում ենք ներգրավել լավագույն ուսուցիչների տարբեր երկրներից, իսկ նրանց համար մրցակցությունը շատ մեծ է: Միայն Չինաստանում առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսվում է բացել շուրջ հազար դպրոց, որտեղ ուսուցումը կատարվելու է, ինչպես եւ Դիլիջանի միջազգային դպրոցում, միջազգային բակալավրիատի (IB) ծրագրերով: Մեր դպրոցում սաներին ընտրելու գործընթացը տարանջատված է կրթության ֆինանսավորման գործընթացից, ինչը թույլ է տալիս ընտրել լավագույններին:

– Հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը նախատեսում է դառնալ United World Colleges (UWC) համակարգի անդամ: Ի՞նչ փուլում են գտնվում բանակցությունները, եւ դա ի՞նչ կտա դպրոցին:

– UWC-ում ընդգրկվելու գործընթացը գրեթե ավարտված է: Դա բազմաստիճան ընթացակարգ է: Ամռանը դպրոցը ստացավ UWC-ի ասոցացված անդամի կարգավիճակ: Ներկայումս մենք անցնում ենք եզրափակիչ հավատարմագրման ընթացակարգը: Հույս ունենք, որ արդեն այս ամիս Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա այդ համաշխարհային ճանաչում ունեցող ուսումնական կազմակերպության լիիրավ անդամը՝ միանալով UWC-ի մյուս 12 քոլեջներին, որոնք գործում են Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Հնդկաստանում, Սինգապուրում, Կոստա-Ռիկայում եւ Սվազիլենդում, եւ կկոչվի UWC Dilijan:

UWC-ում գործում է աշակերտների ընտրության հատուկ համակարգ: Ընտրությունը UWC-ի դպրոցներում կատարվում է բացառապես մրցակցային հիմունքներով, եւ առավելությունը տրվում է տաղանդավոր ու սոցիալապես ակտիվ երիտասարդներին՝ անկախ նրանից, թե ո՞վ են կամ ի՞նչ ծագում ունեն: Ընտրության այդպիսի համակարգը թեկնածուներին ընձեռում է հավասար հնարավորություններ՝ անկախ նրանց ազգությունից, դավանանքից, լեզվից ու նրանց ծնողների ֆինանսական կարողությունից, եւ թույլ է տալիս մեկ վայրում հավաքել հետաքրքիր, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող եւ ստեղծագործ մարդկանց, որոնք ներկայացնում են տարբեր մշակույթներ:  

Աշակերտների ընտրությամբ զբաղվում են UWC-ի ազգային կոմիտեները, որոնք գործում են 140 երկրներում եւ իրավասու են ընտրել ու առաջադրել թեկնածուների UWC-ի դպրոցների լրիվ կամ մասնակի վճարվող եւ վճարովի տեղերի համար: Երբ Դիլիջանի միջազգային դպրոցը դառնա համակարգի լիիրավ անդամը, նրա ապագա աշակերտները նույնպես կընտրվեն առավելապես ազգային կոմիտեների կողմից: Դա մեզ թույլ կտա զգալիորեն ընդլայնել աշխարհագրական ընդգրկումը. առաջին ուսումնական տարում մենք նախատեսում ենք ունենալ 90 աշակերտներ ավելի քան 50 երկրներից: Սաների ընտրությունը ազգային կոմիտեների մեծ մասում բոլոր քոլեջների համար սովորաբար մեկնարկում է դեկտեմբերին: Այս տարի այդ քոլեջների ցանկում կընդգրկվեն երկու նոր դպրոցներ՝ UWC Dilijan-ը եւ UWC Robert Bosch College-ը Գերմանիայում:

- Դիլիջանի դպրոցը միջազգային ծրագիր է, եւ ուսուցումը կատարվելու է անգլերեն լեզվով, իսկ դպրոցում դասավանդվելո՞ւ են արդյոք այնպիսի առարկաներ, ինչպիսիք են Հայոց պատմությունը, հայոց լեզուն եւ գրականությունը:

– Իսկապես, ուսուցումը Դիլիջանի միջազգային դպրոցում կատարվելու է անգլերեն լեզվով, որով խոսում է մարդկանց մեծ մասն ամբողջ աշխարհում եւ որը ծառայում է որպես միջազգային շփման միջոց:

Նախատեսվում է, որ հայաստանաբնակ երեխաները կկազմեն Դիլիջանի միջազգային դպրոցում սովորողների 10-12%-ը: Դժվար է կանխատեսել, թե ինչպես ներկայացված կլինի հայկական սփյուռքը, բայց ակնհայտ է, որ, օրինակ, Ֆրանսիայի, Ամերիկայի ու Արգենտինայի երիտասարդների թվում կլինեն սփյուռքի ներկայացուցիչներ: Հայկական արմատներ ունեցող աշակերտների համար դպրոցում նախատեսված է մայրենի լեզվի, գրականության ու պատմության ուսուցում: Թեեւ, դա վերաբերվում է նաեւ այլ ազգությունների աշակերտներին, որոնք նույնպես հնարավորություն կունենան շարունակել հարազատ լեզվի խորացված ուսուցումը՝ կամ օնլայն, կամ տեղում՝ կախված այն հանգամանքից, թե ի՞նչ լեզու են նրանք ուսումնասիրում:
 
Ավելին, օտարերկրացիներին կդասավանդվի խոսակցական հայերեն, որպեսզի նրանք կարողանան ազատ շփվել տեղի բնակիչների հետ: Վերջիններս, իրենց հերթին, կկարողանան բարելավել իրենց անգլերենը՝ դպրոցի աշակերտների հետ շփման մեջ հաղթահարելով լեզվական պատնեշը:  

- Դիլիջանի միջազգային դպրոցը՝ դա… Տվե՛ք, խնդրեմ, Ձեր բնորոշումը:

- Դժվար է ընդամենը մեկ բնորոշում տալ, քանի որ ծրագիրը բազմաբնույթ է: Ինչպես բոլոր ծրագրերը, որոնք մենք իրականացնում ենք ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում, այն կունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ. դա մեր բոլոր ծրագրերի եւս մեկ հիմնական սկզբունքն է: Մենք կարծում ենք, որ ժամանակակից միջազգային դպրոցի կառուցումը ներդրում է երկրի ապագայում, ամբողջ աշխարհի համար նրա հեղինակության ամրապնդման եւ գրավչության ավելացման հարցում: Այստեղ՝ Հայաստանում, կդաստիարակվեն տաղանդավոր մարդիկ՝ լայն աշխարհայացքով ու ակտիվ կենսակերպով, որոնք ունակ են հասկանալ ու ընդունել այլ մշակույթները, ինչը XXI դարում կարեւորագույն դեր ունի ցանկացած երկրի հաջողության հարցում: Բացի այդ, դեռահասները, ովքեր ուսման նպատակով կգան Դիլիջան, արդյունքում կդառնան Հայաստանի «պատվիրակները»՝ նպաստելով աշխարհում նրա մասսայականացմանը եւ այլ երկրներից տաղանդավոր ու կրթված մարդկանց ներգրավմանը: Նման ծավալուն ծրագրի իրականացումը կնպաստի Դիլիջանում փոքր եւ միջին բիզնեսի, ինչպես նաեւ ենթակառուցվածքի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այդ ամենը խոսում է այն մասին, որ դպրոցի հիմնումը լուրջ ներդրում կհանդիսանա Հայաստանի ապագայի համար:     

Դիլիջանի միջազգային դպրոցը համախոհների միություն է, որոնք ունեն գլոբալ մտածելակերպ, որոնք զգում եւ ստանձնում են պատասխանատվությունը աշխարհի ապագայի համար:

Դիտում՝ 12747
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW