Լավ գործերը ոչ միայն չեն մնա աննկատ, այլեւ կստանան անհրաժեշտ ֆինանսավորում: Մոտավոր այս գաղափարն է դրված Crowdfunding անվանումը ստացած ֆինանսավորման մեխանիզմի հիմքում, որի տիրույթը համացանցն է, իսկ ֆինանսավորող կողմը՝ մարդկանց մեծ խումբ, որոնցից յուրաքանչյուրը պատրաստակամ է իր լուման ներդնել որեւէ գաղափարի կամ նախագծի իրագործման մեջ: Լինելով համեմատաբար նոր երեւույթ` Crowfunding-ն իր արդյունավետ կիրառումն է գտել ամենատարբեր ոլորտներում՝ աղետի գոտիների վերականգնումից եւ մարդասիրական այլ ծրագրերից մինչեւ քաղաքական արշավների, բիզնես գաղափարների, մշակութային ծրագրերի եւ գիտական հետազոտությունների ֆինանսավորում: Ըստ Crowdfunding-ի ոլորտում մասնագիտացած Massolution հետազոտական ընկերության արդյունքների, 2012 թ-ին Crowdfunding-ի միջոցով հնարավոր է եղել ֆինանսավորել $2.7 մլրդ ընդհանուր գումարի մոտ 1 մլն նախագիծ: Ակնկալվում է, որ 2013 թ-ի ընթացքում Crowdfunding-ի շուկան աննախադեպ աճ է գրանցելու` տարվա կտրվածքով կազմելով շուրջ $5.1 մլրդ: Այսօր համացանցում գործում են Crowdfunding-ի ծառայություններ առաջարկող ավելի քան 450 հարթակներ, որոնցից, սակայն, ամենահաջողվածներն են Indiegogo-ն եւ Kickstarter-ը: Առաջինը հասանելի է նաեւ ՀՀ շահառուների համար, այն հնարավորություն է տալիս ֆինանսավորում ստանալ ցանկացած նպատակի համար` ներառյալ բիզնես-նախագծերը: Indiegogo-ից հավաքված գումարից գանձվում է միջնորդավճար, որի չափը կազմում է ընդհանուր գումարի 9%-ը, եթե արշավը ներգրավել է նախատեսվածից ավելի քիչ գումար, եւ 4%, եթե արշավը կարողացել է հասնել ֆինանսավորման նախօրոք թիրախավորված մակարդակին, կամ անցնել այն: Թեեւ Crowdfunding-ը մեզանում դեռեւս նոր, իսկ ոմանց համար՝ պարզապես անծանոթ երեւույթ է, այնուամենայնիվ, այն արդեն կիրառվում է մեր իրականության մեջ ինչպես կազմակերպությունների, այնպես էլ անհատների կողմից: Banks.am-ը զրուցել է Crowdfunding-ի հայաստանյան որոշ շահառուների հետ: ONEArmenia ONEArmenia-ն շահույթ չհետապնդող հարթակ է, որը Հայաստանում իրականացնում է բնապահպանական, հումանիտար եւ մշակութային ծրագրեր` օգտագործելով Crowdfunding-ի Indiegogo հարթակը՝ որպես դոնորների հետ կապի եւ անհրաժեշտ գումարի ներգրավման գործիք:ONEArmenia-ի թիմը մինչ օրս իրականացրել է 4 ծրագիր, որոնցից առաջինը` դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին: Նպատակն էր կառուցել մանկապարտեզ Արցախի Մոշաթաղ գյուղում: Մեկ ամսվա ընթացքում թիմը հավաքեց անհրաժեշտ 19 611 ԱՄՆ դոլարը: Արդյունքում` Մոշաթաղն այսօր ունի եւ մանկապարտեզ, եւ մի քանի նոր աշխատատեղեր: Երկրորդ ծրագիրը, որն անվանվեց «Պաշտպանության տուն», իրականացվել է այս տարվա մարտին Կանանց աջակցման կենտրոնի հետ համատեղ: Հավաքագրված 23 426 դոլարը ուղղվել է ընտանեկան բռնության ենթարկված կանանց ապաստարան տրամադրելու խնդրի լուծմանը: Երրորդ եւ չորրորդ ծրագրերը իրագործվել են այս ամռանը: Արդյունքում՝ 6 300 դոլար հավաքվել է Կարոտան գյուղը մաքուր խմելու ջրով ապահովելու եւ 8 095 դոլար՝ Բերքաբեր գյուղում 4 ջերմոց կառուցելու համար: Առաջին երեք ծրագրերի դեպքում OneArmenia-ն համագործակցել է Թուֆենկյան հիմնադրամի, իսկ չորրորդ ծրագիրն իրականացնելիս`«Սահման» ՀԿ-ի հետ: Նախաձեռնությունների մասին տեղեկատվություն տարածելու նպատակով OneArmenia-ն ակտիվ օգտագործում է Facebook, Twitter, Linkedin, Tumblr սոցիալական ցանցերի հնարավորությունը: OneArmenia-ի հասարակության հետ կապերի մենեջեր Նորա Կայսերյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ, որպես կանոն, գումարի զգալի մասը` մոտ 50%-ը ներդրվում է սփյուռքահայերի, 20%-ը՝ ՀՀ քաղաքացիների, իսկ 30 %-ը՝ արտասահմանցիների կողմից: «Մեր առաջնային սկզբունքը թափանցիկությունն է: Ներդրված յուրաքանչյուր դրամ ծախսվում է նպատակային եւ դրա մասին հրապարակվում է հաշվետվություն: Այսպիսով, մենք ձեռք ենք բերում վստահություն, որը հետագա ծրագրերի հաջողության նախապայմանն է»,- եզրափակել է Նորա Կայսերյանը:Թումո ամառային ճամբարԱյս տարվա հուլիսին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվեց ամառային ճամբար, որին մասնակցեցին 12-18 տարեկան պատանիներ արտասահմանից, Երեւանից եւ Հայաստանի մարզերից: Մարզաբնակ երիտասարդների մասնակցությունը ճամբարին հնարավոր դարձավ Crowdfunding-ի միջոցով: Մասնավորապես, Թումո-ն All-ASA (The All-Armenian Student Association) կազմակերպության հետ միասին Indiegogo-ում տեղադրեց հայտարարություն` նպատակ ունենալով ապահովել մարզերում բնակվող առնվազն 6 երեխաների մեկշաբաթյա մասնակցությունը ամառային ճամբարին: Մեկ ամսվա ընթացքում Թումո-ի թիմը կարողացավ ներգրավել 4800 դոլար՝ նախատեսված 3225-ի փոխարեն: Ճամբարի համակարգող Նարե Ավագյանը Banks.am-ի հետ զրույցում նշել է, որ իրազեկման նպատակով օգտագործվել են սոցիալական ցանցերը, սակայն դա չի վերածվել մեծ տեղեկատվական արշավի, քանի որ «ինքնին ծրագիրը եւ Թումո-ն իր առաքելությամբ անչափ հետաքրքիր են հանրությանը եւ վստահություն ներշնչող»:Նարե Ավագյանի խոսքերով, Crowdfunding-ն ընձեռում է նոր հնարավորություններ աշխարհագրական տեսանկյունից: «Երբ ԱՄՆ-ում դիմում էի ընկերությունների կամ անհատների, որպեսզի իրենց ներդրումն ունենան ճամբարի կայացման գործում, առաջին հարցը, որ տալիս էին, հետեւյալն էր. Ինչպե՞ս կարող ենք գումարը փոխանցել, դուք Crowdfunding ունե՞ք»: Թումո-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Արամ Գյումիշյանն իր հերթին նշել է, որ Crowdfunding-ը, ըստ էության, փոխարինում է բարեգործական խնջույքներին, միաժամանակ, այն հնարավորություն է տալիս ավելի շատ մարդկանց տեղյակ պահել իրականացվող ծրագրերի մասին: «Այսօր Crowdfunding-ը դարձել է ամենաարդյունավետ միջոցներից մեկը տարաբնույթ նախագծեր իրականացնելու համար: Դրա շնորհիվ հնարավոր է զգալի գումար ներգրավել մարդկանց մեծ խմբի փոքր ներդրումների հաշվին: Դա յուրաքանչյուրի փոքր մասնակցությունն է մեծ գործին: Crowdfunding-ը կգնահատեմ որպես թափանցիկ եւ արդար գործիք»,- նշել է Արամ Գյումիշյանը:Ի դեպ, Թումո-ն պատրաստվում է կազմակերպել նաեւ ձմեռային ճամբար եւ, նպատակ ունենալով ներգրավել ավելի շատ երիտասարդների, նախատեսում է եւս մեկ անգամ օգտագործել Crowdfunding-ի հնարավորությունները: ArtNetArtnet-ը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողներ Վահե Գասպարյանի եւ Տիգրան Պողոսյանի նախագիծն է: Տղաները մտահաղացում ունեն նկարահանել կենսագրական տեսաշարքեր, որոնք նվիրված կլինեն տարբեր դարաշրջաններում ստեղծագործած՝ գրականության եւ արվեստի ականավոր գործիչներին: Կրթական ուղղվածություն ունեցող այս նախագծի համար ընտրվել է մատուցման յուրահատուկ ձեւաչափ: Մասնավորապես, տեսաշարքում հնարավոր կլինի տեսնել, թե ինչպես իրենց կդրսեւորեին ականավոր գործիչները Facebook-ում, ինչ մեկնաբանություններ կգրեին իրենց ժամանակակիցներին, կամ ինչին like կտային: Նախագծի ֆինանսավորման համար անհրաժեշտ մոտ 35 000 դոլարը տղաները որոշել էին հավաքել Crowdfunding-ի միջոցով, սակայն 1 ամիս Indiegogo հարթակում ներկայացված լինելուց հետո այն չի հավաքել անհրաժեշտ գումարը: Այնուամենայնիվ, Վահե Գասպարյանի կարծիքով, Crowdfunding-ը հրաշալի գործիք է, որից օգտվելու ընթացքում անխուսափելի են նաեւ որոշ խոչընդոտներ ու դժվարություններ: Նրա փոխանցմամբ, խնդիրներից մեկն այն էր, որ իրենք թերագնահատել էին իրազեկման արշավ կազմակերպելու նշանակությունը: «Կարծում եմ, Crowdfunding-ը արդյունավետ գործիք է հատկապես մեծ եւ հեղինակություն վայելող կազմակերպությունների համար, որոնք PR-ի կարիք, ըստ էության, չունեն: Միայն այն, որ իրենք նախաձեռնել են որեւէ նախագիծ, բավական է, որ մեծ թվով մարդիկ ներդրում կատարեն: Մեր դեպքում նախագիծը, գուցե, շատերին է հետաքրքրել, սակայն առկա էր անվստահության գործոնը: Մյուս կողմից էլ բավական մեծ էր անհրաժեշտ գումարի չափը»,- Banks.am-ին ասել է Վահե Գասպարյանը: «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» Ինչպես նշել էինք վերեւում, Crowdfunding-ի հաջողված հարթակներից է նաեւ Kickstarter-ը, որը գործում է «ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքի համաձայն: Այսինքն, եթե թիրախային գումարը չի հավաքվում, ապա հայցորդը ոչինչ չի ստանում: Այս հարթակի միջոցով ֆինանսավորում հնարավոր է ստանալ միայն ստեղծագործական բնույթի նախագծերի համար`արվեստ, նորաձեւություն, կինոարտադրություն: Ու թեեւ Kickstarter-ը հասանելի չէ հայաստանաբնակ շահառուներին, այնուամենայնիվ հենց այս հարթակի շնորհիվ է նախորդ տարվա ապրիլին 34 000 դոլարի չափով ֆինանսավորվել ամերիկաբնակ Նուբար եւ Աբի Ալեքսանյանների` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» վավերագրական ֆիլմը: Շուշան Մարգարյան Միքայել Չարչյան Tweet Դիտում՝ 4651