Վ. Ավետիսյան. Հպարտ եմ մասնակցել Դիլիջանի դպրոցի ծրագրին

27.08.2013 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Սեպտեմբերի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում եւ սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում կկայանան D’Black Blues Orchestra խմբի համերգները, որի մենակատարն է ռուսաստանցի հայտնի գործարար Վլադիմիր Ավետիսյանը:

Վլադիմիր Ավետիսյանը զբաղեցրել է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի»-ի վարչության անդամի, վարչության նախագահի տեղակալի պաշտոնները, եղել է մի շարք խոշոր ռուսաստանյան ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ:

Վլադիմիր Ավետիսյանը Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներից է` Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի, Գագիկ Ադիբեկյանի եւ այլոց հետ:

Գործարարը, ով երկար տարիներ զբաղեցրել է թոփ-մենեջերական պաշտոններ, երաժշտությանը նվիրված է դեռ դպրոցական տարիներից: Դիլիջանում եւ Ստեփանակերտում D’Black Blues Orchestra-ն կներկայացնի «Claptomania» ձայնային եւ լուսային շոուն:  

Հայաստան գալու նախօրեին Վլադիմիր Ավետիսյանը զրուցել է Banks.am-ի թղթակցի հետ:

- Դուք մասնակցում եք Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծմանը: Ի՞նչ է նշանակում այդ նախագիծը Ձեզ համար:

 - Մասնակցությունն այդպիսի հավակնոտ եւ ազնվաբարո ծրագրին մեծ պատիվ է ինձ համար: Չէ՞ որ այն Երկիր մոլորակի ապագայի հիմքի մի մասնիկն է: Հրավիրելով ինձ մասնակցել Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրին, որն իրականացվում է Հայաստանի տարածքում, ընկերներս ինձ հնարավորություն տվեցին պարտքս վերադարձնել իմ նախնիների երկրին:

Ողջ աշխարհից ժամանած երեխաները ուսանում են ամերիկացի, բրիտանացի, ավստրալացի դասախոսների մոտ մի դպրոցում, որը գտնվում է Դիլիջանո՞ւմ: Ահա ասում եմ Ձեզ եւ չեմ հավատում: Եվ չէի հավատա, եթե չիմանայի, որ Հերբերտ Ուելսի դերում հանդես է գալիս Ռուբեն Վարդանյանը, ով ցանկացած հեքիաթ կարող է իրականություն դարձնել:

- Սեպտեմբերի 8-ին Դուք համերգ կտաք Ստեփանակերտում: Համերգը տեղի կունենա ԼՂՀ անկախության հռչակման տարեդարձից ընդամենը մի քանի օր անց: Դուք դրանում որոշակի սիմվոլիզմ տեսնո՞ւմ եք:

- Արցախը առանձին պատմություն է: Դա ուրիշ մոլորակ է, իսկ նրա բնակիչներն «այլմոլորակայիններ» են: Նրանք լրիվ տարբեր են: Իհարկե, միգուցե ես իդեալականացնում եմ տպավորություններս, բայց եթե ես իրավացի եմ նույնիսկ 50 տոկոսով, դա արդեն իսկ հրաշք է: Ըստ իս, նրանց ներհատուկ չէ մարդկային հիմնական թերություններից եւ ոչ մեկը: Նրանք բաց են, անկեղծ` ինչպես երեխաները, եւ քաջարի` ինչպես Սպարտայի հերոսները: Եվ եթե իր տան առջեւի նստարանի վրա նստած վետերանը կարող է փողոցում ոտքով քայլող ԼՂՀ նախագահին ասել` «Բակո՛, իմ տանիքից ջուր է կաթում», դա շատ թանկ արժե: Այդ դեպքում ոչ նախագահին, ոչ ընտրողներին քաղտեխնոլոգիաներ հարկավոր չեն: Ես պատրաստ եմ այնտեղ մեկնել նորից ու նորից:

Մեր համերգը Ղարաբաղում անցկացվելու է ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ` հանուն: Այն նպատակ է հետապնդում, որպեսզի այդ հողում խաղաղություն լինի, որպեսզի տղամարդիկ մահանան` հասնելով այն տարիքին, երբ Աստված կկանչի նրանց, որպեսզի կանայք ծնեն ոչ թե զինվորներ, այլ`ստեղծագործողներ, որպեսզի մայրերը չսգան որդիների կորուստը` սպանված երեկվա բարի հարեւանի ձեռքով: Մենք դա ցանկանում ենք սահմանի թե՛ այս, թե՛ այն կողմի համար: Եվ եթե մեզ հրավիրեն Բաքու, մենք կգնանք եւ անկեղծ կլինենք` ինչպես միշտ: Երաժշտությունը, արվեստը այլ լինել չեն կարող: Իսկ երբ Մոնսերատ Կաբալյեին ասում են` «Դուք անցանկալի անձ եք», դա չի սահմանափակում նրա իրավունքները, այլ տվյալ ազգին հոգեպես ավելի աղքատ է դարձնում: Բայց, փառք Աստծո, ամեն ինչ ուղղելի է, մնում է միայն ցանկանալ:

- Դուք կտրուկ փոխեցիք Ձեր կյանքը` թողնելով հաջողակ գործարարի կարիերան եւ դառնալով պրոֆեսիոնալ երաժիշտ: Այդ ընտրությունը վերջնակա՞ն է, թե ՞ չեք բացառում նոր կտրուկ փոփոխությունների հնարավորությունը:  

- Փորձում եմ երբեք չասել «երբեք»: Երաժշտության հետ կապ չունեցող գործերով նույնպես ստիպված եմ լինում զբաղվել:  Այսօր, բացի ընտանիքիցս, ինձ ամենաշատը հրապուրում է երաժշտությունն ու բեմը, թեեւ ամեն ինչ կարող է պատահել…

Դիտում՝ 6647
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW